Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարը շախմատասերների ուշադրության կենտրոնում է: Հայերը նույնպես անտարբեր չեն այս իրադարձությանը, քանի որ լավագույնների թվում ելույթ է ունենում նաեւ Լեւոն Արոնյանը:
3 տուրից հետո հայ գրոսմայստերը երկու անգամ ոչ-ոքի է խաղացել, իսկ երեկ պարտություն կրել: Նա 1 միավորով նախավերջին տեղում է:
Mediamax Sport-ը որոշել է ավելի մանրամասն ներկայացնել նրա ելույթները: Մեր ընթերցողների համար Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ պարտիան վերլուծել է Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:
Ցավոք, պետք է փաստեմ, որ մրցաշարում Լեւոնը լավ չի մեկնարկել: Բայց հույս ունեմ, որ Կրամնիկից կրած պարտությունից հետո կկարողանա վերականգնվել եւ ցուցադրել իր լավագույն խաղը: Դրան կարող է նպաստել նաեւ այն, որ 3-րդ տուրից հետո հայտարարված է հանգստյան օր:
Ինչ վերաբերվում է պարտիային, ասեմ, որ հենց առաջին քայլից Լեւոնը զարմացրեց բոլորիս՝ ընտրելով 1.e4-ը: Վերջին տարիներին իր պրակտիկայում նա հիմնականում կիրառում է 1.d4 կամ 1.c4:
Կրամնիկն ընտրեց ավելի պինդ համարվող Բեռլինյան պաշտպանությունը՝ 5. փոխարինելով Bc6:
Արոնյանը ցույց տվեց, որ տրամադրվել է ցուցադրել երկար դիրքային խաղ: Պարտիայի կուլմինացիոն պահը տեղի ունեցավ հենց սկզբնամասում 7...Rg8 եւ, ինչպես խաղից հետո խոստովանեց Կրամնիկը, նա տարիներ առաջ էր գտել այս նորույթը եւ սպասում էր, այսպես ասած, այդ քայլի աստղային ժամին:
Պետք է նշեմ, որ առաջին հայացքից դժվար է հակադարձել պատրաստվող g5 գրոհին: Կարծում եմ, Լեւոնը պետք է հաշվի առներ այս քայլին պատրաստ չլինելու փաստը եւ փորձեր ավելի զգույշ շարունակություններ ընտրել:
Գրոհից խուսափելու համար, այնուամենայնիվ, նա փորձեց բաց մարտի մտնել, որը, ցավոք, լավ արդյունքի չբերեց: Միանշանակ պետք էր նահանջել Qd3՝ փորձելով այնուհետեւ զարգացնել ֆիգուրներ եւ պաշտպանել փոքր-ինչ վատ դիրքը:
Սեւերի f5 քայլից հետո դժվար է լավ խորհուրդ տալ, քանի որ սպիտակների դիրքն արդեն պարտված է, իսկ սեւերին մնում է ընդամենը չսխալվել տակտիկական շարունակությունների հաշվարկներում: Արժանին մատուցելով Կրամնիկին ասեմ, որ նա անթերի գործեց:
Ի սրտե ցանկանանք Լեւոնին լավ հանգստյան օր եւ հաջողություն 4-րդ տուրում Սերգեյ Կարյակինի հետ պայքարում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: