exclusive
16797 դիտում

Հավաքականի մարզիչները Պողոսյանի դրական դոպինգ թեստի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սոնա Պողոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի ընտրանիների որակազրկման ժամկետները դեռ չավարտված, եւս մեկ արգելված նյութ հայտնաբերվեց Սոնա Պողոսյանի մոտ:


Mediamax Sport-ը խոսել է Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ու նրա օգնական, Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանի հետ:

Արման Ղազարյան

Սոնա Պողոսյանը ժխտում է արգելված նյութ օգտագործելու փաստը, մարզիչներն էլ որեւէ բանից տեղեկություն չունեն, բայց հիմա մեզ ոչ-ոք չի հավատում:

Ես ինձ այնքանով եմ մեղավոր համարում, որ նրա անձնական մարզիչն եմ ու տեղյակ չեմ եղել, թե Սոնայի հետ ինչ է կատարվում:

Մենք ինքներս ենք պայքարում արգելված նյութեր օգտագործելու դեմ, չէինք կարող մասնակցություն ունենալ այս ամենի մեջ:

Լուսանկարը` Սոնա Պողոսյանի անձնական արխիվից


Հայաստանի պատանեկան առաջնության ավարտից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ժողով է արել, որի ժամանակ էլ մարզիչներին տեղեկացրել են իրենց հեռացման մասին:

Ցավալի է, որ այդքան մեդալ ենք նվաճել մեր երկրի համար ու ոչինչ հաշվի չեն առնում, բոլորը միաձայն մարզիչներին են մեղադրում: 

Ուզում եմ հատուկ նշել, որ հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մեղավոր չէ այս ամենում, ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում, կարծում եմ՝ նա չպետք է պատասխանատվություն կրի:

Արտաշես Ներսիսյան

Մեղավորները պետք է խոսեն ու բացատրեն, որպեսզի հասկանանք, թե ինչու են նման բան արել:

Եթե իմանամ, որ թերացել եմ, քիչ եմ խոսել արգելված նյութերի վնասակարության մասին, իմ մեղքի բաժինը կտեսնեմ այս ամենում: Բայց ես մարզումներից ու ծանրամարտից առավել շատ անդրադարձել եմ խթանիչներին, նույնիսկ աղջիկներն էին ասում, որ բավական է կրկին այդ մասին խոսել, ամեն ինչ արդեն հասկացել են:

Իմ չափ բծախնդիր հնարավոր չէր լինել, արգելված նյութերի ցանկը մշտապես թարմացրել եմ, անգամ դեպքեր են եղել, երբ դեղերի պատճառով եմ հավաքից հանել մարզուհիներին, որ մեզ հետ չեն համաձայնեցրել դրանց օգտագործումը:

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Սոնան նման խթանիչ կարող էր ընդունել, քանի որ այն 20-25 օր հետո անիմաստ է դառնում ու ընդհանրապես չի էլ նպաստում սպորտային արդյունքների լավացմանը: Պողոսյանը մրցումների միայն 6 ամիս հետո էր մասնակցելու: 

Անձամբ խոսել ենք, նա որեւէ բացատրություն չի տալիս, միայն արտասվում է: Չեմ բացառում, որ խթանիչն ընդունել է, քանի որ լաբորատորիան այն հայտնաբերել է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց եթե իսկապես չի ընդունել ու միտումնավոր են նման բան արել իր հետ, կարող են մարզչի հետ դատի տալ լաբորատորիային ու ամեն ինչ պարզել:

Բոլոր մարզիկներն էլ միջազգային թեստեր են լրացնում, որտեղ նշված է, որ դոպինգ հայտնաբերելու դեպքում իրենք են պատասխանատու: Հայատանում կարող են մարզչին պատժել, բայց մեղավորը մարզիկն է:

Ես պարզապես երազում եմ, որ Հայաստանում մարզիչը պատասխանատու լինի միայն սպորտային գծով, իսկ նման հարցերով զբաղվի համապատասխան մասնագետների խումբը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ու սպորտի նախարարությանն էլ եմ հասկանում, բա իրենք ինչ անեն, պետք է քայլեր ձեռնարկեն:

Սա մեծ հարված էր թիկունքից, ես 15 տարի է աշխատում եմ, սաներս ավելի քան 200 մեդալ են նվաճել, բարձր պահել մեր երկրի պատիվը, մեծ ներդրում եմ ունեցել կանանց ծանրամարտի կայացման ու ստեղծման գործում: Ու ոչ թե ցավում եմ, որ ինձ են մեղադրում այս ամենի մեջ, այլ չեմ ցանկանում գլխիկոր հեռանալ ծանրամարտից, արժանի չեմ այս ամենին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին