Ապրիլ 16, 2024
exclusive
8697 դիտում

«Արսենալը» կզիջի «Միլանին», եթե լուրջ չվերաբերվի Եվրոպա լիգային


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` reutersmedia.net


Եվրոպա լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Արսենալի» հաջորդ մրցակիցն իտալական «Միլանն» է: Mediamax Sport-ը փորձել է հասկանալ «Արսենալի» հետագա շանսերը: Վերլուծել ենք նաեւ  «Էստերսունդի» հետ պատասխան խաղը: Չեմպիոնների լիգայի վերջին խաղերը եւս չեն վրիպել մեր ուշադրությունից:

Եվրոպա լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Արսենալին» բաժին հասավ մրցակիցներից ամենատիտղոսակիրը՝ իտալական «Միլանը»: Մինչեւ ռոսսոներիների հետ խաղին անդրադառնալը փորձենք հասկանալ` ինչ ջանքերի գնով «Արսենալը» հաղթահարեց «Էստերսունդի» արգելքը:

Զինագործները Շվեդիայում կայացած խաղում մրցակցին գերազանցեցին բոլոր առումներով ու պատասխան խաղից առաջ հսկայական առավելություն ստացան: Այդ ֆորան լոնդոնյան խաղում չար կատակ կարող էր խաղալ «Արսենալի» հետ: Առաջին հերթին պարզ դարձավ, որ այս թիմն առանց Օզիլի, հիմնական կենտրոնական պաշտպանների ու հզոր հարվածային հարձակվողի չի կարող պայքարել անգամ միջակ «Էստերսունդի» դեմ: Որքան էլ խաղից հետո Վենգերն արդարացավ, թե ֆուտբոլիստները կորցրել էին կենտրոնացումը, դա հիմնավորում չէ նման թույլ ելույթի համար:

Դենի Ուելբեքը, որը հազվադեպ է հայտնվում «Արսենալի» մեկնարակային կազմում, պարտավոր է օգտագործել ցանկացած հնարավորություն` ապացուցելու, որ արժանի է խաղալ զինագործների կազմում: Եթե նման կարգի ֆուտբոլիստն այսպիսի խաղում չի կարողանում կենտրոնանալ ու ներդնել առավելագույն ուժերը, ուրեմն սխալ պահի հայտնվել է սխալ վայրում: Բազմաթիվ ոչ արդյունավետ տեղաշարժեր հարձակման գծում, չհիմնավորված անհատական խաղ ու թիմակիցների ջանքերի զուր վատնում. սրանք Ուելբեքի գործողություններն են «Էստերսունդի» հետ պատասխան դիմակայությունում:

Հերթական անգամ պաշտպանության բացերի մասին խոսելն ավելորդ է: Որքան էլ Արսեն Վենգերն իրեն ճոխություն է թույլ տալիս ու հիմնական պաշտպաններին փոխարինում երիտասարդ ֆուտբոլիստներով, այնուհանդերձ, նման որոշումները կարող են «Արսենալին» հաջորդ մրցակցի հետ խաղում չներվել: «Էստերսունդն» առաջին կեսում ապացուցեց, որ հետագայում նման անպատասխանատու մոտեցումն «Արսենալին» դուրս կթողնի պայքարից:

Լուսանկարը` eurosport.com


Հենրիխ Մխիթարյանի համար եւս հանդիպումը բարեհաջող ընթացք չունեցավ: Հենոն չուներ այն խաղընկերը, ում հետ կարող էր համագործակցել: Չնայած Ջեք Ուիլշիրը հիանալի մարզավիճակ է հավաքել, այնուհանդերձ, մեր ֆուտբոլիստին ավելի հեշտ է հասկանալ Օզիլի եւ Ռեմզիի տեղաշարժերը: «Էստերսունդի» հետ խաղում Մխիթարյանը մի քանի դրվագում հաշվենկատ փոխանցում կատարեց խաղընկերներին, բայց թիմակիցներն այդպես էլ չհասկացան` ինչպես վարվել գնդակի հետ: Արդյունքում` Հենոն չստացավ այն գնահատականը, որին գուցե արժանի էր: Ալեքս Իվոբին հերթական անգամ անբացատրելի կերպ դուրս մնաց «Արսենալի» խաղից:

Լոնդոնցիների գալիք մրցակիցը փայլուն մարզավիճակ հավաքած «Միլանն» է: Ջենարո Գատուզոն կարողացել է իր բնավորությունը փոխանցել խաղացողներին: Այն իրավիճակներում, որտեղ միլանցիներին պակասում է վարպետությունը, խաղացողները դա լրացնում են քրտնաջան աշխատանքով: Ռոսոներիների վերջին խաղերում գրանցած արդյունքները տպավորում են, բայց հարց է առաջանում` կկարողանա՞  արդյոք Գատուզոյի թիմը պահպանել նույն հաղթական ընթացքն ու «Արսենալի» հետ խաղին մոտենալ բարձր տրամադրությամբ:

Այո՛, «Միլանը» վերջին դիմակայություններում հաղթում է, բայց մրցակիցներն «Արսենալի» մակարդակը չունեն: Չնայած «Միլանի» վերելքին ու «Արսենալի» անհավասարակշիռ խաղին՝ դիմակայության ֆավորիտ է համարվում անգլիական ակումբը: «Արսենալի» ֆուտբոլիսնտերը կարգով անկասկած գերազանցում են միլանցիներին: Լոնդոնցիների համար շատ կարեւոր կլինի հոգեբանական վստահությունը, այլապես Գատուզոն կարող է երկու խաղերի համար իր ֆուտբոլիստներին բավական էներգիա ներարկել: Եթե «Արսենալը» խաղա ինչպես «Էստերսունդի» հետ, ու չփոխվի մոտեցումը, Վենգերը կզրկվի նույնիսկ Եվրոպա լիգայից: «Միլանի» համար մրցաշարջանի նպատակը հաղթանակն է Եվրոպա լիգայում: «Միլան» -«Արսենալ» առճակատումը 1/8 եզրափակչի գլխավոր խաղն է:

Չեմպիոնների լիգայի վերջին 4 խաղերի ամփոփումը

Շաբաթը մեկնարկեց «Բարսելոնա» - «Չելսի» գերդիմակայությամբ: Կապտանռագույների համար անբացատրելի մնաց ազնվականների եզրային հարձակվող Վիլիանի գերազանց խաղը: Հենց սկզբում պարզ դարձավ, որ Էռնեստո Վալվերդեն իր բոլոր ջանքերն ուղղել է Ազար-Պեդրո զույգին չեզոքացնելու վրա: Պեդրոն խաղում էր նախկին թիմի դեմ ու պարզից պարզ է, որ գործելու էր կրկնակի եռանդով: Վալվերդեն կարողացավ փակել Ազարին ու Պեդրոյին, բայց Վիլյանի հեռահար հարվածները մեկը մյուսի հետեւից շոյում էին «Բարսայի» դարպասաձողերը: Արդյունքում բրազիլացին առաջ մղեց «Չելսիին»: Լոնդոնցիներն արժանի հաղթանակ կտանեին, եթե չլիներ Անդրեաս Քրիստենսենը: Դանիացի պաշտպանը մի քանի դրվագում սխալվեց պարզ փոխանցումներ կատարելիս, որոնցից մեկն ավարտվեց Մեսսիի դիպուկ հարվածով:

Լուսանկարը` reutersmedia.net


Չնայած ոչ ոքի արդյունքին` պարզ դարձավ, որ «Չելսին» չի վախենում «Բարսայից» ու անհրաժեշտ դեպքում կարող է խաղալ հաղթանակի համար: Պատասխան խաղից առաջ ֆավորիտը «Բարսելոնան» է, բայց մի բան ակնհայտ է. «Չելսին» ի զորու է շտկել իրավիճակը, եթե «Բարսան» ցուցադրի առաջին խաղի իներտ ֆուտբոլը: Ազնվականները կորցնելու ոչինչ չունեն: Պատասխան խաղի առաջին կեսին «Չելսին» կխաղա հակագրոհների վրա, բայց երկրորդում սպասվում է թեժ բաց ֆուտբոլ: Սա այն զույգն է, որտեղ ամեն ինչ կարող է լինել: Նույնը չի կարելի ասել «Բավարիա»-«Բեշիքթաշ» խաղի մասին, որտեղ բոլոր հարցերը հանված են:

Լուսանկարը` Twitter


«Շախտյորի» հետ խաղում Ալիսոնի սեյվերը «Ռոմայի» երկրպագուները դեռ երկար կհիշեն: Իտալացիներն Ուկրաինայից հեռացան պարտված, բայց պատախան խաղից առաջ գայլերն ունեն քառորդ եզրափակիչ մտնելու գերազանց շանսեր: «Ռոման» պարտավոր է մեկ գոլ խփել ու դարպասը պահել անառիկ: Չնայած առաջին մրցավեճում ակնհայտ թույլ ելույթին` իտալացիները սեփական հարկի տակ բոլորովին այլ խաղ կարող են ցուցադրել: «Ռոմայի» ֆուտբոլիսներն ավելի բարձրակարգ են: Սա է հիմնական պատճառը, որ անկախ առաջին խաղի արդյունքից, հենց հռոմեացիներն են մնում դիմակայության ֆավորիտը: Ալիսոնի վստահ խաղը չի կարող չանդրադառնալ թիմակիցների տրամադրվածության վրա:

Լուսանկարը` Facebook


Ամենավերջում «Մանչեսթեր Յունայթեդի» անփառունակ խաղի մասին: Անատամ ֆուտբոլ, որի հիմնավորումը պարզ է միայն Ժոզե Մոուրինյոյի համար: «Սեւիլիան» բոլոր առումներով գերազանցեց անհամեմատ տիտղոսակիր «Յունայթեդին» ու պարտավոր էր սեփական հարկի տակ խաղում առնվազն մեկ գնդակ ավել ուղարկել մանկունյանցիների դարպասը: Միակ լուսավոր կետը դարպասապահ Դավիդ դե Խեան էր, ով մի քանի անհավանական սեյվ կատարեց իր թիմի համար: Ինչպես Ալիսոնի դեպքում, Դե Խեան եւս իր վստահ խաղով «Յունայթեդի» համար պահպանեց հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր: «Յունայթեդն» ակնհայտ ֆավորիտից վերածվեց թիմի, որը դեռ պետք է սեփական հարկի տակ կարողանա արդյունք ապահովել: Առաջին մրցավեճը տապալած Ալեքսիս Սանչեսի համար պատասխան խաղն որակներն ապացուցելու փորձություն է լինելու:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին