Ապրիլ 24, 2024
exclusive
927 դիտում

«Սիթիի» կարմիր ֆոբիան, զարմացած առաջատար Ուելբեքն ու ԲԿՄԱ-ն



«Up&Down»-ն առաջին անգամ անդրադառնում է հոկեյի մայրցամաքային լիգային, որտեղ արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակչում Մոսկվայի ԲԿՄԱ-ն անակնկալ հաղթանակ տարավ ԲՄԱ-ի հետ սերիայում: Mediamax Sport-ը  շաբաթվա ամենամեծ առաջընթաց գրանցած ֆուտբոլիստների  շարքում առանձնացրել է Պոլ Պոգբային ու Դեննի Ուելբեքին:

Պոլ Պոգբա: Չնայած այն հանգամանքին, որ «Մանչեսթեր Սիթիի» Անգլիայի առաջնությունում չեմպիոնությունն ընդամենն օրերի հարց է, այնուհանդերձ այս շաբաթ Մանչեսթերը ներկված էր կարմիր գույներով: «Սիթին» մի քանի օրում ֆուտբոլային աշխարհին ապացուցեց, որ ֆոբիա ունի անգլիական  կարմիր գրանդերից: 

«Յունայթեդի» կապտամազ գերաստղ Պոգբան գերեզման ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի»՝ «Յունայթեդի» հետ խաղում Անգլիայի առաջնությունում չեմպիոն դառնալու բոլոր նվիրական երազանքները: Իսկ առաջին խաղակեսից հետո Պոլը Մոուրինյոյի թիմի ամենավատ խաղ ցուցադրած ֆուտբոլիստներից մեկն էր, ով ամեն հպումից հետո ստիպված էր գլուխը թափահարել՝ գնդակ կորցնելու համար: Գվարդիոլայի թիմն  առաջին կեսում 2  անպատասխան գնդակ էր ուղարկել «Յունայթեդի» դարպասն ու ստիպել Ժոզեին ինքնասիրության դասեր տալ իր խաղացողներին:

Լուսանկարը` Facebook


«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում ոչ մի հարված չէր կատարել Էդերսոնի պաշտպանած դարպասի ուղղությամբ, բայց երկրորդում եկել էր քամբեքի: «Սիթիի» քաոսը սկսվեց Պոգբայի վտանգավոր հարվածից, որը չհասավ իր նպատակին, բայց դա գալիքի հնարավոր ահազանգն էր: Գվարդիոլայի թիմը չարձագանքեց, իսկ «Յունայթեդն» անցավ գործի: 50-րդ րոպեից սկսվեց Պոգբայի աստղային երեկոն: 2 րոպեի ընթացքում Պոլը 2 գնդակ ուղարկեց «Սիթիի» դարպասն ու հավասարեցրեց խաղի հաշիվը: Գվարդիոլան երեւի գիտեր, որ Պոգբան փայլելու է «Սիթիի» հետ խաղում ու դրա համար էր նրա հասցեին գովեստի խոսքեր շռայլել նախախաղային ասուլիսի ժամանակ: 2-2 հաշվից հետո խաղի պատկերը փոխվեց: «Յունայթեդը» դաշտի կենտրոնում սկսեց վերահսկել խաղը ու աստիճանաբար գնաց 3 գոլին: Հաղթական դարձավ Քրիս Սմոլինգի հարվածը, որի պատճառով՝ նոկդաունում հայտնված «Սիթին» չկարողացավ այդպես էլ ուշքի գալ:

«Յունայթեդի» գերքամբեքը կայացավ, իսկ Պոգբան  շաբաթվա լավագույն ֆուտբոլիստների շարքում արժանի տեղ գտավ: «Մանչեսթեր Սիթին» անցած 7 օրերի առաջին  ձախողակն է:

ԲՄԱ Սանկտ Պետերբուրգ: Եվրոպական հոկեյի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը մոտենում է ավարտին: Հոկեյի մայրցամաքային լիգայի  արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակչում մրցում էին Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու Սանկտ Պետերբուրգի  ԲՄԱ-ն: Բանակային այս երկու թիմերն առհասարակ հոկեյի մայրցամաքային լիգայում ամենաուժեղ կազմն ունեն: Ռուսաստանի օլիմպիական չեմպիոն դարձած հավաքականի ավելի քան 95 տոկոսը կազմված էր այս թիմերի հոկեյիստներից: Պետերբուրգյան ակումբի գլխավոր մարզիչն օլիմպիական խաղերում Ռուսաստանի ընտրանուն չեմպիոնության հասցրած Օլեգ Զնարոկն է:  ԲԿՄԱ-ի ղեկին հավաքականում Զնարոկի օգնական Իգոր Նիկիտինը: Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին:

Լուսանկարը` http://cska-hockey.ru/


7 խաղից բաղկացած դիմակայությունում անբեկանելի ֆավորիտ էր համարվում Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ն: Զնարոկի թիմի խաղացողներն իրենց պոտենցիալ կարողություններով  ու կանոնավոր առաջնությունում ցուցադրած հոկեյի որակով ավելի զորեղ էին, քան մոսկովյան բանակայինները: Այնուհանդերձ, Զնարոկի հետ աշխատանքի շնորհիվ Նիկիտինը կարողացել էր հասկանալ այն բոլոր մարտավարական  գաղտնիքները, որով պետերբուրգյան թիմի մարզիչը կարողանում է հասնել արդյունքի: Այն դրվագներում, որտեղ ԲԿՄԱ-ի հոկեյիստներին պակասում էր վարպետությունը, օգնության էր գալիս նվիրումը եւ ուժային հոկեյը: Կապրիզով-Գրիգորենկո-Կուզմենկո-Պոպով քառյակն անհամեմատ վստահ տեսք ուներ, քան Դացյուկ-Կովալչուկ-Գուսեւ-Տորեսեն օղակը: ԲՄԱ-ի հոկեյիստներն առաջին 5 խաղից 3-ն անցկացրին  սեփական հարկի տակ եւ, ունենալով  խաղային առավելություն, 2  ցավալի պարտություն  կրեցին: 6-րդ խաղից առաջ ԲԿՄԱ-ն սերիայում հաղթում էր 3-2 հաշվով ու մնում էր սեփական հարկի տակ մեկ հաղթանակ տոնել:

6-րդ խաղը կայանում էր Մոսկվայում: Հենց առաջին խաղափուլում  պետերբուրգցիները 2 արագ անպատասխան տափօղակ ուղարկեցին մոսկովյան բանակայինների դարպասը՝ ստեղծելով տպավորություն, որ դիմակայության ելքը վճռվելու է 7-րդ խաղում: Զնարոկի թիմը չկարողացավ զարգացնել հաջողությունն ու, գալիք երկու խաղափուլերում մեկական տափօղակ ընդունելով դարպասը,  խաղը հասցրեց օվերթայմ: Այստեղ աշխատեց  Գրիգորենկո-Պոպով դուետը: Պոպովը խաղում 2-րդ անգամ գոլային փոխանցում կատարեց Գրիգորենկոյին՝ վերջինս դառնալով դուբլի հեղինակ սերիայում հաղթանակ նվիրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Խաղի հաշիվը 3-2, դիմակայությունում՝ 4-2: Իգոր Նիկիտինը հաղթեց մի մրցակցի, որի հետ շանսերը չնչին էին: Գերեզրափակչում ԲԿՄԱ-ի մրցակիցը Կազանի «Ակ-Բարսն» է: Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ն իր հերթին շաբաթվա թիվ մեկ ձախողակը:

Դեննի Ուելբեք: Լոնդոնի «Արսենալում» հիանալի մարզավիճակ են հավաքել բոլոր հարձակվողները: Եթե Օբամեյանգի ու Լակազետի պարագայում անակնկալներ չկան, ապա Ուելբեքը հաճելիորեն զարմացնում է: Անգլիացի տաղանդավոր հարձակվողներից  մեկը «Յունայթեդից» հեռանալուց հետո մերթընդմերթ հիշեցնում է իր գոյության մասին, բայց  ստաբիլ արդյունավետությամբ աչքի չի ընկում: Օբամեյանգի Լոնդոն տեղափոխությունը ստիպեց Ուելբեքին վերանայել գործի հանդեպ իր մոտեցումը, այլապես նրա հետագա կարիերան «Արսենալում» կարող էր կախվել մազից: Վենգերի տված յուրաքանչյուր հնարավորություն Ուելբեքը սկսեց ընդունել որպես վերջինը:

Լուսանկարը` https://static.standard.co.uk


Անգլիայի առաջնության հերթական տուրի «Արսենալ»-«Սաութհեմփթոն» խաղում, Վենգերի հիմնական կազմից դուրս էին Օզիլը, Ռեմզին, Մխիթարյանը, Կոսելնին, Լակազետը, Ուիլշիրը  եւ Մոնրեալը: Նրանց  բացակայության պայմաններում զինագործներին առաջատար էր պետք: «Սաութհեմփթոնն» առաջինը հասավ հաջողության ու «Արսենալի» համար սկսվեց քննությունը: Ուելբեքը պատրաստ էր ու սկսեց առաջ տանել զինագործներին: Նախ նրա նրբանկատ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Անցավ 10 րոպե ու Դեննին արդեն առաջ մղեց լոնդոնցիներին: Ձախ եզրում ստանալով գնդակն՝ Ուելբեքն անակնկալ կերպով խաղը վերցրեց իր վրա, տեղափոխվեց կենտրոն ու կարողացավ անդրադարձի շնորհիվ հավասարեցնել հաշիվը:

Սրբերը չկոտրվեցին ընդունած գոլից հետո ու կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը: «Արսենալի» համար ամենապատասխանատու պահին կրկին ճիշտ տեղում հայտնվեց Ուելբեքը: Հարձակվողին բնորոշ հոտառությամբ դիրք գրավելով դարպասային հրապարակի ձախ եզրում՝ գլխով գնդակն ուղարկեց «Սաութհեմփթոնի» դարպասը եւ հաղթանակ պարգեւեց «Արսենալին»`3-2:  Ինչպես «Միլանի» հետ Լոնդոնյան խաղում, այնպես էլ առաջնության այս խաղում՝ Դեննի Ուելբեքի անվան դիմաց դուբլ գրանցվեց: Նման խաղի դեպքում Արսեն Վենգերը հաճելի գլխացավանք ունի՝ մեկնարկային կազմում հարձակվողներ ընտրելու համար: Բոլոր երեքին խաղալու հնարավորություն տալ չի կարող: Դեննի Ուելբեքն իր փայլուն խաղով շաբաթվա լավագույններից  երկրորդն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին