Ապրիլ 19, 2024
exclusive
42672 դիտում

Վահրամ Խուդոյան. Հայ ամենատարեց ծանրորդի սպորտային նվաճումը


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Օրեր առաջ ծանրորդ Վահրամ Խուդոյանը դարձել է Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի (World Masters Games) հաղթող:

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված խաղերում նա հանդես է եկել 60-64 տարիքային խմբում: Ծանրորդը +105 կգ  քաշային կարգի երկամարտում ցույց է տվել 176 կգ: 2-րդ տեղը գրաված Ժան Դիերկ Հինրիկսենին (Շվեդիա) նա գերազանցել է անձնական քաշի շնորհիվ:

Mediamax Sport-ին Խուդոյանն ասել է, որ Օքլենդում Հայաստանի միակ ներկայացուցիչն է եղել: Մրցումներին մասնակցելուց առաջ մոտ 7 ամիս մարզվել է ու պատրաստվել այդ կարեւոր ստուգատեսին:

«Այդ խաղերն Օլիմպիական են համարվում, քանի որ ընդունված են ՄՕԿ-ի կողմից: Մոտ 28 հազար մարզիկներ են այս անգամ մասնակցել: Լավ պատրաստված էի մեկնել, ցանկանում էի աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն երկար թռիչքներից հետո հոգնած հասա մրցավայր, ցավեր ունեի ու չկարողացա մտադրությունս իրագործել»,- նշել է Խուդոյանը:

Նա խոստովանել է, որ պայքարը լարված է եղել ու մեդալակիրներին 1-2 կգ են բաժանել իրարից:

Խուդոյանը մտադրություն ունի շարունակել մարզվել ու այս տարվա մյուս մրցումներում հանդես գալ: Նա հաշվի է առնում բոլոր ռիսկերը՝ տարիքն ու առողջությանը վնաս չհասցնելը, ու մեծ ցանկությամբ ծանրաբեռնված մարզումներ է անում: Նպատակն Ավստարալիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանն ու Շվեդիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելն է:

«Մարզվում եմ «Սպարտակի» դահլիճում, որտեղ երիտասարդ տարիներին եմ սպորտային ուղիս սկսել: Կարիերաս շարունակել եմ մինչեւ 26 տարեկանը: Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր եմ եղել, հանդես եմ եկել համամիութենական բազմաթիվ մրցաշարերում»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին