exclusive
8650 դիտում

Վենգերի «Հենո» հույսն ու Չեմպիոնների լիգայի լավագույնները



Եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարերը թեւակոխեցին քառորդ եզրափակիչ: Mediamax Sport-ը վերլուծությամբ ամփոփում է բոլոր առանցքային խաղերը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սևիլիա»

 «Աբսուրդի» բեմադրում «երազանքի թատրոնում»: Սա Ժոզե Մոուրինյոյի  ընտրած մարտավարությունն էր իսպանական ոչ ամենաուժեղ թիմի հետ խաղում: Երկու կարծիք լինել չի կարող, որ «Յունայթեդն» արժանիորեն դուրս մնաց պայքարից: Մոուրինյոյի ընտրած հաղթանակի ճանապարհը ոչ այլ ինչ էր, քան խայտառակություն: Վաղուց ժամանակն է հասկանալ, որ «Յունայթեդն» այն թիմը չէ, որը «Սեւիլիայի» կարգի ակումբների հետ խաղերում կարիք ունի ավտոբուսների կամ պաշտպանողական պատերի: Այս թիմն իր պատմությունով, ֆուտբոլում ունեցած ավանդույթներով ավելիին է արժանի, քան պատկերացնում է Ժոզեն: «Սեւիլիայի» վերջին հաջողություններից հետո անընդհատ խոսվում է այն մասին, որ իսպանացիներն ավելի խորձառու են դարձել եվրագավաթներում: Այո՛, դա այդպես է, բայց  չմոռանանք, որ անդալուզյան թիմը հաջողություն ունի միայն Եվրոպա լիգայում, փոխարենը «Յունայթեդի» գենետիկայում եղել է ու կա համաշխարհային ֆուտբոլի առաջատարներից մեկը լինելու անջնջելի գենը:


«Սեւիլիայի» հաղթանակն այս հանգամանքով պայմանավորել չի կարելի: Ցավալի է, բայց փաստ. այս պահին «Յունայթեդում» խաղային որակներով միայն մեկ համաշխարհային մասշտաբի ֆուտբոլիստ կա՝ Դավիդ Դե Խեան: Առաջին խաղում իսպանացու գերֆուտբոլային ջանքերն էլ ոչինչ չփոխեցին: Մոուրինիոն պարտվեց մաքուր մարզչական որոշումներով: Նույնիսկ Մոնտելան կարողացավ ավելի ճարպիկ գտնվել, քան «յուրահատուկը»: Վիսամ Բեն Յեդերի ճիշտ ժամանակին մուտքը խաղադաշտ ու ձևակերպած դուբլը խոսքերիս ապացույցն է: «Յունայթեդը» կաղաց բոլոր օղակներում: Հարձակվողներից դաշտում էր միայն Լուկակուն: Սանչես ֆուտբոլիստի առկայության մասին մոռացել ենք: Մանչեսթերում ժամանակն է գիտակցել, որ «Յունայթեդը» Լինգարդների, Ֆելայինիների ու նման խաղամակարդակով օժտված խաղացողների պատկերացումներից դուրս ակումբ է...

«Ռոմա»-«Շախտյոր»

  «Ռոման» Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում վերջին անգամ խաղացել է 10 տարի առաջ: «Շախտյորի» հետ երկխաղյա դիմակայության ելքն  Ալիսոն Բեքերը  վճռեց հենց Ուկրաինայում: Դարպասապահի աներեւակայելի սեյվերով ոգեշնչված «Ռոման» մրցակցի հարկի տակ դարձավ գոլի հեղինակ ու Լվովից հեռացավ մեկ գնդակի դեֆիցիտով: Պատասխան խաղից առաջ պարզ էր, որ ուղեգրի ճակատագիրը որոշելու է մանրուքը: Գայլերի կազմում աշխատեց Ջեկո անունով «ջեքփոթը»: «Շախտյորին» խանգարեց երիտասարդների փորձի պակասն ու բնավորությունը: Ֆոնսեկայի ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին, արդյունքում դոնեցկյան թիմը ստիպված էր պայքարել 10 ֆուտբոլիստով: «Ռոման» ֆավորիտ էր ու սեփական հարկի տակ միակ ու հաղթական գոլով սառնասրտորեն անցավ քառորդ եզրափակիչ: Սա այն եզակի դիմակայություններից մեկն է, որտեղ վստահաբար կարելի է ասել, որ դարպասապահը վճռեց դիմակայության ելքը: Ջեկոն մեկ գոլով ու գոլային փոխանցումով, անշուշտ, փայլեց, բայց մնաց Ալիսոնի ստվերում:


ՊՍԺ-«Ռեալ»

 Փարիզցիներն առանց Նեյմարի, ինչպես սպասվում էր պատասխան խաղում, եւս հրաշք չգործեցին: ՊՍԺ-ն «Ռեալի» կարգի ակումբների հետ խաղերում հաջողության ակնկալիք չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ թիմին չի մարզում չեմպիոնական ամբիցիաներ ունեցող մասնագետ: Ունայ Էմերիին առաջնորդ անվանել չի կարելի: Դա ակնհայտ երևում է՝ նույնիսկ պահեստայինների նստարանին մեկ ակնթարթ աչք գցելով: Փարիզցիներն իրենց համեստ խաղով արտահայտեցին Էմերիի մտքերը՝ կապված դիմակայության ելքի հետ: «Ռեալն» ուժեղ էր բոլոր առումներով: Զիդանի թիմն ավելի հասուն ֆուտբոլ խաղաց ու ցույց տվեց, որ անգամ Իսպանիայի առաջնությունում անհաջող ելույթները չեն կարող ազդել Չեմպիոնների լիգայում արդյունքների վրա: ՊՍԺ-ն թերագնահատել էր մադրիդցիներին, որի համար ապտակն ավելի քան ցավոտ ստացվեց:


«Ռեալն» անթերի չէր, ու համարձակության դեպքում հնարավոր էր ճեղքեր գտնել Զիդանի պաշտպանությունում: Առանձին ֆուտբոլիստների անուններով եթե վերցնենք, ֆրանսիական ակումբը գրեթե չի զիջում արքայականին, բայց ցուցադրած խաղի որակով Զիդանի թիմը մի քանի գլուխ բարձր էր: ՊՍԺ-ի վախկոտ ֆուտբոլը հերթական անգամ փարիզցիներին զրկեց չեմպիոնական հույսերից ու ստիպեց մտածել գալիք տարվա մասին: 100 տոկոսով կարելի է ասել, որ փարիզցիները հաջորդ խաղարկությանը մոտենալու են այլ գլխավոր մարզչի առաջնորդությամբ:

«Տոտենհեմ»-«Յուվենտուս»

 Լոնդոնցիները 3 խաղակես փայլուն ֆուտբոլ հրամցնելուց հետո ստիպված եղան թողնել Չեմպիոնների լիգան: Մաուրինիո Պոչետինոյի ուժերի սահմաններից դուրս էր գտնել  «Յուվենտուսի» առաջարկած, տարիներ շարունակ չփոխվող գլուխկոտրուկի լուծումը: Առաջին հայացքից խթանները մտածելու առիթ չունեին, քանի որ պատասխան խաղում ևս գերազանց մեկնարկ էին ունեցել: «Յուվեն» հաղթողի բնավորություն ցույց տվեց ու կարողացավ մոլորեցնել լոնդոնցիներին: Հենց «Տոտենհեմը» սկսեց հավատալ հաջողությանը, Ալեգրին արագորեն վերադասավորեց պաշտպանության եզրերն ու սկսեց 15 րոպե տևած ճնշումը: «Ծեր սենիորան» փորձի հաշվին 2 անգամ հասավ հաջողության ու փակվեց սեփական տուգանային հրապարակի մատույցներում:


Ալեգրիի մարզչական տաղանդն անգին չէր լինի, եթե առաջին խաղում թույլ տված սխալները կրկնվեին: «Յուվեն» ապացուցեց, որ տնային մրցավեճում պաշտպանության ձախողումն ուշադրության կորուստն է եղել: Պարտության համար «Տոտենհեմին» մեղադրել չենք կարող: Լոնդոնցիներն ի սկզբանե ֆավորիտ չէին, բայց կարողացան այնպիսի լուսավոր ֆուտբոլ խաղալ, որից հետո «Յուվենտուսին» որոշ ժամանակ հնարավոր եղավ պատկերացնել պայքարից դուրս: Պոչետինոն ուներ Հարի Քեյն, իսկ Դիբալա-Իգուաին զույգի մասին դեռ պետք է երազեր: Ալեգրին հերթական անգամ ցույց տվեց, որ պրագմատիկ ֆուտբոլի ժամանակակից մեխանիզմը փայլուն է կիրառվում ոչ թե Մոուրինիոյի, այլ իր կողմից: Նա գիտեր, որ չափից դուրս բաց ֆուտբոլով «Տոտենհեմի» տղաներին կանգնեցնել չէր կարող ու պետք էր տեղային անզգայացման հաշվին անցնել հաջորդ փուլ:

«Բարսելոնա»-«Չելսի»

 Աշխարհում կա մեկ Մեսսի ու նա խաղում է «Բարսելոնայում»: Ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների  գուցե լավագույն խաղացողին «Չելսին» կանգնեցնել չկարողացավ: Անտոնիո Կոնտեին մեղադրել պարտության համար առնվազն անհեթեթություն է: Մարզիչն ամեն ինչ ներդրել էր, որ ֆուտբոլիստները կարողանային արժանի դիմադրություն ցույց տալ: «Չելսին», ի տարբեություն «Բարսայի» մյուս մրցակցիների, չվախեցավ համարձակ ֆուտբոլ խաղալ ու անընդհատ ճնշման տակ պահեց կատալոնացիների պաշտպանությունը: Վալվերդեն առաջին խաղի կատարյալ ձախողումը փակեց Մեսսիի գոլով: Հենց դա էլ եղավ դիմակայության առանցքային դրվագը: Մեսսին  հետո էլ գոլեր խփեց բոլոր դիրքերից, իսկ «Չելսին» հարվածեց դարպասաձողերին: Տիբո Կուրտուան, ով միշտ սառնասրտության մարմնացում է եղել ֆուտբոլում, Մեսսիի առաջ անզոր էր: Ոտքերը դողում էին...


Ինչպես վերջերս Վալվերդեն ու Դիեգո Սիմեոնեն են ասում, թիմում Մեսսիի պես ֆուտբոլիստ ունենալը ճոխություն է: Այն թիմը, որտեղ կխաղա Մեսսին, կարող է հաղթել ցանկացած մրցակցի: «Չեսլին» կփորձի հաջորդ տարի ավելի մարտունակ կազմով մոտենալ Չեմպիոնների լիգային ու չհանդիպել կապտանռնագույներին:

«Արսենալ»-«Միլան»

 Մինչ «Միլանի» հետ հանդիպումն «Արսենալի» երկրպագուները պահանջում էին Վենգերի հրաժարականը: «Արսենալի» խաղային ճգնաժամը համընկավ Հենրիխ Մխիթարյանի ադապտացման փուլի հետ: Հենրիխն արագորեն հարմարվեց նոր միջավայրին ու կարողացավ ճիշտ պահին դառնալ ակումբի շարժիչ ուժը: «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակում երկու կարեւոր կետ կարելի է առանձնացնել: Առաջինը՝  Հենոյի գերազանց մարզիվիճակը, երկրորդը՝ մրցավարական կոպիտ սխալը, որը ծանրակշիռ ազդեցություն ունեցավ դիմակայության ելքի վրա: Այո՛, առաջին խաղում «Արսենալն» ամրության լավ պաշար էր ստեղծել՝ դառնալով 2 անպատասխան գոլի հեղինակ, բայց տնային խաղի մեկնարկը չէր տպավորում: «Միլանը» որսացել էր խաղի թելը ու հաղթում էր Չալհանողլուի գոլի շնորհիվ: Եթե չլիներ Դեննի Ուելբեքի դերասանական 11-մետրանոցը, «Միլանի» ոգեւորության ալիքը կշարունակվեր, ու այդ դեպքում բարդ է ասել՝ ինչպիսի ելք կունենար խաղը:


«Արսենալը» հետագայում օգտվեց Գատուզոյի թիմի ընկճվածությունից ու հսկայական առավելությամբ հաղթեց մրցակցին: Հենրիխը հերթական փայլուն խաղն անցկացրեց, ու այն պահին, երբ ամեն ինչ վճռված էր, գնաց արժանի հանգստի: Նրա ուժերն «Արսենալին» պետք կգան քառորդ եզրափակչում: Վենգերը Մխիթարյանի՝ ժամանակին վերգտած խաղի շնորհիվ պահպանում է «Արսենալում» կարիերան շարունակելու հույսերը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին