exclusive
46171 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Հրաչյա Ռոստոմյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` msy.am

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Photolure


Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր կյանքն առանց բասկետբոլի չի պատկերացնում: Դեռ մարզիկ եղած տարիներին է տարվել մրցավարությամբ եւ այսօր Հայաստանում միակն է, որ միջազգային կարգ ունի:

Mediamax Sport-ը միջազգային մրցավարների մասին պատմող հոդվածաշարում այս անգամ անդրադառնում է Ռոստոմյանին:

Անարդար խաղն օգնեց զբաղվել մրցավարությամբ

Լուսանկարը` Մեդիամաքս


Բասկետբոլ մարզաձեւն անչափ շատ եմ սիրում, այն իմ արյան մեջ է: Դեռ գործող մարզիկ էի, երբ սկսեցի զբաղվել մրցավարությամբ, զգում էի, որ այն ինձ մոտ ստացվում է: Մեր թիմի ավագն էի ու մարզումների կամ խաղերի ժամանակ քննարկում էի դրվագները մրցավարների հետ, վիդեոկրկնությունը նայում էինք ու տեսնում, որ ես ճիշտ էի:

Բացի այդ էլ միշտ արդարության կողմնակից եմ, չեմ սիրում, որ անարդարությամբ են հաղթանակի հասնում:

Մի դեպք պատմեմ, որից հետո էլ ավելի շատ համոզվեցի, որ մրցավարը պետք է արդար լինի: ՖԻՄԱ-ի կազմում մեկնել էինք Թեհրան մրցաշարի, որտեղ շատ լավ հաղթանակներ տարանք ու մտանք եզրափակիչ: Այստեղ էլ 1 միավորի առավելությամբ հաղթում էինք ու խաղի ավարտին հաշված վայրկյաններ էին մնացել:

Հանկարծ մրցակիցներից մեկը բարձր գոռաց ու ընկավ գետնին: Չնայած մենք հեռու էինք նրանից, բայց մրցավարը ֆոլ տվեց: Նայեց ինձ ու հայացքիցս  հասկացավ, որ ինձ չի կարող տալ, ավելի մոտ գտնվող մեր մյուս տղան էլ խիստ կեցվածք ուներ: Նկատեց մեր Թոմին, որը խելոք կանգնած էր ու իրեն տվեց: Սա արդեն չափազանց էր, այդքան ակնհայտ կողմնապահություն չէի տեսել, մենք չդիմացանք, ու սկսվեց վիճաբանությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետո եկավ մի պահ, երբ ինձ արտասահմանյան թիմերից առաջարկություն էին անում: Հայրս դեմ էր, որ գնամ այլ երկիր, իսկ ես հասկանում էի, որ միայն բասկետբոլով շատ բանի չեմ հասնի Հայաստանում: Մյուս կողմից էլ չէի կարող հեռանալ իմ սիրած մարզաձեւից ու վերջնականապես որոշեցի, որ պետք է մրցավար դառնամ:

Մարզիչների խորհուրդներից մինչեւ բարդ քննություն եւ միջազգային կարգ

Մի տեսակ ամոթ էր, որ մենք միջազգային մրցավար չունեինք: Ես էլ որոշեցի, որ պետք է միջազգային կարգի քննություն հանձնեմ:

Այդ ժամանակ 22 տարեկան էի: Մեր երջանկահիշատակ ընկեր Աբոն մի քանի բան սովորեցրեց ինձ, ֆեդերացիայի նախագահ Ալիկ Նավասարդյանը լավ մրցավար էր, շարժումների մասին պատմեց ու կարեւոր նրբություններ բացատրեց՝ երկու խաղացողի միջեւ 40 աստիճան պետք է լինի, որ մրցավարը նրանց գործողությունները տեսնի: Ընկեր Միշան էլ օգնեց կեցվածքի ու վազելու հարցում. դրանք մրցավարի ու բասկետբոլիստի մոտ շատ են տարբերվում: Մի խոսքով, մեկնեցի Սարաեւո, որտեղ պետք է քննություն հանձնեի:

Շատ դժվար էր: Առաջինը մրցավարությունն էր: Այլ երկրներից ժամանած մրցավարները Բարձրագույն խմբերի 50-60 խաղ էին դատել: Այդ ժամանակ մենք նույնիսկ նորմալ  լիգա չունեինք, ու ես 3-4 խաղ էի սպասարկել, այն էլ աղջիկների, որովհետեւ ես տղամարդկանց պայքարում դեռ խաղում էի: Երբ հերթը հասավ ինձ, ասացի, թե 40-45 խաղ եմ դատել:

Լուսանկարը` msy.am


Ապա սկսվեց ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության քննությունը: Ահավոր ծանր էր, շատերը չդիմացան ու կեսից դուրս մնացին: Հայաստանում մի խոսք կար՝ ով ՖԻՄԱ-ում է խաղում, վազքում հավասարը չունի: Քննության ժամանակ ես առանց դժվարության վազեցի ու անցա թեստային փուլին, որտեղ պետք էր պատասխանել բասկետբոլի կանոնների մասին հարցերին: Իսկ անգլերեն բանավոր քննության ժամանակ ստուգում էին նաեւ ընդհանուր գիտելիքները, օրինակ՝ որտեղ են կայանալու առաջիկա Օլիմպիական խաղերը, կամ ով է ԱՄՆ-ի նախագահը, քանի մայրցամաք կա եւ այլն: Քննություններս հաջող հանձնեցի, 50 հոգու մեջ իմ արդյունքով 3-րդն էի: Դարձա միջազգային մրցավար ու վերադարձա Երեւան:

Առաջին միջազգային խաղի տպավորություններն ու մրցավարական խորհուրդները

Առաջին խաղում անմոռանալի զգացողություններ եմ ունեցել, այն երբեք մոռանալ չի լինի: Եվրոպայի գավաթի խաղ էր, որտեղ մրցում էին «Բալտիսկայա Զվեզդա» ու «Գրան Կանարիա» թիմերը: Ես դատում էի հայտնի մրցավարներ Յարոցկու եւ Դավիդովի հետ: Հուզված էի, բայց շատ կարեւոր է, թե ում հետ ես դատում: Յարոցկին այդ ժամանակ ամենաուժեղ մրցավարներից էր, շատ լավն էր: Ես իրենից շատ բաներ եմ սովորել: Շատ ուսուցողական է եղել ինձ համար նաեւ Լուիջի Լամոնիկան, որը բասկետբոլի Կոլինան է, այ այդքան հայտնի ու բարձրակարգ մրցավար է:

Կամաց-կամաց  հարմարվեցի միջազգային հանդիպումներին, արդեն ավելի ազատ ու հարմարավետ էի զգում դահլիճում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենակարեւոր խաղը, որը նաեւ վերջինն էր ինձ համար, «Գալաթասարայ»-«Սպարտակ» սուպերֆինալն էր: Շատ դիտարժան, պայքարով հարուստ հանդիպում էր, երկրպագուները եւս շատ էին տրիբունաներում: Չնայած հոգնածությանը՝ մեծ բավականություն էի ստացել:

Երբեմն մրցավարներն ավելի շատ են ցանկանում խաղն ավարտել ու գնալ հանդերձարան: Բասկետբոլը դժվար եւ արագ մարզաձեւ է: Ֆիզիկապես պետք է այնքան ուժեղ լինես, որ չհոգնես, ուղեղդ շարունակի աշխատել ու կարողանաս ճիշտ որոշումներ կայացնել: Խաղացողը փոխարինվում է, իսկ մրցավարը ողջ հանդիպման ընթացքում գործում է, պետք է այնքան արագ լինես, որ հասցնես խաղացողին անցնել ու դիմացից տեսնել նրա գործողությունները:

Մրցավարն էլ մարդ է եւ ունի զգացմունքներ ու անձնական համակրանք որեւէ թիմի նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ կարող ես սխալ դատել: Պարզապես կասկածելի կամ հավասար դեպքերում նախապատվությունը տալիս ես նրան, ում սիրում ես: Ամեն խաղի ընթացքում էլ մրցավարները մոտ 3-4 սուլիչ այդպես են տալիս:

Բուլղարցի հայտնի մրցավար Լազարովը մի քանի ուսուցողական խորհուրդ է տալիս մրցավարներին ՝ 1. Մի փորձիր Հռոմի պապից կաթոլիկ լինել 2. Մի տուր այնպիսի սուլիչ, որը միայն դու ես տեսել 3. Միշտ հիշիր՝ ինչ էլ լինի, դու մեղավոր ես:

Լուսանկարը` Photolure


Կարոտած վերադարձը մրցավարություն

Հետո Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն ինձ ամբողջովին կլանեց: Ժամանակը սկսեց չբավականացնել ու ստիպված դադարեցի մրցավարությամբ զբաղվել: Անկեղծ եմ ասում, շատ եմ կարոտում:

Այս տարի, երբ սկսեցինք անցկացնել բասկետբոլի Ա լիգան, հետաքրքրությունն անհամեմատ աճեց: Երկար ժամանակ մենք այսպիսի բարձրակարգ մրցաշար չենք ունեցել, իսկ մրցավարը պետք է լավ խաղեր դատի, որպեսզի փորձ ու վստահություն ձեռք բերի: Հիմա մեր առաջնության մրցավարները շատ փորձ չունեն, կամաց-կամաց սկսում են աճել: Սա էր պատճառը, որ կիսաեզրափակիչ հանդիպումները ես դատեցի:

Շատ էի ուրախացել, մրցավարական հագուստս ու սուլիչներս, որոնք խնամքով պահել էի, հանեցի ու պատրաստվեցի խաղերին: Դահլիճում համոզվեցի, թե ինչքան շատ եմ կարոտել այս աշխատանքը: «Արթիկ»-ՖԻՄԱ խաղում մի քիչ հուզված էի, չէի ասի, որ կարիերայիս առաջին խաղի պես էր, բայց իրականում լարվածություն կար: Առաջին սուլիչից քիչ անց մտա խաղի մեջ ու ամեն ինչ տեղն ընկավ:

Լուսանկարը` AP


Հայաստանը հաջորդ տարի կունենա միջազգային այլ մրցավարներ

Ցանկացած մարզաձեւում էլ միջազգային մրցավար ունենալը շատ կարեւոր է: Տեսեք, ամեն առաջնության պետք է մրցավար տանել, իսկ մենք չունենք: Մեզ հետ վերցնում ենք Վրաստանի կամ մեկ այլ երկրի մասնագետի, սա հավելյալ ծախս է: Իսկ սեփական երկրի մրցավար ունենալը նաեւ զսպող հանգամանք է. այլ մրցավարներ չեն համարձակվում քո հավաքականին սխալ դատել, քանի որ գիտեն, որ իրենց ընտրանու խաղն էլ դու ես սպասարկելու:

Այսօրվա հայ մրցավարները լավն են ու երիտասարդ, բայց փորձի պակաս ունեն: Մեր Բարձրագույն խումբը նոր է ձեւավորվում, շատ խաղեր դատելով՝ նրանք էլ կհմտանան:

Այս պահին 2-3 մրցավար ունենք, ովքեր արդեն 2019 թվականին պատրաստ կլինեն միջազգային կարգ լրացնել: Սա շատ մեծ օգուտ կտա մեր բասկետբոլին:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին