Ապրիլ 25, 2024
exclusive
2141 դիտում

«Նապոլիի» պարտված չեմպիոնությունն ու Փարիզի «ավելորդը»



Անխել Դի Մարիան Նեյմարի բացակայությամբ վերածվել է առաջատարի: Սկուդետոյի համար պայքարում «Նապոլիի» վերջին պարտությունից հետո Mediamax Sport-ը գնահատել է մնացած չեմպիոնական շանսերը: Բեռնարդու Սիլվան իր տպավորիչ խաղով միացել է «Up&Down»-ի հաջողակների թիմին:

Անխել Դի Մարիա:  Նեյմար-Մբապե-Կավանի հարձակողական եռյակի ստեղծումից հետո Փարիզում ավելորդ համարեցին Անխել Դի Մարիային եւ Յուլիան Դրաքսլերին: ՊՍԺ-ում դեմ չէին հարմար առաջարկի դեպքում վաճառել եւ՛ գերմանացուն, եւ՛ արգենտինացուն: Արդյունքում երկուսն էլ մնացին, իսկ Դի Մարիան սկսեց տոն տալ փարիզեցիների խաղում: Ինչպես մրցաշրջանը ցույց է տալիս, հիմնական հարձակողական եռյակից  որեւէ մեկը միշտ վնասվածք ունի, արդյունքում Դի Մարիան տեղ է գտնում  է ՊՍԺ-ի մեկնարկային կազմում եւ  արդարացնում մարզչի սպասելիքները:

«Մարսելի» հետ խաղում Նեյմարի ստացած վնասվածքից հետո թվում էր, թե Մբապեն կամ Կավանին են թիմին իրենց հետեւից տանելու, բայց հերթական անգամ սպասելիքներն ու իրականությունն այլ էին: Երբ խաղադաշտում է Դի Մարիան ՊՍԺ-ի, գրեթե, բոլոր գրոհները զարգանում են արգենտինացու ուղղությամբ: Նա հիանալի արագություն ու տեխնիկա ունի, որի շնորհիվ արագ տեսնում է դաշտն ու ազատ թիմակիցներին հանում հարվածի: Դի Մարիան նախկին թիմերում հիմնականում գոլային փոխանցումներ էր կատարում, իսկ Փարիզում սկսել է այլ որակներով աչքի ընկնել: Հիմա արգենտինացուն շատ կարելի է տեսնել գրոհները եզրափակողի դերում: Աննշան բացթողումը պաշտպանությունում կարող է հանգեցնել Դի Մարիայի գոլային եզրափակմանը:

Լուսանկարը` performgroup.com


Լիգա 1-ում Անխելը հասցրել է դառնալ  8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:  Նեյմարի բացակայության պայմաններում վերջին 2 խաղում Դի Մարիայի ակտիվում 3 գոլ կա գրանցված: Արգենտինացին աստիճանաբար սկսում է ամրապնդվել փարիզեցիների մեկնարակային կազմում ու հենց նրա ոչ ստանդարտ խաղից է կախված ՊՍԺ-ի ճակատագիը «Ռեալի» հետ խաղում:  Ստացվել է այնպես, որ արգենտինացի ֆուտբոլիստն Էմերիի գլխավոր հույսն է Նեյմարի բացակայությամբ: Նա շաբաթվա լավագույների ցանկում է:

«Նապոլի» ֆուտբոլային ակումբ:  Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Յուվենտուսի» հետ չեմպիոնական պայքարում մրցակցող թիմը պետք է առաջին հերթին հոգեբանորեն պատրաստ լինի: Մրցաշրջանների ընթացքում միշտ գալիս է մի հատված, երբ չեմպիոնի կոչման նոր հավակնորդը մեկ կամ մի քանի տուր ստանձնում է առաջատարի դիրքը՝ թիկունքում զգալով «Յուվեի» հզոր ճնշումը: Թուրինցիներն իրենց հզոր կարողություններով, երկար պահեստայինների նստարանով, բազմափորձ ու որակյալ խաղացողներով ունակ են այդ կերպ ուժասպառ անել մրցակիցներին ու անհրաժեշտ ամենավճռական պահին առաջ պոկվել: Իրավիճակը, գրեթե, նույն հանգուցալուծումն է ստանում «Նապոլիի» հետ սկուդետոյի համար պայքարում:

Լուսանկարը` si.com


Այն, որ Մաուրիսիո Սարրին իր ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով հզոր թիմ է կառուցել, քննարկման ենթակա չէ: «Նապոլին» օրինակելի հարձակողական ֆուտբոլ է խաղում եւ էտալոն է ամբողջ Եվրոպայում: Ցավալի է, բայց փաստ. Ա սերիայի վերջին տուրի «Ռոմայից» կրած պարտությունը մեծ հավանականությամբ ոսկու արժեք կունենա Սարրի թիմի համար: Սա այն դեպքում, երբ «Յուվեն» «Լացիոյի» հետ խաղում Հռոմից հեռացել է 3 միավոր վաստակած: Նեապոլցիների պարտությունը կարող է հուսահատության ալիք բարձրացնել թիմում: Հենց դրան է սպասում «Յուվենտուսը»:

«Ռոմայի» հետ խաղում «Նապոլիի» պարտության գլխավոր մեղավորը ձախ պաշտպան Մարիո Ռուին է: «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը պատասխանատու խաղում մեկը մյուսի հետեւից  քար էր գցում «Նապոլիի» չեմպիոնական հույսերի վրա: Մարիոյի իներտ ու անկազմակերպ խաղի պատճառով Ռեյնան դարպասից 3 գոլ հանեց: «Ռոմայի» կազմում փայլեց Էդին Ջեկոն:  Գայլերի հարձակվողի առաջին գոլը եղավ Ռաուլ Ալբիոլի գլխի վրայից: Կենտրոնական պաշտպանը պարտվեց դիրքային պայքարում:  Ջեկոյի 2-րդ գոլը ոչ ստանդար հարվածից հետո էր, ինչից հետո Ինսինյեն ու ընկերները կորցրեցին հաղթանակի հույսը: «Ռոմայի» ֆուտբոլիստների խաղին անասելի վստահություն էր հաղորդում Ալիսոն Բեկերը, որը մի քանի տպավորիչ սեյվ կատարեց: Այս ամենի համագումարում «Նապոլին» պարտվեց 2-4 հաշվով ու հայտնվեց շաբաթվա ձախողակների շարքում:

Բեռնարդու Սիլվա: Վերջին խաղերում «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակից բացակայում է Ռահիմ Սթերլինգը: Արագաշարժ հարձակվողի պակասը Գվարդիոլան լրացնում է մի խաղացողով, ով մրցաշարջանի սկզբում է համալրել քաղաքայինների շարքերը: Խոսքը պորտուգալացի Բեռնարդու Սիլվայի մասին է: Սիլվան այն հրաշագործներից  մեկն է, ում ջանքերով «Մոնակոն» նախորդ մրցաշարջանում գլխապտույտ արդյունքների հասավ: Ընթացիկ մրցաշարջանի մեկնարկը բարդ դասավորվեց Բեռնարդուի համար, քանի որ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներին ժամանակ է պետք անգլիական ուժային ֆուտբոլին հարմարվելու համար:

Լուսանկարը` mancity.com


Սիլվան ոչ միայն հարմարվեց, այլեւ խաղից խաղ ավելացնելով վերածվում է հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստի: Պորտուգալացին չունի այն արագությունը, ինչ Ռահիմ Սթերլինգը, բայց ի տարբերություն երիտասարդ անգլիացու, ունի փոխանցումների ոսկերչական տեխնիկա եւ դաշտը տեսնելու մանրադիտակային կարողություն: Սիլվայից, գրեթե հնարավոր  չէ գնդակ խլել մեկը մեկի դեմ խաղում, ինչը նրան թույլ է տալիս մի քանի խաբուսիկ շարժման շնորհիվ հարվածային դիրք դուրս բերել թիմակիցներին: Բեռնարդուն խաղաոճով շատ է նման Դավիդ Սիլվային: Մի պահ պատկերացնենք այն թիմի վիճակը, որը ստիպված է դաշտում պայքարել երկու Սիլվայի ու Դե Բրույնեի պես կիսապաշտպանական գծով թիմի դեմ:

Բեռնարդուն շատ վտանգավոր է հարվածում հեռու տարածություններից: Այս տեսանկյունից «Սիթին» ավելացնելու տեղ ուներ, իսկ պորտուգալացին փայլուն լուծում է  դրա համար: Գվարդիոլայի թիմի վերջին հաղթանակների ժամանակ Բեռնարդուն գրոհների գլխավոր եզրափակողներից մեկն է: Պրեմիեր լիգայի վերջին երկու տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց իր սկզբունքային մրցակիցներից «Արսենալին» ու «Չելսիին»: Երկու խաղերում էլ Բեռնարդու Սիլվան իր գոլերով գլխավոր գործող անձանցից մեկն  էր: «Չելսիի» հետ խաղում նրա գոլը միակն էր ու հաղթականը: Գվարդիոլան Բեռնարդուին եւս կարողացավ դարձնել իր մեքենայի լիիրավ անդամ: Պորտուգալացին շաբաթվա 2-րդ լավագույնն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին