Ապրիլ 19, 2024
exclusive
6757 դիտում

Բաբալարյան. Մինասյանի աչքերում կայծ կար, նա ԵԱ էր մեկնել ոսկու համար


Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի

Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի

Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի

Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի

Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի

Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի


Երեկ երեկոյան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը վերադարձել է Հռոմից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1 ոսկե ու 4 բրոնզե մեդալ:

Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Mediamax Sport-ին ասել է, որ իր թիմի ելույթը լավ է գնահատում, թեեւ եւս 3 մարզիկներ պետք է կարողանային եզրափակիչ հասնել:

«Ավելին կարող էինք անել ու ոսկե մեդալներ շատ նվաճել: Սակայն մինչեւ 60, 72 ու գերծանր քաշային կարգերում եզրափակիչ անցնել չստացվեց: Սակայն այդ բացթողումները շտկելի են ու հետագայում դրանց վրա աշխատելու ենք»,- ասել է մարզիչը:

Նրա խոսքով, ոսկե մեդալակիր դարձած Տիգրան Մինասյանն (55 կգ) արժանի էր առաջնության լավագույն ըմբիշի կոչմանը, նա շատ վստահ է մասնակցել, մրցակիցներին հաղթել մեծ առավելությամբ ու փայլուն գոտեմարտեր անցկացրել:

«Նրա աչքերի մեջ կայծ կար, ես տեսնում էի, որ եկել է ոսկե մեդալ նվաճելու համար: Արարատ Մանուչարյանը (60 կգ) հաղթեց ուժեղ մրցակիցների, նրանց թվում էր Եվրոպայի Մ-23 տ. չեմպիոնը ու խոշոր հաշիվներ գրանցեց՝ 8:0, 9:0: Ուղղակի կիսաեզրափակչում պայքարը չստացվեց ու բրոնզե մեդալակիր դարձավ»,- ավելացրել է մարզիչը:

Մալխաս Ամոյանը (72 կգ), մարզչի համոզմամբ, ուժեղ ենթախմբում էր, որտեղ հանդես էին գալիս մեդալների հիմնական հավակնորդները, մի քիչ էլ մրցավարները խանգարեցին նրան, ու արդյունքում բրոնզե մեդալ եղավ:

«Նա ոսկու էր արժանի, բայց չստացվեց, հետագայում կփորձի այդ բացը լրացնել: Վահե Պողոսյանը (77 կգ) երիտասարդների մրցումներին մասնակցելու մեծ փորձ չուներ, բայց շատ վստահ ու համարձակ գոտեմարտեց: Դավիթ Օվասափյանից (130 կգ) էլ գոհ եմ, շատ է ավելացրել ու լուրջ տրամադրված հանդես եկավ: Անգամ պարտություններ կրողները հեշտ չեն հանձնվել, հավասար պայքար են ծավալել»,- ընդգծել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին