exclusive
10171 դիտում

Գալիք Մունդիալի քողարկված աստղերը


Լուսանկարը` http://assets.bubblear.com

Լուսանկարը` https://www.beritaboladunia.net

Լուսանկարը` https://i.eurosport.com

Լուսանկարը` https://cdn-s3.si.com/

Լուսանկարը` rsport.ru

Լուսանկարը` http://a2.espncdn.com

Լուսանկարը` https://production.com/


Աշխարհի առաջնությանն ընդառաջ Mediamax Sport-ը ներկայացնում է երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր մեծ հավանականությամբ կլինեն Մունդիալի գլխավոր բացահայտումները:

Ռոդրիգո Բենտանկուր: Ուրուգվայական ֆուտբոլի գլխավոր հույսերից մեկը 21 տարեկան կդառնա Աշխարհի առաջնության ընթացքում: Բենտանկուրը «Յուվենտուս» է  տեղափոխվել արգենտինական «Բոկա Խունիորսից»: Իտալական ակումբը նրան ստացավ Կառլոս Տեւեսի տրանսֆերի միջոցով: Ընթացիկ մրցաշրջանում թուրինցիների կազմում եղած մեծ մրցակցության պատճառով բոլոր մրցաշարերում  ուրուգվայցին հասցրեց մասնակցել 27 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 947 րոպե: Ռոդրիգոն կենտրոնական կիսապաշտպան է ու այս պահին Ուրուգվայի հավաքականի հիմնական կազմի խաղացող: Բենտանկուրն այն օղակն է, որտեղից կազմակերպվում են լատինամերիկացիների գրոհները:  Ազգային թիմում հասցրել է մասնակցել 7 հանդիպման:

Լուսանկարը` https://www.beritaboladunia.net


Բենժամեն Պավար: Գերմանական «Շտուտգարտի» 22-ամյա ֆուտբոլիստ Բենժամեն Պավարն այն խաղացողներից մեկն է, որի մասնակցությունը Մունդիալին անգամ անակնկալ էր իր համար: Դիդյե Դեշամը Պավարին ոչ միայն հրավիրեց հավաքական, այլեւ սկսեց ակտիվ կերպով խաղաժամանակ տրամադրել ընկերական հանդիպումների ընթացքում: Հաշվի առնելով, թե ինչպես է այդ ստուգողական խաղերում իրեն դրսեւորել ֆրանսիացիների հիմնական աջ պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն, Պավարն իր որակյալ խաղով ունի բոլոր շանսերը մեկնարկային կազմից «Մոնակոյի» ֆուտբոլիստին դուրս թողնելու: Եռագույների կազմում Պավարը մասնակցել է 6 հանդիպման: Վերջին երկու խաղերում կատարել է 2 գոլային փոխանցում: «Շտուտգարտի» կազմում ունեցած փայլուն մրցաշրջանն ու ընկերական խաղերում ցուցադրած վստահ խաղը թույլ է տալիս մտածել, որ ֆուտբոլիստը լինելու է առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը:

Լուսանկարը` https://i.eurosport.com


Իրվինգ Լոզանո: Դեռ մեկ տարի առաջ, երբ Մեքսիկայի հավաքականը մասնակցում էր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, ացտեկների երկրպագուները թիմի կազմում առանձնացնում էին Իրվինգ Լոզանոյին: Ֆուտբոլիստը մեծ պոտենցիալ ուներ ու  կարողացավ աստիճանաբար խոսքը գործ դարձնել: Լոզանոն սիրում է խաղալ հարձակման եզրերից: 2017-2018 մրցաշրջանը մեքսիկացին անցկացրեց ՊՍՎ-ի կազմում՝ դառնալով թիմի առաջատարը: Հատկապես տպավորում է նրա ցուցանիշներն Էրադիվիզիայում: Մասնակցելով 27 հանդիպման, Լոզանոն իր անվան դիմաց գրանցել է 17 գոլ ու 11 գոլային փոխանցում: Ըստ վիճակագրության՝ եզրային հարձակվողից ամեն գոլի համար պահանջվել է 138 րոպե: Մեքսիկացիների ներկայիս թիմում հարձակման գծում խաղում են փորձառու ֆուտբոլիստներ, բայց  փորձը ցույց է տվել, որ երիտասարդներն ավելի օգտակար  ու եռանդուն են խաղում: Եթե Խուան Կառլոս Օսորիոն վստահի Իրվինգ Լոզանոյին, նա կլինի առաջնության գլխավոր բացահայտումների թվում:

Լուսանկարը` https://cdn-s3.si.com/


Ալեքսանդր Գոլովին: Այն, որ Ռուսաստանի հավաքականը Մունդիալի նախապատրաստական փուլում չտպավորեց, երկու կարծիք լինել չի կարող: Նույնիսկ այդ դժգույն խաղի պարագայում թիմի կազմում առանձնանում է մեկ ֆուտբոլիստ, ում ծառայություններով արդեն լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Ալեքսանդր Գլովինի խաղերին հետեւելու համար իտալացիները հատուկ կժամանեն Ռուսաստան՝ խաղադաշտից տեսնելու նրա որակները: Անգամ փորձառու Ֆյոդր Սմոլովի առկայության պայմաններում քննարկումից դուրս է, որ հենց Գոլովինն  է համարվում Ռուսաստանի հավաքականի ներկա կազմում առաջատարը: ԲԿՄԱ-ի կիսապաշտպանը դաշտում ամենուր է, ցանկացած հպումով տարբերվում է մյուս ֆուտբոլիստներից: Հավաքականի գրոհների մեծամասնությունը կառուցվում է Գոլովինի հաշվին: Ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում նա հասցրել է մասնակցել 43 հանդիպման՝ հեղինակելով 7 գոլ ու 6 գոլային փոխանցում:

Լուսանկարը` rsport.ru


Ամին Հարիտ: Եւս մեկ ֆուտբոլիստ, ով  21 տարեկան կդառնա Աշխարհի առաջնության ժամանակ:Մարոկկոյի հավաքականի երիտասարդ աստղը  «Նանտից» Բունդեսլիգա տեղափոխվեց մեկ տարի առաջ: «Շալկեում» կայացած մարզչական փոփոխությունը հիանալի ազդեց Հարիտի վրա: Թիմի ղեկը ստանձնած Դոմենիկո Տեդեսկոն աստիճանաբար վստահեց Հարիտին, ով խաղից խաղ ամրապնդվեց թիմի հիմնական կազմում: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ամինը մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը հիանալի դրիբլինգ ունի ու խաղում է հարձակման երկու եզրից: Ունիվերսալության հաշվին Տեդեսկոն նրան երբեմն օգտագործում էր ենթահարձակվողի դիրքում: Մարոկկոյի հավաքականում Ամին Հարիտը նորեկ է եւ անցկացրել է ընդամենը 2 խաղ, բայց դա էլ բավական է, որպեսզի նա մեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը:

Լուսանկարը` http://a2.espncdn.com


Ալվարո Օդրիոսոլա: Բասկյան «Ռեալ Սոսիեդադի» 22-ամյա ֆուտբոլիստ Ալվարո Օդրիոսոլան վերջին մրցաշրջանում տպավորում էր իր վստահ խաղով: Խուլիեն Լոպետեգին Մունդիալին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում ընդգրկեց նաեւ երիտասարդ ֆուտբոլիստին: Առաջին հայացքից աջ պաշտպանի դիրքում խաղացող Օդրիոսոլան շանսեր չունի Դանի Կարվախալի հետ պայքարում, բայց պետք է հիշել մեկ կարեւոր հանգամանք, որ Կարվախալը վերջին շրջանում շատ է վնասվածքներ ստանում ու չի բացառվում, որ Լոպետեգին Օդրիոսալային խաղալու շատ ժամանակ կտրամադրի: Վերջին երկու ընկերական խաղերում Ալվարոն մեկնարկային կազմում էր ու գերազանց տպավորություն թողեց: Արդեն հիմա կան խոսակցություններ, որ նա իր որակներով չի զիջում Կարվախալին: Ընդհանուր առմամբ ընթացիկ մրցաշրջանում Օդրիոսալան բասկյան թիմի մարզաշապիկով մասնակցել է 41 հանդիպման ու արժանացել մասնագետների բարձր գնահատականին:

Լուսանկարը` https://production.com/


Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին