exclusive
41732 դիտում

Պատերազմի մարզիկները. Յուրա Թադեւոսյան


Յուրա Թադեւոսյանը
Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Թադեւոսյանը
Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Թադեւոսյանը
Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրա Թադեւոսյանը
Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլյան պատերազմի միջով անցած ու այն վերապրած մարզիկներից շատերը վերադարձել են իրենց տներն ու փորձում են հարմարվել քաղաքացիական կյանքին:

Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքում շարունակում ենք ծանոթանալ նրանց հետ: Մեր այսօրվա զրուցակիցը Յուրա Թադեւոսյանն է:

Յուրան սամբիստ է: Մասնակցել է Հայաստանի առաջնությունների ու մի շարք միջազգային մրցաշարերի: Հիմա շարունակում է ուսումը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սամբոյի բաժնում:

Երբ գնահատում ես կյանքը

Ես սակրավոր եմ եղել: Նախ Էջմիածնում էի ծառայում, հմտացա իմ մասնագիտության մեջ ու մեկնեցի Ջրական (Ջաբրայիլ):

Բանակում սպորտն ինձ շատ է օգնել: Ընդհանրապես, սպորտը մարդուն միայն ֆիզիկապես չի ամրացնում, այն կոփում է նաեւ միտքն ու հոգին: Հենց այդ պատրաստվածության շնորհիվ բանակում խոշոր հաշվով դժվարություններ չեմ ունեցել:

Յուրա Թադեւոսյանը Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այնտեղ բոլորովին ուրիշ, հետաքրքիր կյանք էր: Սովորեցի, թե ինչպես կարելի է միայնակ գոյատեւել, դուրս գալ բարդ իրավիճակներից: Բանակից ու նաեւ պատերազմից հետո սկսեցի գնահատել կյանքը, իսկապես հասկացա, որ այն մի անգամ է տրվում ու պետք է ապրեմ ոչ միայն ինձ, այլ նաեւ ընտանիքիս ու ընկերներիս համար:

Ապրիլից հետո զգացի, թե ինչպես է իմ ազգը կանգնած զինվորի կողքին: Թե հայաստանցիները, թե արտասահմանում ապրող հայերը, մեզ օգնում էին: Անկեղծ եմ ասում, մենք զգում էինք դա, ուրախանում, ոգեւորվում:

Սակրավորի դժվար աշխատանքը

Ապրիլի 1-ին մենք զորամասից դուրս էինք ու գտնվում էինք մեր նշանակության վայրում:  Տագնապով հանեցին դիրքեր ականապատման աշխատանքներ անելու համար: Այդ օրվանից մինչեւ հունիսի վերջ մնացինք այնտեղ:

Սակրավոր լինելը դժվար գործ է: Միշտ առաջ ես գնում, անցնում ես հակառակ կողմը, թշնամուն շատ մոտ կամ անմիջապես մեջն ես լինում: Անսպասելի ու զգուշավորություն պահանջող աշխատանք է, ամեն մի պահի կարող է ականը պայթել: Բայց մենք միշտ այն մտքով ենք առաջադրանքը կատարել, որ բոլորով գնում ենք ու բոլորով էլ պետք է հետ գանք: Փառք Աստծո, այդպես էլ եղել է: 

Ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցվեց մեր երիտասարդ տղաների շնորհիվ, նրանք պատրաստ էին իրենց վրա վերցնել գրոհը: Կարծում եմ, որ հակառակորդը թերագնահատել էր մեր ուժերը, երեւի չէր պատկերացրել, որ հայ զինվորները կարող էին այդպես կանգնել ու պաշտպանել մեր հողերը:
Յուրա Թադեւոսյանը Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս պատերազմում նրանք ցանկանում են զավթել ուրիշին պատկանող հողը: Մենք հակառակը՝ բավարարվում ենք մեր ունեցածով ու ամեն գնով պաշտպանում ենք այն:

Երբեք չմոռացվող ապրիլը

Շատերն են ինձ հարցնում, թե ինչ էի զգում, ինչ էր կատարվում առաջնագծում, բայց ես չեմ կարող բառեր գտնել ու բացատրել: Պատերազմը պարզապես մեր մեջ մնաց, այն կհասկանան մարդիկ, ովքեր անցել են դրա միջով:

Մինչեւ ապրիլը սովորական ծառայություն էր, իսկ դրանից հետո տղաներին ավելի լավ ճանաչեցի, այնքան մտերմացանք, որ կարծես մանկուց իրար հետ մեծացած լինեինք: Հիմա հաճախ ենք հանդիպում, վերհիշում ամեն ինչ:

Պատերազմից հետո  բոլորս հասկացանք, թե իրականում ով ենք, ինչ դեր ենք կատարում: Ցավոք, ապրիլը տարավ մեր երիտասարդներին, երկրի ապագան կերտողներին: Իրենց շնորհիվ եմ ես այսօր ապրում: Երբեք չեմ մոռանա այդ օրերը, չեմ էլ կարող մոռանալ:



Զորացրվելը չի նշանակում, որ վերջ, ավարտեցի ամեն ինչ: Ես այսօր էլ մեր տղերքի կողքին եմ, միշտ պատրաստ եմ օգնել նրանց: Մենք ընկերներով պատրաստ ենք կրկին անցնել այդ ամենի միջով:

Ուրախանալ նաեւ զոհվածների փոխարեն

Հիմա շարունակում եմ ուսումս, փորձում եմ կրկին լավ մարզավիճակ ձեռք բերել ու մրցաշարերի մասնակցել: Ես մի ցանկություն ունեմ. ապագայում ինչ գործով էլ զբաղվեմ, աշխատելու եմ օգնել բոլորին: Ինձ համար կարեւոր է օգտակար լինել մարդկանց:
Յուրա Թադեւոսյանը Յուրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Միշտ ուրախ մարդ եմ եղել, նույնիսկ պատերազմի ընթացքում փորձում էի լավատեսությունս չկորցնել: Հիմա էլ, երբ նույնիսկ տրամադրություն չեմ ունենում, ինձ ուրախ եմ պահում, որպեսզի դիմացինիս էլ չտխրեցնեմ: Կյանքը շարունակվում է: Կարծում եմ, որ մենք նաեւ մեր զոհված ընկերների փոխարեն պետք է ուրախանանք:

Յուրա Թադեւոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին