Ապրիլ 24, 2024
exclusive
9237 դիտում

55,5 վայրկյանի ֆենոմենը. Ռուսական հոկեյի պատմության գլխավոր խաղը


Լուսանկարը` https://www.sb.by

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` nbcolympics.com


Մի առիթով խորհրդային հոկեյի լեգենդ Վյաչեսլավ Ֆետիսովն ասել է. «Եթե վատ տրամադրություն ունեք, դիտեք 1987 թվականի Կանադայի գավաթի խաղարկության 3 խաղից բաղկացած եզրափակիչը: Էմոցիաների պակաս չեք ունենա»:

Ֆետիսովը դեռ չէր տեսել 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի տղամարդկանց  մրցաշարի եզրափակիչը: Mediamax Sport-ն իր դիտակետից  ներկայացնում է 21-րդ դարի հոկեյի ամենադրամատիկ եզրափակիչը:

Հանդիպում էին Գերմանիան ու Ռուսաստանը: Հաշված օրեր է անցել գերխաղից, բայց ռուսները հասցրել են վերաձեւել իրենց կուռքի լեգենդար ասույթը. «Եթե ունեք վատ տրամադրություն, դիտեք 23-րդ սպիտակ խաղերի տղամարդկանց հոկեյի եզրափակիչը»: Խաղ, որն առանձնահատուկ է բոլոր առումներով: Սեր, հիասթափություն, դրամատիզմ, էմոցիա, պայքար, հույս, հավատ, եռանդ, հաղթանակի անվերջ ձգտում...

Ի՞նչ կարելի է անել 55.5 վայրկյանում

Վերջին օրերի ընթացքում ամենաարդիականը ռուս հոկեյիստների պատասխանն է: Եզրափակիչ խաղի ավարտն ազդարարող սուլիչից 55.5 վայրկյան առաջ նրանք որոշեցին դառնալ օլիմպիական չեմպիոն: Կարող եք այս միտքը հակադարձել ու որպես փաստարկ նշել, որ ռուսները պարտավոր էին Փհենչհանից հեռանալ ոսկե մեդալներով: Այո՛, դուք ճիշտ եք, բայց մենք գործ ունենք մեկ խաղից կազմված օլիմպիական եզրափակչի հետ, որտեղ ամեն ինչ կարող էր լինել: Մրցաշարի մեկնարկից առաջ ու ընթացքում՝ մինչ եզրափակիչը, ամրապնդվեց այն միտքը, որ առանց հոկեյի ազգային լիգան ներկայացնող խաղացողների օլիմպիական հոկեյը կորցրել է իր հետաքրքրությունը: Միտքը չէր փոխվի, եթե չլիներ վերջին խաղը:

Լուսանկարը` Facebook


Անցած 30 տարում մարզասերը հետեւել է 9 ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքի: Տղամարդկանց հոկեյի մրցաշարը մշտապես աչքի է ընկել լարված, դինամիկ ու դրամատիկ եզրափակիչներով: Չնայած ուժեղագույն հոկեյիստների բացակայությանը՝ 23-րդ ձմեռային խաղերի հոկեյի եզրափակիչն իր հետաքրքությամբ ու լարվածությամբ գերազանցեց բոլոր նախորդներին: Անցյալից երկու դեպք կարելի է առանձնացնել՝ 1994-ի  ու 2010-ի եզրափակիչները. փայլուն խաղեր, բայց միայն այդքանը:

Ռուսաստանի հավաքականի՝ վերջին վայրկյաններին ցուցադրած հոկեյը հեքիաթային ավարտ ունեցավ: Պարտվեց թիմը, որը եզրափակիչ սուլիչից 55.5 վայրկյան առաջ խաղում էր թվային առավելությամբ: Հենց այդքան ժամանակ արժեր օլիմպիական  ոսկին: Ռուսների դարպասը դատարկ էր, բայց հաղթանակի մղումն անկասելի: Կարմիր մեքենայի ռիսկային պրեսինգից հետո տափօղակը եկավ աջ եզրում գտնվող Նիկիտա Գուսեւի մոտ: Վերջինս անհարմար ձեռքից, անհասկանալի, բայց դիպուկ նետումով գրավեց գերմանացիների դարպասն ու խաղն ուղարկեց օվերթայմ՝ 3-3: Գերմանիան լրացուցիչ ժամանակ դուրս եկավ՝ ոսկին պարտված: Այստեղ աշխատեց օլիմպիական խաղերում ռուսների հրաշագործ տրիոն՝ Դացյուկ-Գուսեւ-Կապրիզով: Զնարոկի թիմը դաս տվեց բունդեսթիմին, թե ինչպես կարելի է խաղալ թվային առավելությամբ ու տիրանալ ոսկե մեդալիների: 55.5 վայրկյանի շնորհիվ 21-րդ դարի ամենաձանձրալի հոկեյի եզրափակիչը վերածվեց ամենա... եզրափակչի:

Լուսանկարը` Facebook


Հոկեյի մրցաշարի լավագույնները

Օլիմպիական ոսկուն տիրացավ ուժեղագույն հավաքականը: Խաղից հետո հայտարարվեց, որ ամենաարժեքավոր հոկեյիստ է ճանաչվել Իլյա Կովալչուկը: Տիտղոսակիր հոկեյիստին ճանաչեցին MVP, բայց անգամ խփած 5 գոլն ու 2 արդյունավետ փոխանցումը չեն կարող հոկեյասերին ապացուցել, որ որոշումն արդարացի է: Կովալչուկն իր հոկեյի որակով զիջում էր անգամ 20-ամյա ֆին Էլի Տոլվանենին: Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական ոսկու համար կռիվ տվեցին Նիկիտա Գուսեւը, Կիրիլ Կապրիզովը, Վյաչեսլավ Վոինովը եւ Պավել Դացյուկը:

Լուսանկարը` Facebook


Նույնիսկ Նիկոլայ Պրոխորկինին Կովալչուկի հետ նույն հարթության վրա կարելի է տեսնել այժմյան խաղի որակով, իսկ Դացյուկ-Կապրիզով-Գուսեւ տրիոյից յուրաքանչյուրն անշուշտ գերազանցեց MVP-ին: Հատկապես զարմանահրաշ խաղ ցուցադրեց Պավել Դացյուկը: 39-ամյա համաշխարհային հոկեյի լեգենդը յուրահատուկ կապող օղակ հանդիսացավ Գուսեւ-Կապրիզով դուետի համար, ովքեր էլ Դացյուկի նկարչական փոխանցումներից հետո մրցակիցներին դուրս էին թողնում պայքարից: Եզրափակիչ նետում-հարվածների վարպետը 20-ամյա Կիրիլ Կապրիզովն էր՝ 5 գոլ, 4 գոլային փոխանցում: Առանձնահատուկ էր Գուսեւի տեխնիկան ու սահքը տափօղակով: Հենց նա պետք է լիներ հոկեյի մրցաշարի բացարձակ լավագույն հոկեյիստը՝ 4 գոլ, 8 գոլային փոխանցումով: Ռուսների կազմում պաշտպանությունում փայլեցին՝ Արտյոմ Զուբն ու Վլադիսլավ Գավրիկովը:

Լուսանկարը` Facebook


Թվեր եւ փաստեր

Ռուսաստանի հավաքականն իր պատմության մեջ դեռ ոչ մի անգամ  ռուսական դրոշի ներքո օլիմպիական չեմպիոն չի դարձել: Այդպես է եղել նաեւ 1992 թվականին, երբ ռուս հոկեյիստները ներկայացան ԱՊՀ դրոշի ներքո: Պավել Դացյուկն ու Իլյա Կովալչուկն օլիմպիական չեմպիոն հռչակվեցին 5-րդ փորձից: Դացյուկն այս արդյունքով դարձավ 7-րդ ռուս հոկեյիստը, ով մտավ եռակի ոսկե ակումբ: Ակումբի շարքերը համալրում են այն հոկեյիստները, ովքեր հաղթում են աշխարհի առաջնությունում, Սթենլիի գավաթում ու օլիմպիական խաղերում: Եզրափակիչ խաղում  Դացյուկի գոլային փոխանցումը, նրան դարձրեց օլիմպիական խաղերում ամենաշատ գոլային փոխանցում կատարած 4 հոկեյիստներից մեկը: Նա հավասարվեց Վյաչեսլավ Ֆետիսովին, Վալերի Խարլամովին ու Սակու Կոյվուին՝ 21-ական:

Լուսանկարը` Facebook


Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկը, որպես մարզիչ, 3-րդ անգամն էր մասնակցում օլիմպիական խաղերին: Նախորդ երկու դեպքում Լատվիայի հավաքականի ղեկին գրավել էր վերջին տեղը: Ռուսների կազմում հաղթական տափօղակի հեղինակ Կիրիլ Կապրիզովն ամեներիտասարդ հոկեյիստն է Զնարոկի թիմում:

Գերմանացիների հաջողության գաղտնիքը

Այն, որ Գերմանիայում հոկեյը հսկայական քայլերով առաջ է գնում, երկու կարծիք լինել չի կարող: Սա պարզ էր անգամ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ: Գերմանացի հոկեյիստները փոքր, բայց վստահ քայլերով սկսում են հասնել նույնիսկ հոկեյի ազգային լիգա:  Չնայած նկատվող առաջխաղացմանը, այն խաղացողները, ովքեր իրենց ուժերը փորձում են օվկիանոսից այն կողմ, իրենց որակներով ակնհայտորեն զիջում են հյուսիսամերիկացիներին, ռուսներին, սկանդինավներին ու անգամ շվեյցարացի հոկեյիստներին: Ցավալի ոչինչ չկա, քանի որ գերմանացիները դեռ նոր են սկսում մտնել այս խառնաշփոթի մեջ:

Լուսանկարը` nbcolympics.com


Բունդեսթիմը եղածից քաղեց առավելագույնը: Գերմանիայի առաջնությունում խաղացող տեղացի հոկեյիստները որակով քիչ են զիջում ազգային լիգայի հավաքականի պոտենցիալ առաջատար դիտվող գերմանացի հոկեյիստներին: Հետեւաբար  հոկեյի ազգային լիգայի բացակայությունը օլիմպիական խաղերից ծառայեց բունդեսթիմի օգտին: Շվեդիան, Կանադան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Չեխիան օլիմպիադային մասնակցեցին իրենց 3-րդ, 4-րդ, կամ, գուցե, 5-րդ ուժեղագույն կազմով, իսկ Գերմանիան ուներ իր լավագույնների 70-ից  80 տոկոսը: Սա այն պարզ գաղտնիքն է, որն անկյունաքար եղավ օլիմպիական խաղերի բացահայտում դարձած հավաքականի համար: Փաստը մնում է փաստ՝ Գերմանիան տիեզերական հոկեյ խաղաց, ու անգամ արծաթե մեդալները ոսկու գին ունեցան: Փետրվարի 25-ի Գերմանիային հոկեյասերը չի մոռանա: Նրանք կոտրեցին հոկեյում առկա բոլոր կարծրատիպերը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին