Ապրիլ 25, 2024
exclusive
4787 դիտում

Դատապարտված Դոնեցկի «Շախտյորն» ու «Օլիմպիկի» 19-ամյա տաղանդը



Գերմանական Բունդեսլիգայի  լավագույն հանդիպումները կայանում են ձյունապատ խաղադաշտում: Հենց  «90+»-ում «Ֆրայբուրգը» դաժան հաշվեհարդար տեսավ «Քյոլնի» նկատմամբ: Mediamax Sport-ում տեղ են գտել նաեւ «Լիոնի» հարձակվող Հուսեմ Աուարն ու 8 հոգով մնացած Դոնեցկի «Շախտյորը»:

«Ամյեն»-«Լիոն»: Ֆրանսիական Լիգա 1-ի 17-րդ տուրում մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականից կարող էր զրկվել Լիոնի «Օլիմպիկը»: Բրունո Ջենեզիոյի թիմն արտագնա խաղում մրցում էր առաջնության բացահայտումներից մեկը դարձած «Ամյենի» հետ: Նորեկը մրցաշարային աղյուսակի միջնամասում հարմարավետ տեղակայվել է ու երբեմն խայթում է ֆրանսիական չափանիշներով բավական ուժեղ թիմերի: «Լիոնը» եւս անմասն չմնաց փորձություններից ու ստիպված էր մինչեւ վերջին վայրկյանը պայքարել հաղթանակի համար:

Սկզբում «Ամյենը» հաղթում էր Սերժ Գակպեի գոլի շնորհիվ: Դա շարունակվեց այնքան, մինչեւ խաղին միջամտեց Բրունո Ջենեզիոն: Նա 66-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց Տանկին Նդոմբելեին, ով րոպեներ հետո սկսեց քանդել «Ամյենի» պաշտպանության ձախ եզրը: Նախ նրա փոխանցումից հետո 79-րդ րոպեին Հուսսեմ Աուարը հավասարեցրեց խաղի հաշիվը, այնուհետեւ մրցավարի կողմից կոմպենսացված «90+4»-րդ րոպեին վերջին գրոհով 19-ամյա Աուարը հաղթանակ պարգեւեց «Լիոնին» ՝ ապահովելով խաղի դրամատիկ վերջաբանը: Երիտասարդ Հուսսեմ Աուարն իր դուբլով եւս մեկ անգամ փաստեց, որ համարվում է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը:



«Քյոլն»-«Ֆրայբուրգ»: Թրիլերային ֆուտբոլ ձյունապատ մարզադաշտում, որտեղ գլխավոր մրցավարը 11-մետրանոցներ նշանակելուց հետո ոտքերով է չափում գնդակի նշակետը: Սա դեռ վերջը չէ: Ցանկացած պայքարից հետո, որն ընթանում էր դաշտի եզրային գծի սահմաններում, ֆուտբոլիստները դատապարտված էին ընկղմվել գծի անմիջապես կողքին գտնվող կես մետր բարձրությամբ ձյան շերտի մեջ: Այսպիսի եղանակային պայմանները չխանգարեցին «Քյոլին» ու «Ֆրայբորգին» իսկական թատերական ներկայացում ապահովել երկրպագուների համար:

Առաջին խաղակեսի 29 րոպեից հետո դաշտի տերերը հաղթում էին խոշոր՝ 3:0 հաշվով: Նույնիսկ «Ֆրայբորգի» երկրպագուները համակերպվել էին պարտության մտքի հետ, բայց ոչ թիմը: Առաջին կեսի վերջնամասում հեղինակած գոլը լրացուցիչ ադրենալին ներարկեց հյուրերին, որոնք էլ 2-րդ կեսի արդեն վերջին րոպեին կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը՝ 3:3: Սա «Ֆրայբորգի» վերջին հաջողությունը չէր այս խաղում, քանզի մրցավարի կողմից ավելացրած «90+5»-րդ րոպեին Նիլս Պետերսենը պետք է դառնար հեթ-տրիկի հեղինակ ու «Ֆրայբորգի» համար ապահովեր մրցաշարջանի, երեւի թե, ամենակամային հաղթանակը:  4:3, եւ Բունդեսլիգայի այս պահին ամենաաղմկոտ քամբեքի հեղինակը «Ֆրայբուրգն» է:



«Վիտորիա Գիմարայեշ»-«Ֆեյրենսի»: Եվրոպայի լիգայում տապալվելուց հետո Պորտուգալիայի առաջնությունում աստիճանաբար մրցաշարային գործերն է կարգավորում «Գիմարայեշը»: Պեդրո Մարտինշի թիմը չնայած չի ցուցադրում վառ հարձակողական ֆուտբոլ, այնուհանդերձ կարողանում է հասնել ցանկալի արդյունքի: «Ֆեյրենսիի» հետ խաղում միակ դրական արդյունքը հաղթանակն էր, որին ձգտում էին դաշտի տերերը:

Հաղթանակի մեծ ցանկությունը մի քանի դրվագում կարող էր չար կատակ խաղալ նրանց գլխին, քանի որ «Ֆեյրենսին» մի քանի անգամ նպաստավոր դիրքից վրիպեց: Արդյունքում 90 րոպեից հետո խաղի հաշիվը այդպես էլ չբացվեց, ու մրցավեճի ելքը վճռվեց մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին: Հյուրերի դարպասապահը տուգանայինի խաղարկաման ժամանակ անհաջող խաղաց, որից անմիջապես օգտվեց «Վիտորիայի» ֆուտբոլիստ Խոսե Ֆերեյրան՝ գնդակը տուգանային հրապարակի մատույցներից ուղարկելով  հյուրերի դարպասն ու դարձավ խաղի միակ եւ հաղթական գոլի հեղինակը:



«Զարյա»-«Շախտյոր»: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո, Դոնեցկի «Շախտյորն» իրեն ամենազորը համարեց, որի հետեւանքը Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում կրած սենսացիոն պարտությունն է Լուգանսկի «Զարյայից»: Մինչ քաոսի սկիզբը հանքափորներն իրենց հատուկ հանգստությամբ խաղը հաղթական ավարտի էին հասցնում: «Շախտյորի» կազմում միակ  գոլը հեղինակել էր Իվան Պատրյակը: Հենց նրա դերասանությունից էլ սկսվեց «Շախտյորի» անհաջողությունը: Նախ ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակում ձեւականորեն ընկավ, որից հետո մրցավարը հեռացրեց նրան: Կրքերը թեժանցան, չդիմացավ Ֆրեդը, ով կրկին հեռացվեց խաղադաշտից    ՝ իր թիմին թողնելով 9 հոգով: Սա էլ դեռ վերջը չէր:

90-րդ րոպեին «Զարյան» վաստակեց 11-մետրանոց հարված, որին շատ բուռն արձագանքեց Յարոսլավ Ռակիցկին, նա էլ հեռացվեց խաղադաշտից: Արդյունքում «Շախտյորը» մնաց 8 ֆուտբոլիստներով: «Զարյան» նախ «90+2»-րդ րոպեին  հավասարեցրեց խաղի հաշիվը, այնուհետեւ հոկեյին բնորոշ առավելությունը վերածեց հաղթանակի: «90+5»-րդ րոպեին «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը սխալվեց դարպասից դուրս գալիս, պատահականորեն գնդակը դիպավ սեփական պաշտպան Բոգդան Բուտկոյին ու հայտնվեց դարպասում: Այսպիսով հանքափորները պարտվեցին ու շանս տվեցին Կիեւի «Դինամոյին» հավասարվել իրենց: Վերջիններս դեռ իրենց ակտիվում մեկ խաղ ունեն:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին