Ապրիլ 20, 2024
exclusive
9914 դիտում

Սպորտային չարագործներն ու նրանց մեղքերը


Լուսանկարը` CNN.com

Լուսանկարը` time.com

Լուսանկարը` timesofisrael.com

Լուսանկարը` thesun.co.uk

Լուսանկարը` cbsnews.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` dailymail.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` Tennis365.com

Լուսանկարը` heweek.co.uk

Լուսանկարը` popsugar.com


Եթե կարծում եք, որ մարզաշխարհում միայն հաղթանակներ ու արդար ճանապարհով ձեռք բերված մեդալներ են լինում, սխալվում եք: Սա նաեւ անարդար պայքարի թատերաբեմ է, երբ առաջնային է դառնում հաղթանակին հասնելու ձգտումը, գործում են սպանելու ու ինքնապաշտպանության բնազդները: Մարզիկներն էլ սովորական մարդիկ են ու չեն կարող ամբողջովին հեռու մնալ հանցագործ աշխարհից:

Mediamax Sport-ի այս անգամվա հերոսներն իրենց մասին գրելու «պատվին» են արժանացել չարագործությունների պատճառով:

Տոնյա Հարդինգ

Այս տարվա Օսկար մրցանակաբաշխության կնոջ լավագույն դերին հավակնում էր Մարգո Ռոբբին, որը մարմնավորել է հայտնի գեղասահորդուհուն «Տոնյան բոլորի դեմ» ֆիլմում՝ ներկայացնելով նրա կյանքի պատմությունը:

1980-ականներին Տոնյա Հարդինգի կարիերան սկիզբ էր առնում, նա վստահորեն ելույթ էր ունենում ԱՄՆ-ի առաջնությունում, 89-ին ասթմայի պատճառով որոշ ժամանակ դադարեց մարզվել, սակայն 1991-ին հաղթական վերադարձ գրանցեց. անգերազանցելի էր երկրի առաջնությունում ու կանանց գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ եռակի աքսել կատարեց, Աշխարհի առաջնությունում էլ նա 2-րդն էր:

Լուսանկարը` time.com


Որպեսզի գովազդային պայմանագրեր ստանա ու մասնակցի 1994-ի Օլիմպիական խաղերին, Հարդինգը պետք է հաղթեր ԱԱ-ում: Սակայն նրա ճանապարհին կանգնած էր Նենսի Կերրիգանը: Սառույցի վրա նրա հետ մրցելը չափազանց բարդ էր, այդ պատճառով էլ մրցակցից ազատվելու այլ տարբերակ գտնվեց: Թեեւ ֆիլմում ու իրականության մեջ 2 տարբերակներ են նշվում, մենք կփորձենք ընդհանուր գծերով ներկայացնել դրանք:

Կերրիգանից ազատվելու համար Հարդինգը, նրա նախկին ամուսինն ու վերջինիս ընկերը մարդ վարձեցին Կերրիգանին սպանելու համար: Սակայն մտափոխվեցին ու որոշեցին պարզապես վնասել նրան: Ծրագիրը կյանքի կոչվեց 1996-ի ԱՄՆ-ի առաջնությունից առաջ, մութ միջանցքում գեղասահորդուհու վրա հարձակում կատարվեց:



Բարեբախտաբար նրա ոտքը չկոտրվեց, թեեւ Կերրիգանը մասնակցել մրցաշարին եւս չկարողացավ: Նման ուժեղ մրցակցի բացակայության պայմաններում հաղթողը Հարդինգն էր, սակայն նրա ուրախությունը երկար չտեւեց, ոստիկանությունը գտավ մեղավորներին: Հարդինգի մեղքը լիովին չապացուցվեց, ու նա շարունակեց ելույթ ունենալ:

Օլիմպիական խաղերին երկու մարզուհիներն էլ ելույթ ունեցան. Կերրիգանը վնասվածքից ապաքինվելուց հետո արծաթե մեդալ նվաճեց, մինչդեռ Տոնյայի թե անձնական կյանքում ու թե սպորտում սեւ շրջան էր սկսվել:

Նախկին ամուսինը նրա դեմ ցուցմունքներ տվեց, ինչի արդյունքում Հարդինգը զրկեցին բոլոր տիտղոսներից, նրան արգելեցին երբեւէ զբաղվել գեղասահքով:

Մոնիկա Սելեշ

1991 թվականին հարավսլավացի Մոնիկա Սելեշը հաղթեց ԱՄՆ-ի առաջնությունում, իսկ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում ուժեղ էր Շտեֆֆի Գրաֆից: Դրան հաջորդած 2 տարիների ընթացքում նա տիրացավ Մեծ Սաղավարտի եւս 6 տիտղոսի: 1993-ի Ավստրալիայի առաջնությունում կրկին հաղթեց Գրաֆին:

Լուսանկարը` thesun.co.uk


Գերմանացի թենիսիստուհու երկրպագուները պարզապես ատում էին Սելեշին: Դա հատկապես երեւաց Համբուրգում կայացած Citizen Cup-ի ժամանակ: Մոնիկայի մրցակիցը Մագդալենա Մալեեւան էր: Հանդիպման ընդմիջումների ընթացքում տրիբունաներից անընդհատ հայհոյանքներ էին լսվում, իսկ գեյմերի միջեւ եղած ընդմիջման ժամանակ երկրպագուներից մեկը՝Գրաֆ Գյունտեր Պարհեն, հասավ Մոնիկային ու դանակը նրա մեջքը խրեց:

Միանգամից ձերբակալված երկրպագուն խոստովանել էր, որ ցանկացել է չեզոքացնել Գրաֆի մրցակցին, որպեսզի նա կարողանա առաջին ռակետ դառնալ: Դատարանը Պարհեին անմեղսունակ ճանաչեց, ստիպեց բուժվել ու 2 տարի պայմանական պատիժ սահմանեց:

Սելեշն այդ հոգեբանական ծանր հարվածից հետո, գրեթե, դադարեց շփվել մարդկանց հետ, ավելացրեց թիկնապահների թիվն ու սկսեց տանից դուրս չգալ: Կորտ նա վերադարձավ միայն 2 տարի անց:



Մյունխենյան Օլիմպիական խաղերը

1972 թվականի Օլիմպիական խաղերն անցկացվեցին Մյունխենում: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան փորձում էր ձերբազատվել ագրեսոր-երկրի կարգավիճակից: Կազմակերպիչները չէին ցանկանում, որ ավանում շատ ոստիկաններ լինեն, անգամ մերժում էին հաշվի առնել ահաբեկչության տարբեր սցենարները: Արդյունքում անվտանգության ցածր մակարդակի պատճառով այն հնարավոր եղավ կյանքի կոչել:

Սեպտեմբերի 4-ին «Սեւ սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպության անդամներին հաջողվեց մուտք գործել օլիմպիական ավանի մասնաշենք, որտեղ բնակվում էր Իսրայելի հավաքականը: Մարզիկներից մի քանիսին հաջողվեց փախուստի դիմել, սակայն 11-ը գերի ընկան՝ 4 մարզիչներ, 5 մարզիկներ ու 2 մրցավարներ: Ըմբշամարտի մրցավար Մոշե Վայնբերգն ու ծանրորդ Յոսեֆ Ռոմանոն դիմադրություն ցույց տվեցին ու սպանվեցին:

Լուսանկարը` timesofisrael.com


Ահաբեկիչները պահանջեցին Իսրայելի ու Եվրոպայի բանտերից ազատել 250 դատապարտված պաղեստինցիների ու ապահովել նրանց ազատ տեղաշարժը Եգիպտոս: Իսրայելը հրաժարվեց բանակցություններ վարել: Գերմանիան առաջարկեց գերիներին փոխանակել բարձրաստիճան պաշտոնյաներով, ինչպես  նաեւ պատրաստ էր վճարել ցանկացած գումար: Սակայն ահաբեկիչները հրաժարվեցին դրանից ու սպառնացին ամեն ժամ սպանել մեկին, եթե իրենց պահանջները չկատարվեն: Երեկոյան ժամը 6-ին նրանք արդեն պահանջեցին ավտոբուսով իրենց օդանավակայան հասցնել ու մինչեւ Կահիրե հասնող ինքնաթիռ տրամադրել:

Հատուկ ուղղաթիռները նրանց հասցրին ՆԱՏՕ-ի զինվորական օդային բազա, որտեղ սպասում էր Բոինգ-727-ը: Անձնակազմի հագուստով 5 ոստիկաններ պետք է ոչնչացնեին խմբավորման 2 անդամների, մնացածին էլ՝ դիպուկահարները: Սակայն նրանք որոշել էին, որ իրենց առաջադրանքը չափազանց վտանգավոր է ու լքել էին դիրքերը: 1,5 ժամ իրար վրա կրակելուց հետո ահաբեկիչները հասկացել էին, որ անելանելի վիճակում են ու սպանել էին գերիներին:

Լուսանկարը` dailymail.com


Օսկար Պիստորիուս

Պիստորիուսը դեռ մանուկ հասակում է հիվանդության պատճառով զրկվել 2 ոտքից: Սակայն նա կարողացել է անհավանական հաջողությունների հասնել սպորտում: Պարալիմպիկ խաղերում 6 ոսկե մեդալ է նվաճել, 2011-ին առաջին մարզիկն է եղել, ում թույլատրվել է մասնակցել Աշխարհի առաջնությանը:  Նա անգամ արծաթե մեդալակիր է դարձել ՀԱՀ-ի հավաքականի կազմում 4×400 մ փոխանցումավազքում: Ապա 2012-ին Պիստորիուսը հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, ամբողջ աշխարհն էր ծափահարում բացման արարողության ժամանակ իր երկրի դրոշը տանող մարզիկին:

Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ 2013-ի փետրվարի 14-ից հետո, երբ Պիստորիուսը սպանեց ընկերուհուն ՝Ռեվա Ստենկամպին: Մարզիկն արդարացավ, որ ընկերուհուն գողի տեղ է դրել ու պատահաբար կրակել:

Լուսանկարը` cbsnews.com


2014 թվականին դատարանը Պիստորիուսին մեղավոր ճանաչեց ոչ միտումնավոր սպանություն գործելու մեջ ու 5 տարվա ազատազրկման ենթարկեց: Որոշումը կայացնելիս դատարանը հաշվի էր առել նրա ֆիզիկական վիճակն ու երկրի համար կատարած ծառայությունները: 2015-ին նա ազատ արձակվեց ու պատիժը կրում էր տանը: Սակայն մեկ տարի անց ՀԱՀ-ի Բարձրագույն վերաքննիչ դատարանն ապացույցներ ներկայացրեց, որ սպանությունը միտումնավոր է կատարվել, ու մարզիկը նորից վերադարձավ բանտ:

Ադամ Ջոնսոն

28-ամյա Ադամ Ջոնսոնն Անգլիայի հավաքականի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն էր համարվում: Արդեն 17 տարեկանում նա նորամուտն էր նշել ՈւԵՖԱ-ի գավաթում: Ֆուտբոլիստի կարիերան բուռն վերելք էր ապրում, 2010-ին պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու նորամուտը նշեց հավաքականում:

Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր դարձավ, բայց Ջոնսոնին առավել հաճախակի սկսեցին տեսնել գիշերային ակումբներում ու ամենատարբեր երեկույթների ժամանակ:

 

Լուսանկարը` mirror.co.uk

 

2012-ին նա կարծես թե վերգտավ իրեն, փոխեց ակումբն ու նորից սկսեց լավ խաղ ցուցադրել: Բայց երկար չանցած ֆուտբոլիստին մեղադրեցին մանկապղծության մեջ: Նա սեռական հարաբերություններ էր ունեցել «Սանդերլենդի» 15-ամյա երկրպագուհու հետ:

Սկզբում Ջոնսոնն ամեն ինչ հերքում էր, սակայն 2016-ին մասնակի ընդունեց մեղքը, ակումբը խզեց նրա հետ պայմանագիրը: Ֆուտբոլիստը 6 տարվա ազատազրկման ենթարկվեց: The Sun-ը պնդում է, որ բանտում նա մի քանի անգամ հարձակման է ենթարկվել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին