Ապրիլ 25, 2024
exclusive
8898 դիտում

Չինաստանից լատինաամերիկյան բարեւներ Դիեգո Սիմեոնեին


Լուսանկարը` Facebook


Դիոգո Սիմեոնեի գլխավորությամբ շարունակում է անդունդը գլորվել Մադրիդի «Ատլետիկոն»: Թոմաս Փարթիի շնորհիվ արգենտինացի մարզիչը դեռ շարունակում է ծովում փրփուրներից կախված մնալ: «90+»-ում Mediamax Sport-ն առաջարկում է գերգոլառատ եւ բազմաժանր մենյու՝ համեմված յուրաքանչյուրիս համար սիրելի ֆուտբոլային «ուտեստներով»: Ընտրեք ինքներդ:

«Շանդուն Լունեն»-«Հեբեյ Խորչուն»: Շփոթության մեջ ընկնելու կարիք ամենեւին էլ չկա: Սա նոր հայերենը չէ: Ֆելիքս Մագատն՝ ընդդեմ Մանուել Պելեգրինիի: Բացվում են ֆուտբոլային փակագծերը, բայց Եվրոպայում հաջողություններ կերտած մասնագետների թիմերն այս անգամ երկրպագուներին զարմացրել են ոչ թե հին մայրցամաքում, այլ հեռավոր Չինաստանում: Վերոհիշյալ ակումբները ներկայացնում են չինական ֆուտբոլի սուպերլիգան եւ համարվում են ասիական չափանիշներով գրանդ ակումբներ, որոնք ունեն հսկայական ֆինանսական ներուժ:

Չինաստանի առաջնության 30-րդ տուրում կայացավ «Շանդուն Լունեն»-«Հեբեյ Խորչուն» դիմակայությունը, որը վերածվեց լատինաամերիկյան բենեֆիսի: Դիեգո Տարդելիի ֆուտբոլային սամբային հակադրվում էր Էզեկիել Լավեսին՝ իր «արգենտինական տանգոյով»: «Շանդոն Լունենը» 90 րոպեից հետո հաղթում էր 4:3 հաշվով, եւ գործն աստիճանաբար հասցնում էր հաղթական ավարտի: «90+3»-րդ րոպեին տանտերերի խաղաքարտերը խառնվեցին, «Հաբեյը» 11-մետրանոց հարված վաստակեց, որը դիպուկ իրացրեց Լավեսին: Այդ գոլն արգենտինացու համար 3-րդն էր դրամատիկ խաղում: Մրցավեճը ոչ-ոքի կավարտվեր, եթե «90+5»-րդ րոպեին «Լունենը» չվաստակեր պատասխան 11-մետրանոցը: Գնդակին մոտեցավ Դիեգո Տարդելին ու կարողացավ դառնալ հեթ-տրիքի հեղինակ: Խելահեղ վերջաբանով խաղում Տարդելին հաղթող դուրս եկավ, իսկ «Շանդոն Լունեն» վաստակեց 3 միավոր: Լավեսին կփորձի հաջորդ անգամ:



ՊՍՎ-«Տվենտե»: Հոլանդական  էրադիվիզիայում վստահորեն առաջատարի դիրքն է պահպանում ՊՍՎ Էյնթովենը: Ֆիլիպ Կոկուի ղեկավարած թիմը թանկարժեք 3 միավոր կարող էր կորցնել առաջնության այն խաղերից մեկում, որտեղ, դատելով մրցաշարային աղյուսակում  մրցակցի՝ «Տվենտեի» զբաղեցրած դիրքից, պայքար չպետք է ստացվեր: Սպասելիքները արդարացան եւ այն էլ ինչպես: Երկրպագուներն ականատես եղան 7 գոլի, որոնցից կարեւորագույնը հեղինակվեց 90+1 րդ րոպեին:
90 րոպեի ընթացքում ՊՍՎ  միշտ հայտնվում էր հաղթողի դերում, բայց «Տվենտեն» համառորեն հավասարեցնում էր խաղի հաշիվը: Բոլոր գոլերը խփվել էին տարբեր ֆուտբոլիստների կողմից: Երեւի այդ հանգամանքը հանգիստ չէր տալիս «Տվենտեի» պաշտպան Շտեֆան Տեսկերին, ով ցանկանում էր ակտիվում մեկից ավելի գոլ ունենալ: ՊՍՎ-ի վերջին գրոհներից մեկն ավարտվեց գերմանացի ֆուտբոլիստի ինքնագոլով, որից հետո նա ստիպված եղավ մենամարտել խոտածածկի հետ: ՊՍՎ-ն հաղթեց դրամատիկ խաղում՝ 4:3 հաշվով եւ պահպանում է 8 միավորի առավելությունը հետապնդող «Այաքսի» նկատմամբ:



«Սպորտինգ»-«Բրագա»: Պորտուգալիայի առաջնության ամենալարված ու սկզբունքային խաղերից մեկը կայացավ 11-րդ տուրում: «Ժոզե Ալվալադե» ստադիոնում «Սպորտինգն» ամեն ինչ փորձեց հաղթանակի հասնելու համար եւ կարողացավ 2-րդ կեսի միջնամասում Բաս Դոստի գոլի շնորհիվ առավելություն ստանալ: «Բրագան» արթնացավ միայն ընդունած գոլից հետո ու տարօրինակ կերպով շտկեց իրադրությունն իր համար: Հյուրերը չբավարարվեցին միայն հաշիվը հավասարեցնելով, նրանք խաբեցին իրենց երկրպագուներին, թե այդ երեկո 3 միավոր են տանելու Լիսաբոնից, եւ մինչեւ լրացուցուցիչ ժամանակ հաղթում էին 2:1 հաշվով:

Տարօրինակությունը շարունակվեց. միայն ընդունած գոլից հետո «Սպորտինգը» հիշեց՝ միակ թիմն է, որը հետապնդում է առաջատար «Պորտուին» ու սկսեց գրոհել: «90+5»-րդ րոպեին կանաչասպիտակավունները 11-մետրանոց հարված վաստակեցին ու կարողացան այն անվրեպ իրացնել: Բրունո Ֆերնանդեսի գոլը մեկ միավոր պարգեւեց Ժորժե Ժեզուսի թիմին, որը «Պորտուից» հետ է մնում արդեն 4 միավորով:



«Դեպորտիվո»-«Ատլետիկո»: «Ատլետիկոյի» գնացքը մեկնել է, Սիմեոնեն՝ հերթական անգամ ուշացել: Թոմաս Փարթին Մադրիդում միակ գնացքավարն է, որը հերթական անգամ ճանապարհի կեսին կանգ է առնում եւ սպասում տաքարյուն արգենտինացի մարզչին: Այդպես եղել էր նաեւ բոլորովին վերջերս՝ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ խաղում, որտեղ Փարթին, հավասարեցնելով խաղի հաշիվը, «Ատլետիկոյին» փրկել էր խայտառակ պարտությունից: Աֆրիկացի ֆուտբոլիստը, թերեւս, միակ դրական օղակն է մադրիդյան թիմի կազմում, որը պայքարում է մինչեւ վերջ:

Լա Լիգայի 11-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ մրցավեճի 90 րոպեից հետո խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց: Սիմեոնեն հերթական անգամ նյարդային ցնցումների մեջ էր եւ դժվար թե դուրս գար, եթե չլիներ մրցավարի կողմից ավելացրած  «90+1»-րդ րոպեին Փարթիի իրացրած տուգանային հարվածը: Թոմասը կարողացավ բարդագույն խաղում չեմպիոնական հույսեր նվիրել մադրիցիներին՝ դառնալով խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակը: Չնայած հաղթանակին՝ «Ատլետիկոն» մնում է խաղային մեծ ճգնաժամում:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին