Ապրիլ 25, 2024
exclusive
10316 դիտում

Սպորտով զբաղվելու կանանց պայքարն ու մերօրյա խնդիրները


Լուսանկարը` mpic.org

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` bitchmedia.org

Լուսանկարը` bustle.com

Լուսանկարը` lebuzz.eurosport.co.uk

Լուսանկարը` darkroom.baltimoresun.com

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` wikimedia.org

Լուսանկարը` wikimedia.org

Լուսանկարը` saseye.com

Լուսանկարը` timesofisrael.com

Լուսանկարը` ftw.usatoday.com

Լուսանկարը` nairobiwire.com

Լուսանկարը` bitchmedia.org

Լուսանկարը` eurosport.ru


Սպորտը դժվար է պատկերացնել առանց կանանց, նրանք իրենց գրավչությամբ, գեղեցկությամբ ու համառությամբ առանձնակի հմայք են հաղորդում մարզաշխարհին:

Սպորտի շնորհիվ կանայք ավելի են բարձրացնում իրենց ինքնագնահատականը, առաջնորդի որակներ են ստանում ու սովորում չհանձնվել: Նրանք մարտահրավեր են նետում իրենց ու աշխարհին, որ կարող են նաեւ սպորտային նվաճումներով փայլել:

Mediamax Sport-ի այսօրվա հրապարակումը սպորտով զբաղվելու կանանց երկրատեւ պայքարի ու դժվարությունների մասին է:

Առաջին սպորտային քայլերը

Կանայք սպորտով սկսել են զբաղվել դեռ անտիկ ժամանակներից: Հին սպարտացիները կարեւորում էին կանանց ֆիզիկական պատրաստվածությունը, որպեսզի նրանք կարողանային առողջ սերունդ պարգեւել: Կանայք հիմնականում վազքով ու ըմբշամարտով էին զբաղվում:

Օլիմպիական խաղերում կանանց եւ մասնակցությունը, եւ հետեւելն արգելվում էր: Սակայն նրանք էլ իրենց խաղերն ունեին, որոնք Զեւսի կնոջ՝ Հերայի պատվին էին անցկացվում մ. թ. ա. 8-րդ դարում ու 4 տարին մեկ էին լինում:

Լուսանկարը` wikipedia.org


Հետագայում կանայք երկար տարիներ ինչպես տարբեր բնագավառներում, այնպես էլ սպորտում հավասարության հասնելու համար անզիջում պայքար ծավալեցին տղամարդկանց հետ: Օրինակ, որպեսզի կանանց ֆուտբոլը ճանաչում ձեռք բերի, 100 տարի պահանջվեց: 1865-ին Անգլիայում հիմնադրված «British lady football club»-ը դեռ այն տարիներին փորձում էր խաղեր կազմակերպել, որոնց, ի դեպ, մեծ քանակությամբ երկրպագուներ էին հետեւում:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավելի մեծ թվով կանայք հետաքրքրվեցին այս մարզաձեւով: Գործարաններում ծանր աշխատանքի արդյունքում նրանք շատ էին հոգնում ու լիցքաթափվել օգնում էր հենց ֆուտբոլը: Սակայն 1921-ին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արգելեց կանանց ակումբների գործունեությունը:

70-ականներին էլ իտալական Լիգան կազմակերպեց կանանց ֆուտբոլի 2 ոչ պաշտոնական ԱԱ: Իսկ Աշխարհի առաջին ԱԱ-ն անցկացվեց միայն 1991-ին, 1996-ից էլ մարզաձեւը դարձավ Օլիմպիական:

Լուսանկարը` wikipedia.org


Կանայք ու Օլիմպիական շարժումը

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեր դե Կուբերտենը կտրականապես դեմ էր կանանց մասնակցությանը խաղերին:

«Օլիմպիական խաղերը,- գրում էր նա,- առավելապես տղամարդկանց ուժի, սպորտային ներդաշնակության դրսեւորման համար են, որոնք պետք է ընկալել որպես արվեստ, կանայք պարզապես ծափահարողների դերում պետք է լինեն»:

1896-ի առաջին խաղերին կանայք, բնականաբար, մասնակցելու ոչ մի հնարավորություն չունեին:

Սակայն Կուբերտենի հետ համամիտ չէին ՄՕԿ-ի մի շարք անդամներ, նրանք կանանց շահերն էին պաշտպանում: Արդյունքում որոշվեց, որ որոշ մարզաձեւերում նրանք կկարողանան մրցել՝ հաշվի առնելով հասարակական կարծիքն ու կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:

1900 թ. Փարիզում կայացած խաղերում կանայք մասնակցեցին միայն թենիսի ու գոլֆի մրցումներին: Առաջին Օլիմպիական չեմպիոն դարձավ բրիտանուհի Շ. Կուպերը: Սակայն ինչպես եւ այդ, այնպես էլ 1908-ի խաղերում կանանց մասնակցությունը սիմվոլիկ բնույթ էր կրում: Նրանք մասնակիցների քանակի ընդամենը 0,8% էին կազմում:

Լուսանկարը` bitchmedia.org


1924-ին ՄՕԿ-ը որոշեց օգնել կանանց սպորտի զարգացմանն ու թույլատրեց ավելի շատ ձեւերում հանդես գալ: Դրա արդյունքում միջազգային ֆեդերացիաներն էլ սկսեցին կանանց ավելի շատ տեղ հատկացնել:

Չնայած այդ ջանքերին, 1936-ին ընդամենը 4 մարզաձեւ էին կանացի համարվում՝ լողը, սուսերամարտը, թեթեւ աթլետիկան ու մարմնամարզությունը: Նույն պատկերն էր նաեւ ձմեռային մարզաձեւերում: Կանայք շատ փոքր թիվ էին կազմում:

Դա էր պատճառը, որ 1935-ին Օսլոյում կայացած ՄՕԿ-ի մեկ այլ նստաշրջանում Կանանց սպորտի Միջազգային ֆեդերացիան առաջարկեց միայն նրանց համար նախատեսված Օլիմպիական խաղեր անցկացնել, բայց ՄՕԿ-ը մերժեց առաջարկը:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո կանայք ամրապնդեցին իրենց դիրքերը: 1952-ի խաղերում նրանք արդեն 24 ձեւերում մասնակցեցին:

2012-ին Լոնդոնի խաղերում առաջին անգամ կանայք հանդես եկան բոլոր մարզաձեւերում, իսկ Ռիոյում հանդես եկան 4700 կանայք՝ նրանք բոլոր մասնակիցների 45 տոկոսն էին կազմում:

Լուսանկարը` bustle.com


Այսօր Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կանայք հավասարվել են տղամարդկանց, նրանք մրցում են բոլոր ձեւերում, խաղերի բացման ժամանակ իրենց երկրների դրոշակակիրները դառնում, բարձրաձայնում տարբեր խնդիրների մասին ու հազարավոր երկրպագուների կուռք համարվում:

Ժամանակակից խնդիրները

Կանանց սպորտի զարգացմանը մշտապես խանգարել են նաեւ կարծրատիպերն ու հենց ԶԼՄ-ը: ԱՄՆ-ում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ սպորտային լուրերին հատկացված հեռուստաեթերի 92 %-ը պատմում է միայն տղամարդկանց մասին, եւ ընդամենը 5-ը՝ կանանց: Ամսագրերում ու թերթերում էլ լուրերի հարաբերակցությունը 23:1 է կազմում:

Իրենց նկատմամբ խտրականությունը մշտապես հուզել է նաեւ մարզուհիներին, նրանք տարբեր առիթներով բարձրաձայնել են այդ մասին: Ամենատպավորիչը եղել է Սերենա Ուիլյամսի բաց նամակը, որը նա գրել է «Բոլոր անհավանական կանանց, որոնք պայքարում են կատարելության համար» վերնագրով:

Լուսանկարը` lebuzz.eurosport.co.uk


«Երբ ես փոքր էի, երազանք ունեի: Համոզված եմ՝ դուք էլ ենք ունեցել: Իմ երազանքը տարբերվում էր մնացածից, ես ցանկանում էի աշխարհի լավագույն թենիսիստը լինել, ոչ թե լավագույն կին թենիսիստուհին:

Բարեբախտաբար, ընտանիքս ամեն ինչում օգնում էր ինձ գնալ երազանքիս հետեւից: Ես սովորեցի ոչնչից չվախենալ ու հասկացա, որքան կարեւոր է պայքարել երազանքի համար ու ամենակարեւորը՝ մեծ երազանքներ ունենալ:

Կանայք ստիպված են լինում մեծ արգելքներ հաղթահարել հաջողության հասնելու ճանապարհին: Դրանից մեկն էլ այն է, որ մեզ անընդհատ հիշեցնում են, որ տղամարդ չենք, ասես դա թերություն է: Ինձ լավագույն մարզուհի են կոչում, բայց մի՞թե Լեբրոն Ջեյմսին լավագույն տղամարդ մարզիկ են անվանում, կամ էլ Թայգեր Վուդսին ու Ռոջեր Ֆեդերերին: Մենք միշտ պետք է գնահատենք մեր նվաճումները, ոչ թե սեռը: Պետք է շարունակենք մեծ երազանքներ ունենալ, որպեսզի մյուս սերունդներին էլ ոգեշնչենք համարձակ լինել»:

Անհավասար աշխատավարձերն ու մրցանակային ֆոնդերը սպորտում առկա գենդերային ամենամեծ տարբերություններից են: Տղամարդիկ, գրեթե, բոլոր մրցաշարերում էլ ավելի շատ գումար են վաստակում՝բռնցքամարտում, ֆուտբոլում, շախմատում, գոլֆում: Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության մրցանակային ֆոնդը գրեթե 2 անգամ ավելի է լինում կանանցից, ֆուտբոլի ԱԱ-ի մասնակիցներին տրամադրվում է 576 մլն դոլար, կանանց ԱԱ-ի դեպքում գումարն ընդամենը 15 մլն է կազմում:

Լուսանկարը` darkroom.baltimoresun.com


1973 թվականին կայացած Սեռերի պայքար հայտնի դիմակայությունն օգնեց թենիսում որոշակի հավասարություն հաստատել կանանց ու տղամարդկանց միջեւ: Միմյանց դեմ մրցեցին Բիլլի Ջին Քինգն ու Բոբբի Ռիգսը:

1951-ին կարիերան ավարտած Ռիգսը մարտահրավեր նետեց, նշելով, որ 55 տարեկանում պատրաստ է հաղթել մոլորակի ցանկացած ուժեղ մարզուհուն:

Աշխարհի առաջին ռակետ Մարգարետ Կորտին Ռիգն իսկապես կարողացավ հաղթել, բայց Քինգին գերազանցել չստացվեց: 1973-ի սեպտեմբերին նա 3 սեթում առավելության հասավ 6:4, 6:3, 6:3 հաշվով:

Այդ հաղթանակից հետո սկսված արշավի շնորհիվ Ամերիկայի բաց առաջնությունում կանայք առաջին անգամ տղամարդկանց հավասար գումար վաստակեցին: Այդ սկզբունքը պահպանվում է նաեւ Մեծ Սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն լիակատար հավասարության նշան կանանց ու տղամարդկանց միջեւ դնել դեռ չենք կարող: Շատ երկրներում կանայք հնարավորություն չունեն տղամարդկանց պես զբաղվել սպորտով կամ ստիպված են լինում տարբեր կարծրատիպեր կոտրել իրենց սիրելի աշխատանքը կատարելու համար:

Ցավոք, բայց Հայաստանում էլ կանանց սպորտը զգալիորեն զիջում է տղամարդկանց մարզվողների թվաքանակով ու արդյունավետությամբ:

Նույնիսկ 21-րդ դարում կանայք դեռ շարունակում են 1900-ականներին սկսած պայքարը: Կին ու մայր լինելուց բացի նրանք ցանկանում են նաեւ սպորտում  առաջատար դիրքեր զբաղեցնել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին