Ապրիլ 24, 2024
exclusive
4916 դիտում

«Ռեալի» ձախողման գլխավոր մեղավորն ու «Մանչեսթերի» փրկիչը



«Up&Down»-ում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հայտնվել է շաբաթվա ձախողակների ցանկում: Վերջապես  փայլել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Mediamax Sport-ն անդրադառնում է նաեւ ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին:

Գրիգոր Դիմիտրով: Մեծ  Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն ընդունել էր  աշխարհի ուժեղագույն թենիսիստներին: Կայանում էր ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը: Բացակայում էին Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը: Սա փայլուն հնարավորություն էր Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի համար: Սպասվում  էր, որ հենց այս երկուսի միջեւ է ընթանալու չեմպիոնական պայքարը, բայց  ակնկալիքները չարդարացան: Նադալն առհասարակ մեկ խաղ պարտվելուց հետո հեռացավ մրցաշարից: Ֆեդերերը հասավ մինչ կիսաեզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց բելգիացի Դավիթ Գոֆֆինին:

Լուսանկարը` Facebook


Լոնդոնյան մրցաշարի բացահայտումն անշուշտ Գրիգոր Դիմիտրովն էր: Բուլղարացին այն եզակի թենիսիստներից է աշխարհում, որին կարիերայի սկզբնական հատվածում համեմատում էին Ռոջեր Ֆեդերերի հետ: Դիմիտրովն իր տեխնիկայով, հարվածներով ներկայումս ամենամոտն է շվեյցարացուն: Բուլղարացուն, գրեթե, միշտ խանգարել է հոգեբանական անկայունությունը: Մշտապես լինելով տարատեսակ մրցաշարերի ֆավորիտների ցանկում՝ Դիմիտրովն անգամ պարտություններ է կրել մի քանի մաչբոլի առկայության պայմաններում: Այս անգամ իրավիճակը բոլորվին այլ էր՝ երկաթյա նյարդեր եւ չեմպիոնական թագ:

Գրիգոր Դիմիտրովը նախ հիանալի անցկացրեց խմբային փուլը, որտեղ 3 խաղում տարավ նույնքան հաղթանակ: Կիսաեզրափակչում բուլղարացու ճնշմանը չդիմացավ ամերիկացի Ջեկ Սոկը: Թեժ պայքարում Գրիգորը հաղթեց 4:6, 6:0, 6:3 հաշվով: Չեմպիոնական խաղն ընթացավ երկակի զգացողություններով: Մերթ թելադրում էր Գոֆֆինը, մերթ՝ Դիմիտրովը: Երկուսի համար էլ չեմպինությունն անհավանական հաջողություն էր լինելու: Արդյունքում խաղի ելքը վճռվեց  3-րդ սեթում: Տեղի տվեցին բելգիացու նյարդերը, իսկ Դիմիտրովն իր շանսը բաց չթողեց: Արդյունքում 5 խաղ, 5 հաղթանակ, երջանկության արցունքներ ու չեմպիոնություն Գրիգոր Դիմիտրովի համար: Նա շաբաթվա լավագույնների ցանկում է:

Քրիշտինու Ռոնալդու: Մադրիդիստների հիշողություներում դեռ թարմ են անցած օգոստոսյան էլկլասիկոներում «Ռեալի» փայլուն հաղթակաները «Բարսելոնայի» նկատամբ: Երկու խաղերում էլ բացակայում էր Քրիշտինու Ռոնալդուն: Առաջին հայացքից տպավորություն կարող էր ստեղծվել, որ մադրիդյան ակումբն առանց պոտուգալացու լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել, բայց դա ամենեւին էլ այդպես չէր: Զիդանը Ռոնալդուի բացակայությամբ հնարավորություն ստացավ շանս տալու երիտասարդներին, ովքեր  իրենց հերթին քարը քարի վրա չթողեցին «Բարսելոնայից»: Այժմ Իսպանիայի առաջնությունում անցել է 12 տուր:
«Ռեալը» «Բարսելոնային»  զիջում է 10 միավորով, իսկ Զիդանը ցանկացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսում է այն մասին, որ «Բարսելոնան» դեռ միավորներ կորցնելու է եւ ամեն ինչ վերհսկողության սահմաններում է:

Լուսանկարը` performgroup.com


Այո, Բարսելոնան դեռ միավորներ կարող է կորցնել, բայց դա բոլորովին կապ չունի «Ռեալում» այս պահին առկա գլխավոր խնդրի հետ: Խոսքն, իհարկե, Քրիշտիանու Ռոնալդուի դժգույն խաղի մասին է: Յուրաքանչյուր շաբաթ գնալով ավելի ու ավելի է ամրանում այն միտքը, որ վաղուց հասունացել է պահը, երբ Զիդանը պարտավոր է պահեստայինների նստարանին թողնել Ռոնալդուին ու խաղալու հնարավորություն տալ Մարկո Ասենսիոյին: Երիտասարդ իսպանացին ոչ միշտ է հայտնվում «Ռեալի» կազմում, բայց հասցնում է գրագետ ֆուտբոլ խաղալ:

Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում «Ռեալը», գրեթե, բոլոր գործոններով գերազանցեց մրցակցին, բայց գործը գոլի հասցնել չկարողացավ: Մադրիդում քրտնաջան աշխատում էին բոլորը, նույնիսկ Կարիմ Բենզեման, ով վերջին շրջանում անընդհատ քննադատությունների է արժանանում, ավելի լավ տեսք ուներ քան Ռոնալդուն: Ցանկացած փոխանցում պորտուգալացու ուղղությամբ վերածվում էր կորուստի, կամ գրոհի արհեստական ընդհատման: Գնդակի կորուստների ժամանակ Ռոնալդուն բացակայում էր պաշտպանական գործողություններ կատարելիս: «Ռեալի» առաջատարը նույնիսկ հասարակ իրավիճակներում կատարում էր տարրական փոխանցումներ, որոնք, իհարկե, չեզոքացվում էին «Ատլետիկոյի» պաշտպանների կողմից:

Այն, որ Մադրիդում այս պահին նա վատագույնն է երկու կարծիք լինել չի կարող: Ռոնալդուին հիմնական կազմից դուրս թողնելը ռիսկային է ինչպես Զիդանի, այնպես էլ թիմի թեկավարության համար, քանի որ պորտուգալացին կարող է հեռանալ արքայական ակումբից: Վաղուց «Ռեալում» ժամանակն է հասկանալ, նրանք ցանկանում են վերադառնալ նախկին խաղամակարդակին, թե հետեւել Ռոնալդուի քմահաճույքներին ու տապալվել: Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը շաբաթվա թիվ մեկ ձախողակն է:

Պոլ Պոգբա: Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում վերջապես իր բարձության վրա գտնվեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Կարմիր սատանաների մոտ արդյունքի տեսանկյունից, գուցե, ամեն ինչ կարգին էր, բայց խաղային առումով հարցականներն ավելի քան շատ էին: «Նյուքասլի» հետ խաղում երկարատեւ վնասվածքից հետո վերջապես կազմում էր հայտնվել Պոլ Պոգբան, ով կենտրոնական հատվածում անմիջապես սկսել էր կատարել  եւ խաղարկողի, եւ գրոհներ քանդողի պարտականություններ:

Լուսանկարը` Facebook


Պոգբայի վերադարձով ՄՅՈՒ-ում մեկ անգամից լուծվեցին մի քանի կարեւոր խնդիրներ: Դրանցից առաջինը գրոհների բազմազանությունն է: Պոգբան արսենալում ունի ֆանտաստիկ հեռահար փոխանցումներ, որոնց միջոցով դաշտի յուրաքանչյուր կետից կարող է գրոհին ցանկացած ուղղություն հաղորդել: Սա անշուշտ նկատվում էր «Նյուքասլի» հետ խաղում: Մյուս կարեւոր գործոնն անհատական  վարպետությունն է, որի շնորհիվ ֆրանսիացուց գնդակ խլելը բարդ է: Մինչ մրցակիցները զբաղված են լինում գնդակ խլելով՝«Յունայթեդի» ֆուտբոլիստները հասցնում են նպաստավոր դիրքեր դուրս գալ: Պոգբայի վերջին հաղթաթուղթն անհրաժեշտ պահին գոլային փոխանցումներ կատարելն է ու եզրափակելը:

«Նյուքասլի» հետ խաղում Պոլը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթերը Յունայթեդը» հաղթեց 4:1 հաշվով, նա խաղադաշտում լավագույնն էր բոլոր առումներով: Հենց այս բոլոր գործոնների համադրումով Պոգբան շաբաթվա 2-րդ լավագույնն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին