Ռիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմից մեծ ակնկալիքներ ունեինք բոլորս: Այստեղ այնպիսի մարզիկներ էին ընդգրկվել, ովքեր իրենց քաշային կարգերում լավագույններից են:
Մրցումային երկրորդ օրը մեր երկիրը ներկայացնում էին Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Մեկ օր ու եզրափակչի երկու մասնակից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեռ մի քանի ժամ կար եզրափակիչներից, բայց ես արդեն B գորգի մոտ էի. պետք էր լավ դիրք ընտրել, որպեսզի մեր մարզիկների ելույթների ժամանակ տասնյակ ֆոտոլրագրողները չխանգարեին: Երբ սկսվեցին սփոփիչ գոտեմարտերը, ու ես պարզապես նստած հետեւում էի, ոչ թե նկարում, կողքիս ամերիկացի ֆոտոլրագրողը զարմացավ, թե ինչու եմ «պարապ» նստել: Պատասխանեցի, թե իմ երկրի մարզիկների ելույթներին եմ սպասում: «Իսկ ո՞ր երկրից եք»,-հարցրեց, «Հայաստանից»,- պատասխանեցի: «Հաաաա,- հիացմունքով ասաց նա,- շատ լավ մարզիկներ ունեք: Միանգամից երկու հոգի եզրափակչում է, հաջողություն եմ մաղթում»: Սրանից լավ բան Միհրանն ու Արթուրն ինձ նվիրել չէին էլ կարող:
Բայց մինչ այդ եղան որակավորման գոտեմարտերը: Արթուր Ալեքսանյանի ելույթն արդեն ամփոփել ենք: Այսօր կխոսենք Միհրան Հարությունյանի մասին:
Միհրանը Ռիոյում պարզապես հրաշալի էր գործում: Նրա բոլոր գոտեմարտերը դիտարժան, արագ, դինամիկ ու գեղեցիկն էին: Ամեն անգամ, երբ մարզիչների ուղեկցությամբ դուրս էր գալիս, այնքան վստահ էր բարձրանում գորգ, որ նույնիսկ մրցակիցներն էին զգում, որ պարտվելու են:
Լուսանկարը` Մեդիամաքս
2016-ն ամենասպասված տարին էր ինձ համար: Իմ մարզական կյանքի ընթացքում այդ տարվան էի սպասում ու պատրաստվում: Անընդհատ մարզումներ, քրտնաջան աշխատանք, այս ամենը միայն մեկ նպատակի համար էր: Ափսոս, այնպես չստացվեց, ինչպես կցանկանայի, երեւի ոչինչ կատարյալ չի լինում:
Մեկնարկային գոտեմարտում Միհրանից ընդամենը 1,25 րոպե պահանջվեց, որպեսզի մաքուր հաղթանակ տանի եգիպտացի ըմբիշի նկատմամբ: Երկրորդում, որտեղ նրա մրցակիցն Աշխարհի չեմպիոն կորեացի Հանսու Ռյուին էր, մեր ըմբիշը կրկին ոչ մի շանս չտվեց մրցակցին: Կիսաեզրափակչում նրան սպասում էր Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաեւը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Րոպեների ընթացքում թիկունքումս հայտնվեցին դահլիճում ներկա թուրք-ադրբեջանական երկրպագուները: Այդպիսի երկրպագություն մինչ այդ դեռ չէր եղել: Անսահման լարված վիճակում սպասում էի մեկնարկին, երբ կրկին մեր թիմը հանգիստ ու վստահ մոտեցավ գորգին: Համոզված եմ, որ տեսել եք այդ գոտեմարտը, սակայն կարող եք կրկին դիտել. Միհրանն այդտեղ պարզապես փայլում է: Աննկարագրելի ուրախություն, անսահման հպարտություն, ինձ համար սա պարզապես եզրափակչի ուղեգիր չէր, սա ավելին էր, որի բացատրությունը բառերով չեմ կարող նկարագրել:
Այսպես, մենք ունեինք եզրափակչի երկու մասնակից, որոնցից առաջինը գորգ եկավ Միհրանն ու կրկին չպարտվեց: Մրցավարների, մրցակցի մասին շատ է խոսվել, չանդրադառնանք դրան: Պարզապես այն խորը ցավն ու հիասթափությունը, որն ապրեցի այդ պահին, երբեք չեմ մոռանա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես երբեք իմ վրայից պատասխանատվությունը չեմ գցում ուրիշի վրա: Ես կատարյալ չեմ, առաջ գնալու տեղ ունեմ: Միգուցե ինչ-որ բան այն չստացվեց ինձ մոտ: Բայց բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ: Չեմ ցանկանում մեկնաբանել: Ցավոք, բայց սա արդեն պատմություն է: Պետք է առաջ շարժվել:
Ողջ մարզադահլիճն էր բացականչում հայ մարզիկի անունը եւ սուլում սերբ մրցակցին, բոլորը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, սակայն ինչ-որ բան փոխել հնարավոր չէր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես սերբերեն չգիտեմ, բայց, քանի որ ռուսերենին նման է, մոտավորապես հասկացա, որ մրցակիցս ասաց խնդրում եմ հանգստացիր, իսկ պարգեւատրման ժամանակ Լալովիչն ասաց, թե դու լավագույնն ես, կեցցես, դեռ ամեն ինչ առջեւում է: Սրանք պարզապես բառեր էին ու ինձ չէին հետաքրքրում:
Պարգեւատրման ժամանակ Միհրանն այդպես էլ չկարողացավ զսպել արցունքները: Իսկ երբ մոտեցան լուսանկարիչներին, նա այդպես էլ չժպտաց: Ես միայն կարող էի գոռալ ու ասել, որ նա լավագույնն է: Սակայն դրանք նույնպես պարզապես բառեր էին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ոչ ոքի չեմ ցանկանում նման բան: Սա մեծ ցավ է, որը երբեք էլ չի անցնի, միգուցե կարող եմ ցույց չտալ, բայց այն միշտ ինձ հետ է: Մեդալն իմն էր, բայց ինձ մոտ չէ, նույնիսկ եթե չեմպիոն դառնամ, մեկ է, այս ամենը միշտ կմնա իմ մեջ:
Ելույթի հաջորդ օրը Միհրանը փորձում էր ժպտալ, զրուցել, բայց բոլորս էլ այնքան ցավ էինք զգում ու ափսոսում: Չէինք կարողանում ինչ-որ բան ասել, մի տեսակ անիմաստ էր: Բոլոր հայերը նրան ընդունեցին որպես չպարտված մարզիկի, բոլորը սիրեցին ու հասկացան նրան:

Լուսանկարը` Մեդիամաքս
Անկեղծ եմ ասում, այնքան ցավալի է, որ որոշ մարդիկ ասում են, թե ես ինքնագովազդով եմ զբաղվում ու ինձ Օլիմպիական չեմպիոն եմ համարում: Ես Միհրան Հարությունյանն եմ, ես ինձ չեմպիոն կամ արծաթե մեդալակիր չեմ համարում, մարդիկ են ինձ այդպես ընկալում: Ես երբեք ոչ մի տեղ չեմ ասել ու չեմ ասի, թե չեմպիոն եմ: Ժողովրդի գնահատանքն ավելի բարձր է ինձ համար, քան Օլիմպիական մեդալը:
Միհրան Հարությունյանը, որը Ռիոյի խաղերին մասնակցում էր վնասվածքով, վիրահատությունից հետո կամաց-կամաց վերականգնվում է: Ցավոք, բայց նա մի քանի ամիս չի կարողանա մարզվել ու մասնակցել միջազգային մրցաշարերի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս տարին ինձ տվեց իմ ազգի ամենաջերմ ու հաճելի մեծ աջակցությունը: Ես ուզում եմ այն ողջ կյանքում պահել իմ մեջ ու արժանի լինել դրան:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: