exclusive
14745 դիտում

Երեւան ժամանող լեգենդները՝ Ռոբերտո Կառլոս


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` junpiterfutbol

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Բարի ու շփվող, ժպտերես ու դրական: Այսպես են Ռոբերտո Կառլոսին բնութագրում նրա թիմակիցներն ու երկրպագուները, որոնք բախտ են ունեցել անձամբ շփվել ֆուտբոլիստի հետ:

Կառլոսին տեսնել ու նրա խաղը վայելել կարող են նաեւ հայերը: Հուլիսի 8-ին համաշխարհային մեծության աստղը կլինի Երեւանում ու կմասնակցի Լեգենդների խաղին:

***

Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշան ծնվել է 1973 թվականի ապրիլի 10-ին Սան Պաուլու քաղաքում: Ընտանիքում եւս 3 քույր էր մեծանում, մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ բեռնատարի վարորդ: Փոքր տարիքից օգնել է ընտանիքին ու զուգահեռ ֆուտբոլ խաղացել: 3 տարեկանից նա արդեն ֆուտբոլից անբաժան էր:

***

Ռոբերտոյին ծնողներն անվանել են բրազիլացի երգիչ ու կոմպոզիտոր Ռոբերտո Կառլոս Բրագայի պատվին: Նրա ստեղծագործությունները շատ էր սիրում ֆուտբոլիստի հայրը: Բրագան հայտնի էր լատինաամերիկյան երաժշտության Արքա մականունով ու մեկ անգամ Գրեմմիի է արժանացել:

***

1981 թ. Կառլոսի ընտանիքը տեղափոխվել է Կորդեյրոպոլիս, որտեղ նա մինչեւ 12 տարեկանը դպրոց է հաճախել ու աշխատել տեքստիլի ֆաբրիկայում: Իր գործարանի թիմի կազմում է խաղացել ու մասնակցել նահանգի առաջնությանը: Կառլոսի տաղանդն աննկատ չի մնացել ու նրան 1988-ին ընդունել են «Ունիան Սան-Ժուան» ակումբ:

Լուսանկարը` REUTERS


***

Այդ նույն տարի էլ նպատակ է դրել իր վաստակած գումարով հոր համար տուն գնել:  1992-ին տունն արդեն կար, սկզբում այն ոչ մեծ քոթեջ էր: Հոր՝ Օսկար Սիլվայի երջանկությունը սահմաններ չուներ:

***

17 տարեկանից Կառլոսը հրավիրվել է Բրազիլիայի երիտասարդական հավաքական, որը 1991-ին Մ-20 տ. Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալակիր է դարձել: Իսկ 19 տարեկանում արդեն ազգային հավաքականում էր, որի կազմում 2 աշխարհի առաջնության է մասնակցել (1998, 2002) ու մեկ անգամ չեմպիոն դարձել:

***

Հավաքականում նորամուտը 1992-ին է նշել ԱՄՆ-ի հետ ընկերական խաղում, նրա թիմը հաղթել է 3:0 հաշվով:

***

1997-ին Ֆրանսիայի ընտրանու հետ տուգանայինից Կառլոսի խփած գնդակը CNN-ը տարվա լավագույն գոլ է ճանաչել:

Լուսանկարը` REUTERS


***

2002-ին Բրազիլիան աստղային կազմով փայլեց ու գեղեցիկ ֆուտբոլ ցույց տվեց Աշխարհի առաջնությունում: Կառլոսն իր թիմակիցների հետ գլխավերեւում պահեց չեմպիոնական գավաթը:

«Ինձ երբեք մեծ ֆուտբոլիստ չեմ համարել, այդ մասին նույնիսկ չեմ էլ մտածել: Կա Ռոբերտո ֆուտբոլիստն ու մարդը: Այն ամենին ինչ հասել եմ ֆուտբոլում կյանքում իմ արածի գնահատականն է: Շատ եմ հավատում ճակատագրին ու Աստծուն»:

***

Իր բացառիկ ֆուտբոլային տաղանդը դրսեւորել է Մադրիդի «Ռեալում», որտեղ խաղացել է 1996-2007 թթ.: 11 մրցաշրջանների ընթացքում 584 հանդիպման է մասնակցել ու 71 գնդակ խփել: Արքայական ակումբի հետ 4 անգամ դարձել է  Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ ՉԼ-ի հաղթող, 1 անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, 2 անգամ էլ Միջմայրցամաքային գավաթի հաղթող:

***

Երկրպագուների շրջանում մեծ սեր ու հարգանք է վայելել, չնայած հագեցած գրաֆիկին՝ նա միշտ ժամանակ էր գտնում նրանց հետ շփվելու, ժամերով ինքնագրեր էր բաժանում, իր մարզաշապիկներն ու խաղակոշիկները նվիրում:

***

2013-ին Marca-ն նրան «Ռեալում» լավագույն արտասահմանցի խաղացող է ճանաչել:

***

Իսպանիայից հեռանալուց հետո խաղացել է եւս 4 ակումբում ՝ «Ֆեներբախչեում», «Կորինտիանսում», «Անժիում» ու «Դելի Դայնամոսում»:

Լուսանկարը` REUTERS



***

2011-ին «Զենիթի» հետ խաղում, երբ մասնակցել է դրոշների բարձրացմանը, երկրպագուներից մեկը Կառլոսին բանան է ցույց տվել: Ավելի ուշ «Կրիլյա Սովետովի  հետ խաղի ժամանակ տրիբունայից նրա վրա բանան են նետել, ֆուտբոլիստը դա ռասիզմի դրսեւորում է համարել ու խաղադաշտը լքել հանդիպման ավարտից առաջ:

***

2013 թվականին գլխավորել է թուրքական «Սիվասսպոր» ակումբը, որն առաջնությունում 5-րդ տեղն է գրավել ու դուրս եկել Եվրոպայի լիգայի խաղարկություն: Սակայն հետո ակումբը պայմանավորված խաղերի մեջ է մեղադրվել ու որակազրկվել է: Սակայն Կառլոսը Թուրքիայում տարվա մարզիչ է ճանաչվել: 2014-ին հեռացել է ակումբից:

***

19 ֆուտբոլիստներից մեկն է, ում հաջողվել է Չեմպիոնների Լիգայում խաղալ 100 հանդիպումներում:

Լուսանկարը` REUTERS


***

Ռոբերտո Կառլսոը 20 տարուց ավել է Բրազիլիայում համակարգում է բարեգործական ծրագիր: Սան-Պաուլուի պետական հիվանդանոցներից մեկի ամբողջ սեկտորն է զբաղեցնում արատներով նորածինների բաժինը: Նրանց բուժման համար ֆուտբոլիստը թանկարժեք սարքավորումներ է գնում ԱՄՆ-ից:  Նա իր հայրենի քաղաքում մի քանի ֆուտբոլային դպրոց է կառուցել, որտեղ մարզվելն անվճար է:

«Երբ տեսնում եմ, թե երեխաներս որքան երջանիկ են, հիշում եմ իմ տխուր մանկությունը: Անընդհատ պետք է ինչ-որ բան անեմ կարիքավոր երեխաների համար»:

***

Բրազիլացին շատ արագ էր, թեեւ շատ բարձրահասակ չէր, 100 մետրը վազում էր 11 վայրկյանից էլ քիչ ժամանակում:

«Մի անգամ ինձ մարզիչս է նեղացրել կարճ հասակիս պատճառով, ասելով, որ շատ փոքր եմ ու չեմ կարող ֆուտբոլ խաղալ: Բայց ես նրան հակառակն ապացուցեցի»:

***

Բոլորս Կառլոսին գիտենք իր չափազանց ուժեղ հարվածներով: Երկար ժամանակ նա ռեկորդակիր էր իր հարվածի ուժգնությամբ՝ 198 կմ/ժ արագությամբ: Այդ ցուցանիշը միայն մեկ անգամ է գերազանցվել, 2010-ին ավելի ուժեղ գնդակին հարվածել է Լուկաշ Պոդոլսկին՝ 201 կմ/ժ:

Լուսանկարը` REUTERS


***

Կառլոսը մի քանի անգամ է ամուսնացել: Նա 9 երեխա ունի՝ Ռոբերտա, Ջովանա, Ռոբերտո Կառլոս կրտսեր, Էդուարդո, Ռեբեկա, Քրիստոֆեր, Լուկա, Մանուելա ու Մարինա: 

«Առավել հաճախ ներողություն երեխաներիցս եմ խնդրում, որ չեմ կարողանում նրանց հետ շատ ժամանակ անցկացնել»:

***

2017 թվականի հոկտեմբերին 44 տարեկանում պապիկ է դարձել: Նրա 2-րդ դուստրը՝ Ջովաննան, որդի է ունեցել, որի անունը Պեդրո են դրել:

***

Լուսանկարը` REUTERS


Դիզայներական հագուստի արտադրության սեփական բրենդն ունի՝ RC3, այն առաջին անգամ ներկայացվել է 2010-ին:

***

2011-ին Ռուսաստանում խաղալու տարիներին Կառլոսի 38-ամյակին «Անժիի» սեփականատեր Սուլեյման Քերիմովը նրան Bugatti Veyron ավտոմեքենա է նվիրել:

***

Մի անգամ խոստովանել է, որ շատ է անհանգստացել Մարադոնայի, Պելեի, Շակիրայի, Մարիա Շարապովայի ու Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումներից առաջ:

***

Կառլոսը կատակելու մեծ սիրահար է, ասում են՝ դեմքից ժպիտն անպակաս է:

«Կատակել սիրում եմ, թեեւ իմ կյանքում լուրջ պահեր էլ են լինում, ասենք այն 4 ժամը, որ քնած եմ» (ծիծաղում է):

Երեւան ժամանող լեգենդները՝ Լուիշ Ֆիգու

Երեւան ժամանող լեգենդները՝ Յուրի Ջորկաեֆ

Երեւան ժամանող լեգենդները՝ Պաոլո Մալդինի

Երեւան ժամանող լեգենդները՝ Գաբրիել Բատիստուտա

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին