exclusive
8497 դիտում

Ֆուտբոլով դեռ անզոր, բայց ցանկությամբ ամենակարողները



«90+»ի շաբաթվա հերոսները համաշխարհային ֆուտբոլի գաճաճներից երկուսն են: Mediamax Sport-ի աչքից չի վրիպել նաեւ Գերմանիա-Ֆրանսիա գերդիմակայությունը:

Գերմանիա-Ֆրանսիա: Եվրոպական գերհավաքականների քյոլնյան ներկայացումը կրում էր ընկերական բնույթ,սակայն մինչեւ վերջին վայրկանը ֆուտբոլասերը  չկարողացավ թոթափել լարվածությունը: Ֆրանսիան քանդեց գերմանական մանրադիտակով կառուցված պաշտպանությունը, բայց գործն ավարտի հասցնել չկարողացավ: Դեշամ-Լյով մարզչական մենարամարտում հաղթող դուրս եկավ տիտղոսակիր գերմանացին: Նա գրպանում գաղտնի զենք ուներ, որ վերջերս սկսել է կրակել հազվագյուտ իրավիճակներում, բայց ժամանակին: Խոսքն իհարկե Մեզութ Օզիլի մասին է:

Գերմանիա-Ֆրանսիա հանդիպման ամբողջ ընթացքում աքաղաղներն առջեւում էին, թվում էր բունդեսթիմը հակախաղ չունի ու պարտությունն անխուսափելի է: Հույս էր ներշնչում միայն Օզիլի խաղը, որի որակի մասին վաղուց երազում է Արսեն Վենգերը: 90 րոպեից հետո Ֆրանսիան հաղթում էր 2-1 հաշվով եւ մնացել էր  դիմանալ ընդամենը մեկ գրոհ մինեւ սուլիչը: Յոախիմ Լյովը րոպեներ առաջ փախարինում էր կատարել խաղադաշտ մտցնելով Լարս Շտինդլին, կարծես գուշակելով խաղի ելքը: «90+3»-րդ րոպեին գերմանացիների վերջին գրոհը ոչ ստանդարտ փոխանցումով սկսեց Օզիլը, որից հետո Գյոցեն գեղեցիկ հպումով հարվածի դուրս բերեց Շտինդլին: Լարսը չվրիպրեց, հնչեց սուլիչը, իսկ Ֆրանասիան կորցրեց արժանի հաղթանակը:



Սլովակիա-Նորվեգիա: Մունդիալի անցումային խաղերից զրկվելը ֆուտբոլային կարճատեւ նոկդաունի ենթարկեց Սլովակիայի հավաքականին: Յան Կոզակի թիմն անցած շաբաթվա ընթացքում 2 ընկերական հանդիպում անցկացրեց, որոնցում մեղմ ասած իրեն նման չէր: Ուկրաինացիներից կրած պարտությունից ուշքի գալ հնարավոր եղավ միայն Նորվեգիայի հետ դիմակայությանն «90+3»-րդ րոպեին:

Ամբողջ խաղի ընթացքում ցուցադրած անատամ խաղից հետո Սլովակիան ունեցավ ընդամենը մեկ ֆուտբոլային փայլատակում, որը վերածվեց գոլի: Փոխարինման դուրս եկած Անջեյ Դուդան մի քանի անհավանական վրիպումներից հետո, որոշեց  ի վերջո փրկել պատիվը: Վերջինիս կատարած հաշվենկատ փոխանցումից հետո անհատական փայլուն վարպետությամբ գոլի հեղինակ դարձավ Ստանիսլավ Լուբոտկան՝ դառնալով իր թիմի միակ ու հաղթական գոլի հեղինակը:



Քաթար-Իսլանդիա: Աշխարհի գալիք առաջնությունում տեղն ապահոված իսլանդացիները հեռակա պլաններ ունեն նաեւ 2022 թվականի համար: Նրանք արդեն հիմա սկսել են ընտելացման գործընթացը Քաթարում: Այլ հետաքրքրություն գտնել Քաթար-Իսլանդիա ընկերական խաղում այս պահին դժվար է: Վիկինգները մեկնեցին Մունիդալ- 2022-ի նստավայր ու ինչպես խաղը ցույց տվեց շատ բարեհաճ էին տանտերերի նկատմամբ:

Իսլանդիան, գրեթե ոչինչ չանելով, կարողացել էր 26-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակը Վիդար Կյարտանսոնն էր: Սա նրանց առաջին եւ վերջին գոլային շանսն էր, քանզի գալիք խաղաժամանակը տարօրինակ կերպով վերահսկում էր Քաթարը: Իրավիճակի հանգուցալուծումն անշուշտ տրամաբանական էր:  «90+1»-րդ րոպեին միլիարդատերերի կազմում փոխարինման դուրս եկած Մոհամեդ Մունտարին հավասարեցրեց խաղի հաշիվը 1-1՝ ոչ-ոքի նվիրելով մեծահարուստ գաճաճ երկրին:



Կոսովո-Լատվիա:  Կոսովոյում նոյեմբերի 14-ին երջանկությունից չեն քնել: Նորանկախ պետության ֆուտբոլի հավաքականը Մունդիալի որակավորման փուլի 9 խաղում նույնքան պարտություն կրելուց հետո ընկերական խաղ էր անցկացնում Լատվիայի հավաքականի հետ: Խաղը ընկերական բնույթ էր կրում մեզնից յուրաքանչյուրի համար, բայց ոչ տեղացիները: Նրանց համար ցանկալի ելքը միայն հաղթանակն էր: Անկախությունն անհրաժեշտ էր զինել նոր ադրենալինով:

Ֆուտբոլում դեռ անզոր, բայց ցանկությամբ ամենակարողները 90 րոպեից հետո էլ չդադարեցին հավատալ հաղթանակին: Մտքում կար ընդամենը մեկ գիտակցում. հաղթանակը կարող էր նոր ֆուտբալային հույս ծնել Կոսովոյի բնակչության համար: Հիմանական ժամանակից հետո լուսատախտակին վառվում էր 3-3 հաշիվը, բոլոր դեպքերում Կոսովոն հետապնդողի դերում էր եղել: Իրադրությունը փոխվեց միայն «90+4»-րդ րոպեին եւ դա եղավ հաղթական: Կոսովոյի հավաքականի կազմում 4-դր եւ վճռական գոլի հեղինակ դարձավ Բեսար Հալիմին: Հաղթանակը կայացավ, իսկ ուրախությունը նկարագրելն անհնար է:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին