exclusive
4512 դիտում

Դիբալայի ֆուտբոլային տանգոն ու Հենոյի խաղային նոր ձեռագիրը


Լուսանկարը` https://guardian.ng

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Հենրիխ Մխիթարյանն արժանիորեն  հայտնվել է «Up&Down»-ում: Mediamax Sport-ը շաբաթվա լավագույնների ցանկում ներառել է նաեւ Միշի Բատշուայիին ու Պաուլո Դիբալային: Օլիվիե Ժիրուն դեռ սպասում է իր հերթին:

Պաուլո Դիբալա:  2018 թվականը Պաուլո Դիբալայի համար սկսվեց  ցավալի վնասվածքով: «Կալյարիի» հետ խաղում Ալեգրին ստիպված եղավ արգենտինացուն հանել դաշտից ու գալիք 6 խաղի համար մշակել նոր մարտավարություն: «Յուվեն»  առաջնությունում ու գավաթի խաղարկությունում խնդիրներ չունեցավ: Նույնը չի կարելի ասել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման մասին: «Յուվենտուսին» պետք էր Դիբալան:

Արգենտինացու ֆուտբոլային տանգոն սկիզբ առավ Հռոմում՝ «Լացիոյի» հետ կայացած ծանր խաղով: Հավասար մրցավեճի ելքը վճռեց  «90+3»-րդ րոպեին Դիբալայի միակ ու հաղթական գոլը: «Յուվեն» 3 միավոր վաստակելով՝ այս մրցաշրջանում երկարատեւ հավասար պայքարից հետո առաջին անգամ կորցրած միավորներով շրջանցեց «Նապոլիին»: Սարրի թիմն այդ օրը Հռոմում պարտվել էր «Ռոմային»: Դիբալայի համառությունը տվեց  պտուղներ, իսկ «Նապոլին» սկսեց անկայուն ելույթները:

Լուսանկարը` Facebook


Հաջորդիվ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղն էր «Տոտենհեմի» հետ: Լոնդոնցիները ֆավորիտ էին ու առաջին կեսից հետո հաղթում էին 1-0 հաշվով: Ալեգրիի մարզչական դասը  չէր կայանա, եթե թիմում չլիներ երիտասարդ տաղանդը: «Հոտսպուրի» դարպասն ուղարկված հաղթական գոլը եւս Դիբալայի անվան դիմաց գրանցվեց: «Յուվեն» հենց այդ գոլի շնորհիվ անցավ քառորդ եզրափակիչ: «Ոսկե տղայի» շաբաթն ամբողջական դարձավ Ա սերիայի վերջին տուրի «Ուդինեզեյի» հետ խաղում: Թուրինցիներն առավելության հասան Դիբալայի դուբլի շնորհիվ: Նա նաեւ 11-մետրանոց վաստակեց, որը չկարողացավ դիպուկ իրացնել Գոնսալո Իգուաինը:

Ստացվում է այնպես, որ «Յուվենտուսի» վերջին կարեւորագույն հաղթանակները գրանցվել են բացառապես Պաուլո Դիբալայի հարվածների շնորհիվ: Այդ հաղթանակներից յուրաքանչյուրը մեծ ազդեցություն է թողնելու մրցաշրջանում «Յուվենտուսի» վերջնական արդյունքների վրա: Դիբալայի կողմից 3 խաղում կառուցած տարբեր ճաշակի կատարողական վարպետությամբ 4 գոլից յուրաքանչյուրը ստիպում է արգենտինացուն ընդգրկել շաբաթվա լավագույնների շարքում:

Օլիվիե  Ժիրու-Միշի Բատշուայի: «Արսենալ»-«Չելսի»-«Բորուսիա»  «հատվածները» միավորվում են մի կետում եւ դա կոչվում է տրանսֆերային պատուհան: Եթե հատվածներով եռանկյուններ կազմեինք, գագաթներին բնականաբար Օբամեյանգը, Ժիրուն ու Բատշուային կհայտնվեին: «Բորուսիան» Օբամեյանգի սկսած խառնաշփոթից հետո ստացավ հրաշալի փոխարինողի՝ ի դեմս Միշի Բատշուայիի: «Արսենալն» իր հերթին դժգոհ չէ Օբամեյանգից, բայց գաբոնցու եփած դառն ապուրի համը զգում է «Չելսին»: Օլիվիե Ժիրուն ազնվականների կազմում, որքան էլ ջանում է մարզավիճակ հավաքել ու օգտակար լինել թիմին, հաջողությունները, մեղմ ասած, չեն տպավորում: Փախարենը, Միշի Բատշուային, երկար ժամանակ տաքացնելով «Չելսիի» պահեստայինների նստարանը, հասնելով «Դորտմունդ» իրեն պահում է ինչպես վանդակից դուրս եկած ֆուտբոլային առյուծ: Բելգիացին անհավանական մարզավիճակ է հավաքել  ու «Բորուսիայի» վերջին հաղթանակներում գերակայող  ավանդ ունի:

Լուսանկարը` Facebook


Բատշուային գերմանական թիմում հասցրել է դառնալ 7 գոլի հեղինակ: Այդ գնդակների մեծամասնությունը հաղթական է եղել: Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում Բատշուային մնացել էր պահեստայինների նստարանին: «Բորուսիայի» մարզիչ Պետեր Շտյոգերը նրան խաղալու հնարավորություն տվեց վերջնամասում: Միշին դուրս եկավ փոխարինման ու անմիջապես առաջ մղեց իր թիմին: «Այնթրախտը» «90+»-ում հավասարեցրեց խաղի հաշիվը ու թվում էր հանդիպումը այդպես էլ կարվարտվի: Վճռական խոսքը պատկանում էր Բատշուայիին: Կրկին 9 համարին բնորոշ գերազանց հարված ու հաղթանակը «Բորուսիայի» գրպանում է՝ 3-2:

Լուսանկարը` Facebook


Քանի դեռ Բատշուային իր նոր թիմում հերոսանում է, Ժիրուն այդ նույն ընթացքում քննադատվում է «Չիլսիում»: Անգլիայի առաջնության վերջին տուրի «Քրիսթալ Փելասի» հետ խաղում ֆրանսիացին 2 անգամ չկարողացավ գրավել դարպասը 100 տոկոսանոց դրվագներում: Ժիրուն այնպես ձախողեց խաղը, որ Կոնտեի համբերությունը սպառվեց ու վերջինիս փոխարինեց: Ավարտված շաբաթն ամփոփելով. Բատշուային անկասկած լավագույնների,  Ժիրուն, գուցե Բենզեմայի հետ, ձախողակների շարքում է:

Հենրիխ Մխիթարյան: Տարօրինակ է, բայց փաստ. վերջին շաբաթների ընթացքում մամուլում անընդհատ քննարկվում էր այն պարզ միտքը, թե արդյոք հնարավոր է «Արսենալի» մեկնարկային կազմում տեսնել երկու 10 համարի հատկանիշներով օժտված ֆուտբոլիստների: Այո՛, հնարավոր է եւ հենց այդ նպատակով էր ի սկբանե կատարվել Մխիթարյանի տրանսֆերը: Տեղափոխության կայացման հենց առաջին օրվանից պարզ էր, որ Վենգերն Օզիլ-Մխիթարյան դուետին միշտ խաղացնելու է մեկնարկային կազմում ու փոխելու է դիրքերով: Հակառակ դեպքում հայ ֆուտբոլիստին հրավիրել ու պահեստայինների նստարանին պահելը, մեղմ ասած, հիմարություն կլիներ: Քիչ ժամանակ է անցել, բայց բացահայտ երեւում է, որ 2 խաղարկողի առկայությունը, բացի օգուտից վնաս չի տվել:

Լուսանկարը` Facebook


«Արսենալը» 3 խաղ անընդմեջ անկազմակերպ ֆուտբոլ հրամցնելուց ու պարտություններ կրելուց հետո վերջապես հավաքվեց: Լոնդոնցիները  երկրորդ խաղն է, որ  գտնվում են իրենց բարձրության վրա: Նրանց վերջին հաղթանակները թույլ են տալիս շատ կարեւոր եզրահանգումներ անել Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ: Հենոն իր գոլերն ու արդյունավետ փոխանցումները սկսեց կատարել մի իրավիճակում, երբ թիմը գտնվում էր ծանր ճգնամում: «Մանչեսթեր Յունայթեդում» դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ ամբողջ թիմը տապալվում էր ու ակումբին ծանր  կացությունից դուրս բերողը հայ ֆուտբոլիստն էր: Հիմա արդեն փաստ է, որ «Արսենալում» այդ իրավիճակը կար ու հենց Հենրիխի շնորհիվ է , որ թիմը քանդում է անհաջողությունների ցանցը: Մենք անընդհատ Հենոյի թույլ կողմը մատնանշելիս խոսում ենք այն մասին, որ հայ ֆուտբոլիստը դժվար պահերին չի կարողանում պատասխանատվությունը վերցնել իր վրա: Հիմա իրավիճակը գործնականում ապացուցում է, որ ամեն ինչ փոխվել է: Հենրիխը ոչ միայն չի վախենում սխալվել, այլ փորձում է ու հաջողությամբ բարդ իրավիճակներում թիմին տանում է իր հետեւից: Մենք գործ ունենք բոլորովին այլ որակներով օժտված Մխիթարյանի հետ: Թիմակիցները նրան վստահում են ու միշտ փնտրում գրոհների ժամանակ:

Այս հանգամանքը ուրախացնող է ոչ միայն «Արսենալի» երկրպագուների համար, այլ Հայաստանի ազգային հավաքականի: Առջեւում ընկերական խաղեր են, իսկ կամային որակներով օժտված, լավ մարզավիճակում գտնվող, իր կարողություններին հավատացող Հենոն մեզ անհրաժեշտ է օդի ու ջրի պես: Այժմ  Հենրիխի խաղն անթերի չէ, բայց ակնհայտ է, որ Ժոզեի թողած հոգեբանական վախերն ու անվստահությունն անցյալում են: Դա երեւում է անգամ գնդակի հետ շփումից ու փոխանցումների որակից:

Հենրիխն, անկասկած, շաբաթվա լավագույնների շարքում է: Ընտրության վրա  վստահաբար չի ազդում այն հանգամանքը, որ նա հայ է: Համոզվելու համար դիտեք վիճակագրությունը: «Արսենալի» երկրպագուների համար հիանալի է նաեւ այն հանգամանքը, որ Հենրիխն ու Օբամեյանգը փոքր, բայց վստահ քայլերով սկսում են միմյանց փոխլրացնել հարձակման գծում: Պրեմիեր լիգայի վերջին տուրում երկու ֆուտբոլիստներն էլ աչքի ընկան իրար գոլային փոխանցում կատարելով: Որքան էլ «Արսենալն» այս պահին մրցաշարային աղյուսակում հետ է «Յունայթեդից», վստահաբար կարելի է ասել, որ Լոնդոն տեղափոխությունը որակապես հզոր ազդեցություն է թողել Մխիթարյանի խաղի վրա: «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը վերջին մեկ շաբաթվա ընթացքում դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ արժանալով համաշխարահային լավագույն լրատվական գործակալությունների  բարձր գնահատականներին:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին