Ապրիլ 19, 2024
exclusive
2471 դիտում

Չեմպիոններն առանց մեդալի. Փոխարենը՝ ներկայացում Ռոնալդու-Կուն զույգից



Ձմեռային օլիմպիական խաղերը տապալմամբ սկսած չեմպիոնները հայտնվել են «Up&Down»-ում: Mediamax Sport-ն առանձնացրել է նաեւ Կուն-Ռոնալդու հարձակողական զույգին:

Սերխիո Ագուերո: Կունն ազդանշան է ուղարկում Քեյնին ու Սալահին.վաղ էին Սերխիոյին ռմբարկուների սպրինտից դուրս հանել: Արգենտինացին աստիճանաբար վերադառնում է  նախկին մարզավիճակին ու դառնում այն գլխավոր հարվածային ուժը, որի մասին երազում է Պեպ Գվարդիոլան:

Գաբրիել Ժեզուսի վնասվածքից հետո Ագուերոն մեկնարկում մշտապես հայտնվելու հնարավորություն ստացավ ու խաղից խաղ ապացուցեց, որ չի կորցրել նախկին որակները:  Ցավալի է, բայց փաստ. Ժեզուսի վնասվածքն օգնեց Կունին Գվարդիոլայի վստահությունը վերականգնելու հարցում: Սերխիոն Անգլիայի առաջնության հերթական տուրի «Լեսթերի» հետ խաղում դարձավ պոկերի հեղինակ:

Լուսանկարը` thesun.co.uk


Առաջին հայացքից հարձակվողը կատարում է իր պարտականությունները, բայց այն, ինչ ցուցադրեց Սերխիոն, միայն որոկյալ գոլահարին բնորոշ հատկանիշներ չեն: Ագուերոյի յուրաքանյուր գոլ ֆուտբոլային բարձր ինտելեկտի ապացույց է: Առաջին դիպուկ հարվածի ժամանակ նրան օգնեց գոլային հոտառությունը՝ հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է գրոհների եզրափակիչ փուլում լինի կենտրոնական հարձակվողը: 2-րդ գոլից սկսած  աչք զարնեց նրա աշխատասիրությունը: Կունը պրեսինգի ենթարկեց Կասպեր Շմեյխելին եւ ստիպեց սխալվել: Դանիացին գնդակը նվիրեց Դե Բրույնեին, ում փոխանցումից կայացավ այդ պահին Սերխիոյի դուբլը:

3-րդ գոլը եւս Ագուերոյի ֆուտբոլային գրագիտության արդյունքն է: Այն իրավիճակում, երբ հարձակվողների մեծամասնությունը պարզապես կանգնում է տեղում, «Սիթիի» 9 համարն անմեղ դրվագում կարդաց, որ Բերնարդու Սիլվայի ճնշման տակ Կասպեր Շմեյխելը գնդակն ուղարկելու է կենտրոն, տեղափոխվեց  մի քանի քայլ աջ, խլեց գնդակն ու հեթ-տրիք ձեւակերպեց:  Բենեֆիսը եզրափակվեց 90-րդ րոպեին: Այս անգամ տուգանայինից դուրս ստանալով գնդակը՝ Կունը գնդակոծեց «Լեսթերի» դարպասն ու լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 3-րդ տեղ: Ընդամենը 2 գոլ ու ֆուտբոլային Եվրոպան կմոռանա Քեյնին ու կդիմավորի Անգլիայի առաջնության նոր ռմբարկուին: Նման ֆանտաստիկ խաղից հետո Սերխիո Ագուերոն շաբաթվա լավագույներից մեկն է:

Ձախողակների դուետ` Մարտեն Ֆուրկադ-Կամիխ Ստոխ:  Ձմեռային օլիմպիական խաղերում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մեդալային հույսերից մեկը ՝ Մարտեն Ֆուրկադը, տապալեց օլիմպիական ոսկու առաջին փորձը: Սպիտակ օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր բիաթլոնիստը տղամարդկանց 10 կմ սպրինտում գրավեց միայն 8-րդ տեղը: Ֆուրկադի անկումը  կատարյալ ֆիասկո է Ֆրանսիայի հավաքականի ու բիաթլոնիստի համար:
Նման ելույթից հետո մնում է կարգավորել հոգեբանական վիճակը եւ գալիք մրցումներին մոտենալ այլ տրամադրվածությամբ: Ֆուրկադի մոտ այնքան վատ էր ամեն ինչ, որ կրակահերթերից մեկի ժամանակ 3 վրիպում թույլ տվեց: Բիաթլոնի երկրպագուները հիասթափված են, իսկ նա շաբաթվա անհաջողակներից առաջինն է:

Լուսանկարը` ladmedia.fr


Բացի Ֆուրկադից սեւ գիծը չշրջանցեց նաեւ ոստնակացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Կամիլ Ստոխին: Լեհ դահուկացատկորդը, լինելով տղամարդկանց նորմալ ոստնակի օլիմպիական մրցման գլխավոր ֆավորիտը, իր հնարավորություններից մի քանի անգամ պակաս հանդես եկավ: Առաջին ցատկահերթում աշխարհի գավաթի ներկա առաջատարը ցատկեց 106,5 մետր, ինչն այդ պահին դեռ չէր խոսում ոսկե մեդալի համար պայքարի տապալման մասին: 2-րդ ցատկահերթի ամենավճռական պահին, երբ բոլորը սպասում էին ռեկորդային ցատկի,Ստոխը վերցրեց ու անցավ 105,5 մետր:  Այդ արդյունքը նրա համար ապահովեց միայն 4-րդ տեղը: Համեմատության համար օլիմպիական չեմպիոն հռչակված Անդրեաս Վելինգերի եզրափակիչ ցատկը հավասար էր 113,5 մետրի: Այդ արդյունքն Ալպենզիայի ռեկորդի կրկնություն էր նորմալ ոստնակ մրցաձևում:

Լուսանկարը` elperiodico.com


Քրիշտիանու Ռոնալդու:  Սերուցքայինների թիվ 1 աստղին վերջին շրջանում քննադատում է նույնիսկ ամենաալարկոտ մարդը: Ռոնալդուն Ռոնալդու չէր լինի, եթե կամային որակներն ու հաղթողի հոգեբանությունը մեկ ակնթարթ լքեր նրան: Ընդամենը մեկ տուր առաջ «Լեւանետեի» հետ խաղում Զիդանը վերջում համարձակվեց պորտուգալացուն հանել դաշտից, որից հետո Ջանպոալո Պացինին ցավալի ապտակ հասցրեց «Ռեալին»: Մադրիդը ոչ-ոքի խաղաց, բայց փոխարենը հաջորդ խաղում, Ռոնալդուն «Ռեալ Սոսիեդադի» դեմ  խաղադաշտ դուրս եկավ աներեւակայելի կենտրոնացմամբ:

Արդեն առաջին րոպեին աշխարհի գործող լավագույն ֆուտբոլիստը հարվածի դուրս բերեց Լուկաս Վասկեսին: Իսպանացին չվրիպեց, բայց դա  Ռոնալդուի ծանրակշիռ խոսքը չէր: 27-րդ րոպեին աշխատեց Մարսելո-Քրիշտիանու կոմբինացիան, որից հետո պորտուգալացին դարձավ գոլի հեղինակ: Այս գոլը մադրիդցիների համար հաղթանակների նոր հույս կարող է լինել, քանի որ վերջին շրջանում Մարսելոյի ու Ռոնալդուի համագործակցությունը, մեղմ ասած, չէ տպավորում: Հաջորդ գոլը ծնվեց Մոդրիչի անկյունային փոխանցումից: Ռոնալդուն գլխով գնդակն ուղարկեց դարպասը՝ երկրորդ քայլն անելով կատարյալ հեթ-տրիքի համար: Իսկ սպասված գոլային տրիոն կայացավ 81-րդ րոպեին:

Լուսանկարը` elperiodico.com


Ռեալը հաղթեց 5-2 հաշվով, բայց այս հաղթանակում ամենակարևորը 3 միավորը չէ: Սա հզոր ազդակ է եւ Ռոնալդուի, եւ «Ռեալի» երկրպագուների համար, որ հաջորդ խաղը, որը Չեմպիոնների լիգայում է տեղի ունենալու ՊՍԺ-ի դեմ, հնարավոր է խաղալ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:

Մինչ Սոսիեդադի հետ հանդիպումը, Մադրիդում, գրեթե, բոլորը չէին հասկանում «Ռեալը» ինչպիսի տրամադրվածությամբ է ընդունելու փարիզեցիներին: Ռոնալդուն հեթ-տրիքով ու մեկ գոլային փոխանցումով եկավ ասելու, որ Արքայական ակումբը պատրաստ է ճակատամարտի: Պորտուգալացին շաբաթվա լավագույներից մեկն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին