exclusive
8705 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ՔԱՅԼ ԱՆԵԼՈՒ ժամանակը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ffa.am


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գարնան վերջին ու ամռան սկզբին Ավստրիայում ընկերական հանդիպումներ անցկացրեց Մալթայի ու Մոլդովայի ընտրանիների հետ:

Երկու անհետաքրքիր հանդիպում, բազմաթիվ նորեկներ մեր թիմի կազմում, քիչ ստեղծագործականություն, վատ արդյունք եւ որ ամենակարեւորն է՝ թիմային ոգի: Երկու խաղերն էլ ավարտեցին ձանձրալի ոչ-ոքիներով:

 

«Նայեք մեր մի քանի խաղացողների, նկատի ունեմ, գուցե, մենք տեխնիկապես ամենաուժեղը կամ ամենագեղեցիկը չենք: Բայց արդյոք ցանկանո՞ւմ եք մեր դեմ խաղալ: Չեմ կարծում, քանի որ մենք

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ, ԴԱԺԱՆ ՈՒ ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ԷԼ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ:

 

Ես այս կոչը ցանկանում եմ փոխանցել մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Ուզում եմ հասկանան, որ եթե շատ են աշխատում ու համախմբված են, ֆուտբոլում ամեն ինչի էլ հնարավոր է հասնել»:

 

Լուսանկարը` ffa.am

 

Ոչ մի դեպքում չեք գուշակի, թե սրանք ում խոսքերն են. ոչ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի, ոչ Գեւորգ Ղազարյանի ու ոչ էլ անգամ Մարկոս Պիզելլիի: Ցավոք, բայց դեռ մեր խաղացողներից նման հուսադրող բառեր չենք լսում:

 

Մեզ մոտ դեռ տարիներով բավարարվում ենք նմանատիպ ու ստանդարտ խոստումներով. «Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք», «Եթե մեր թիմը լավ մարզավիճակում լինի, ցանկացած ընտրանու դեմ էլ կստացվի խաղալ»,

 

«ՄԵՆՔ ԱՄԵՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»:

 

Մեր տղաներն այս խոսքերի հեղինակներն են, նրանք 2017-ի սեպտեմբերից անցկացրած հանդիպումներում 4 պարտություն են կրել, 3 ոչ-ոքի գրանցել ու հաղթել 2-ում, այն էլ ընկերականներում:

 

Իսկ միասնականության ու իրենց ոգու մասին պատմողն Իսլանդիայի ընտրանու ավագ Արոն Գուննարսսոնն է, որի թիմը 2 անգամ կարողացել է հրաշք գործել: Ընդամենը 300 հազար բնակչություն ունեցող երկրի հավաքականը հասել է 2016-ի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ ու մի քանի օրից էլ կխաղա Աշխարհի առաջնությունում:

 

Լուսանկարը` ffa.am



Իսկ մերոնք ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն Ազգերի Լիգան են համարում, որտեղ մրցակիցները Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն են, ու դեռ չգիտենք էլ նրանց հաղթահարել կկարողանա՞նք:

 

Երբ ամբողջ աշխարհը խենթանում է ֆուտբոլով ու սպասում տարվա ամենակարեւոր ֆուտբոլային ամսվան, մենք միայն գլուխներս ենք ցավեցնում սեփական ընտրանու անլուծելի խնդրի առաջ, իսկ հանգուցալուծումը ոչ մի կերպ չի երեւում:

 

ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼ ՈՒԶՈՒՄ` ԻՍԿԱԿԱՆ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ Ու ԽԵԼՔԱՀԱՆ ԱՆՈՂ, ԳԻՇԵՐՆԵՐն ՈւՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈՂՈՑՆԵՐ ՀԱՆՈՂ:

 

Մինչդեռ այս երկու ընկերական հանդիպումները կրկին ցույց տվեցին մեր ընտրանու բոլոր բացերը, նորից հասկացանք, որ մեր հավաքականի սխալներում մեղավոր չեն միայն մարզիչները (Մինասյան-Շալանդ- Սուքիասյան- Պետրոսյան), մրցակիցները (Ռումինիա, Մոնտենեգրո, Դանիա, Լեհաստան), վատ խոտածածկը կամ էլ եղանակը:

 

Լուսանկարը` ffa.am



Մեզ մոտ, միեւնույն է, չի ստացվում

 

-Արագ գործել

 

-Քիչ սխալվել

 

-Շատ գոլեր խփել

 

-Թիմային խաղ ցույց տալ

 

-Համարձակ լինել

 

-Չվախենալ

 

Ֆուտբոլը փոխվում ու կատարելագործվում է ամեն օր, մինչդեռ մեր սեփական պահանջները շարունակում են տարիներով նույնը մնալ: Բոլոր պատեհ առիթներով մեզ ֆուտբոլային ազգ ենք համարում, բայց արդեն 26 տարի շարունակ չենք կարողանում ոչ մի կարեւոր մրցաշարի եզրափակչում խաղալ:

 

Փոխվել են մարզիչներն ու սերունդները, արտասահմանցի մասնագետներ ու հայազգի խաղացողներ են եկել աշխարհի ամենատարբեր կողմերից, կառուցվել են դաշտեր, նոր ենթակառուցվածքներ, բայց դրանից ֆուտբոլի որակը բնավ էլ չի լավացել:

 

Լուսանկարը` ffa.am


Երկրպագուների ու հայկական ֆուտբոլի համար ցավողների բողոքները բնավ էլ այս երկու ընկերական խաղերի ու ոչ-ոքիների պատճառով չեն, պարզապես չի երեւում, թե հետագայում ինչի վրա կարելի է հույս դնել:

 

Սարսափելի չէ, որ Մալթայի հետ 1:1 խաղացինք կամ Մոլդովային չզիջեցինք ու ոչինչ, որ Ազգերի Լիգայում էլ Ռոբերտ Լեւանդովսկու ու Թոմաս Դիլեյնիի կարգի հարձակվողներ չեն լինելու, որ ռմբակոծեն մեր դարպասը:

 

ՈւԶՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄՂՁԱՎԱՆՋ ԴԱՌՆԱԼ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆՈՐ ԻՍԼԱՆԴԻԱ ՀԱՄԱՐՎԵԼ ՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀՐԱՇՔ ԱՐԱՐԵԼ:

 

Լուսանկարը` Photolure

 

Ի վերջո սա նոր՝ թավշյա Հայաստանն է, որտեղ հնարավոր է բարեփոխումներ կատարել ամենատարբեր ոլորտներում, ժամանակն է, որ հայկական ֆուտբոլում էլ հեղափոխություն լինի, որ այն կարողանա

 

ՔԱՅԼ ԱՆԵԼ Ու ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՆԱԽԿԻՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին