Ապրիլ 20, 2024
exclusive
9168 դիտում

Մենք չիմացանք, թե ինչու։ Դուք չիմացաք, թե ինչպես․․․


Լուսանկարը` Football Federation of Armenia

Լուսանկարը` Football Federation of Armenia

Լուսանկարը` Football Federation of Armenia

Լուսանկարը` Football Federation of Armenia

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Football Federation of Armenia

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Ազգերի լիգայի մեկնարկից ամիսներ առաջ Հայաստանի ազգային հավաքակականն երկու ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի ու Էստոնիայի ընտրանիների հետ: Mediamax Sport-ը վերլուծել է մեր թիմի անցկացրած հանդիպումները:

Դարպասապահների խաղի մասին

Ռոման Բերեզովսկու` կարիերան ավարտելուց հետո Հայաստանի  ազգային հավաքականում մշտապես զգացվել է բարձրակարգ դարպասապահի կարիք: Եղել են բազմաթիվ խաղեր, երբ ընտրանին 90 րոպե կռիվ է տվել միավորի համար, սակայն վերջում դարպասապահի անհաշվենկատ խաղի պատճառով պարտություն է կրել: Զարմանալի է, բայց փաստ. Էստոնիայի ու Լիտվայի հավաքականների դեմ խաղերում մեր թիմի ամենավառ օղակը հենց դարպասապահն էր: Թե Արամ Հայրապետյանը, թե Գոռ Մանուկյանը գրեթե կատարյալ արեցին առաջադրանքը: Արամ Հայրապետյանն իր խաղային որակներով վաղուց կարող էր հանդես գալ հավաքականում: «Արարատի» ոչ տպավորիչ ելույթների պատճառով Հայրապետյանի խաղը մնում էր ստվերում: «Բանանց» տեղափոխությունից հետո Արամը քիչ ժամանակ էր ստանում մեկնարկային կազմում, սակայն վերջին շրջանում մշտապես համար մեկն է: Նա շատ ակտիվ է պաշտպանների հետ համագործակցությունում ու վստահ է խաղում վերեւից եկած գնդակների համար պայքարում:

Լուսանկարը` Football Federation of Armenia


Գոռ Մանուկյանը վաղուց էր հրավիրվում հավաքական, բայց հիմնական կազմում չէր հայտնվում: Լիտվայի հետ խաղում նրա վստահ տեսքը հույս է ներշնչում, որ հետագայում գոնե դարպասպաահի դիրքում կորող ենք խնդիրներ չունենալ: Մեկ-երկու խաղով եզրահանգումներ անելն այդքան էլ ճիշտ չէ, բայց երկու դարպասպաահի մուտքն էլ հավաքականի մեկնարակային կազմ տպավորիչ էր: Դարպասպաահներին պետք է աշխատել փոխանցումների վրա: Հատակես Գոռ Մանուկյանին, քանզի Լիտվայի հետ խաղում եղավ մի քանի դրվագ, երբ նա  պարզագույն իրավիճակներում գնդակը թիմակցին հասցեագրելու փոխարեն ուղարկեց դաշտի սահմաններից դուրս: Սա գործոն է, որը մեծ ազդեցություն ունի այժմյան  ֆուտբոլում, ու մարզիչների մեծամանսնությունն ուշադրություն է դարձնում դարպասապահի ոտքով խաղի վրա: Ամեն դեպքում, առջեւում շատ ժամանակ կա, ու այս թերությունը վստահաբար հնարավոր է շտկել:

Պաշտպանական գիծ

Լիտվայի ու Էստոնիայի հետ խաղերում պաշտպանական գծի ելույթները նույնիսկ բավարար համարել չենք կարող: Էստոնիան իներտ ու պաշտպանողական խաղով դժվարություններ չառաջացրեց մեր պաշտպանների համար: Հայկ Իշխանյանն ու Վարազդատ Հարոյանը միմյանց փոխօգնության գալով՝ փակում էին բոլոր դիրքերը: Առաջին խաղից հետո զգացողություն առաջացավ, որ այս պաշպանողական զույգը կարող է գրագետ համագործակցել նաեւ ապագայում: Լիտվայի հետ խաղում Իշխանյան-Հարոյան զույգը կրկին մեկնարկում էր: Որքան էլ զարմանալի է, Հայկ Իշխանյանն ավելի վստահ տեսք ուներ, քան Վարզադատ Հարոյանը: Եղավ մի քանի դրվագ տուգանային հրապարակում, երբ Հարոյանը պարտվեց դիրքային խաղում:

Լուսանկարը` Football Federation of Armenia


Կամո Հովհաննիսյանը Էստոնիայի հետ դիմակայությունում պաշտպանության աջ եզրում բավական վստահ էր խաղում, իսկ Լիտվայի հետ խաղում մնացել էր պահեստայիների նստարանին: Նրան փոխարինած Ռոբերտ Դարբինյանը ամբողջովին ձախողեց խաղը: Եթե խաղն ուշադիր եք դիտել, նկատած կլինեք, որ լիտվացիների բոլոր վտանգավոր գրոհներն անցել են հենց Դարբինյանի եզրից: Ֆուտբոլիստի խաղում զգացվում էր ցանկությունը, բայց պակասում էր բավարար խաղային փորձն ու կարողությունը:

Երկրորդ խաղում Արթուր Պետրոսյանը ձախ պաշտպանի դիրքում Գագիկ Դաղբաշյանի փոխարեն փորձարկեց Գաել Անդոնյանին: Արդեն դժվար է հիշել այն խաղերի քանակը, որը մեր ընտրանին տանուլ է տվել Անդոնյանի անհասկանալի խաղի պատճառով: Դաղբաշյանն Էստոնիայի հետ իր խավագույն որակները չցուցաբերեց, բայց Լիտվայի հետ վստահաբար ավելի մեծ օգուտ կարող էր տալ, քան Գաել Անդոնյանը: Արդեն հիմա պարզ է, որ  ձախ խաղ պաշտպանի դիրքում Անդոնյանին դիտարկելը հեռանկարային չէ:  Ընդունած գոլի ժամանակ Անդոնյանը պետք է փակեր  իր եզրի ազատ մնացած ֆուտբոլիստին, բայց հայտնվել էր կենտրոնական պաշտպանի դիրքում: Ամեն ինչ սկսվեց Դարբինյանի կողմից գնդակի անվստահ հեռացումից: Պաշտպանությունում միակ դրական կողմը Հայկ Իշխանյանի անձնուրաց ու համառ խաղն էր, որի շնորհիվ նա հետագայում էլ պետք է լինի հավաքականում: Եվ Հարոյանը եւ Իշխանյանը  պարտավոր են ավելացնել 2-րդ հարկում:

Խաղը կիսապաշտպանությունում

Երկարատեւ վնասվածքից հետո հավաքական վերադարձած Գեւորգ Ղազարյանն երկու խաղերում էլ հայտնվեց թիմի մեկնարակային կազմում, բայց երկու դեպքում էլ ցանկալի կլիներ, որ ավելի քիչ ժամանակ ստանար, ու փորձարկվեին այլ ֆուտբոլիստներ: Գեւորգը լավ որակներ ունի, բայց այս պահին հեռու է իր լավագույն մարզավիճակից: Կիսապաշտպանությունում բացահայտում դարձավ Կամո Հովհաննիսյանի խաղը: Արագություն, դրիբլինգ ու պայքարելու մեծ ցանկություն: Կային դրվագներ, երբ տպավորություն էր ստեղծվում, որ միայն Կամոն է կռվում հաղթանակի համար:

Լուսանկարը` Photolure


Հենակետայինի դիրքում Ռումյան Հովսեփյանն ու Արտյոմ Սիմոնյանն ավելի լավ տեսք ունեին, քան Արտակ Գրիգորյանը: Արտակին պակասում է փոխանցումների որակը:

Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հավաքականում չցուցադրեց այն խաղը, որն ակնկալում էին երկրպագուները: Պատճառներից մեկը թիմի անվստահ խաղն է, որն ազդում է Մխիթարյանի վրա: Մրցակցի պաշտպանները մշտապես մեծ հսկողություն են սահմանում նրա նկատմամբ ու կանոնների խախտումներով ստիպում դուրս գալ հավասարակշռությունից: Արդյունքում պարզագույն իրավիճակներում Հենոն երբեմն չափազանց լարված է խաղում ու անում պրիմիտիվ սխալներ: Կան կարծիքներ, որ Հենոն պարտավոր է միայնակ թիմը տանել իր ետեւից, բայց արդեն վաղուց պարզ է, որ Մխիթարյանը, լինելով համաշխարհային կարգի ֆուտբոլիստ,  մշտապես ունի թիմակցիների աջակցության կարիքը: Ընկերական խաղերում մենք տեսանք կիսապաշտպանական գիծ, որը չգիտեր՝ ինչպես գնդակ մատակարերել հարձակվողներին, չէր կարողանում կենտրոնական հատվածում վերահսկել մրցակցին: Մի քանի դրվագում կենտրոնում  չափից շատ կուտակումների պատճառով ազատ դիրքեր  գոյացան եզրերում, որի շնորհիվ  լիտվացիներն արագ հակագրոհներ կազմակերպեցին: Իսկ Էրիկ Վարդանյանի խաղը վերլուծել դեռ վաղ է:

Խաղ հարձակման գծում

Ազգերի լիգայի մեկնարկին դեռ ժամանակ կա: Արդեն հիմա պարզ է, որ մենք հարվածային հարձակվողի կարիք ունենք: Սարգիս Ադամյանը, Գեղամ Կադիմյանն ու Նորբերտո Բրիասկոն չեն փայլում ֆիզիկական տվյալներով ու բարձրահասակ պաշպանների հետ խաղում դուրս են մնում պայքարից: Ադամյանի պարագայում շատ են տեղաշարժերը, ֆուտբոլիստը բավական լավ տեխնիկա ունի, բայց գրոհների եզրափակիչ փուլում նրան պակասում է վճռականությունը: Նրան 9 համարի դիրքում տեսնել ու պատկերացնել շատ բարդ է: Նույնը կարելի է ասել Կադիմյանի մասին, ով ավելի շատ խաղում է եզրերում: Զգացվում էր Ռուսլան Կորյանի բացակայությունը: Նա եւ տուգանայինների, եւ 2-րդ հարկի խաղարկումների ժամանակ ավելի օգտակար է լինում: Նորբերտո Բալեկյանը նոմինալ առաջ քաշված հարձակվող է, բայց հավաքականի խաղի ֆոնին ոչնչով չառանձնացավ խաղընկերներից ու նորամուտում չարդարացրեց սպասելինքները: Գուցե հետագայում Բալեկյանի լավագույն կողմերը կարողանանք բացահայտել: Երկու ոչ լիարժեք խաղով ֆուտբոլիստի մասին ավելին ասել չենք կարող:

Լուսանկարը` Photolure


Մարզչական որոշումներ

Այն, որ Արթուր Պետրոսյանը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդներից մեկն ու ծանրակշիռ ավանդ ունի, քննարկման ենթակա չէ: Այլ հարց է, թե ինչպիսի մարզչկական աշխատանք է նա կատարում ազգային հավաքականում, ու ինչ արդյունքների կարող ենք հասնել նրա գլխավորությամբ: Այս պահի դրությամբ ընտրանու  խաղում ակնհայտ երեւում է ձեռագրի բացակայությունը: Որքան էլ խորանանք տարբեր մարտավարական լուծումների ու արդարացումների մեջ, գալու ենք մի եզրահանգման, որ մեր հավաքականի տղաները վերջին երկու ընկերական խաղերում չգիտեին, ինչպես վարվել գնդակի հետ: Պաշտպանական գծում անհասկանալի էր Հովհաննես Համբարձումյանի բացակայությունը: Որքան էլ ֆուտբոլիստը հիմա ակումբում զուրկ է խաղային պրակտիկայից, հավաքականում՝ այն էլ պարտվելիս, նրա կարիքը կա: Լիտվայի հետ խաղի առաջին խաղակեսի ավարտից հետո կարելի էր Ռոբերտ Դարբինյանին փոխարինել Հովհաննես Համբարձումյանով, ով Կամո Հովհաննիսյանի հետ միասին կուժեղացներ եզրը: Առաջին կեսից հետո պետք է փոխարինվեր նաեւ Գաել Անդոնյանը, բայց նա էլ մնաց, ու այդպես էլ Գագիկ Դաղբաշյանի արագացումներին ու գրոհների փորձերին ականատես չեղանք:

Լուսանկարը` Football Federation of Armenia


Կիսապաշպանության գծում ակնհայտ երեւում էր համգործակցության բացակայությունը: Անընդհատ փոխանցումներ, որից հետո գնդակն այդպես էլ չէր հասնում հարձակման գծի խաղացողներին: Զարմանալի էր նաեւ Տիգրան Բարսեղյանի ստացած քիչ խաղաժամանակը: Նրա ու Օզբիլիսի խաղադաշտ մտնելով միայն մեր հավաքականի խաղում որոշակի ակտիվություն առաջացավ, ու գրոհները սկսեցին վտանգ պարունակել:

Ընկերական խաղերն եկան փաստելու, որ մենք մեծ անելիք ունենք 2-րդ հարկում խաղը բարելավելու վրա: Մրցակիցները մեզ գերազանցեցին բոլոր դրվագներում: Սովորաբար, երբ թիմի մոտ չի ստացվում կոմբինացիոն ֆուտբոլը, օգնության են գալիս ստանդարտ դիրքերը: Մեր հավաքականը ստանդարտեր վաստակեց, բայց բոլոր դրվագներում հետեւեցին բարձր ու անհասկանալի հարվածներ: Տնային աշխատանք, որպես այդպիսին, մանրադիտակով անգամ դժվար է գտնել:

Ազգերի լիգայի մեկնարկին կա շատ ժամանակ, բայց շտկման ենթակա գործոններն ավելի շատ են: Եթե ցանկանում ենք հաջորդ Եվրոպայի առաջնությանը մասնակցել, պարտավոր ենք փոխել մոտեցումը եւ առահասարակ փոխել ամեն ինչ:

Կարծիք ստադիոնում նստած երկրպագուից

Հավաքականում ամեն տեսակի փոփոխություն ու փորձարկում հնարավոր է: Միայն երկրապագուն է, որ չի դադարում հավատալ ու միշտ սպասում է իր սիրելի թիմի հաղթանակին: Երկրպագուներն անդավաճան են: Հանրապետական ստոդիոնում երկու խաղերի ժամանակ տարատեսակ մեկնաբանություններ եղան:

Լուսանկարը` Photolure


Կարելի է հասկանալ այն ֆուտբոլասերին, ով ցավալի պարտությունից հետո գոռում է, որ մեր նյարդային համակարգը փորձարկումների դաշտ չէ... Մնում է հավատալ Արթուր Պետրոսյանի այն խոսքին, որ փորձարկումներն ավարտվեցին, ու գալիք խաղից սկսած մեր ընտրանու հաջողություները կգան:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին