Ապրիլ 18, 2024
exclusive
11749 դիտում

Փարավոնները կմասնակցեն Մունդիալին, մյուսներն այն կդիտեն հեռուստացույցով



Մունդիալ 2018-ի ուղեգրերի հարցը որոշվում է նաեւ «90+»-ում: Mediamax Sport-ն այս անգամ առանձնացրել է հավաքականների մասշտաբով գրանցված ամենավճռական գոլերը, որոնք հեղինակվել են մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակում:

Եգիպտոս-Կոնգո:  Փարավոնները  28 տարի անց աշխարհի առաջնությանը կհետեւեն ոչ միայն հեռուստացույցով, այլեւ կունենան անմիջական մասնակցություն: Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հավաքականում աստղիկից վերածվում է իսկական գերաստղի ու թիմին քաշում իր հետեւից: Տվեք նրան գնդակն, ու նա ինքնուրույն կվազի, կանի այն, ինչ հանձնարարված է: Այդպես եղավ նաեւ Մունդիալի որակավորման փուլի վերջին փուլի Կոնգոյի հետ խաղում, որտեղ ելքը վճռվեց բառացիորեն վերջին վայրկյաններին:

Եգիպտոսը Սալահի արագավազության շնորհիվ բացեց խաղի հաշիվը, բայց 87-րդ րոպեին գոլ բաց թողեց: Եգիպտացի մեկնաբանն ընդունած գնդակը հարամ որակեց, բայց րոպեներ հետո իրավիճակը փոխվեց: «90+3»-րդ րոպեին Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստը խախտեց խաղի կանոններն Իբրահիմ Տրեզեգեի նկատմամբ ու մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: Գնդակին մոտեցավ Մոհամեդ Սալահը ու «90+4»-րդ րոպեին դուբլ գրանցելով՝ Բորգ Էլ Արաբ ստադիոնում հավաքված 86 հազ. երկրպագուներին ստիպեց ափերի մեջ առնել գլուխն ու արտասվել երջանկությունից: Եգիպտեսը մեկնում է Ռուսաստան՝ Մունդիալին մասնակցելու:



Կոստա Ռիկա-Հոնդուրաս:  Ռուսաստան մեկնելու ճանապարհին սեփական ուղին արկածներով պատեց Հոնդուրասի հավաքականը: Այն դեպքում, երբ Ժորժե Պինտոյի ֆուտբոլիստներին անհրաժեշտ էր Կոստա Ռիկայի հետ խաղում դիմանալ ընդամենը մեկ րոպե ու հաղթանակը կլիներ գրպանում:

Աշխարհի առաջնության հյուսիսամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 5-րդ փուլի նախավերջին տուրում Հոնդուրասը դրսում Էդիե Էռնանդեսի գլխի դիպուկ հարվածի շնորհիվ հաղթում էր Կոստա Ռիկային: Եթե հաղթանակը կայանար, Պինտոյի թիմը մրցաշարային աղյուսակում կբարձրանար մաքուր 3-րդ տեղ: Կոստա Ռիկան չհրաժարվեց մեկ միավոր վաստակելու մտքից. «90+5»-րդ րոպեին Բրայան Ռուիզի փոխանցումից հետո Քենդել Վաստոնը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Ընդունած գոլի պատճառով Հոնդուրասը վաստակեց մեկ միավոր ու թույլ տվեց Պանամային մրցաշարային աղյուսակում միավորներով հավասարվել իրեն: Որակավորման մրցաշարի վերջին տուրում Հոնդուրասը տանը հերոսաբար հաղթեց Մեքսիակային, Պանաման էլ իր հերթին ուժեղ գտնվեց Կոստա Ռիկայից: Արդյունքում թիմերը վաստակեցին 13-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով Պանաման գրավեց 3-րդ տեղն ու առանց անցումային խաղերի կմասնակցի Մունդիալին, մինչդեռ Հոնդուրասը ճակատագրական գոլի պատճառով դեռ երկխաղյա ճակատամարտ պետք է տա Ավստրալիայի հավաքականի հետ:



Անգլիա-Սլովենիա: Ընդամենը 2 օր առաջ Անգլիայի հավաքականը կրկնեց իր պատմության մեջ աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում անընդմեջ անպարտելի հանդիպումների ցուցանիշը: 21 խաղից բաղկացած սերիա առյուծներն ունեցել էին նաեւ 1981-1993 թվականներին ընկած ժամանակահատվածում:

Հաղթական սերիայի նախավերջին ակորդը հնչեց Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Որակավորման փուլում Անգլիան մրցում էր Սլովենիայի հետ: Հյուրերը ամբողջ խաղի ժամանակ պայքարեցին ամեն սանտիմետրի համար, սակայն ամենավերջում բախտը երես թեքեց: «90+4»-րդ րոպեին աշխատեց Կայլ Ուոքեր-Հարրի Քեյն լոնդոնյան նախկին դուետը: Գերարագ Ուոքերի փոխանցումից հետո Քեյնը  գրավեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը՝ թերացել էին կենտրոնական պաշտպանները: Հաղթանակը կայացավ նվազագույն 1:0 հաշվով:



Կոլումբիա-Պարագվայ:  Մունդիալի որակավորման փուլում երբեմն լինում են խաղեր, որտեղ հրաշքով ծնված հույսերը մարում են հաջորդ իսկ քայլին: Պարագվայն այդ անհավանական հույսը ծնեց Կոլումբիայում, որտեղ ֆանտաստիկ  կամանային ջանքերով հաղթեց Ֆալկաոյին ու ընկերներին:

Մինչեւ խաղի 89-րդ րոպեն Կոլումբիայի հավաքականը հաղթում էր Ռադամել Ֆալկաոյի գոլի շնորհիվ: Փոխանցումը կատարել էր Յիմմի Չարան: Պարագվային Մունդիալի ուղեգիր վաստակելու հույսի համար բավարար էր միայն հաղթանակը: Ֆրանսիսկո Արսեի թիմը վազեց հենց  3 միավորի հետեւից: 89-րդ րոպեին Պարագվայի ընտրանու դարպասապահը սեփական կիսադաշտից գնդակն ուղարկեց Կոլումբիայի հավակաքականի տուգանային հրապարակ: Դավիդ Օսպինան սխալվեց, խառնաշփոթ իրավիճակում ամենից արագը կողմնորոշվեց փոխարինման մտած Օսկար Կարդոսոն՝ գնդակն ուղարկելով դաշտի տերերի դարպասը:

Կոլումբիան ընդունած գոլից հետո առաջ գնաց եւ ստեղծեց մի քանի գոլային հնարավորություն, բայց օգտագործել չկարողացավ: Պատասխանը չուշացավ. «90+2»-րդ րոպեին կրկին փոխարինման դուրս եկած «90+»-երի վարպետ Անտոնի Սանաբրիան հակագրոհի արդյունքում հաղթանակ պարգեւեց Պարագվային՝ 1:2: Այդպես նա արել էր նաեւ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության խաղում՝ հաղթանակ պարգեւելով հարազատ «Բետիսին»: Մունդիալի ուղեգիր վաստակելու համար Արսեի թիմը վերջին տուրում պետք է հաղթեր հետնապահ Վենեսուելային, բայց ցավալի պարտություն կրեց ու զրկվեց Մունդիալից: Կոլումբիան նույնիսկ պարտությունից հետո կարողացավ վաստակել խմբային փուլի ուղեգիր:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին