Ապրիլ 20, 2024
exclusive
9184 դիտում

Արմեն Գրիգորյան. Սուսերամարտը զարգացնելու ճիշտ ճանապարհին ենք


Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա


5 օրով՝ ապրիլի 15-19-ը, Երեւանը եվրոպական սուսերամարտի կենտրոնն է դառնալու: 31 երկրի մոտ 300 մարզիկներ անզիջում ու գեղեցիկ պայքար են ծավալելու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Շատ վաղուց Հայաստանում նման խոշոր միջազգային մրցաշար չի կազմակերպվել ու անցկացման հետ կապված բազմաթիվ դժվարություններ են առաջացել: Հենց դրանց մասին էլ Mediamax Sport-ին պատմել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: Նա խոսել է նաեւ մրցաշարի կարեւորության, սպորտային կյանքի աշխուժացման ու հայ սուսերամարտիկների հնարավորությունների մասին:

Անցկացման ճանապարհին

Եվրոպայի առաջնություն անցկացնելու գաղափարը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մոտ տարիների ընթացքում է առաջացել: Նախ մոտ 6 տարի միջազգային մրցաշարեր են կազմակերպել, որին ամեն տարի 6-7 երկրների մարզիկներ են մասնակցել:

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա


Հիմնականում մեր տարածաշրջանի երկրներն էին հանդես գալիս, բայց վերջին տարիներին ԱՄՆ-ից էլ մասնակիցներ եկան: Փոքր մրցաշարեր անցկացնելով՝ փորձ ձեռք բերեցինք ու ձգտեցինք ավելի խոշորն ու կարեւորը կազմակերպել, այդպես մեզ վստահվեց Մ-23 տ. Եվրոպայի առաջնության անցկացումը:

2016 թվականին Թուրինում կայացած Եվրոպայի առաջնության ընթացքում կայացած նիստի ժամանակ Հայաստանը ձայների մեծամասնությամբ ստացավ ԵԱ-ն անցկացնելու իրավունքը՝ իր հիմնական մրցակից Իսրայելին շրջանցելով ավելի քան 20 ձայնով:

Բոլոր ֆեդերացիաների նախագահների ու ներկայացուցիչների հետ մեծ ծավալի աշխատանք էր տարվել, բացատրել էինք մեր բոլոր առավելություններն ու կարողացանք ստանալ նրանց ձայները: Սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահն աշխատանքային այցով եղել էր Երեւանում ու ծանոթացել մեր պայմաններին:

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա


Կազմակերպչական փուլը

Նախապատրաստական փուլը մեկնարկեց 2017 թվականից, առաջին հերթին ստեղծվեց աշխատանքային խումբ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած ժողովին մասնակցեցին առաջնության անցկացմանը մասնակցող բոլոր կողմերը՝ կապի ու առողջապահության նախարարությունների, անվտանգությանը ոլորտի ու ՊԵԿ-ի ներկայացուցիչները:

Մենք բավականաչափ գույք չունենք: ԵԱ-ի անցկացման համար 17 մարտուղյակ է պահանջվում ու նույնքան էլ էլեկտրական սարքավորումներ: Մենք 7-ն ունենք, մնացածը բերվել է Վրաստանից: Այդ ամենը մեզ տրամադրել է Եվրոպական կոնֆեդերացիան, տեղադրման աշխատանքներն իրականացնելու են սերբ մասնագետները:

Առաջնության անցկացման վայր է ընտրվել Երեւանի պետական համալսարանի նորակառույց սպորտային համալիր, որը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին:

Կոնֆեդերացիայի պատվիրակներն անցած տարի 3 անգամ եղել են Երեւանում ու ուսումնասիրել բոլոր պայմանները: Նրանք այն կարծիքին են, որ դահլիճը համապատասխանում է Եվրոպայի առաջնության անցկացմանը:

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա


Մասնակցության համար 31 երկիր է հայտավորվել, Ադրբեջանն առաջնությանը չի մասնակցելու, չեն լինելու սուսերամարտիկներ նաեւ Մոնակոյից, Անդորրայից ու այն երկրներից, որտեղ սուսերամարտը զարգացած չէ: Մրցաշարին մասնակցելու են եվրոպական բոլոր ուժեղ հավաքականները՝ Ֆրանսիան, Իտալիան, Հունգարիան, Ռուսաստանը:

Առաջնությունը բավական ներկայացուցչական է լինելու, 54 թիմ ու 300 մարզիկներ են հանդես գալու, սա լավ ցուցանիշ է Մ-23 տ. ԵԱ-ի համար:

Առաջացած դժվարությունները

Մեծ մրցաշարը նաեւ բազմաթիվ կազմակերպչական աշխատանքներ ու պատասխանատվություն է պահանջում: Դժվարություններ ու խնդիրներ ամեն քայլափոխի են առաջացել, բայց դրանով զբաղվող խումբը պատրաստ է եղել այդ ամենին:

Շատ շուտվանից մեզ մոտ նմանատիպ սպորտային իրադարձություն չի եղել, ողջ լրջությունը շատ լավ պատկերացնում էինք: Դրա համար էլ  սուսերամարտի ֆեդերացիայում դեռ անցած տարվանից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է բոլոր հարցերով ու քայլ առ քայլ մոտեցել ենք մեր նպատակին: 24-ժամյա աշխատանք ենք կատարել, թիմում ամեն մեկն իր անելիքն ուներ, 2 օրը մեկ էլ կարճ ժողովներ ենք անում առաջացող հարցերը քննարկելու համար:

Ֆեդերացիայում համոզված են, որ ամեն ինչ բարձր մակարդակով են կազմակերպելու ու հաջողությամբ հյուրընկալելու են ինչպես բազմաթիվ սուսերամարտիկներին, այնպես էլ բարձրաստիճան պատվիրակությանը: Նրանց թվում են լինելու Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահն ու ներկայացուցիչները, տարբեր երկրների սուսերամարտի ֆեդերացիաների նախագահները:

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա


Հայաստանի ընտրանին

Եվրոպայի առաջնության մասնակիցներն ընտրվել են Հայաստանի սուսերամարտի առաջնության արդյունքներով: 2017-ի նոյեմբերից մարզիկները պատրաստվել են առաջնությանն ու մասնակցել միջազգային մրցաշարերի, այդ թվում եւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին:

Ֆեդերացիան կատարել է հավաքականի մարզչական խորհրդի կազմած մարզումային պլանը, սուսերամարտիկներն անցկացրել են բոլոր պլանավորած պարապմունքները: Հավաք են արել Ծաղկաձորում: Հագուստի ու զենքերի պակաս չի եղել, մեր թիմը պատրաստ է լավագույնս հանդես գալ առաջնությունում: Հաջողություն մաղթենք մեր ընտրանուն ու թող որ հարազատ պատերն օգնեն մարզիկներին:

Հայաստանում սուսերամարտիկների նոր սերունդ է աճում, որոնք արդեն բավականին փորձ են կուտակել միջազգային մրցումներում ու կարողանում են իրենց հնարավորինս լավ դրսեւորել: Նրանցից են Էմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննիսյանն ու Էդուարդ Օվիկյանը, որոնցից ակնկալիքները երեւանյան մրցումներում բավականին մեծ են:

Սուսերամարտը մեր երկրում լավ ավանդույթներ է ունեցել: Աշխարհի ու Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ են եղել, ԽՍՀՄ-ի թիմի անդամներ ու չեմպիոններ: Պարզապես ցուրտ ու մութ տարիներին լավագույն մասնագետները մեկնել են արտերկրում աշխատելու, ու մենք փաստորեն այսօր նորից զարգացնում ենք մարզաձեւը:

Լուսանկարը` Սուսերամարտի ֆեդերացիա


Սպորտի տարածման համար

Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 15-ին ժամը 17:00-ին, մուտքն ազատ է լինելու բոլոր երկրպագուների համար: Մրցումային 4 օրերի ընթացքում որոշվելու են յուրաքանչյուր ձեւի՝ (խոցասուսեր, ճկասուսեր ու թրասուսեր) հաղթողները: Մրցումները սկսվելու են առավոտյան 9-ին ու ավարտվելու երեկոյան նույն ժամին:

Եզրափակիչները երեկոյան 18:00-ից հետո կլինեն, սուսերամարտի բոլոր ցանկացողներին ու սիրահարներին հրավիրում ենք, որ հետեւեն այս գեղեցիկ մարզաձեւի ելույթներին:

Առաջնությունը նաեւ հիանալի հնարավորություն կընձեռնի սուսերամարտի աշխարհին ներկայացնել ու ծանոթացնել Հայաստանի հետ, մասնակից երկրներից շատերն առաջին անգամ կլինեն մեզ մոտ:

Բոլորն էլ մեծ հաճույքով են գալիս, հատկապես նախկին ԽՍՀՄ-ի երկրների ներկայացուցիչները վաղուց չեն եղել Երեւանում, շատ են կարոտել: Նրանք լավ ծանոթ են մեր հյուրընկալությանն ու մարդկանց բարի վերաբերմունքին: Նաեւ զբոսաշրջությանը կօգնենք, հյուրանոցներից, ռեստորաններից ու տրանսպորտից կօգտվեն, այդ օրերին մեծ աշխուժություն կնկատվի:

Սակայն  առաջնության անցկացումն առաջին հերթին կնպաստի սպորտի զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաեւ դրական կանդրադառնա մասսայականացման վրա:

Սպորտը զարգացնելու, ֆիզկուլտուրան պրոպագանդելու ճիշտ ճանապարհի վրա ենք: Սպորտային կյանքը պետք է միշտ շարժվի, հյուրեր գան ու գնան, այդպես է մարզական աշխուժություն լինում: Հույս ունենք, որ մյուս ֆեդերացիաներն էլ մեր օրինակին կհետեւեն:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին