Ապրիլ 20, 2024
exclusive
4773 դիտում

Արմեն Մկրտչյան. Պետք է շարունակենք փորձ ձեռք բերել ու սխալները շտկել


Լուսանկարը` Facebook


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը գոհ է Ստամբուլի մրցաշարում ազատ ոճի ըմբիշների ելույթներից:

Հավաքականի կազմում Նարեկ Սիրունյանը (65 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ)՝ բրոնզե:

«Իմ գլխավորությամբ առաջին մրցաշարն էր, ընդհանուր առմամբ գոհ եմ ելույթներից, թեեւ աշխատելու շատ տեղ ունենք: Արդյունքն ավելի լավը կարող էր լինել: Ֆրանգուլյանը ոսկու համար պետք է պայքարեր, կուզեի, որ Սիրունյանն էլ հաղթող դառնար, բայց եզրափակչում թուլացավ ու ձեռքից բաց թողեց հաջողությունը»,- Mediamax Sport-ին ասել է մարզիչը:

Նա գտնում է, որ իրենց հնարավորություններից ցածր են հանդես եկել Գրիգոր Գրիգորյանն ու Գարիկ Բարսեղյանը, իսկ Գեորգի Կետոեւը մեդալի համար չի կարողացել պայքարել արգելված խեղդող հնարք կիրառելու պատճառով:

«Պետք է շարունակել աշխատել տեխնիկական պատրաստվածության վրա, փորձի պակաս ունենք, ինչը նմանատիպ մրցաշարերի մասնակցելով ենք լրացնելու: Ինչպես նաեւ կարեւոր է ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնել, դրանից շատ ենք կաղում: Առանձին անհատական խնդիրներ էլ կան, որոնք յուրաքանչյուրը կշտկի»,- ավելացրել է նա:

Ազատ ոճայինների հաջորդ հավաքը կայանալու է Վլադիկավկազում: Նրանք երկշաբաթյա մարզումներ են անցկացնելու այնտեղ, ապա վերադառնալուց հետո Եվրոպայի առաջնութjանը շարունակելու են պատրաստվել Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին