exclusive
41395 դիտում

Պատերազմի մարզիկները. Մաթեւոս Մաղաքյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 1-ի գիշերը հերթափոխս հանձնեցի ու իջա դիրքերից: Առավոտ շուտ գումարտակի հրամանատարն ասաց, որ հակառակորդը հրետանային կրակ է բացել, ամեն պահի իրավիճակը կարող է էլ ավելի սրանալ:

Ես ջոկի հրամանատար էի ու ղեկավարում էի տղաների մուտքը թաքստոց: Հանկարծ տեսա դպրոցի երեխաներին ու մտածեցի, բա իրենք որտե՞ղ պետք է թաքնվեն:

Քիչ անց արկն ընկավ հենց դպրոցի բակում: Ես վազեցի այնտեղ, ապա եկավ շտապ օգնության մեքենան, երեխաներին տեղավորեցի մեքենայում, տարան հիվանդանոց: Ցավոք, նրանցից մեկը զոհվեց:

Մաթեւոս Մաղաքյանի ծառայությունն անցել է Մարտունիում: Հունահռոմեական ոճի ըմբիշը Ձորաղբյուրից է, նրա ընտանիքում մարզիկներ չեն եղել, պարզապես ընկերների հետ մի օր գնացել է դահլիճ ու միանգամից սիրել այս մարզաձեւը:

Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքում այս անգամ անդրադարձել ենք Մաթեւոս Մաղաքյանին, որը պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբիշի կյանքը բանակում

Շատ եմ սիրում սպորտը, այն իսկապես դաստիարակում է մարդուն: Հայաստանի առաջնություններում մրցանակներ եմ շահել, 2 տարի եղել պատանիների հավաքականի անդամ: Հավաքականը շատ բան տվեց ինձ, զգացի, թե ինչ է պրոֆեսիոնալ սպորտը, մեծ վստահություն ձեռք բերեցի:

Ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ըմբշամարտի բաժին:

Ապա եկավ բանակ գնալու տարիքս: Ես երբեք չեմ մտածել բանակից խուսափելու մասին, գիտեի, որ պետք է գնամ ու անպայման հետ գամ: Անկեղծ կլինեմ, առաջին մեկ ամիսը շատ դժվար էր: Ես սովոր էի այլ կյանքի, իսկ այնտեղ միանգամից եղան սահմանափակումներ, ամեն ինչ չէ, որ իմ ուզածով էր լինում: Բայց հարմարվեցի, սովորեցի ու դարձա զինվոր: Սպորտն օգնել է բանակում, մարզված ու կոփված լինելով՝ դիմանում ես ծանրաբեռնվածությանը:

Խոշոր հաշվով, ծառայության ընթացքում դժվարություն չեմ տեսել, չհաշված ապրիլյան դեպքերը: Չնայած մինչեւ հիմա էլ չեմ հավատում, որ այդպիսի բան է եղել ինձ հետ, կարծես երազ լիներ:
 
Ես ողջ ծառայության ընթացքում չեմ մտածել, որ ինձ հետ կարող է ինչ-որ բան պատահել: Շատ փորձանքներից եմ պրծել, բայց զգում էի, որ ամեն ինչ լավ է լինելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլը, պատերազմն ու դիրքում ստացող ուժը

Չեմ կարող ասել, թե ինչ է պատերազմն ու այդ ժամանակ ինչ էի զգում: Ես թեթեւ նայեցի թե ծառայությանը, թե պատերազմին, միգուցե այդպես ավելի լավ է: Երբեմն
մտածում էի, որ ամեն պահի կարող եմ լինել զոհված զինվորի փոխարեն, բայց թույլ չէի տալիս, որ դա ինձ թուլացներ: Մոռանում էի ամեն ինչ, տրամադրվում, կատարում իմ ու իմ ջոկի առջեւ դրված խնդիրը: Երբեք չպետք է քեզ վատ բան ներշնչես, դա միայն սթրեսի մեջ կգցի, ու ամեն ինչ կարող է պատահել:

2016-ի մարտի կեսերն էր: Դիրքերում էինք, երբ ադրբեջանցիները սկսեցին արկակոծել, արագ մտանք թաքստոց, միայն վարորդը վնասվեց, որին արագ հեռացրի իր գտնվելու վայրից:


Մի քանի օր հետո արդեն պատերազմական իրավիճակ էր: Մեր ուղղությամբ հիմնականում հրետանին էր գործում: Տեղանքն այնպիսին է, որ ինչքան էլ փորձեին ներթափանցել, չէին կարող, դրա համար միայն կրակում էին: Մենք վերահսկում էինք իրենց ամեն մի շարժը, արժանի պատասխան տալիս:

Առաջին չորս օրն անհամեմատ լարված էր: Դիրքերը լավ վիճակում չէին, ցուրտ էր, անձրեւ, կացարանն էլ՝ փոքր: Բայց սա չէր խանգարում զգոնությունը թուլացնել: Ապրիլը շատ բան փոխեց մեր մեջ:

Երբ դիրքերից իջնում էի զորամաս, մտածում էի, թե ինչպես կարող է նորմալ մարդը, ով գիտի, որ ամեն պահն իր համար կարող է վերջինը լինել, այդպես մինչեւ վերջ մնալ կանգնած, պայքարի, կռվի, չնահանջի:

Հետո հասկացա: Դիրքերում, պատերազմական իրավիճակում դու կարծես դու չլինես, ուրիշ ես դառնում, ուժեղանում ես, քո մեջ բացահայտում հատկություններ, որոնց մասին չես էլ իմացել: Ես գիտեմ մարդկանց, ովքեր խաղաղ ժամանակ չէին ցանկանում ծառայել, բայց հենց պատերազմը սկսվեց, առանց պարտադրանքի գնացին առաջնագիծ:

Պատերազմում չես զոհվում ինչ-որ չափով բախտի ու ներքին զգացողության շնորհիվ:  Մի անգամ ինժեներական աշխատանքներ էինք անում, շոգեցի ու որոշեցի վերնաշորս հանել: Երբ կռացա այն գետնին դնելու համար, դիպուկահար փամփուշտը գլխիս վրայով թռավ: Եթե չշոգեի ու չհանեի շապիկս, այսօր այստեղ չէի լինի:

Ինժեներական աշխատանքների մեծ մասը գիշերն էինք անում, ցերեկով կրակում էին: Շատ է պատահել, որ կրակել են ինձ վրա: Վախ եղել է, քարանում էի ու արագ թաքնվում: Բայց դա տեւել է մի քանի վայրկյան, ապա նորից կանգնել եմ ու շարունակել գործս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանդիպում հերոսի հետ

Ապա եկան կամավորականները: Այդ ժամանակ էլ ես ծանոթացա ու բացահայտեցի իմ հերոսին՝ «Շենգավիթ» ջոկատի փոխհրամանատար Ռոմիկ Մխիթարյանին: Հաստատ կճանաչեք, «Ախպերս ու ես» երգը նրա ու եղբոր մասին է գրվել: Ռոմիկն ինձ գրավեց իր մարդ տեսակով, անչափ ուրախ եմ, որ ծանոթացել ենք:

Ռոմիկը չէր թողնում, որ զինվորը երկար հերթապահեր, ուզում էր ինքը կանգնել, իսկ մենք հանգստանանք: Բայց մի անգամ քնել էր, ու ես գնացի հերթապահության: Առավոտյան ասում էր, ինչո՞ւ չես արթնացրել, բայց դե ես իրենց հրամանատարն էի, ինձ էին ենթարկվում (ծիծաղում է): Շատ լավ մարդիկ էին:

Մինչեւ հիմա կապ եմ պահում, հանդիպում ենք տարբեր առիթներով:

«Անդրանիկ Օզանյան» մեդալին արժանի զինվորը

Ծառայության ժամանակ մի քանի անգամ պարգեւատրվել եմ՝ լավագույն զինվոր-մարզիկ, քաջարի մարզիկ, իսկ ապրիլից հետո ստացա «Անդրանիկ Օզանյան» մեդալը:

Ես այս պարգեւին արժանացել եմ իմ ջոկատը լավ ղեկավարելու, հանձնարարությունները ճիշտ ու ժամանակին կատարելու համար: Դիրքերում պետք է վաստակել զինվորի սերն ու հարգանքը, ճիշտ առաջնորդել նրան: Այս մեդալն ինձ համար ամեն ինչ է, ամեն մեկը չի կարող արժանանալ նման պարգեւի:

Ես միշտ զգոն եմ եղել, միշտ վերահսկել եմ իրավիճակը, օգնել իմ ջոկի տղաներին: Երբ տեսնում էի մեկը քնել է, խոսում էի հետը, բացատրում, եթե պետք էր, իր տեղը կանգնում: Որովհետեւ սա առաջին հերթին մեր ապահովության հարցն է. կացարանում զինվորը դիրքում կանգնած ընկերոջ հույսով է հանգստանում: Պետք է խոստովանեմ, որ նույնիսկ մի օր չի եղել, որ ես կացարանում նորմալ քնեմ, միշտ անհանգիստ եմ եղել, չէ՞ որ ես էի պատասխանատու բոլորի համար:

Ցրտին ու քնին դիմադրելը

Մինչեւ ծառայության գնալը շատ բաներից էի վախենում, հիմա ոչ մի բանից՝ ոչ օձից, ոչ մթությունից, նույնիսկ մարդկանցից:

Դիրքում քնելու խնդիր չեմ ունեցել, միայն ցուրտն էր խանգարում, բայց դրան էլ աստճանաբար սովորում ես: 

Մինչ բանակ գնալս մտածում էի, ոնց եմ ցրտին դիրքում կանգնելու, հետո զգացի, որ ամեն ինչ էլ կարող եմ անել: Այդ ժամանակ ինքդ քեզ բացահայտում ես, զգում ես, որ ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես: Մինչեւ այդ ամենի միջով չանցնես, չես իմանա, ինչի ես ընդունակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դիրքում միշտ պետք է զգոն լինես, հակառակ դեպքում թշնամին կնկատի ու մյուս վայրկյանին կվերացնի քեզ: Ցավոք, մեր զոհերի մեծ մասն անզգուշության հետեւանքով է լինում:

Տղաներն իրար օգնելով են դիրք պահում, շարքային զինվորների արագ կողմնորոշվելու ու անընդհատ իրար հետ լինելու շնորհիվ: Հակառակ դեպքում կորուստներն էլ ավելի շատ կլինեին: Դիրքապահները շատ լավ են ճանաչում միմյանց, իրար մասին ամեն ինչ գիտեն:

Ապրիլից ստացած մեծ ցավը

Պատերազմն ինձ տվեց քաջություն, սառնասրտություն, ցանկացած իրավիճակում լուծում գտնելու կարողություն: Չնայած ես միշտ էլ հանգիստ ու ծանրակշիռ մարդ եմ եղել, բայց, անկասկած, այդ դեպքերից հետո փոխվեցի:

Ցավով եմ վերհիշում ապրիլը, որովհետեւ մինչ այդ ես ունեի հարազատ ընկերներ, իսկ այժմ նրանք չկան:

Իմ ինչ-որ մի մասը մնացել է Մարտունիում, բայց ես մեկ-մեկ գնում եմ այնտեղ: Երբ ապրիլին կամավորականներն արդեն վերադարձան իրենց տները, մի քանի օր անց կրկին եկան մեզ մոտ: Շատ էինք կապվել, կարծես իրենց երեխաները լինեինք: Հիմա շփվում եմ նրանց հետ ու, երբ Արցախ գնալիս են լինում, մեծ սիրով միանում եմ նրանց ու գնում իմ հարազատ դիրք:

Անավարտ պատերազմ

Մինչ զորակոչվելս ուրիշ բաների մասին էի մտածում, ցանկանում էի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մասնակցել: Հիմա նման մտքեր չունեմ: Շարունակում եմ սովորել, արդեն աշխատում եմ: Իսկ այս պատերազմը չի ավարտվել, հակառակ դեպքում այսօր զինվորը խրամատում չէր կանգնի, կրկին զոհեր չէինք ունենա: Կարծում եմ, որ այն երբեք էլ չի վերջանա:

Մաթեւոս Մաղաքյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին