exclusive
6213 դիտում

Յուրգեն Կլոպը դիմելու է մոգերի օգնությանը



Յուրգեն Կլոպի նախկին ու ներկայիս թիմերը «90+»ում արժանացել են նույն ճակատագրին: Mediamax Sport-ն առանձնացրել է նաեւ այն թիմին, որը 3 խաղ անընդմեջ «Արսենալին» զիջում է լրացուցիչ ժամանակում:

«Բորուսիա» Դորտմունդ-«Շալկե 04»: Յուրգեն Կլոպը վաղուց հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից»  ու գլխավորել անգլիական «Լիվերպուլը», սակայն նրա ղեկավարած նախկին ու ներկա թիմերը վերջին վայրկյանին գոլ ընդունելու ծանրագույն անեծքից ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Եթե Կլոպն ապրեր Հայաստանում, նրան անշուշտ խորհուրդ կտրվեր այցելել մոգի, գուցե, այդ կերպ անեծքը վերացնել հնարավոր լիներ: Գերմանացու թիմերն այս պահին  ունեն այն, ինչ ունեն, ոչինչ չես փոխի:

Ֆուտբոլային Եվրոպայի ամենատաքարյուն դերբիներից մեկը՝ Ռուրյանը, կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: «Բորուսիան» անհաշվելի ձախողումներից հետո, ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրեց ու կարողացավ ամենաոխերիմ մրցակցի դարպասն ուղարկել 4 գնդակ: «Մեղուների» մոտ ստացվում էր ամեն ինչ, դարպասապահ Ռոման Վայդենֆելերնին գործի մեջ տեսնելու կարիք այդպես էլ չեղավ: 2-րդ կեսին «Շալկեն» մոտեցավ բոլորովին այլ տրամադրվածությամբ: Նման շրջադարձ, այն էլ մեկ խաղի ընթացքում, ֆուտբոլային Եվրոպան վաղուց չէր տեսել:

Առաջին երկու գոլերը «Բորուսիան» ընդունեց դարպասապահի մեղմ ասած «անհասկանալի» խաղի պատճառով, այս ամենին գումարվեց նաեւ Օբամեյանգի կարմիր քարտը: Ամեն ինչ նպաստեց Դորտմունդի «սեւ վերջաբանին»: «Շալկեն» նետվեց առաջ ու կարողացավ գոլերի տարբերությունը հասցնել նվազագույնի: Գործը հասավ «90+»-ի, ու 4-րդ ավելացված րոպեին Նալդոն դիրքային պայքարում հաղթեց «Բորուսիայի» պաշտպաններին ու պարտված խաղում մեկ միավոր նվիրեց «Շալկեին»:Վայդենֆելերն ու պաշտպանները ջուրը նետեցին հարձակվողների քրտնաջան աշխատանքը՝ 4:4:



«Սեւիլիա»-«Լիվերպուլ»: Կամային  որակներով օժտված թիմերի դասակարգման աղյուսակի բացարձակ առաջատարը իսպանական «Սեւիլիան» է: «Լիվերպուլն» այդ ցանկում տեղ է զբաղեցնում ամենավերջին հորիզոնականում: Պատճառը պարզ է, հաշվի մեջ առաջ լինելով՝ մերսիսայդցիներն իրենց խաղերի առյուծի բաժինը տանուլ են տալիս: Բացառություն չէր նաեւ անդալուզյան թիմի հետ մրցավեճը: «Լիվերպուլն» առաջին խաղակեսում կարգապահ ֆուտբոլ խաղաց ու կարողացավ «Սեւիլիային» հաղթել մարզչական լուծումների ու տնային աշխատանքի շնորհիվ: Այդպիսի 45 րոպեից հետո դժվար էր պատկերացնել, որ անգլիական թիմը կարող է երկրորդ կեսում 3 գոլ բաց թողնել:

«Միլանին» հասցված դաժան հարվածի պատասխանը «Լիվերպուլի» համար պատրաստել էր «Սեւիլիան»: Ընդմիջմանը մարզչի հիվանդության մասին տեղեկացած ֆուտբոլիստները 2-րդ կեսում դուրս եկան Էդուարդո Բերիցոյին երջանկացնելու, ու դա նրանց հաջողվեց: Քամբեքի հիմքը դրեց Վենսան Բեն Յեդերը: «Սեւիլիան» ձգեց ժամանակը մինչեւ «90+», որպեսզի մարզչի ուրախությունն ավելի մեծ լինի: «90+3»-րդ րոպեին Գուիդո Պիսարոն հավասարեցրեց խաղի հաշիվը (3:3)` «Լիվերպուլին» զրկելով կարեւորագույն հաղթանկից: Խեղճ Յուրգեն Կլոպ: Մարտավարությունը կրկին սխալ էր ընտրված:



«Լացիո»-«Ֆիորենտինա»: Հռոմեական դերբիում կրած պարտությունից հետո «Լացիոն» չի կարողանում ուշքի գալ ու ցուցադրել ընդամենը մի քանի շաբաթ առաջ ակտիվում եղած ագրեսիվ ֆուտբոլը: Սիմոնե Ինձագիի թիմը 3 խաղ անընդմեջ առավելության չի հասնել մրցակիցների նկատմամբ: Ա սերիայի վերջին 2 խաղում կորցրած միավորները պատճառ են հանդիսացել, որպեսզի այս պահին արծիվները նահանջեն մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական ու առջեւում թողնեն հավերժական մրցակից «Ռոմային»:

Առաջնության հերթական տուրի խաղում «Լացիոյին» «Ֆիորենտինայի» հետ մրցավեճում բարդ փորձություն էր սպասվում: «Մանուշակները» որպես կանոն առանց պայքարի ոչ մի առաջատարի միավոր չեն զիջում: Այս հանդիպումն էլ բացառություն չեղավ: «Լացիոն» Ստեֆան Դե Վրեի գոլի շնորհիվ առաջ պոկվեց հաշվի մեջ ու պահպանում էր հաղթանակը մինչեւ «90+4»-րդ րոպեն: Արծիվները վերջին պահին խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում ու պատժվեցին 11-մետրանոց հարվածով: Գնդակին մոտեցավ Խումա Բաբակարն ու թանկարժեք ոչ-ոքի կորզեց Սիմոնե Ինձագիի ֆուտբոլիստներից: Թիմերը կիսեցին միավորները՝ 1:1:



«Բյորնլի»-«Արսենալ»: Արսեն Վենգերի գլխավորությամբ Լոնդոնի «Արսենալը» 3-րդ խաղն անընդմեջ «Բյորնլիին» հաղթում է «90+ում» եւ չի ցանկանում հրաժարվել իր մարտավարությունից: Հերթական անգամ «Բյորնլին» օրինակելի տեսք ուներ եւ բոլոր գործոններով հավասար պայքար էր մղում զինագործների հետ: Շան Դաիչի թիմից վերջին պահին երես է թեքում բախտը, որի հետեւանքը ցավագին պարտություններն են՝ մշտապես նույն սցենարով:

Թիմերի անցկացրած վերջին խաղի ելքը վճռվել էր «90+8»-րդ րոպեին: Հաղթական էր դարձել Ալեքսիս Սանչեսի 11-մետրանոց դիպուկ հարվածը: Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում եւս հաղթական դարձավ Ալեքսիսի գոլը: Այս անգամ վճռական հարվածը եղավ «90+2»-րդ րոպեին: «Բյորնլիի» կառուցած ավտոբուսը հերթական անգամ քանդվեց ամենավճառական շրջադարձին, մնում է դասեր քաղել ու փորձել հաջորդ անգամ:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին