Մարդկային երեւակայությունն ու գեղեցիկն արարելու ձգտումը սահմաններ չունեն: Ամբողջ աշխարհով մեկ սփռված են այդ ստեղծարար մտքի յուրահատուկ դրսեւորումները:
Այսօր ներկայացնելու ենք դրանցից հերթականները՝ թենիսի կորտերը: Դրանք յուրահատուկ են, անկրկնելի ու բնության հետ ներդաշնակ՝ Ավստրալիայից ԱՄՆ, ԱՄԷ-ից Տանզանիա:
321 մ բարձրության վրա
Բուրջ ալ Արաբ երկնաքերի տանիքին է գտնվում աշխարհի ամենաբարձր թենիսի կորտը:
Օվկիանոսի մակարդակից 321 մետր բարձրության վրա տեղակայված հիասքանչ հյուրանոցը միայն Դուբայի մյուս հյուրանոցին՝ Rose Tower-ին է զիջում (333 մ):
Կորտը գտնվում է «Ալ Մութահ» ռեստորանի դիմաց: Իրականում այն ուղղաթիռի վայրեջքի համար է նախատեսված եղել, ավելի ուշ տեղադրվել է կորտը: Քանի որ ուղղաթիռներ շատ քիչ են ժամանում հյուրանոց, տարածքն ավելի շատ սպորտային նպատակների է ծառայում:
Լուսանկարը` dailymail.co.uk
Կորտը 415 մ2 է, այն արհեստական խոտածածկ ունի, 4 կողմից շրջափակված է ցանցով՝ ապահովելով անվտանգության բոլոր կանոնները: Սակայն երբեմն-երբեմն թենիսի գնդակները դուրս են գալիս ցանցի շրջանակներից ու վայրեջք կատարում գետնին:
2005 թվականին Դուբայում կայացած թենիսի մրցաշարի ժամանակ Բուրջ ալ Արաբում են հանգրվանել Ռոջեր Ֆեդերերն ու Անդրե Աղասին: Նրանք առիթը բաց չեն թողել ու հյուրանոցի տանիքին թենիս են խաղացել:
Կորտի այդ տարածքում Թայգեր Վուդսն ու Ռորի Մաքիլրոյը գոլֆ են խաղացել, ավտոարշավորդ Դեւիդ Կուլտհարտը Ֆորմուլա 1-ի մեքենա վարել:
Ամստերդամի նարնջագույն կորտերը
2014 թվականից Ամստերդամում գործող IJburg ակումբի բոլոր կորտերը նարնջագույն են: Ակումբի գլխավոր շենքը բազմաֆունկցիոնալ է, վերեւի հատվածը, որը 7 մետր բարձրության վրա է, ծառայում է եւ որպես տանիք, եւ 200 տեղանոց տրիբունա: 322 մ երկարություն ունեցող կառույցի երկու ծայրերում են գտնվում խոհանոցն ու հանդերձարանները:
Ակումբը կառուցվել է Ամստերդամի արեւելյան հատվածում գտնվող արհեստական կղզու վրա: Բոլոր 10 կորտերը գրունտից են, գործում է նաեւ թենիսի դպրոց երեխաների համար:
Լուսանկարը` dutcharchitects.org
IJburg-ի ճարտարապետ Վինի Մասի խոսքով, գույները հատուկ են ընտրված, որպեսզի ավելի տեսանելի լինեն ու ծառայեն սպորտի տարածմանը՝ նպաստեն սպորտով զբաղվելուն ու պայքարեն գիրանալու դեմ:
Ծովի ափի ընտանեկան ակադեմիան
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում է գտնվում Ջոնսեն եղբայրների ակադեմիան: Լյուկ եւ Մերֆի Ջոնսենները 1990-ականներին թենիսի զուգախաղի մրցումներում են հանդես եկել: Մինչեւ 1993-ը եղբայրներն այդքան էլ հայտնի չեն եղել, սակայն Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակը նրանց միանգամից ճանաչում է բերել:
Կարիերան ավարտելուց հետո եղբայրները բնավ էլ մտադրություն չեն ունեցել մարզչական աշխատանքի անցնել ու իրենց գիտելիքները երիտասարդներին փոխանցել:
Լուսանկարը` pinterest.com
Սակայն այն բանից հետո, երբ իրենց հանգիստն անցկացրել են Sea Island-ում, սիրահարվել են տեղանքին ու որոշել այնտեղ ակադեմիա հիմնել:
Այն ունի 16 կորտ, որոնցից գլխավորը 8-ն են, մնացածները տեղակայված են ակադեմիայի շուրջը:
Տանզանիայի Սերենգետի ազգային պարկը
Դարեր շարունակ Քենիայի լայնարձակ հարթավայրի այս տարածքն ամայի է եղել, սակայն մոտ 100 տարի առաջ քոչվոր մասաի ցեղերն իրենց անասունների հետ հաստատվել են այստեղ:
Այն աստճանաբար ընդլայնվել է ու 1951 թվականին հարուստ կենդանական աշխարհ ունեցող Ազգային պարկի վերածվել: Պարկը մոտ 500 տեսակի թռչուններ ու 3 մլն կենդանիներ ունի:
Լուսանկարը` artofsafari.travel
Ազգային պարկի շուրջը 1920-ական թվականների ոճով ու բոլոր հարմարություններով սաֆարի ճամբար կա, որը միաժամանակ կարող է տեղավորել ընդամենը 12 հյուրերի:
Ճամբարը 6 գեղեցիկ ու յուրահատուկ վրաններից բացի նաեւ կորտ ունի, որտեղ կարելի է թենիս խաղալ՝ շրջապատված լինելով գեղեցիկ կենդանիներով ու տեսարաններով:
Ճարտարապետական լուծումներով կորտը
Նյու Յորքում գտնվող 50 հա ունեցող կալվածքը, որն առավել հաճախ անվանում են Astor Courts, կալվածատեր Ջոն Ջեյկոբ Աստորի 2800 հա սեփականության մի մասն է եղել:
1850-ականների կեսերին Աստորները ձեռնամուխ են եղել Beaux Arts-ի ոճով շինության կառուցմանը, որը լինելու էր Վերսալի ու Մեծ Տրիանոնի նման: Շինարարությունն ավարտվել է 1904-ին: Տարիներ անց այն ծառայել է որպես հյուրանոցային համալիր՝ առաջին ծածկով տանիքով լողավազանով, թենիսի կորտով, հրաձգարանով ու բոուլինգի հարմարություններով:
Թեեւ Astor Courts-ը դրսում խոտածածկ կորտ ունի, սակայն ներսի երկուսը բոլորովին այլ են, այնտեղից տեսարան է բացվում դեպի գեղեցիկ կառույցը:
Լուսանկարը` thechromologist.com
Astor Courts-ի տերը 1912-ին եղել է «Տիտանիկի» վրա ու խորտակվել է: Կալվածքը շարունակել է մնալ Աստորների ձեռքերում, սակայն 1960-ականներին բաժանվել է առանձին հատվածների, որոնք վաճառվել կամ էլ հանձնվել են որպես նվիրատվություն:
2008-ին Astor Courts-ը վաճառվել է 3,2 մլն դոլարով, նոր տերը հսկայական գումարներ է ծախսել ճարտարապետական հին տեսքը վերականգնելու համար:
Ավստրալիայի տեղաշարժվող տանիքով կորտերը
Մելբուռնի Rod Laver Arena-ում են կայանում Ավստրալիայի բաց առաջնության հանդիպումները: Սկզբում այն Ֆլինփերս պարկ է կոչվել, սակայն 2000 թվականին վերանվանվել է Ավստրալիայի բաց առաջնության եռակի հաղթող Ռոդ Լեյվերի պատվին:
Կառույցի շինարարությունն ավարտվել է 1988 թվականին, այն տեղավորում է 16,820 հանդիսական, իսկ տարեկան այցելուների թիվը հասնում է 1,5 մլն-ի:
Լուսանկարը` vertimaxaustralia.com.au
Արենան տեղաշարժվող ծածկ ունի, ինչը թույլ է տալիս հանդիպումներ անցկացնել եղանակային բոլոր պայմանների դեպքում: Թենիսից բացի ընդունում է մոտոսպորտի, լողի, բեյսբոլի մրցումներ, համերգներ, բալետային ներկայացումներ:
Rod Laver Arena-ում տեղադրված է Hawk-Eye համակարգը, ինչը թույլ է տալիս ստուգել մրցավարների կայացրած որոշումները, եթե գնդակը հատում է կորտի սահմանները կամ էլ գծի վրա է վայրէջք կատարում:
Ապագայի կորտերը՝ ջրի հատակին
Շուտով Դուբայը զարմացնելու է եւս մեկ շլացուցիչ կորտով, այն գտնվելու է ջրի տակ:
Նախագծի հեղինակը լեհ Քրիստոֆ Կոտալան է: Նա Պարսից ծոցում՝ Բուրջ ալ Արաբ եւ Պալմ Ջումեյրա կղզիների միջեւ նախատեսում է կառուցել աշխարհի ամենաեզրակի կորտը:
Լուսանկարը` arabianbusiness.com
Հսկայական ակվարիումը գտնվելու է կորալյան խութերի հատվածում: Ամենադժվարը լինելու է ապակու ընտրությունը, որը կդիմանա ջրի ճնշմանը: Այն պետք է 108 ֆուտ լինի ու կշռի մոտավորապես 100 տոննա: Ստորջրյա կորտի կառուցման համար կպահանջվի 2,5 մլրդ դոլար:
Երկրպագուներն իրենք կորոշեն հետեւել թենիսի մրցումներին, թե հիանալ ջրային աշխարհի անկրկնելի տեսարաններով:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: