Ապրիլ 17, 2024
exclusive
6483 դիտում

Ֆրանսիական հոկեյի հայ աստղը՝ Անտոնին Մանավյան



Դանիայում շարունակվում է հոկեյի աշխարհի առաջնությունը: Mediamax Sport-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մրցաշարին մասնակցող միակ հայ հոկեյիստին:

Չունենք հոկեյի ազգային հավաքական, բայց ունենք հոկեյիստներ, ովքեր հաջողությամբ պաշտպանում են այլ երկրների մարզական պատիվը: Թե ինչն է պատճառը, որ չունենք հոկեյի ազգային հավաքական դա քննարկման ու ներկայացման այլ թեմա է: Վաղուց գաղտնիք չէ, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ձեռքբերումներում իրենց մեծ ավանդն ունեն հայազգի Արտյոմ Մանուկյանը, Անդրեյ Ալտիբարմակյանը եւ Ալեքսեյ Փոլադյանը: Երիտասարդական մասշտաբով հայ հոկեյիստների կատարած աշխատանքի մասին բավական ինֆորմացիա կա, բայց մեծահասակաների ասպարեզում լռություն էր:

Լուսանկարը` wikimedia.org


Օրերս Դանիայում մեկնարկել է հոկեյի աշխարհի առաջնությունը: Ի տարբերություն օլիմպիական խաղերի, որի ժամանակ ուժեղագույն հավաքականները զրկված էին լավագույն հոկեյիստներին հրավիրելու հնարավորությունից, Դանիայում բոլոր հզորները համալրված են աստղային կատարողներով: Մրցաշարին մասնակցում է նաեւ Ֆրանսիայի ազգային հավաքականը: Ֆրանսիացիների կազմում գերաստղեր չկան: Ամբողջ կազմից կարելի է առանձնացնել մի քանի հոկեյիստի, ովքեր քիչ թե շատ եվրոպական հոկեյում որոշակի ճանաչելիություն ունեն: Եռագույների կազմում պաշտպանության գծի առաջատարը հայազգի Անտոնին Մանավյանն է:

Մանավյանը 31 տարեկան է: Նա ծնվել է 1987 թվականի ապրիլի 26-ին՝ Փարիզում: Միջազգային խաղերում Ֆրանսիայի պատիվն առաջին անգամ պաշտպանել է 18 տարեկանների հավաքականում՝ 2004 թվականին: Ներքին առաջնությունում նորամուտը նշել է ավելի ուշ՝ 2006-ին: Անտոնինն այն եզակի հոկեյիստներից մեկն է, ով կարողացել է տիրանալ ֆրանսիական հոկեյում խաղարկվող 4 կարեւորագույն տիտղոսներից 4-ին: Նա այդ ձեռքբերումն ունեցել է մեկ մրցաշրջանի ընթացքում, երբ 2008-2009 թվականին Գրենոբլի պոկեր ձեւակերպեց ներքին մրցաշարերում:Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է Ա խմբում:Մրցակիցների շարքում են՝ Ռուսաստանի, Չեխիայի, Շվեդիայի  եւ Շվեյցարիայի կարգի հզոր ընտրանիներ:

Լուսանկարը` aimg.sk


Եռագույներն իրենց հնարավորությունների առավելագույնն են անում արժանի պայքար մղելու համար: Դեռ արդյունքներն այդքան էլ տպավորիչ չեն, բայց առանձին վերցրած Մանվյանի խաղը  աչք է շոյում: Անտոնինը հատկապես տպավորիչ էր Շվեդիայի հետ խաղում: Մրցավեճը բաժանվել էր երկու հատվածի: Առաջինում շվեդները մեծ առավելությամբ հաղթում էին:  Երկրորդում, անկախ խաղի հաշվից, ընթանում էր անզիջում ուժային հոկեյ: Ֆրանսիացիները գերհզոր թիմի հետ ֆիզիկական պայքարում գրեթե չէին զիջում, որում մեծ ավանդ ունի հենց Անտոնին Մանավյանը: Հասկանալու համար կատարված աշխատանքի լրջությունը նշենք, որ սկանդինավերի կազմում են խաղում  Ջոն Կլինգբերգի, Ռիկարդ Ռակելի եւ Օլվիեր Էկման-Լարսենի կարգի հոկեյիստներ:

Առաջնությունում ֆրանսիացիները մեկ հաղթանակ են տարել: Դա եղել է Բելառուսի ընտրանու հետ խաղում: Անտոնին Մանավյանն իր թիմի 6 գոլից մեկի հեղինակն էր ու ակտիվ մասնակցում էր մյուս տափօղակների կառուցմանը: Նրա խաղում ակնհայտորեն զգացվում է մեծ ցանկությունը: Եթե մինչեւ մրցաշարի ավարտ կարողանա պահպանել մարզավիճակը, մեծ շանսեր կարող են ստեղծվել նրա համար՝ կարիերան հոկեյի մայրցամաքային լիգայում սկսելու: Դիրքային հոկեյում եւ սեփական հնգանոցի գոտում Մանավյանին շատ բարդ է հանել հավասարակշռությունից: Հոկեյիստը հիանալի է կարդում մրցակցի գրոհները թվային առավելության ժամանակ:

Լուսանկարը` rp-online.de


Նույնիսկ աշխարհի առաջնության ընթացքում կարելի է գտնել բազմաթիվ դրվագներ, երբ ֆրանսիացիներին անձնուրաց խաղով գոլից փրկել է հենց Մանավյանը: Այս պահին նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆեհերվարին»: Այս մրցաշրջանում Մանվյանը թիմի կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: Մինչ «Ֆեհերվարին» միանալն Անտոնին Մանավյանը հանդիսանում էր ֆրանսիական «Աժնե» հոկեյի թիմի խաղացող: «Ֆեհերվարը» մասնակցում է Ավստրիայի հոկեյի բարձրագույն խմբի առաջնությանը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին