Ապրիլ 20, 2024
exclusive
7756 դիտում

Ձմեռային Օլիմպիադային Հայաստանի հերթական (չ)մասնակցությունը


Լուսանկարը` http://therussiantimes.com

Լուսանկարը` massispost.com

Լուսանկարը` aiwasanfrancisco.com


Ձմեռային մարզաձեւերի  զարգացման գլխավոր նախապայմանն էնտուզիազմի առկայությունն է: Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է հաջողության հասնելու համար: Mediamax Sport-ը փորձել է հասկանալ Հայաստանում ձմեռային մարզաձեւերի զարգացման խնդիրներն ու հեռանկարները:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կսկսվի քառամյակի կարեւորագույն մարզական իրադարձություններից մեկը` 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Հայաստանը կունենա 3 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Վերջին 3 ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցության ցուցանիշը գրեթե չի փոխվում: Հայաստանը ներկայացնող մարզիկները հիմնականում դահուկասահքից են ու լեռնադահուկային սպորտից: Քիչ թե շատ այս մարզաձեւերի առաջընթացի համար նախադրյալներ ու պայմաններ կան: Հույսեր ունեինք  գեղասահքից, բայց որակավորման մրցաշարերում մրցավարական որոշումները զրկեցին մեզ օլիմպիական խաղերում մարզիկ ունենալու շանսից: Գուցե մի քանի տարի հետո Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում դաստիարակվեն սաներ, ովքեր մեզ կուրախացնեն իրենց հաջողություններով:

Առկա ենթակառուցվածքներ

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Ծաղկաձորում հիմնանորոգումից հետո բացված մարզական համալիրը նոր հորիզոններ բացեց Հայաստանում դահուկասահքի եւ լեռնադահուկային սպորտի զարգացման համար: 124 հազար ամերիկյան դոլար արժողությամբ համալիրում ստեղծվեցին անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք կհամապատասխանեին միջազգային նորմերին եւ հնարավորություն կտային Հայաստանում անցկացնել տարատեսակ մրցաշարեր:


Ծաղկաձորում գործող հանրապետական լեռնադահուկային մարզադպրոցը հիմնադրվել էր դեռեւս 1986 թվականին: Մարզադպրոցի  սաները մասնակցել են օլիմպիական խաղերի եւ միջազգային այլ մրցումների: Ծաղկաձորում առկա են գրանցված սահուղիներ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին: Այստեղ անցկացվել է զարգացող պետությունների դահուկավազքի առաջնությունը: Բացի Ծաղկաձորից դահուկասահքի եւ լեռնադահուկային սպորտի  մարզադպրոցներ են գործում հանրապետության մյուս քաղաքներում: Գյումրիում է դահուկավազքի հանրապետական մարզադպրոցը: Մարզադպրոցներ կան Ապարանում, Հրազդանում, Վանաձորում եւ Ջերմուկում:

Ֆինանսական պայմաններ

Հայաստանի Հանրապետությունում թեեւ ստեղծված են որոշակի պայմաններ հեռանկարային մարզիկների պատրաստման համար, սակայն մարզաձեւի մասսայականացման գործում դեռեւս անելիքները բազմաթիվ են: Նույնիսկ ձմռանը հասարակ գովազդային պաստառներ անհնար է գտնել մեր շրջապատում, որոնք այս կամ այն կերպ կբարձրացնեն հասարակության հետաքրքրությունը մարզաձեւերի հանդեպ: Յուրաքանչյուր գործում մեծ նշանակություն ունեն մանրուքները:

Բնակչության սոցիալական պայմանները, ցավոք, հնարավորություն չեն տալիս ծնողներին իրենց երեխաների համար անհրաժեշտ մարզագույք գնել: Պետության կողմից ֆինանսավորումը եւս մեծ չէ: Սակավ հովանավորման պայմաններում աշխատանքների կազմակերպումը ֆինասավորում է դահուկասահքի եւ լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան: Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակահատվածում հայ մարզիկներին աջակցում է Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեն: Քիչ ֆինանսական ռեսուրսների ներդրման պայմաններում մեծ հաջողությունների սպասել դեռեւս անհնար է: Վաղուց պետք է տարբերություն չդնել ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղերի միջեւ: Բացի հենակետային մարզաձեւերից, կարեւոր է ուշադրություն հատկացնել սպիտակ սպորտաձերին:

Խոշոր մրցաշարերում հաջողության հասնելու համար հույժ կարեւոր է կանոնավոր մարզման պրոցեսը, որպեսզի մարզիկները տարվա մեջ դադարներ չունենան ու չընկնեն ռիթմից: Մարզագույքի  ու առօրյա հոգսերի մասին մտածող մարզիկը չի կարող կայուն մարզավիճակ պահպանել ու նվիրվել իր գործին: Հետեւաբար ակնկալել, որ արդյունքները մասնակցությունից այն կողմ կարող են գնալ, երազանքների շարքից է:


Ձմեռային մարզաձեւերի առաջընթացին խանգարող պատճառները

Աշխարհի տարբեր երկրներում, ելնելով մարդկանց կենսամակարդակից, ձմեռային մարզաձեւերի զարգացումը տեղի է ունենում ոչ հավասարաչափ: Մարզաձեւերի բոլոր առաջատար երկներներում իրենց ծանրակշիռ ազդեցությունն ունեն կամավորները: Նորվեգիան, համարվելով սպիտակ մարզաձեւերի գերտերություն, հենց այս գործոնի շնորհիվ է պահպանում աշխարհում  առաջատար դիրքերը: Մեր երկրում կամավորների դժվար է գտնել, քանի որ նախ սոցիալական վիճակը թույլ չի տալիս, հետո՝ մարզաձեւերի հանդեպ հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ:

Ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում առկա է գլոբալ տաքացման հիմնախնդիրը: Ձմեռային մարզաձեւերում հաջողության հասնելու կարեւորագույն պայմաններից մեկը ողջ տարվա ընթացքում քրտնաջան մարզումներն են: Եթե սպիտակ մարզաձեւերի գերտերություններում առկա են պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռում անգամ ձյան բացակայության պայմաններում ստանալ արհեստական սահուղիներ ու մրցաշարերի անցկացման պայմաններ, ապա Հայաստանում դրանց բացակայությունը զգացնել է տալիս:

Գլոբալ տաքացման պատճառով աշխարհի մի շարք երկրներում դահուկասահքի անբաժան մասն է սկսել կազմել անվադահուկային սպորտը: Այս ձեւի զարգացման տեմպերը միջազգային ֆեդերացիային ստիպեցին դահուկորդներին տրամադրել լրացուցիչ վարկանշային միավորներ: Այսպիսի սահուղիներ Հայաստանում չկան, որը եւս պատճառ է մարզիկների թույլ ելույթների: 2 մարզաձեւերն էլ Հայաստանում զարգանում են հավասարաչափ: Ձմեռային մարզաձեւերից առաջատար են այս ձեւերը: Ոստնակացատկի, բիաթլոնի, հոկեյի ու մյուս մարզաձեւերի մասին մտածել դեռ չենք կարող, քանի որ այս մարզաձեւերն ավելի թանկ են:
Հայաստանում դահուկային եւ լեռնադակուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր նպատակն է այն համայքներում, որտեղ եղել են այս մարզաձեւերի ավանդույթները, դարձյալ վերականգնել եւ զարգացնել դրանք: Գերակա նպատակն այդ շրջաններում մրցումների կազմակերպումն է եւ անցկացումը: Մրցումների անցկացումը նպատակ ունի արթնացնել սերը դեպի ձմեռային մարզաձեւեր եւ հետաքրքրություն առաջացնել բնակչության շրջանում:

Համեմատություններ հարեւան երկրների հետ

Չնայած ձմեռային մարզաձեւերում եղած խոչընդոտներին՝ Հայաստանն իր օլիմպիական պատմության մեջ ձմեռային սպորտաձեւերում ունեցած մարզիկների քանակով չի զիջում իր հարեւաններին: Հեծանիվ չենք հորինի, եթե ասենք, որ հարեւան երկրներում կատարված ներդրումները գերազանցում են հայաստանյանը: 1994 թվականից սկսած՝ Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի հետ համեմատած՝ Հայաստանը ավելի շատ մարզիկներ է ունեցել ձմեռային խաղերում: Մինչեւ այս օլիմպիական խաղերը մենք ունեցել ենք 31, Թուրքիան՝ 22, Վրաստանը՝ 28, Իրանը՝ 14 մարզիկ: 2018-ին մեր հարեւաններից ամենաշատ մարզիկը կունենա Թուրքիան՝ 8: Վրաստանը մեկ մարզիկ ավելի ունի, քան Հայաստանը: Նույնիսկ այս պարագայում օլիմպիական խաղեր գործուղված մեր մարզիկների մասնակցության վիճակագրությունն ավելի լավ տեսք ունի:

Լուսանկարը` massispost.com


Եթե մարզաձեւերում լինեն ներդրոււմներ, ապա արդյունքները միանշանակ կբարելավվեն, ու հերթական անգամ օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ մենք չենք խոստովանի, որ կարեւորը մասնակցությունն է. այս պահին ավելին անել չենք կարող: Նույնիսկ այն հանգամանքը, որ մենք մեր հարեւաններից շատ մարզիկներ ենք գործուղղել օլիմպիական խաղեր, չի խոսում այն մասին, որ ճիշտ ճանապարհի վրա ենք ու այսպես շարունակելով՝ կարող ենք մի օր մեդալային հույսեր ունենալ: Հույսը միշտ հեռվում կմնա, քանի դեռ ներդրումներ չկան...

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին