exclusive
6128 դիտում

Մահ տեսած տղերքին ֆուտբոլով չես հաղթի



Բրազիլական «Շապեկոնենսեն» ոչ միայն հաղթահարել է ծանրագույն աղետի հոգեբանական արգելքը, այլեւ «90+»-ում նոկաուտի է ենթարկում մրցակցիցներին: Mediamax Sport-ը ներկայացնում է շաբաթվա ադրենալինի իր չափաբաժինը:

«Շապեկոենսե»-«Կորիտիբա»:  Բրազիլական ֆուտբոլի ամենաողբերգական պատահարից անցել է արդեն մեկ տարի, իսկ «Շապեկոենսեն» շարունակում է կամային որակներով զարմացնել աշխարհին: Նրանք կարողացել են հաղթել մահին: «Կորիտիբային» չես նախանձի: Հյուրերն իհարկե ջանք չխնայեցին «Շապեի» դաշտում առավելության հասնելու համար, բայց մահ տեսած տղերքին կամային որակներով կոտրել չկարողացան: «Կորիտիբան» առաջինը հասավ հաջողության, բայց առավելությունը պահպանել չստացվեց:

«Շապեկոենսեն» 2-րդ կեսում երկու գեղեցկագույն գնդակ հեղինակեց, որոնցից երկրորդը կայացավ «90+5»-րդ րոպեին: Այն պահին, երբ բոլորը հաշտվել էին ոչ-ոքի արդյունքի հետ, «Շապեի» ֆուտբոլիստ Կանտերոսը վարպետորեն գնդակը նետեց տուգանային հրապարակ: «Կորիտիբայի» դարպասապահն ընդառաջ դուրս եկավ Պաուլիստայի փոխանցմանը, ով վերջնական հարվածի դուրս բերեց Տուլիո Դե Մելոյին: Վերջինս եզրափակեց դաշտի տերերի եռաքայլ կոմբինացին: «Շապեկոնեսեն» հաղթեց 2-1 հաշվով:



«Կրասնոդար»-«Ախմատ»: Ռուսական պրեմիեր լիգայի երկրպագուների համար՝ երանելի դրամատիզմով համեմված խաղերի շարքը շարունակվում է: «Սպարտակ»-«Զենիթ» խաղի ադրենալինը դեռ վերջնականապես չսպառած ռուս երկրպագուին սպասում էր հերթական նվերը: «Կրասնոդարը» սեփական հարկի տակ պատրաստվում էր նախ սրտի կաթվածի հասցնել տեղացի երկրպագուներին, այնուհետև երջանկության արցունքներով փարատել բոլոր մեղքերը:

«Ախմատի» հետ խաղի առաջին կեսում Կադիրովի թիմը 2 գնդակ ուղարկեց «Կրասնոդարի» դարպասը՝ դաշտի տերերին գցելով աներանելի դրության մեջ: Բոլորը շտապեցին կանաչներին պարտություն գրանցել, բացի թիմի գլխավոր մարզիչ Իգոր Շալիմովից: 2-րդ կեսում «Կրասնոդարը» վրաերթի ենթարկեց չեչեններին՝ նախ հավասարեցնելով խաղի հաշիվը, այնուհետեւ «90+3»-րդ րոպեին հաղթանակ կորզելով: Փոխարինման դուրս եկած Ժոաոզինիոն անշտապ մտնելով տուգանային հրապարակ, ստացավ Վիկտոր Կլասենի հաշվենկատ փոխանցումն ու չվրիպեց՝ 3-2:



«Ատլետիկ»-«Ֆորմենտերա»: Բասկերի երկրում «Ատլետիկը» ճակատամարտ է տալիս միայն գրանդերի հետ:Եթե մրցակցի կազմում գերաստղեր չկան, ապա ցանկացած արդյունք հնարավոր է տեսնել «Նուեվա Սան Մամեսում»: Այդպես եղավ նաեւ Իսպանիայի գավաթի խաղարկության «Ֆորմենտերայի» հետ խաղում: «Ատլետիկն» առաջին խաղից հետո մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ շարունակում էր պայքարն արքայական գավաթի համար, բայց ամենավճռական պահին սայթակեց ու թույլ տվեց մրցակցին ֆիասկոյի ենթարկել բասկերին:

Խաղի հիմնական ժամանակի 90 րոպեն հաղթողին ի հայտ չբերեց: «Ֆորմենտերային» գոլ էր պետք: Հյուրերն իրենց ցանկությունն ի կատար ածեցին մրցավարի կողմից ավելացված ժամանակի «90+6»-րդ րոպեին: Ալվարո Մունիզը, Իսպանիայի 3-րդ դիվիզոնի թիմի կազմում դարձավ միակ ու հաղթական գոլի հեղինակը:



«Սամպդորիա»-«Լացիո»: 3 տուր շարունակ հաղթանակի զգացողությունը կորցրած Սիմոնե Ինձագիի «Լացիոն» Ա սերիայի 15-րդ տուրում արտագնա հանդիպում էր անցկացնում «Սամպդորիայի» հետ: Մինչեւ արծիվներին առճակատվելն ընթացիկ մրցաշարջանում ջենովացիները սեփական հարկի տակ բոլոր 6 խաղում դաշտը լքել էին հաղթողի դերում: «Լացիոյի» հետ դիմայկայության սցենարը եւս մոտ էր մյուս խաղերին, բայց Ինձագին Իտալիայի առաջնության լավագույն մարզիչներից մեկը չէր լինի, եթե չշտկեր իրավիճակը հօգուտ երկնագույնների:

Սերգեյ Միլիկովիչ-Սավիչի տաղանդի շնորհիվ, «Լացիոն» նախ կարողացավ բեկել խաղի ընթացքն ու հավասարեցնել հաշիվը: Սերբը չբավարարվեց միայն այսքանով: Մրցավարի կողմից ավելացրած «90+1»-րդ րոպեին,Միլիկովիչ-Սավիչը  խորամանկ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ: Խառնաշփոթ դրությունում գնդակը հայտնվեց փոխարինման մտած  Ֆելիպե Կայսեդոյի մոտ: Բրազիլացին չվրիպեց նպաստավոր դիրքից՝ հաղթանակ պարգեւելով «Լացիոյին»՝2-1:



«Ժիրոնա»-«Ալավես»: Իսպանական պրիմերայի 14-րդ տուրը եզրափակվեց Կատալոնիայում, որտեղ «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Ալավեսին»: Այս մրցաշարջանի ամենաաղմկհարույց արդյունքների հեղինակ «Ժիրոնան» առանց դժվարությունների կարողացավ 2 գոլի առավելություն ստեղծել իր համար, բայց ժամանակից շուտ հավատաց հաղթանակին:

Ջիանի Դի Բիազիի «Ալավեսն» արդեն կորցնելու ոչինչ չուներ ու առաջ նետվեց: Խաղը վերածվեց Իբայ Գոմեսի մենահամերգին: Բասկը, նախ դուբլի հեղինակ դառնալով հավասարեցրեց խաղի հաշիվը, այնուհետեւ «90+4»-րդ րոպեին «Ալավեսին» պարգեւեց թանկարժեք 3 միավոր: Իբայը ակտիվում վերջում ունեցավ հեթ-տրիք:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին