Ապրիլ 19, 2024
exclusive
10128 դիտում

Արմեն Մկրտչյանը հեշտությամբ է հարմարվել ազատ ոճի հավաքականում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ծաղկաձորում պատրաստվում է մարտի 9-ին Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Թիմն առաջին անգամն է մարզվում նոր գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ: Mediamax Sport-ի հետ զրույցում նա ասել է, որ հեշտությամբ է լեզու գտել տղաների հետ:

«Աշխատում ենք տեխնիկական, ֆիզիկական պատրաստվածության եւ արագության վրա: Ամեն ինչ անում ենք, որ լավ մասնակցենք առաջիկա մրցաշարին: Դեռ քիչ ժամանակ ենք ճանաչում իրար, չեմ կարող գնահատական տալ, բայց թիմում լավ ըմբիշներ ունենք»,- նշել է Մկրտչյանը:

Ծաղկաձորյան հավաքին, որը կավարտվի մարտի 8-ին, 30 ըմբիշներ են մասնակցում: Նրանք բոլորն էլ մի քանի շաբաթ առաջ կայացած Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Թիմի 2-րդ ու 3-րդ համարներին էլ մարզիչը իրենց դրսեւորելու հնարավորություն է տալիս:

«Շատ կարեւոր է, որ նրանք միմյանց հետ մարզվեն ու իրարից սովորեն: Բոլորն էլ պետք է հասկանան, որ անտեսված չեն: 3-րդ համարներին էլ առաջիկայում նախատեսում ենք մրցաշարի տանել»,- ասել է նա:

Թուրքիայում իրենց ուժերը կչափեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանը, Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյան (125) կգ:

Մրցաշարը բաց կթողնի գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն, իսկ Աշոտ Վելիցյանը (61 կգ) կմասնակցի, եթե հասցնի լուծել անձնագրի հետ կապված հարցերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին