Ապրիլ 26, 2024
5758 դիտում

Աղասյան-Ալավերդյան հակամարտություն. Պարզաբանում է մարզիչը


Փաշիկ Ալավերդյանը
Փաշիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանգստյան օրերին ավարտված Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության շուրջ բուռն քննարկումները չեն դադարում:

Ամեն ինչ սկսվեց մինչեւ 94 կգ քաշայինների ելույթից հետո, երբ Աղասի Աղասյանը 2-րդ տեղը գրավելուց հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին ու ամեն ինչում մեղադրեց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին:

Այսօր մարզիչը լրագրողների հետ հանդիման ժամանակ այդ պատմության իր տարբերակն է ներկայացրել:

«Աղասյանը պետք է հանդես գար մինչեւ 85 կգ պայքարում, սակայն նրա քաշը 450 գ-ով գերազանցել է թույլատրելի սահմանը: Նա փորձեց ինձ համոզել այդ քաշային կարգում հանդես գալ, սակայն ես կատեգորիկ մերժեցի, քանի որ դա անարդարացի կլիներ մյուս ծանրորդների հանդեպ: Դրանից հետո նա լքեց դահլիճը ու չցանկացավ մասնակցել առաջնությանը»,- նշել է Ալավերդյանը:

Հաշվի առնելով ծանրորդի կատարած աշխատանքը` Ալավերդյանը նրա անձնական մարզիչ Երվանդ Կիրակոսյանին առաջարկել է հանդես գալ 94 կգ-ում, թեեւ դա էլ կանոնակարգի խախտում է եղել, քանի որ Աղասյանը նախապես հայտավորված չի եղել այդ քաշում.

«Մոտեցումներն Աղասյանը շատ հանգիստ կատարեց, սակայն զգաց, որ չի կարող հաղթել: Դերասանական գործողություններ թույլ տվեց, վերջին մոտեցումը շատ եկար պահեց, այնուհետեւ հանեց կոշիկներն ու հեռացավ: Նա պարգեւատրմանը չմասնակցեց, թեեւ իրեն հասանելիք 20 հազ. դրամը վերցրեց: Նա փաստորեն արհամարհեց բոլորին»:

Ալավերդյանի խոսքով, ինքը 12 տարի Աղասյանի կողքին է եղել, բոլոր միջազգային մրցումների ժամանակ աջակցել է, անգամ հիվանդանոցում նրան միայնակ չի թողել ու ցավալի է, որ հիմա նման վերաբերմունքի է արժանանանում:

Աղասյան-Ալավերդյան հակամարտությունը սկսվել էր դեռ ամռանն Օլիմպիական խաղերի ժամանակ: Ծանրոդը չէր ընդգրկվել հավաքականի կազմում ու չէր մեկնել Ռիո, թեեւ համարում էր, որ 85 կգ-ում Առաքել Միրզոյանի փոխարեն հենց ինքը պետք է ելույթ ունենար:

«Օլիմպիադայում Աղասյանն ընդամենը 10-12-րդ տեղը կարող էր զբաղեցնել: Ես նրան ասել էի, եթե կարողանա լավ արդյունքներ ցույց տալ, կլինի թիմում, սակայն մարզիկն աճ չէր արձանագրում: Անգամ այստեղից փորձում էր խանգարել օլիմպիական ծանորդներին: Սակայն ի ուրախություն մեզ, նրանք ավելի ուժեղ էին ու կարողացան ամեն ինչ հաղթահարել»,- ավելացրել է Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին