Ապրիլ 19, 2024
exclusive
6585 դիտում

Չեմպիոնների լիգա. սուպերդիմակայությունների ակնկալիքով


Լուսանկարը` http://bestgoal.tv/


Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ հին աշխարհի ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Mediamax Sport-ը վերլուծել է այն` հիմնվելով նախորդ փուլում թիմերի ցուցադրած խաղերի եւ ներկայիս մարզավիճակի վրա։

Լուսանկարը` https://img.uefa.com


Երկու «եզրափակիչ» 1/4-ում

«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ». Ճակատագրի հեգնանք կամ ուսուցիչն ու աշակերտը

Անկասկած, այս խաղը կարող էր զարդարել ՉԼ-ի եզրափակիչը, սակայն ճակատագրի հեգնանքով նրանք միմյանց դեմ մրցելու են արդեն 1/4-ում: Այս դիմակայությանը յուրահատուկ հետաքրքրություն է հաղորդում մարզիչների գործոնը: Զինեդին Զիդանը նախ Կառլո Անչելոտիի օգնականի կարգավիճակում «արքայական» ակումբի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ հետո, արդեն որպես գլխավոր մարզիչ, գլխավերեւում պահեց բաղձալի գավաթը: Անչելոտիի դեպքում կյանքն ու մադրիդյան ակումբի ղեկավարությունը շռայլ չգտնվեցին: Հիմա իտալացին իր ներկայիս ակումբի հետ ունի բոլոր հնարավորությունները վրեժ լուծելու համար:
 Խաղային տեսանկյունից եւս այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Համաշխարհային մակարդակի աստղերի պայքար, որտեղ շատ մեծ դեր է հատկացվելու տակտիկային:

«Յուվենթուս» - «Բարսելոնա». Եկել է ռեւանշի ժամանակը

Գրեթե երկու տարի առաջ՝ ՉԼ-ի 2014-15թթ մրցաշրջանի եզրափակչում այս թիմերի խաղն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով: Այդ ժամանակ շատերը պնդում էին, որ թուրինցիներն առանց այդ էլ հրաշք էին իրագործել, հայտնվելով եզրափակչում, այնպես որ, խաղի ելքն արդարացի էր: Հիմա իրավիճակը լրիվ այլ է: «Յուվենթուսն» օրեցօր վերելք է ապրում, հզորանում, կատարելագործվում: Եվ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ, էլ ե՞րբ կարելի եւ հնարավոր կլինի համարձակություն հավաքել եւ գրոհել կապտանռնագույն մեքենան, որը ֆուտբոլում անհնարինը դարձնում է հնարավոր: Այո... այլ կերպ չես անվանի այն, ինչ արեցին Լուիս Էնրիկեի սաները «ՊՍԺ»-ի դեմ պատասխան խաղում: Կա կարծիք, որ այդ խաղում ոչ թե հաղթեց «Բարսելոնան», այլ «ՊՍԺ-ն» պարտվեց՝ իր անփութության պատճառով: Սակայն ինչպես ասում են՝ առանց կրակ բոց չի լինում: Իսկ մրցավարական սխալների մասին խոսողներին ու խաղը «ծախած» անվանողներին խորհուրդ կտամ անհայտ ծագումով թեյ չխմել, քանզի դրանք, ինչպես երեւում է կողմնակի ազդեցություններ են առաջացնում:

Երկու թիմերն էլ հաճախակի փոփոխում են տակտիկական սխեման՝ օգտագործելով եւ 3, եւ 4 պաշտպաններով դասավորությունները: Կարճ ասած՝ ֆուտբոլային հրավառությունն ապահովված է, իսկ գոլային հրավառության քանակն ու որակը պարզ կդառնա խաղերի ընթացքում:

Ստվերում մնացած, բայց ոչ պակաս հետաքրքիր հանդիպումներ

«Ատլետիկո» - «Լեսթեր». Դասական հակագրոհողները

Այս երկու ակումբների դիմակայությունը մնում է ստվերում, սակայն այստեղ ֆուտբոլային առումով հնարավոր է, որ շատ ավելի հետաքրքիր իրադարձություններ գրանցվեն: Երկու թիմերն էլ օգտագործում են հակագրոհների տակտիկան՝ կիրառելով դասական 4-4-2 սխեման: Սա նշանակում է, որ երկու խաղերում էլ ամենաարագը կատարվելու է պաշտպանությունից հարձակում դուրս գալը: Նմանատիպ խաղերում կարեւոր է ամուր պաշտպանություն ունենալու հանգամանքը, քանզի հարձակումը գրեթե միշտ սկսվում է պաշտպանությունից:

Եվս մեկ ընդհանրություն, որն ունեն այս երկու ակումբները. կորցնելու ոչինչ չունենալու փաստը: «Ատլետիկոն» Լա Լիգայում կորցրել է չեմպիոն դառնալու հույսերը եւ ամբողջ ուժերը կենտրոնացնելու է ՉԼ-ի վրա՝ վերջապես երրորդ փորձից դրական արդյունքի հույսեր փայփայելով: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար այս մրցաշրջանն ամենայն հավանականությամբ վերջինն է լինելու մադրիդյան ակումբի ղեկին, այդ իսկ պատճառով արգենտինացին կփորձի անել հնարավորն ու անհնարը:

«Բորուսիա Դ.» - «Մոնակո». Հարձակողական ֆուտբոլի ջատագովները

«Մոնակոյի» հարձակման գծի արդյունավետությունը պարզապես հիացնում է: Դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղերում: Լեոնարդո Ժարդիմի թիմը խաղադաշտում կարծես չի նկատում ոչ մրցակցի պաշտպաններին, ոչ դարպասապահին: Ֆրանսիացի Կիլիան Մբապեն պարզապես փայլում է իր արդյունավետությամբ, իսկ Բերնարդու Սիլվան  ու Ռադամել Ֆալկաոն լրացնում են նրան՝ կազմելով հզոր հարձակման բռունցք: Հարձակողական ֆուտբոլի ոչ պակաս ներկայացուցիչ է նաեւ Դորտմունդի «Բորուսիան»: Գերմանական թիմի առջեւի գծում փայլում են Պյեր Էմերիկ Օբամեյանգն ու Օսման Դեմբելեն: Մի բան հաստատ է՝ այս դիմակայության երկու խաղերում էլ գնդակը դաշտի կենտրոնում գրեթե չի մնալու, իսկ դա նշանակում է, որ խելահեղ գրոհներն ու բազում գոլային պահերը երաշխավորված են:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին