Ապրիլ 24, 2024
18351 դիտում

Ալավերդյան. Կապացուցեմ, թե որքան ուժեղ է հայկական ծանրամարտը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` iwf.net


Հունիսի 19-ից Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանին, իսկ օգոստոսի 19-ից ՝ երիտասարդական ու մեծահասակների թիմերը կկարողանան մասնակցել միջազգային մրցումների:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արդեն կատարել են IWF-ի 18 պահանջներից 12-ը, 6-ն էլ ընթացքի մեջ է:

Որակազրկման հանումը

Դոպինգի թեման ինձ համար անցանկալի է, բայց միեւնույն է պետք է պարզաբանում տալ: Մեզ կթույլատրեն մասնակցել մրցումների, ես էլ կկարողանամ հունիսին Միլանում կայանալիք ԵԱ-ում ժյուրիի նախագահ լինել:

Կատարել ենք պահանջների մեծ մասն ու վճարել 50 հազ. դոլար տուգանք: Աշխարհի առաջնությունում ու Օլիմպիական խաղերում կապացուցեմ, թե որքան ուժեղ է հայկական ծանրամարտը, չնայած վերջին տարվա ընթացքում մեզ շատ են քննադատել:

1 տարվա մրցումային բացը չեք զգա, մեր մարզիկները շարունակում են մարզվել ու աշխարհի ռեկորդներ են սահմանում: Մինչ նոյեմբերին Տաշքենդում կայանալիք ԱԱ-ն հնարավոր է ծանրորդների մի մասին ուղարկեմ ուսանողական խաղեր, մյուսներն էլ կմասնակցեն Մ-20 ու Մ-23 տ. Եվրոպայի առաջնությանը: Գոռ Մինասյանից ու Ռուբեն Ալեքսանյանից բացի ողջ թիմը մտնում է այդ տարիքային խմբի մեջ:

Լուսանկարը` iwf.net


Կանանց ընտրանին

Հայաստանի կանանց ընտրանու նախկին մարզիչներ Արտաշես Ներսիսյանն ու Արման Ղազարյանը ժամանակավոր են հեռացված աշխատանքից: Դա էլ միջազգային ֆեդերացիայի պահանջն է, ու թիմի հետ ժամանակավոր աշխատում է Վիգեն Խաչատրյանն ու աղջիկներին պատրաստում Եվրոպայի առաջնությանը: Մեր նպատակն է, որ ԵԱ-ում կարողանանք Օլիմպիական ուղեգիր ապահովել, տղաների թիմն արդեն մեկ վարկանիշ ունի:

Առաջիկա ծրագրերը

Տղամարդկան ընտրանին հիմա հավաք է անցկանում Աբովյանում, աղջիկների թիմը Օլիմպավանում է: Մեծահասակների թիմի համար կարեւոր ստուգատեսը վարկանշային ԱԱ-ն է լինելու, որտեղ առաջին անգամ 10 քաշային կարգերում են ելույթ ունենալու: Օլիմպիական են համարվելու 7-ը: Անդրանիկ Կարապետյանը հանդես է գալու 80-ում, նա վնասվածքից հետո կարողացել է վերգտնել իրեն ու պոկում վարժությունում 175 կգ է բարձրացնում, ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ հրում վարժությունում  վստահորեն գլխավերեւում պահում այն քաշը, որի արդյունքում ձեռքի վնասվածք էր ստացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին