Ապրիլ 23, 2024
exclusive
6443 դիտում

Գրիզմանն ու «Վաշինգտոն Քեփիթալսը» վերակենդանացան միաժամանակ



«Up&Down»-ն առաջին անգամ անդրադառնում է հոկեյի ազգային լիգային: Mediamax Sport-ի շաբաթվա լավագույնների ցանկում արժանի տեղ է զբաղեցրել նաեւ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

«Վաշինգտոն Քեփիթալս»

Հոկեյի ազգային լիգայում գերազանց շաբաթ անցկացրեց  «Վաշինգտոն Քեփիթալսը»: Կանոնավոր առաջնության  ամենազորեղ թիմերից մեկը մի քանի ձախողումից հետո  վերջապես կարողացավ կոտրել անհաջողությունների շղթան ու 3 խաղ անընդմեջ սառույցից հեռացավ հաղթողի կարգավիճակում: Պարտվողի դերում հայտնվեցին «Տորոնտոն», «Օտտավան» ու «Տամպա Բեյը»:

Վաշինգտոնցիների 3 հաղթանակներն էլ կայացան հիմնական ժամանակում: Ալեքսանդր Օվեչկինի ու Եվգենի Կուզենցովի գլխավորությամբ «Վաշինգթոնը» սեփական խաղահրապարակում պայքարից գլխիկոր հանեց լիգայի լավագույն թիմերից մեկին՝ «Տամպա Բեյին», որն այս պահին գլխավորում է հոկեյի ազգային լիգայի արեւելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:

Լուսանկարը` eurosport.com


«Տամպայի» հետ մրցավեճում «Վաշինգտոնն» առաջինը տափօղակը հանեց սեփական դարպասից, բայց  դա հյուրերի վերջին հաջողությունն էր անզիջում խաղում: Վլադիսլավ Նամեստնիկովի գոլին պատասխանեցին Օվեչկինը, Սմիթ-Փելլին եւ Բիգլը:

3 հաղթանակի արժեքն ավելի է բարձրանում «Վաշինգտոնի» երկրպագուների համար այն ժամանակ, երբ ակնհայտ երեւում է թիմի առաջատարների լավ մարզավիճակը: Դեռ 2 շաբաթ առաջ Օվեչկինը, Թի Ջեյ Օշին ու Կուզենցովը անկարող էին ակումբին փրկել նույնիսկ միջակ թիմերի հետ խաղերում: Այս պահին «Վաշինգտնում» աչք է զարնում այն հանգամանքը, որ անգամ պարտվելիս թիմի հոկեյիստները չեն դադարում հավատալ հաջողությանը ու կարող են անելանելի իրավիճակներում հոգեբանական կայունության հաշվին սառցադաշտում փոխել հողթողին: «Քեփիթալսում» խաղից խաղ բարձրանում է կարգապահությունը:

Դեռ օրեր առաջ Բարրի Տրոցի հոկեյիստները ունակ էին գրեթե  հաղթած խաղերում չհիմնավորված հեռացումների պատճառով ձեռքից բաց թողնել կարեւորագույն միավորներ, այժմ իրավիճակն այլ է: Վերջին 3 խաղում «Վաշինգտոնը» մրցակցի դարպասն ուղարկել է 12, սեփականն ընդունել  5 տափօղակ: Մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրած հաղթական շարքը Տրոցի թիմին թույլ տվեց իր դիվիզիոնում կարգավորել մրցաշարային գործերն ու այս պահին առաջ անցնել գործող չեմպիոն «Փիթսբուրգից»: «Վաշինգտոն Քեփիթալսը» հիանալի խաղերի շարքից հետո հայտնվել է շաբաթվա լավագույների շարքում:

«Էվերտոն» ֆուտբոլային ակումբ

Մարզիչների փոփոխությունից «Էվերտոնում» իրավիճակը չի փոխվում: Հայտնի մաթեմատիկական օրենքն ավելի քան երբեւէ համապատասխանում է անգլիական ֆուտբոլի ակումբային հույսերից մեկին: 2017-2018 մրցաշարջանի մեկնարկում, տրանսֆերային պատուհանը պայթեցրած թիմն այս պահին պրեմիեր լիգայի վտանգավոր գոտու հարեւանությամբ է: Մերսիսայդյան ակումբում Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզչի պարտականություններն է կատարում Դեյվիդ Անսվորդը, որի ղեկավարությամբ էվերտոնցիների խաղն ավելի  խղճուկ տեսք է ստացել:

Անցած ֆուտբոլային շաբաթը Լիվերպուլը ներկայացնող ակումբի երկրպագուների համար քաոսի նմանվեց: Կապույնտերը 2 խաղ անցկացրին, որտեղ կրեցին նույնքան խոշոր հաշվով պարտություն: Եթե Անգլիայի առաջնության վերջին տուրի «Սաութհեմփթոնի» հետ մրցավեճում պարտությունն որոշ չափով հասկանալի էր, ապա Եվրոպա լիգայի խաղարկության «Ատալանտայի» հետ խաղը դուրս էր բոլոր տեսակի տրամաբանական հանգուցալուծումներից:

Լուսանկարը` eurosport.com


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Էվերտոնի» անփառունակ պարտությամբ, երկրպագուները հույս ունեին, որ տնային խաղում Ռունին ու խաղընկերները կռիվ կտան սեփական հեղինակության համար ու կկարողանան հաղթել:Բայց հերթական անգամ լիվերպուլյան ակումբի երկրպագուների հույսերը չարդարացան: «Ատալանտան», լինելով իտալական չափանիշներով ամենահամեստ թիմերից մեկը, 5-1 հաշվով մրցակցի դաշտում քարուքանդ արեց «Էվերտոնին»: Անսվորդը խաղադաշտ էր դուրս բերել մարտական կազմ, բայց դա էլ չօգնեց:

Նման խաղի դեպքում չի բացառվում, որ Անգլիայի առաջնության քողարկված ֆավորիտներից մեկը համարվող «Էվերտոնը» մրցաշարջանի վերջում լքի բարձրագույն դիվիզիոնն ու պայքարը շարունակի չեմպիոնշիփում: Լիվերպուլցիների բացակայությունն, իհարկե, մեծ կորուստ կլինի Անգլիայի առաջնության սիրահարների համար, քանի որ այս թիմն ի զորու է հավասար պայքար մղել նույնիսկ առաջատարների հետ: Այս պահին «Էվերտոնին» անհրաժեշտ է մարզիչ, որն առաջին հերթին կկարողանա թիմի ֆուտբոլիստների մոտ վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ: Եվ միայն դրանից հետո մտածել իրավիճակը շտկելու մասին: «Էվերտոնը» շաբաթվա թիվ 1 ձախողակն է:

Անտուան Գրիզման

Անցած ֆուտբոլային շաբաթը երջանկության եւ հույսի նոր չափաբաժին ներարկեց Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուներին: «Ատլետիկոն» կարողացավ 2 անընդմեջ հաղթանակն տանել՝ նախ չեմպիոնների լիգայի խաղարկությունում, այնուհետեւ  իսպանական պրիմերայում:

Մադրիդցիների հաղթանակի հեղինակն Անտուան Գրիզմանն էր: Ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջին շրջանում ամենաքննադատվող դեմքն էր, ում ոչ մի կերպ չէր հաջողվում կոտրել ձախողումների շղթան ու ցուցադրել իրեն հատուկ գրագետ ֆուտբոլ: Գրիզմանի գործողություններն այնքան էին կասկած հարուցում, որ նույնիսկ քննադատները հասցրել էին խոսել նրա իրական տրանսֆերային արժեքի չափազանցվածության  մասին: Ընդամենը մեկ շաբաթը բավական էր, որպեսզի ֆրանսիացին կրկին փակի չարախոսների բերանները:

Լուսանկարը` dailystar.co.uk


Անտուանը 2 խաղում «Ռոմայի» ու «Լեւանտեի» հետ, դարձավ 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Գրիզմանի վերադարձը չի հիմնավորվում միայն խփված գոլերով ու գոլային փոխանցումներով: «Ատլետիկոյի» առաջատարը վերջապես կարողանում է իր վրա վերցնել խաղն ու ամենաբարդ իրավիճակներում թիմին տանում է իր հետեւից: Գրիզմանի մոտ վերջապես նկատվում է հավատը սեփական ուժերի նկատմամաբ, որի հաշվին մի շարք անհատական դիմակայություներում, անհատական վարպետության շնորհիվ ֆրանսիացին կարողանում է անգործ թողնել մրցակիցներին:

Մադրիդցիների առաջատարն  իր ստեղծագործ խաղի միջոցով առջեւում հիանալի է համագործակցում Կեւին Գամեիրոյի հետ, ով հենց Գրիզմանի միջոցով սկսել է մարզավիճակ հավաքել ու վերջին երկու խաղերում ակտիվում է գրանցել նույնքան գոլ ու գոլային փոխանցում, ինչ Գրիզմանը: Անտուանը հիանալի 2 խաղից հետո, շաբաթվա լավագույների ցանկում է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին