Ապրիլ 20, 2024
exclusive
12667 դիտում

Մունդիալի վերջին երկու կարեւոր հանդիպումը


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Դեռ մեկ ամիս առաջ միլիոնավոր ֆուտբոլասերներ սպասում էին Աշխարհի առաջնության մեկնարկին, իսկ հիմա աներեւակայելի տոնի ավարտից մեզ բաժանում է ընդամենը երկու խաղ:

Mediamax Sport-ը ներկայացնում է այն չորս թիմին, որոնք կպայքարեն լավագույն եռյակում տեղ գտնելու համար:

Լուսանկարը` FIFA


Սկսենք երրորդ տեղից, որտեղ միմյանց դեմ մրցելու են Բելգիայի ու Անգլիայի հավաքականները:

Թիմերն ընդամենը մի քանի օր առաջ էին միմյանց դեմ մրցել: Մունդիալի G խմբում ֆավորիտները հունիսի 28-ին Կալինինգրադում որոշում էին, թե ով առաջին տեղով դուրս կգա խմբից: Ադնան Յանուզայի գեղեցիկ գոլի շնորհիվ Կարմիր սատանաները հաղթանակ տարան ու շարունակեցին առաջխաղացումը:

Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում Բելգիայի ու Անգլիայի ընտրանիները հանդիպել են եւս երկու անգամ: 1954-ին խաղն ավարտվել է 4:4 հաշվով, իսկ 1990-ին լրացուցիչ ժամանակում Երեք առյուծները նվազագույն հաշվով հաղթանակ են կորզել:

Լուսանկարը` FIFA


Իսկ ընդհանրապես, այս թիմերը միմյանց դեմ մրցել են 22 անգամ, անգլիացիները հաղթել են 15-ում, 5-ում՝ պարտվել:

Գարեթ Սոութգեյթ

Մենք երկար ճանապարհ ենք անցել, շատ փոփոխություններ ենք արել հավաքականի խաղում: Բազմաթիվ երկրպագուներ հիշելու են այս մրցաշարն ու այն հիանալի րոպեները, որոնք հավաքականը նվիրել է նրանց: Մենք ներկայացնում ենք ժամանակակից Անգլիան, իմ տղաներն իսկական դեսպաններ են, որոնք բարձր մակարդակի վրա են պահում իրենց երկրի պատիվը:

Անգլիայի ընտրանին Աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքը ցույց է տվել 1966-ին, երբ դարձել է ոսկե մեդալակիր: Բելգիայի հավաքականն ավելի համեստ վիճակագրություն ունի, այն ԱԱ-1986-ում երրորդ տեղի համար պայքարում զիջել է Ֆրանսիայի ընտրանուն ու ելույթն ավարտել 4-րդ տեղում:

Լուսանկարը` FIFA


Երկու թիմերն էլ այս Մունդիալում կարողացել են որքան հնարավոր է լավագույնս դրսեւորել իրենց: Չնայած մասնագետները կարծում են, որ Բելգիան ավելի տպավորիչ ելույթներ է ունեցել, սակայն երկու թիմերին էլ արժանի են այս փուլում ելույթ ունենալ: 

Ի տարբերություն բելգիացիների, որոնք Ֆրանսիային կիսաեզրափակչում 0:2 հաշվով զիջեցին հիմնական ժամանակում, անգլիացիներն ավելի հոգնած են լինելու: Նրանք միայն լրացուցիչ խաղաժամանակում 1:2 հաշվով պարտություն կրեցին Խորվաթիայից:

Լուսանկարը` FIFA


Ռոբերտո Մարտինես

Անգլիայի դեմ խաղում էական փոփոխություններ ես չեմ կատարելու: Նրանց հետ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ենք հանդիպել, շատ լավ ենք ճանաչում միմյանց: Այս խաղը մենք պետք է անցկացնենք շատ բարձր մակարդակով: Ծանր մրցաշար էր, բայց իմ տղաները թարմ են, ու ամենակարեւորը, ցանկանում են հաղթել:

Անգլիայի ընտրանու կազմում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են իրենց երկրի առաջնությունը: Նրանցից հետո «ամենաանգլիական թիմը» հենց Բելգիան է, որի կազմում ելույթ ունեցող 17 ֆուտբոլիստ հանդես է գալիս հենց Անգլիայի առաջնությունում:

Բելգիա-Անգլիա խաղը կայանալու է հուլիսի 14-ին ժամը 18:00-ից Սանկտ Պետերբուրգում:

Լուսանկարը` FIFA


Ամենասպասված հանդիպումը

Ֆրանսիա եւ Խորվաթիա: Ահա այն երկու ուժեղագույն հավաքականները, որոնք իրենց ճանապարհից դուրս թողեցին մյուս  մրցակիցներին, ավելի շատ հավատացին իրենց ուժերին ու հասան եզրափակիչ:

Այս երկու թիմերն էլ ուղիղ 20 տարի առաջ հասցրել են ԱԱ-ում պատմություն կերտել:

1998-ին Ֆրանսիայի հավաքականն աստղային կազմով դարձավ Աշխարհի չեմպիոն, իսկ ահա միջազգային մրցաշարերում ընդամենը 8 տարվա փորձ ունեցող Խորվաթիան նվաճեց բրոնզե մեդալ:

Լուսանկարը` FIFA


Այդ տարի կիսաեզրափակչի զույգը կազմել էին հենց Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիները: Չնայած խորվաթներն առաջինն էին բացել խաղի հաշիվը, Եռագույններին հաջողվել էր երկու գնդակ խփել ու դուրս գալ եզրափակիչ:

Այս տարի նրանց ճանապարհները կխաչվեն հենց եզրափակչում: Թիմերի անցկացրած նախորդ 5 խաղերում Ֆրանսիան հաղթել է 3 անգամ, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Զլատկո Դալիչ

Իմ կարծիքով, Մեսսին շարունակում է լինել Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Բայց տեսեք, այն թիմերը, որոնք ունեին այսպիսի ընդգծված առաջատարներ, վաղուց լքել են պայքարը: Իսկ նրանք, ովքեր միասնական են ու պայքարում են միմյանց համար, դեռ այստեղ են:

Լուսանկարը` FIFA


Եզրափակչում լավագույն երկու թիմերն են: Սա դժվարագույն հանդիպում է լինելու ինչպես մեզ, այնպես էլ մրցակցի համար: Սակայն ես դեռ մեկ ամիս առաջ լավատես էի ու հավատում էի իմ տղաներին, իսկ այսօր նրանք անհամեմատ մոտիվացված են: Աշխարհի առաջնության եզրափակչում միայն մեկ անգամ է հնարավորություն լինում հանդես գալ: Այնպես որ, մենք սպասում ենք մեր հաղթանակին:

1950 թվականին Ուրուգվայի հավաքականը հաղթեց Բրազիլիային ու դարձավ Աշխարհի չեմպիոն: Հարավամերիկյան պետությունն այդ պահին ուներ շուրջ 3 մլն բնակիչ:  Դրանից հետո Խորվաթիան առաջին երկիրն է, որն, ունենալով 4 մլն բնակչություն, դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ:

Երկու հավաքականներում շատ են ֆուտբոլիստները, ովքեր ակումբներում թիմակիցներ են:

Լուսանկարը` FIFA


«Ռեալ Մադրիդ»՝ Ռաֆայել Վարան, Լուկա Մոդրիչ ու Մատեո Կովաչիչ:

«Ատլետիկո»՝ Անտուան Գրիզման ու Շիմե Վրսալկո

 «Յուվենթուս»՝ Բլես Մատյուիդի ու Մարիո Մանջուկիչ

«Բարսելոնա»՝ Սամուել Ումտիտի եւ Իվան Ռակիտիչ

Ի դեպ, Ռակիտիչը յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել: Անգլիայի դեմ անցկացրած խաղում նա այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 70-րդ անգամ՝ 55 անգամ «Բարսելոնայի» կազմում, 15՝ հավաքականի: Նման շատ թվով խաղեր դեռ ոչ մի ֆուտբոլիստ չի անցկացրել:

Լուսանկարը` FIFA


Եթե Ֆրանսիայի հավաքականին հաջողվի դառնալ Աշխարհի չեմպիոն, ապա Դիդյե Դեշամը կլինի երրորդ մարզիչը, ով Մունդիալում հաղթել է թե որպես ֆուտբոլիստ, թե մարզիչ: Մինչ այս պահը նման արդյունքներ գրանցել են Մարիո Զագալուն (Բրազիլիա) եւ Ֆրանց Բեկենբաուերը (Գերմանիա):

Դիդյե Դեշամ

Իմ տղաների հետ այս նույն փուլում ուղիղ երկու տարի առաջ էինք: ԵՎՐՈ-2016-ում մենք պարտվեցինք, սակայն հիմա ցանկանում ենք հաղթել ու երջանկացնել ֆրանսիացիներին:

Լուսանկարը` FIFA


1998-ին ես հաղթել եմ Աշխարհի առաջնությունում, բայց երբեք իմ տղաներին դրա մասին չեմ հիշեցնում: Այսօր պատմություն կերտելու նրանց ժամանակն է: Ես այստեղ եմ, որպեսզի բացեմ այդ պատմության նոր ու գեղեցիկ էջը: Հպարտ եմ 20 տարի առաջ գրանցած ձեռքբերումով, բայց պետք է ոչ թե հետ նայել, այլ միշտ առաջ գնալ:

Ֆրանսիա-Խորվաթիա դիմակայությունը կկայանա հուլիսի 15-ին ժամը 19:00-ից Մոսկվայում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին