Ապրիլ 20, 2024
exclusive
14772 դիտում

Հայկական ջրացատկի երկվորյակները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակտիվ, ժպտերես, միանգամից շփման մեջ մտնող ու նույնիսկ դժվարությունների մասին խոսելու ժամանակ լավատեսությունը չկորցնող: Ահա այսպիսինն են Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան երկվորյակ եղբայրները, որոնք անչափ շատ են սիրում ջրացատկն ու անկախ մարզումային պայմաններից, շարունակում են աշխատել:

Mediamax Sport-ի թղթակիցները հանդիպումից մի քանի րոպե անց արդեն սկսեցին տարբերել նրանց ու պարզել, թե ինչպես են հայտնվել ջրացատկում, ինչպես են մեկը մյուսի փոխարեն քննություններ հանձնել ու ինչի են ցանկանում հասնել այս մարզաձեւում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր՝ երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, մեծահասակների ԱԱ-ում եւ Ուսանողական խաղերում գրավել է 6-րդ տեղը, ԱԱ-ում՝ 9-րդ:

Ազատ՝ երիտասարդների ԵԱ-ի 8-րդ, մեծահասակների՝ ԵԱ-ի 6-րդ տեղ: Երկուսն էլ միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր են:

Վախը հաղթահարելուց մինչեւ ազատ անկման աննկարագրելի զգացողություն

Վլադիմիր. Մենք երկվորյակներ ենք, միգուցե արտաքինով նման ենք, բայց տարբեր մարդիկ ենք եւ մեր ընկերները մեզ չեն շփոթում:

Ազատ. Ես ավելի ակտիվ եմ, բայց հանդարտ բնավորությամբ, իսկ եղբայրս բռնկվող է: Իրար փոխարեն ինչ-որ բան արել ենք միայն դպրոցական տարիքում: Ինքը մաթեմատիկա լավ գիտեր ու իմ փոխարեն քննություն տվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Ազատն էլ կենսաբանությունից էր լավ, հետեւաբար քննությունս նա պատասխանեց: Մի անգամ էլ գրականության դասի ժամանակ Թումանյանի «Թմկաբերդի առումը», որը գրեթե ամբողջությամբ անգիր գիտեմ, իր փոխարեն պատասխանեցի: Հետո դուրս եկա դասարանից, շորերով փոխվեցինք, Ազատը մտել էր դասարան, ու մինչեւ դասի վերջ ուսուցիչն իրեն գովաբանել էր:

Եղբայրները ջրացատկում պատահական են հայտնվել: Դեռ 3 տարեկանում նրանց հայրը տարել է լողավազան, սկսել են զբաղվել լողով:

Վլադիմիր. Ես ու եղբայրս միանգամից թռել ենք լողավազան: Հետո մեր առաջին մարզիչը՝ Գեւորգ Միլիտոսյանը, հայրիկին ասել է, որ կառուցվածքով համապատասխանում ենք ջրացատկին: 4 տարեկանից արդեն սկսել ենք պարապել ջրացատկ, շուտով կլինի 17 տարի:

Ազատ. Երբ  մարզիչն ինձ առաջին անգամ նետեց ջուրը, մեջս մի բան փոխվեց, օդում ինչ-որ լավ բան զգացի: Ջրացատկն ինձ ավելի հետաքրքիր թվաց, քան լողը:10-12 տարեկանում միջազգային մրցաշարերում արդեն հաղթում էինք:

Վլադիմիր. Սխալ ասաց, միայն ինքն էր հաղթում: Ես շատ վատ մարզիկ էի, վախենում էի ու մեծ ջանքեր չէի դնում մարզումների ժամանակ: Բայց ընկեր Հրաչի (Չանդիրյան) գալուց հետո ամեն ինչ փոխվեց ինձ մոտ, հիմա առաջ եմ եղբորիցս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Ճիշտն ասած, սկզբից վախենում էինք: Առաջին անգամ, որ բարձրացել էի 10 մետրանոց աշտարակից թռչելու, մարզիչս ուղղակի շպրտեց, բայց հետո ես բարձրացա ու թռա: Պետք է ցատկես, քայլ անես ու վախդ հաղթահարես, անլուծելի ոչինչ չկա:

Վլադիմիր. Ամեն ինչ արժե այն զգացողությունը, որն ունենում ես այդ երեք վայրկյանում: Զգում ես ազատ անկումը, կարծես թռչուն լինես, երբ իջնում ես 60 կմ/ժ արագությամբ ու չես մտածում, թե քեզ հետ ինչ կարող է լինել:

Վստահ ցատկ, կենտրոնացում ու ընդամենը 3 վայրկյան

Տղաները համոզված են, որ ջրացատկն անչափ գեղեցիկ մարզաձեւ է, սա է պատճառը, որ տարբեր ոլորտների հայտնի մարդիկ միշտ հետեւում են մրցումներին:

Վլադիմիր. Ինչպես ցանկացած մարզաձեւ, ջրացատկն էլ ունի իր դժվարությունը: Ամեն մեկը չի կարող օդում 3,5 անգամ պտույտ անել, կոորդինացիա պահել ու ջուրը մտնել: Բայց եթե նպատակ ունես, ուրեմն ջրից դաղվելը, ցավերը, վնասվածքները, ամեն ինչ հաղթահարելի է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Մենք 10 մետրից ենք թռիչքներ անում: Դժվարությունն այն է, որ եթե հանկարծ մի բան սխալ արեցիր, ջուրը մտնելու ժամանակ անչափ վատ վերջաբան կարող է լինել: Թվում է 1 մետրը հեշտ է, բայց ոչ, այստեղ էլ պետք է այնքան ուժ ունենաս, որ  կարողանաս էլեմենտները կատարես ժամանակին:

Վլադիմիր. Մեր մարզաձեւում ամենակարեւորը վախը հաղթահարելն է: Եթե ինքդ քեզ ասացիր, որ կարող ես դա անել, հաստատ կստացվի, ու վախը կվերանա: Մեր պայմաններում ձգտում ենք լավին, ես նպատակ ունեմ երկու Օլիմպիական խաղերի մասնակցել ու ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար:

Ազատ. Եթե մի անգամ թռել ես, ի՞նչն է խանգարում 2-րդ, 3-րդ անգամ անել: Պարզապես պետք է բարձրանալ 10 մ աշտարակի վրա ու վստահ ցատկել: Դա ֆիքսվում է քո ուղեղում ու հաջորդ անգամվա համար վստահություն է տալիս:

Վլադիմիր. Ամեն ցատկի ժամանակ տարբեր զգացողություններ եմ ունենում: Օրինակ՝ մարզվելիս մեզ մոտ աղմուկը շատ է, իսկ մրցման ժամանակ ծպտուն չկա: Խանգարող հանգամանք կարող է լինել ամեն ինչ՝ ապարատի լուսարձակից, օրինակ, կորցնում ես կոորդինացիան, կամ ինչ-որ ձայն կարող է քեզ խանգարել կենտրոնանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Մի անգամ ես ելույթ էի ունենում բաց լողավազանում: Ցատկելիս երեք անգամ պետք է պտույտ տայի, երրորդի ժամանակ թռչուն թռավ, անկախ ինձնից աչքերս գնացին, ու ցատկս անհաջող ստացվեց:

Վլադիմիր. Պետք է ուղղակի շատ չմտածես, ոչ թե անջատես ուղեղդ, այլ կենտրոնանաս, հիշես մարզչիդ ասածներն ու 3 վայրկյանում ճիշտ կատարես վարժությունը:

Ճաքած աշտարակ, առանց բժշկի մարզումներ եւ մտորումներ այլ աշխատանք ճարելու մասին

Հայաստանում ջրացատկով մարզվում են միայն Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում: Խնդիրներին, որոնք այստեղ բազմաթիվ են, Mediamax Sport-ն ավելի վաղ էր անդրադարձել: Ջրացատկորդները, սակայն, շարունակում են մարզվել ու հուսալ, որ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը:


Վլադիմիր. Մենք շատ վատ պայմաններում ենք մարզվում, բոլորը զարմանում են, թե ոնց ենք կարողանում:

Ազատ. Մեզ առաջ է տանում միայն նպատակը, որը դրել ենք մեր առջեւ, անկախ նրանից, թե աշտարակներն ինչ վիճակում են: Հիմա մեր 10 մետրանոց աշտարակի ծայրը քանդված է, խոնավությունից ճաք է տվել: Եթե ցատկի ժամանակ այն խորանա ու պոկվի, չգիտեմ ինչ կլինի մեր վերջը: Բարձրանում ենք, ցատկում, իսկ մեր կյանքը 70/30 է լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Մարզումային դահլիճում էլ գործիքները ջարդված են, մենք չենք կարողանում լիարժեք մարզվել, բատուտի ցանցը մաշվել է, վազքուղին նույնպես: Տուռնիկն ընկեր Հրաչի հետ ենք նորոգել, այստեղ միայն պարանն է նորմալ վիճակում, դրանից էլ չենք օգտվում: Մեզ նոր դահլիճ է պետք, մեզ ասելով ես ինձ ու եղբորս ի նկատի չունեմ, մենք ինչ կարողացել ենք քամել ենք այստեղից: Մեր նոր սերնդին է պետք, որ իրենք մարզվեն, չկոտրվեն, աճեն ու ջրացատկում հաջողություններ գրանցեն:


Ազատ. Ամեն խնդիր իր լուծումն ունի, մեզնից հասնում է պարապելն ու որքան հնարավոր է լավ արդյունք ցույց տալը, անում ենք: Այնպես չէ, որ բողոքում ենք, ավելի վատ պայմաններ կան, բայց եթե ցանկանում ենք մեծ հաջողություններ ունենալ, զարգացնել ջրացատկը, պետք է ներդնում կատարել:

Վլադիմիր. Խնդիրը միայն մարզումային չէ: Մենք արդեն 20 տարեկան ենք, ուզում ենք նորմալ սովորել, հետագայում ընտանիք պահել, իսկ երբ գումար չես ստանում կամ խրախուսվում, դժվարություններ են ի հայտ գալիս: Արդեն մտածում ես այլ աշխատանք ճարելու մասին, որ կարողանաս ապրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Շատ ընկերներ ունենք, որ 16 տարի պարապել են, հետո գնացել են բանակ ու թողել են մարզումները, գումար ունենալու համար ստիպված դուրս են եկել սպորտից ու այլ գործով են զբաղվել:

Վլադիմիր. Ոչ բժիշկ ունենք, ոչ մերսող, ոչ հոգեբան, ոչ դեղեր են հատկացնում: Դեղերի հետ կապված ծանրորդների բժշկի հետ ենք խորհրդակցում: Մեր հոգեբանը, մերսողը, բժիշկը, ամեն ինչը մարզիչն է: Նաեւ ծանոթներ ենք ձեռք բերել այլ հավաքականներում, որ, օրինակ գնում ենք մրցման, խնդրում ենք ռուսների կամ ուկրաինացիների բժիշկն օգնում է:

Ես անչափ սիրում եմ ջրացատկը, կուզեմ մարզիչ աշխատել ու իմ իմացածը մեծ հաճույքով փոխանցել երեխաներին, բայց չգիտեմ մի քանի տարի անց ինչպիսի պայմաններ կլինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Ջրացատկում մենք լավ ավանդույթներ ենք ունեցել, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ ենք տվել, կարող ենք էլի աճել, պարզապես ուշադրություն է պետք: Ցանկալի կլիներ, որ Հայաստանի առաջնությունում մենք մեր մեջ չմրցակցեինք, մարզիկներ գային նաեւ այլ մարզերից: Ինչքան շատ լինեն մասնակիցները, այնքան մրցակցությունը մեծ կլինի ու անկախ մեզնից կուժեղանանք:

Մարզչի դերը, ինքնակրթվելն ու սինքրոն ցատկի ժամանակ ընկերոջը զգալը

Եղբայրներն առաջնությունների ժամանակ միմյանց ինչ-որ հատուկ ձեւով չեն քաջալերում: Պարզապես հաջողություն են մաղթում ու անհամբեր սպասում ելույթին:

Ազատ. Ես եղբորս միայն հաջողություն եմ մաղթում ու վերջ: Երբ մարդ կենտրոնանում է, սխալ է մոտենալ ու ինչ-որ խորհուրդ տալ: Միգուցե դրանով դու խանգարես, իր հոգեկան աշխարհում մի բան խախտվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Մրցաշարերի ժամանակ այլ մարզիկների ելույթներին չեմ հետեւում: Եթե նայում ես, ուզում ես նրանցից լավ անել, արդյունքում փչացնում ես քո ցատկը: Երբ սա հասկացա, ավելի հեշտ ու հանգիստ սկսեցին անցնել մրցումները:

Ազատ. Բնականաբար, մեկս մյուսի համար լարվում ենք, բայց այդ նույն ապրումներն ունենում ենք նաեւ մեր ընկերների համար: Եթե մարզիչը մի բան չի տեսել, ես հուշում եմ, ասում եմ ինչը սխալ արեց: Բայց ես ավելի հանգիստ եմ ցատկում, երբ մարզիչը նայում է ինձ: Այդպես է նաեւ մրցումների ժամանակ, եթե զգում ես, որ մարզիչդ քեզ հետեւում է, ավելի հանգիստ ես լինում:

Հարությունյանները հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ աշխատում են 12 տարեկանից: Դրանից մեկ տարի անց Եվրոպայի առաջնությունում ջրացատկում բերել են Հայաստանի Հանրապետության առաջին մեդալը: Խոստովանում են, որ նրա գլխավորությամբ մարզվելու շնորհիվ շատ բան են սովորել, կարողացել հաջողությունների հասնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Մարզիչը մեր ամեն ինչն է, իր շնորհիվ ենք մենք Եվրոպայի առաջնությունից ու մի շարք միջազգային մրցաշարերից մեդալներ նվաճել: Այսպիսի դժվար պայմաններում քիչ մարդիկ կաշխատեին, բայց ինքն անում է: Շատ է ցանկանում Հայաստանում ջրացատկը կրկին վերադարձնել այն մակարդակին, ինչը եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ: Ընկեր Հրաչը շատ լավ մարդ է, եւ էությամբ, եւ որպես մասնագետ:

Ազատ. Ընկեր Հրաչը մեզ կարողանում է ցանկացած օր ճիշտ տրամադրել ու պատրաստել:

Վլադիմիր. Մեր մարզաձեւում մենք ներկայացնում ենք Հայաստանը, որ նոր էինք սկսել մրցումների գնալ, շատերը չգիտեին Հայաստանի տեղը: Գերմանիայում առաջին անգամ մրցման էինք գնացել, լեզու չիմանալու պատճառով չէինք կարողանում շփվել ու շատ ամաչեցինք: Երբ վերադարձանք Հայաստան, առաջին բանն անգլերեն սովորելն էր: Ես ուզում եմ, որ մեր փոքրիկները լեզուներ սովորեն, ինքնակրթվեն, միայն սպորտը չլինի նրանց զբաղմունքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Վնասվածքի պատճառով որոշ ժամանակ չէի մարզվում, իսկ Վլադիմիրը բարդ ցատկեր էր պարապում: Երբ վերադարձա, արդեն հետ էի ընկել, ու եղբայրս հիմա Լեւ Սարգսյանի հետ է միջազգային մրցաշարերում սինքրոն վարժությունը կատարում:

Վլադիմիր. Սինքրոն ցատկի ժամանակ զգում ես ընկերոջդ: Հաշիվ ենք տալիս ու թռչում: Ես ու Լյովն Աշխարհի առաջնությունում 9-րդ տեղը գրավեցինք, դա մեր ամենալավ արդյունքն էր: Մի բան էլ ասեմ, քանի որ կրկին պայմանների հետ կապված Հայաստանում չենք կարողանում սինքրոն վարժությունը պարապել, մրցումների տեղն ենք փորձում: ԱԱ-ն էլ այդպես արեցինք, բոլորը զարմացել էին, թե ոնց է հնարավոր սինքրոնը մի քանի օրում պարապելով այսպիսի արդյունք գրանցել:

Ազատ. 2015-ին միջազգային մրցման էինք մասնակցում շատ ուժեղ կազմ էր հավաքել: Եղբայրս առաջին տեղն ընկավ, ես՝ երրորդ: Առաջին անգամն էր, որ երկու հայ ջրացատկում նման արդյունք էին գրանցել: Մեր մարզչին մոտենում էին, շնորհավորում, որովհետեւ գիտեին, որ պայմաններ չունենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Շատ ենք նեղվում. մի կողմից ուրախանում ես, որ նման արդյունք ես գրանցել, մյուս կողմից էլ հասկանում, որ կարող ես ավելին անել, բայց հնարավորություն չունես:

Ուսանողական կյանքը, բանակն ու ապագան ջրացատկում

Տղաների հետ զրույցի առաջին իսկ րոպեներից հասկանում ես, որ նրանք միայն սպորտով չեն ապրում: Նրանք նաեւ սիրում են կրթությունը, չնայած հիմա տարկետման մեջ են ու ծառայում են սպորտային վաշտում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ. Ես ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիա բաժնում եմ սովորում: Առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտել եմ ու զորակոչվել բանակ: Ավարտելուց հետո կվերսկսեմ դասերին հաճախել: Հիմա մեկ-մեկ գնում եմ համալսարան, գրքեր եմ կարդում, որ հետ չընկնեմ: Կարծում եմ, որ սպորտից բացի անչափ կարեւոր է նաեւ սովորելը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Ես էլ Տնտեսագիտական համալսարանում եմ սովորում: Կապը միշտ պահում եմ կուրսընկերներիս հետ: Զորացրվելուց հետո կրկին կսկսեմ հաճախել դասերիս:

Ազատ. Սպորտն առանց վնասվածքների չի լինում: Ես ոտքս էի կոտրել, ողնաշարիս հետ խնդիր ունեմ, ու հիմա բժիշկները չեն թողնում պարապել: Բայց չեմ կարող, չեմ պատկերացնում իմ օրն առանց ջրացատկի, կարծես կիսատ լինեմ: Որոշ ժամանակ անց պետք է վերջնական բուժում անցնեմ, եթե ամեն ինչ բարեհաջող դասավորվեց, կրկին կշարունակեմ ելույթներս: Եթե առողջականի պատճառով թողնեմ սպորտը՝ եղբորս կերկրպագեմ ու գիտելիքներս կփոխանցեմ մյուս սերնդին:

Եթե վնասվածքս բուժվի ու կարողանամ լիարժեք մարզումներս շարունակել, բնականաբար, իմ նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցությունն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր. Տոկիոյի խաղերին մարատական եմ տրամադրված, ցանկանում եմ անպայման ելույթ ունենալ այնտեղ: Եթե եղբայրս առողջանա, միասին կարող ենք մեկնել ոչ միայն այնտեղ, այլ նաեւ այլ առաջնություններ: Շատ եմ ցանկանում, որ նա բուժի վնասվածքը:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին