Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 4 ոսկե ու 6 բրոնզե մեդալներ:
Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ամփոփել են մրցաշարը:
Բաղդադյան
Այս մեդալները թիմային լավ աշխատանքի արդյունք են: Մեր ըմբիշների մասնակցությունը ֆեդերացիան գերազանց է գնահատում:
Ազատ ոճի ընտրանին վերադարձել է 3 ոսկե ու 2 բրոնզե մեդալներով, իսկ հունահռոմեականը՝ 1 ոսկե ու 4 բրոնզե: Երկու ընտրանիներն էլ թիմային պայքարում 3-րդ տեղն են գրավել, այն դեպքում, երբ ավելի քիչ մասնակցով ենք հանդես եկել, քան մյուս թիմերը:
Բոլոր երկրներն էլ զարմացել էին, թե որքան լավ ենք հանդես գալիս ու ինչպիսի մարզիկներ ունենք: Գերմանիայի ու Լեհաստանի ընտրանիներն արդեն ցանկություն են հայտնել Ծաղկաձորւմ մեզ հետ մարզվելու:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ազատ ոճի ընտրանին երբեք նման արդյունքի չէր հասել, թիմում լավ երիտասարդ ըմբիշներ կան, որոնցից արդեն 2-3 տարի է սպասելիքներ ունեինք: Հիանալի էր նաեւ հռոմեականների ելույթը, միակ բացթողումը հավանաբար Մալխաս Ամոյանի բրոնզն էր, նա պետք է հաղթող դառնար:
Դեռ վաղ է Տոկիոյի Օլիմպիական խաղերից խոսել, բայց այս թիմերից եթե գոնե մեկական մասնակից համալրեն մեծահասակների հավաքականները, լավ կլինի:
Խաչատրյան
Իսկապես կարողացել ենք լավ աշխատել ու թիմով արդյունքի հասնել: Շնորհավորում եմ բոլորիս այս աննախադեպ արդյունքների համար: Հատկապես հաջող էր ազատ ոճի ընտրանու ելույթը, նման ցուցանիշ նախկինում չէինք արձանագրել:
Առհասարակ, երկու թիմերում էլ լավ ըմբիշներ ունենք, նրանց հետ մեծ հույսեր ենք կապում, պարզապես պետք է համբերել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: