exclusive
10123 դիտում

Նորացվող «Արսենալում» Հենոն կարող է առանցքային դերակատար դառնալ


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


«Է՜հ, բալա ջան, վերջը Հենոն տեղափոխվե՞ց, չտեղափոխվե՞ց․․․»

Սա 93-ամյա Աստղիկ տատիս գլխավոր հարցն էր վերջին շրջանում: Նրա նման հարյուր հազարավոր մարդկանց համար էլ Հենոյի տեղափոխությունն առանցքային նշանակություն ուներ: Անկախ տարիքից, ցավերից, աչքի լույսից ու հեռացող լսողությունից՝ նրանք էլ միշտ հեռուստաէկրանների առջեւ սպասում են Հենոյի գոլին, կամ որեւէ արդյունավետ գործողության: Այն սրտացավությունն ու սերը, որ հայերս տածում ենք Հենրիխի հանդեպ, դժվար է տեսնել անգամ ազդեցիկ սոցհոլովակներում:

«Հենոյացավը» մաքուր հայկական կամեցողությունն է: Աստղիկ տատի նման միլիոնավոր հայեր հիմա գիտեն՝ Հենոն «Արսենալում» է: Նոր քաղաք, նոր միջավայր, նոր ակումբ. ժամանակն է հասկանալ ներկա թիմում խաղալու հնարավոր տարբերակներն ու դիրքերը: Mediamax Sport-ը ներկայացնում է իր բազմակողմանի վերլուծությունը:

Ու՞մ հետ պետք է Հենրիխը պայքարի մեկնարկային կազմում տեղն ապահովելու համար

Առաջին հայացքից Հենրիխ Մխիթարյանը, «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելով «Արսենալ», պետք է կատարի նույն ֆունկցիան, ինչ Ալեքսիս Սանչեսը: Իրականում՝ ո՛չ: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ Սանչես-Մխիթարյան տեղափոխությունը ֆուտբոլիստների ճանապարհների բաժանում էր, եւ նրանիցից ոչ ոք չի մեկնում հակառակ ճակատ՝ մյուսին փոխարինելու: Ալեքսիս Սանչեսն «Արսենալում» կայուն ընդգծված ձախ եզրային հարձակվող էր, որին Վենգերը տվել էր ազատություն, ու նրան հազվադեպ կարելի էր տեսնել պաշտպանողական գործողությունների ժամանակ:

Լուսանկարը` arsenal.com


«Արսենալը» երբեմն ամբողջ խաղը կառուցում էր Սանչեսի վրա: Հենրիխի պարագայում իրավիճակն այլ է: Մխիթարյանը կարող է թիմին օգնել ոչ միայն հարձակման եզրերում կամ ենթարահարձակվողի դիրքում, այլեւ պաշտպանողական խաղի ժամանակ: Չմոռանանք՝ Ժոզե Մոուրինյոյի թիմում Հենոն մեկ անգամ նույնիսկ պաշտպանության  ձախ եզրում էր խաղում Մատեո Դարմիանի փոխարեն: Հենրիխը թիմային խաղացող է ու ավելի քիչ անձնական ամբիցիաներ ունի, քան Սանչեսը: Այս գործոնն «Արսենալի» համար թերեւս կարեւորագույն հույսերից մեկն է:

Անգամ այն հանգամանքը, որ «Արսենալը» կորցրել է իր առաջատար ֆուտբոլիստներից մեկին, չի խոսում այն մասին, որ Հենրիխի համար թիմում հաստատվելը հեշտ է լինելու: Լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում հայտնվելու համար Մխիթարյանի առանցքային մրցակիցներն են Ալեքս Իվոբին, Աարոն Ռեմզին, Ջեկ Ուիլշիրը եւ Դեննի Ուելբեքը: Զինագործների կազմում անխախտելի չի մնա նաեւ հենակետայինի գոտին՝ Գրանիտ Ջակայի եւ Մոհամեդ Էլ-Նենեի համար: Չմոռանանք, որ Հենրիխը կարող է պաշտպաններից փոքր առաջ տեղակայվել ու զբաղվել միայն մրցակցի գրոհների քանդմամբ:

Մխիթարյան - Օզիլ դուետի վերադասավորումները

Ի սկզբանե պետք է հասկանալ. քանի դեռ Մեզութ Օզիլը խաղում է «Արսենալում», Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում գերմանացուն չի փոխարինելու: Հաշվի առնելով Օզիլի փայլուն մարզավիճակը՝ Արսեն Վենգերը կմշակի մարտավարություն, որտեղ Հենրիխ-Օզիլ դուետը կհայտնվի մեկնարկում: Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ էին խոսակցությունները, թե Օզիլը կտեղափոխվի «Յունայթեդ» կամ «Բարսելոնա»: Ինչպես տեսնում ենք, երկու ակումբն էլ իրենց տրանսֆերներն արեցին, ու Մեզութը դուրս մնաց ծրագրից: Նման իրավիճակում դժվար է գտնել գերակումբ, որն ավելի զորեղ է եւ Օզիլի կարիքն ունի ավելի շատ, քան «Արսենալը»: Եթե Օբամեյանգն էլ տեղափոխվի Լոնդոն, գրեթե 100 տոկոսով կարելի է պնդել, որ Մեզութ Օզիլը կմնա թիմում: Նման իրավիճակում գերմանացուն մեկնարկային կազմից դուրս պատկերացնելն անհնար է:

Լուսանկարը` arsenal.com


Մեկնարկային կազմի տարբերակներից մեկը կարող է լինել 4-3-3 մարտավարության մեջ՝ ընդգծված հենակատեյին կիսապաշտպանի բացակայությունը: Մոհամեդ Էլ-Նենեի դիրքը, միմյանց փոխօգնության գալով, կարող են փակել Ջեկ Ուիլշիրն ու Գրանիտ Ջական: Օզիլը կմնա ենթարահաձակվողի դիրքում, Մխիթարյանը կտեղափոխվի իր համար բավական հարազատ՝ հարձակման աջ եզր: Ձախից տեղ կլինի հեռանկարային Ալեքս Իվոբիի համար, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում կխաղա Ալեքսանդր Լյակազեթը: Այս կազմում 100 տոկոսով հնարավոր է փոխել դիրքերը, քանի որ Օզիլը իրեն հիանալի է զգում նաեւ հարձակման աջ եզրում, իսկ Մխիթարյանը՝ ենթահարձակվողի դիրքում: 

Կոլոշինաց - Մխիթարյան ռեակտիվ զույգը՝ հարձակման ձախ եզրում

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալ» տեղափոխված Սեադ Կոլոշինացին մրցաշարջանից առաջ լուրջ չէին վերաբերվում: Բոսնիացին չհուսահատվեց ու առաջին իսկ խաղից սկսած ամրապնդվեց պաշտպանության ձախ եզրում: Բազմաթիվ հանդիպումներ կարելի է հիշել, որտեղ «Արսենալի» կազմից դաշտում միակ կռիվ տվողը Կոլոշինացն էր: Վերջինս, անընդհատ տեղափոխվելով առաջ, հսկայական տարածքներ էր թողնում թիկունքում: Քանի որ Ալեքսիս Սանչեսը չէր սիրում պաշտպանվել, մրցակիցներն արագ հակագրոհներով ճեղքեր էին գտնում զինագործների թիկունքի ձախ եզրում: Հենրիխը, տեղ զբաղեցնելով հարձակման նույն եզրում, չի ունենա այն ազատությունը, ինչ Սանչեսը: Վստահաբար կարելի է ասել, որ Վենգերի կողմից կլինի հստակ հանձնարարություն՝ Կոլոշինացի միացման պարագայում փակել ձախ պաշտպանի դիրքը եւ խաղալ վերադասավորվելով: Կոլոշինաց-Մխիթարյան արագ զույգն աշխատասիրության հաշվին կարող է լուծել ձախ եզրում առաջացած ցանկացած խնդիր: Այս ֆուտբոլիստներն աստղային հիվանդությամբ տառապելու խնդիր չունեն ու չեն վախենում սեւագործ աշխատանքից: Դեպքերի նման զարգացման պատճառով Ալեքս Իվոբին դուրս կմնա մեկնարկային կազմից, կամ կխաղա իր համար ոչ սովորական՝ աջ եզրային հարձակվողի տեղում:

Լուսանկարը` arsenal.com


Խաղ 3-4-3 մարտավարությամբ

Արսեն Վենգերի թիմը 3 պաշտպանով խաղի հազվադեպ է դիմում: Նման մարտավարություն կիրառվում է հիմնականում այն ժամանակ, երբ կիսապաշտպանության առաջատարներից որեւէ մեկը վնասվածք է ստանում, ու անհարժեշտ է լինում Հեկտոր Բելերինին կամ Նաչո Մոնրեալին տեղափոխել առաջ: Համարենք՝ վնասվածքներ չկան:

3 պաշտպանով խաղի ժամանակ Հենրիխը կարող է խաղալ Օզիլի հետ կենտրոնական հատվածում: Այդ դեպքում հարձակվողի դիրքում հնարավոր է տեսնել Ուելբեք-Լյակազեթ-Իվոբի եռյակին: Մխիթարյանը Օզիլի հետ կենտրոնում խաղալիս շանս կունենա ոչ միայն կազմակերպել թիմի խաղը, այլեւ անհրաժեշտ պահին վերածվել հենակետային 3-րդ կիսապաշտպանի ու եռյակ կազմել Ուիլշիր-Ջակա-Ռեմզի-Նենե քառյակից ցանկացած երկուսի հետ:

Լուսանկարը` arsenal.com


Եզրահանգումներ անցած ճանապարհից

Հենրիխ Մխիթարյանն իր ողջ կարյերայի ընթացքում թիմային շահը միշտ վեր է դասել անձնական շահից: Դեպքերի մեծ մասում նման խաղաոճն արդարացվել է: Փորձը ցույց է տալիս, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխին պակասեց վճռականությունն ու անհրաժեշտ պահին դրվագների ելքը վճռելու կարողությունը: Եթե Ռեշֆորդին հազարավոր անգամ անհատական պայքարում կարելի էր գնդակ կորցնել, Մխիթարյանին նման ճոխություն չէր թույլատրվում: Հենրիխը սովորեցրել էր «Յունայթեդի» մարզչական կազմին, որ պետք է ցանկացած իրավիճակում փոխանցում կատարել թիմակցիներին: Մանչեսթերում դա չգնահատվեց: «Արսենալում» սկսվում է նոր խաղափուլ, որտեղ կարեւոր է նախկին սխալները թույլ չտալ: Այստեղ չկան ֆուտբոլիստներ, որոնք իրենց անհատական կարգով, անցած ճանապարհով կամ հաջողություններով գերազանցում են Մխիթարյանին ու կարող են կաշկանդել նրան: Պետք է ռիսկի դիմել, խաղը վերցնել սեփական ձեռքը, լինել մի փոքր էգոիստ ու չվախենալ սխալվելուց: «Արսենալում» բոլորն են սխալվում...

Լուսանկարը` arsenal.com


Հեռանկարներ...

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունն առաջին հայացքից հետքայլ է ֆուտբոլիստի կարիերայում: Այս ամենի մեղավորն «Արսենալի» մարզչական շտաբն ու ակումբի ղեկավարությունն են: Փառահեղ պատմությանը հաջորդել է մի շրջան, երբ համաշխարհային կարգի աստղերը չեն ցանկանում տեղափոխվել «Արսենալ»: Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գուցե առաջին ազդակը լինի նոր գլոբալ փոփոխություների: Այս օրերին քննարկվում է նաեւ Պիեռ Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցը, որը կարծես մոտ է հանգուցալուծման: Եթե զինագործները կարողանան Օբամեյանգին թիմ բերել, «Արսենալը» ձմեռային դադարից հետո ավելի ուժեղ կազմով կշարունակի պայքարը մրցաշրջանի 2-րդ կեսում: Շատ հավանական է, որ ամռանը թիմն արդեն կունենա այն կազմն ու ամբիցիան, որով ունակ կլինի պայքարել չեմպինության համար: Իսկ Հենրիխը նոր կառուցվող թիմում կլինի առանցքային դերակատարներից մեկը...

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին