exclusive
15278 դիտում

Միլիոնները ֆուտբոլ չեն խաղում. Մարզիչ է պետք, Կոնտեն՝ վառ օրինակ



Անտոնիո Կոնտեի «Չելսին» օրեր առաջ «90+»-ում լուծեց Մադրիդի «Ատլետիկոյի» հարցրերը: Mediamax Sport-ն աննկատ չի թողել նաեւ միլիոնները ծախսած, բայց անփայլ ֆուտբոլ ցուցադրող «Միլանին»:

«Ատլետիկո Մադրիդ»-«Չելսի»:  Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում շախմատային մրցավեճ կայացավ Մադրիդում: «Ատլետիկոն» մրցաշարային գործերը կարգավորելու համար սեփական հարկի տակ պարտավոր էր հաղթել Լոնդոնի «Չելսիին»: Թվում էր` տնային խաղում առավելությունը կլինի մադրիդցիների կողմը, եւ հենց նրանք կթելադրեն իրենց խաղը, բայց դա այդպես չէր:

Ճիշտ է, Էլ Չոլեյի թիմն առաջինը հասավ հաջողության, բայց մնացած ընթացքը թելադրվեց Լոնդոնից: «Չելսին» նախ հավասարեցրեց խաղի հաշիվը, այնուհետեւ մրցավարի կողմից ավելացրած «90+3»-րդ րոպեին Միշի Բատշուայիի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ:

Վերջին շանսը «Չելսիի» համար տուգանային հարվածն էր, որը ոչ թե խաղարկվեց սովորական ուղիղ հարվածով, ինչպես թիմերի մեծ մասն է անում, այլ բասկետբոլային ոճով:Կարճ փոխանցումներ ու առջեւում միկրոսկոպիկ ճշգրտություն: Գնահատեք ինքներդ: Կոնտեն հաղթեց Սիմեոնեին:



«Միլան»-«Ռիեկա»: Եվրոպա լիգայի խաղարկությունում մեծ դժվարություների հանդիպեց «Միլանը»: Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկան» պայքարեց մինչեւ վերջին վայրկյանները ու կարող էր նույնիսկ մեկ միավոր տանել «Սան Սիրոյից»: Ռոսոներին հիանալի սկսեց հանդիպումը եւ արդեն խաղի միջնամասում հաղթում էր 2-0 հաշվով: Մոնտելայի թիմը ժամանակից շուտ հավատաց հաջողությանն ու ստիպված եղավ 2 անգամ գնդակ հանել սեփական դարպասից: «Ռիեկայի» քամբեքը լիարժեք կլիներ, եթե «90+4»-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պատրիկ Կուտրոնեն չփրկեր «Միլանի» հեղինակությունը՝ 3-2:

«Միլանը» կարողացավ հաղթել, բայց, ակնհայտ է, որ նույնիսկ 200 միլիոն եվրո ծախսելով, թիմը չի կարողանա նման մարզչի գլխավորությամբ հաջողության հասնել: «Միլանի» խաղում բացակայում է հստակ խաղային ձեռագիրը: Գրեթե բոլոր խաղերում Մոնտելան ռոտացիաներ է կատարում, որոնք, մեծամասամբ, իրենց չեն արդարացնում: Հարց է առաջնում. ինչի՞ համար էին աղմկահարույց տրանսֆերները, եթե կայուն խաղաժամանակ չէր լինելու:



«Այթրախտ Ֆրանֆուրտ»-«Շտուտգարտ»:  Բունդեսլիգայի 7-րդ տուրում մրցում էին մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող «Այնթրախտն» ու «Շտուտգարտը»: Ֆրանկֆուտցիները մեկնարկում վստահ տեսք ունեին: Հենց նրանց հաջողվեց բացել խաղի հաշիվը: Շտուտգարտը չկոտրվեց եւ ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլեւ ստիպեց մրցակցին մնալ 10 ֆուտբոլիստներով:

64-րդ րոպեից մեկ ֆուտբոլիստ պակաս ունեցող «Այնթրախտը» չհանձնվեց ու համբերատար սպասեց իր շանսին: «Շտուտգարտը» չօգտագործեց մի քանի հիանալի հնարավորություն եւ դրա համար պատժվեց մրցավարի կողմից փոխհատուցված «90+4»-րդ րոպեին: Սեբաստիան Հալլերը մկրատ տեսակի ֆանտաստիկ հարվածով հաղթանակ պարգեւեց 10-ը հոգով մնացած «Այնթարխտին»:



«Բորուսիա Մյոնխենգլադբախ»-«Հաննովեր»:  Գերմանիայի առաջնությունում առաջին պարտությունը կրեց բունդեսլիգայի նորեկ «Հանովերը»: «Բորուսիայի» հետ խաղում հյուրերը առաջինը կարողացան հասնել հաջողության՝ Մատրին Հարնիկի ջանքերով, սակայն հետագայում նույն Հարնիկին վիճակված էր դառնալ խաղի հակահերոսը:

1-1 հաշվի ժամանակ ավստրիացին մեն-մենակ մնաց բաց դարպասի առջեւ ու 2 մետրից հարվածեց հորիզոնական դարպասաձողին: Մյոնխենգլադբախը չներեց ու ճակատագրական հարված հասցրեց մրցավարի կողմից փոխհատուցած «90+ 4»-րդ րոպեին: Մրցավարի կողմից նշանակված 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Տորգեն Ազարը՝ «Բորուսիային» պարգեւելով 3 միավոր:



«Տորինո»-«Վերոնա»: Սինիշա Միխայլովիչի գլխավորած «Տորինոն», ինչպես երեւում է, ուշքի չի եկել թուրինյան դերբիում կրած պարտությունից հետո: Ցլերը հաղթում էին Վերոնային սեփական հարկի տակ 2-0 հաշվով ու կասկած չկար, որ 3 միավոր կվաստակի այս խաղում: Բոլորը հավատացին նման արդյունքի, բացի «Վերոնայից»:

Թիմը կռվեց  մինչեւ վերջին րոպեն ու հասավ դրական արդյունքի: 89-րդ րոպեին Ալեսիո Չերչիի փոխանցումից հետո հաշվի տարբերությունը կրճատեց Մոյզե Կինը, իսկ մրցավարի կողմից փոխհատուցած «90+2»-րդ րոպեին Ջանպաոլո Պացինին ստիպեց գլուխներն ափերի մեջ առնել «Տորինոյի» երկրպագուներին: «Վերոնան» հաղթեց ավագի 11-մետրանոց հարվածի շնորհիվ:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին