exclusive
7632 դիտում

Australian Open-ի ամենահամեղ պատառներն ու Ֆեդերեր արքան


Լուսանկարը` ytimg.com

Լուսանկարը` sports.md


Օրեր առաջ Մելբուռնում ավարտվեց թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը: Mediamax Sport-ն ամփոփում է  Australian Open-ը:

Մրցաշարի բացահայտումները

Ավստրալիայի բաց առաջնության 106-րդ խաղարկության գլխավոր բացահայտումները դարձան հարավկորեացի Հյոն Չենն ու ՄիացյալՆահանգները ներկայացնող Տեննիս Սանդգրենը: Հյոն Չենի գրանցած արդյունքը Հարավային Կորեայի թենիսի պատմության մեջ ամենամեծ հաջողությունն է: Չենը պայքարից դուրս թողնելով Զվերեւ եղբայրներին, Դանիել Մեդվեդեւին, Նովակ Ջոկովիչին եւ Տեննիս Սանդգերնին, հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:

Միեւնույն ժամանակ 21-ամյա կորեացին գրեց իր անունը համաշխարհային թենիսի պատմության մեջ. Հյոնը՝ Ֆեդերերի ու Մարատ Սաֆինի հետ միակ թենիսիստն է, ով Australian Open-ում 3-0 հաշվով հաղթել է Նովակ Ջոկովիչին: Հյոն Չենի անվան դիմաց մեկ այլ հիանալի վիճակագրական տվյալ է վառվում. Կորեացին 1996 թվականին ծնված միակ թենիսիստն է, ում հաջողվել է հասնել Մեծ սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Տեննիս Սանդգրենի առաջխաղացումն ավելի ակնհայտ կլիներ, եթե ամերիկացին քառորդ եզրափակչում ճանապարհը չզիջեր Հյոն Չենին: Իդեպ՝ Australian Open-ի պատմության մեջ 1991 թվականից ի վեր առաջին անգամ քառորդ եզրափակչում մրցում էին թենիսիստներ, ովքեր համաշխարհային դասակարգման աղյուսակում դուրս էին թոփ-50-ից: Սանդգրենն իր անակնկալ հաղթարշավով կրկնեց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հաջողությունը, ով վերջին 20 տարվա մեջ միակ թենիսիստն էր, որն առաջին իսկ փորձով հասել էր Australian Open-ի քառորդ եզրափակիչ: Տպավորիչ է, Սանդգրենի ցանցի մոտ խաղում միավոր վաստակելու ցուցանիշը: ԱՄՆ-ը ներկայացնող թենիսիստը 50 փորձից 41-ում կարողացել է միավոր վերցնել:  Նա 82%-արդյունավետությամբ թիկունքում է թողել Մարին Չիլիչի ու Թոմաս Բերդիխի պես վարպետների:

Լուսանկարը` sports.md


2017-ի Australian Open-ի կանանց երիտասարդական մրցաշարի հաղթող ուկրաինացի Մարթա Կոստյուկը 2018-ին հասավ փայլուն արդյունքի: 15-ամյա թենիսիստուհին վերջին 18 տարվա մեջ երիտասարդական մրցաշարի 4-րդ չեմպիոնուհին է, ով կարողացել է հաղթահարել որակավորման փուլն ու մասնակցել մեծահասակների հիմնական մրցաշարին:

Australian Open-ի ձախողակները

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում գրեթե անակնկալներ չգրանցվեցին: Ֆիասկոյի ենթարկվեց  միայն աշխարհի 3-րդ ռակետ  իսպանուհի Գարբինա Մուգուրուսան: Արդեն 2-րդ շրջանում նրան պայքարից դուրս թողեց Թայվանը ներկայացնող Սե Շուվեյը: Մյուս բոլոր ուժեղագույները հասան մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղից ճանապարհները բաժանվեցին:

Պատկերն այլ էր  տղամարդկանց մենախաղում: Անբացատրելի մնաց Նովակ Ջոկովիչի ու Ստեն Վավրինկայի գրանցած արդյունքները: Ստենը Australian Open-ի վերջին  մրցաշարերում նվազագույնը հասել էր մինչեւ  քառորդ եզրափակիչ: Սանդգերնի ագրեսիվ թենիսին Վավրինկան պատասխանում էր իրեն ոչ հատուկ փափկությամբ: Արդյունքը 2-րդ շրջանում կրած ցավալի պարտությունն էր: Ջոկովիչի անհաջողությունը մեկնաբանել բարդ է: 21-ամյա Հյոն Չենը անսխալ թենիսի չխաղաց, բայց Ջոկովիչն այդպես էլ ոչ մի սեթում չկարողացավ գտնել հաղթանակի բանալին ու դուրս մնաց 4-րդ շրջանից: Նովակի մոտ մինչ այդ խաղը փայլում էր: Երկրպագուների մոտ կարծիք էր ձեւավորվել, որ սերբը վերջապես հաղթահարել է վնասվածքներն ու վերձադարձել նախկին խաղամակարդակին: Ձախողակների շղթայում վերջին օղակը, թերեւս, բուլղարացի Գրեգոր Դիմիտրովն է: Աշխարհի 4-րդ ռակետը տանուլ տվեց խաղը 26-րդ ռակետ Քայլ Էդմունդին:
Australian Open-ի 106-րդ խաղարկության զարդը կարող էր դառնալ Նադալ-Ֆեդերեր եզրափակիչը: Իսպանացին առաջ էր շարժվում չեմպիոնական գրաֆիկով, քանի չէր հանդիպել Մարին Չիլիչին: Գերլարված խաղը ընթացավ մինչեւ 5-րդ սեթ, որտեղ Նադալը ստիպված եղավ անձնատուր լինել՝ ստացած վնասվածքի պատճառով: Այս անգամ եւս համաշխարհային թենիսի լեգենդների առճակատումը չկայացավ:

Լուսանկարը` ytimg.com


Չեմպիոնները

Դանիացի 27-ամյա թենիսիստուհի Կարոլին Վոզնիացկու տաղանդի մասին գիտեին բոլորը: Գրեթե ամեն տարի շոշափվում էր այն միտքը, որ Վոզնիացկին վերջապես կարողանալու է կայունություն գտնել ու Մեծ սաղավարտի մրցաշարերում տիրելու է ցանկալի տիտղոսի: Խոսակցություններն իրականություն դարձան 2018-ի առաջին իսկ մրցաշարում: Աշխարհի 2-րդ ռակետը մեկ շնչով անցկացնելով ամբողջ առաջնությունը հասավ եզրափակիչ ու կարողացավ կարիերայում առաջին անգամ հաղթել թենիսի Մեծ սաղավարտում: Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը պարտությունից հետո նահանջեց դասակարգման աղյուսակի 2-րդ հորիզոնական:

Համաշխարհային թենիսի պատմագրությունն այլ է Ռոջեր Ֆեդերերի պարագայում: Շվեյցարացու ցանկացած հաղթանակ նոր ռեկորդ է ու ավելի է ամրացնում այն միտքը, որ հենց Ռոջերն է բոլոր ժամանակների լավագույն թենիսիստը: Ֆեդերերն իր մարզական ճանապարհին 6-րդ անգամ  Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ էր հասել առանց մրցակիցներին սեթ զիջելու:

Վերջին 46 տարվա մեջ Ռոջերը Australian Open-ի պատմության ամենատարեց հաղթողն է: Այս ցուցանիշին նա հասավ 36 տարեկան  173 օրական հասակում: Մելբուռնյան եզրափակիչը Ֆեդերերի համար կարերայում 30-րդն էր, նա այդ ցուցանիշով զգալիորեն գերազանցում է մոտակա հետապնդողներին՝ Ռաֆա Նադալին ու Նովակ Ջոկովիչին: Չիլիչի նկատմամբ հաղթանակից հետո Ֆեդերերը միակ տղամարդ թենիսիստն է, ով կարողացել է նվազագույնը 20 Մեծ սաղավարտի մրցաշարում չեմպիոն հռչակվել: Քեն Ռոզուելից ու Ռոդ Լեյվերից հետո Ֆեդը 3-րդ թենիսիստն է, ով նվազագույնը 4-րդ Մեծ սաղավարտն է հաղթում 30-անց տարիքում: Այսպիսի ցուցանիշներից հետո մնում է գլուխ խոնահել մեծագույն մարզիկի առաջ:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին