Ապրիլ 20, 2024
exclusive
4946 դիտում

Arrivederci Իտալիա, բարի գալուստ Դանիա



«Up&Down»-ում Mediamax Sport-ն ամփոփում է Մունդիալ 2018-ի որակավորման փուլի ամենադրամատիկ իրադարձությունները:

Իտալիայի ազգային հավաքական

Մունդիալ-2018-ի որակավորման մրցաշարը ֆիասկոյով ավարտվեց  ֆուտբոլի սիրահարների  համար: Անգամ այն ֆուտբոլասերները, որոնք մտքում ատում էին Իտալիայի հավաքականին, սրտի խորքի հեռավոր անկյունում աղոթում էին, որպեսզի «Սկուադրա Աձուրան» կարողանա հաղթահարել «շվեդական արգելքն» ու մեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Բուֆֆոնի «վերջին բենեֆիսին»:

Տարիներ շարունակ ֆուտբոլում պրագմատիզմ թելադրող եւ հազվադեպ հաշվարկներում սխալված իտալացիները 2 խաղերի արդյունքում պարտվեցին Շվեդիայի ընտրանուն: Սկանդինավները  2 անգամ  անընդմեջ  կատենաչոյի դաս տվեցին մարտավարության ստեղծողներին: Շվեդիան գոլը հեղինակեց մեկ կիսադրվագի միջոցով, բայց դա բավական եղավ: «Սկուադրա Աձուրան» ոչ միայն շաբաթվա գլխավոր ձախողակն է, այլեւ ֆուտբոլային ամբողջ կիսադարի հիասթափությունը: Իսկ հիմա պարտության պատճառների մասին:

Անատամ խաղ հարձակման ողջ ճակատով. Իտալիայի ներկայիս հավաքականում հավաքված են երիտասարդ, բայց միեւնույն ժամանակ անչափ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք սեփական ակումբներում հստակ կատարում են իրենց առջեւ դրված բոլոր առաջադրանքները: Ազգային թիմում սպասելիքներն ու պահանջներն անհասկանաի կերպով փոխվում են՝ վերածվելով մարզչական ամենօրյա իմպրովիզի: Շվեդիայի հետ 2 խաղերում էլ Ջան Պիերո Վենտուրան փոխեց հարձակվողներին, բայց մարտավարական առումով այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչ է մարզիչն ուզում ֆուտբոլիստներից: Վենտրուային 2 խաղն էլ երեւի բավարար չէ հասկանալու համար, որ Անտոնիո Կանդրեւայի տարրական ֆուտբոլային ինտելեկտը դարձավ Իտալիայի ընտրանու ճախողման հիմնական օղակներից մեկը: Հազարավոր անարդյունք փոխանցումներ ու զրո օգտակար գործողության գործակից:  Եվ ակամայից հարց է առաջանում. Ջան Պիերո Վենտուրան երբեւէ  դիտե ՞լ է Լորենցո Ինսինյեի ցուցադրած խաղն այս մրցաշարջանում:  Եվ, եթե դիտել է, ապա չի՞ նկատել, որ փոքրամարմին հարձակվողն այս պահին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իսկ նման խաղերում այդպիսի հարձակվողի առկայությունն անչափ կարեւոր է:

Իտալացիների արկածները շարունակվում էին նաեւ պաշտպանական գծում: Վենտուրան խաղադաշտում միավորել էր թուրինյան բաժանված եռյակին, որոնք իրենց կարերայում գուցե առաջին անգամ  ավելի շատ զբաղված էին հարձակողական գործողություններով, քան պաշտպանությամբ: Այն, որ Բոնուչին, Կյելինին, Բարձալին հիանալի են խաղում թիկունքում բացահայտում չէ, բայց այն, որ այս ֆուտբոլիստները գրոհ կազմակերպելիս կաղում են, դա եւս ակնհայտ է: Շվեդիայի հետ խաղում այս եռյակը բազմաթիվ փորձեր կատարեց եւ բոլորն էլ անարդյունք: Ձախ պաշտպանի դիրքում համատարած քաոս էր: Վենտուրային կրկին 2 խաղ պահանջվեց հասկանալու համար, որ Մատեո Դարմիանը կաղում է իր եզրում: Մարզիչը Դարմիանին խաղադաշտից հանելուց հետո, Ալեսանդրո Ֆլորենցիին նախ օգտագործեց  ձախ պաշտպանի դիրքում, ապա աջ  եզրային հարձակվողի դերում: Երեւի թիմում այլ ֆուտբոլիստ չուներ տվյալ դիրքերի համար:

Լուսանկարը` newindianexpress.com


Իտալիայի հավաքականի ֆիասկոյում իր մեղքի բաժինն ունեն նաեւ երկրի ֆուտբոլային ղեկավարները: Աշխարհի առաջնությունից առաջ թիմի ղեկը վստահել մարզչի, որը կարիերայում երբեք չի աշխատել նման բարձր մակարդակում ու չի զգացել նմանօրինակ մեծ ճնշում, առնվազն արկածախնդրություն է: Արդյուքն էլ այն է, որ Մունդիալը զրկվեց Բուֆֆոնից, Իտալիայի հավաքականն էլ հայտնվեց մի իրավիճակում, որտեղ 50 տարի չէր եղել: Այժմ Ջանպիերո Վենտուրան կարող է որոշումներ կայացնել միայն իր ընտանիքում, որտեղ վստահաբար կան մարդիկ, որոնք իտալացիների այս պարտությունից հետո ծերուկին այլեւս չեն հանդուրժի:

Դանիայի ազգային հավաքական

Ցտեսություն Իռլանդիա, Դանիան մեկնում է Ռուսաստան: 2016 թվականի հոկտեմբերի 11-ին Մոնտենեգրոյի հավաքականից կրած պարտությունից հետո դանիացիների գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն կախարդական կամ գուցե խստագույն առաջադրանքներ տվեց իր ֆուտբոլիստներին: Հաջորդ խաղից սկսած կերպարանափոխված սկանդինավները ֆանտաստիկ ընթացք հավաքեցին, որի վերջին ակորդն  Իռլանդիայի ընտրանու նկատմամբ աշխարհի առաջնության անցումային խաղում, այն էլ մրցակցի դաշտում 5-1 հաշվով հաղթանակն է: Մենք եւս հայտնվել էինք Դանիացիների ճանապարհին, բայց մեզ հասցրած հարվածն ավելի մեղմ էր:

Դանիան շաբաթվա հաջողակներից առաջինն է: Նորվեգացի Օգե Հարեյդեն ի վերջո կարողացավ հաղթողի հոգեբանություն ներշնչել մի հավաքականի, որն իր կազմում եղած ֆուտբոլիստներով անշուշտ արժանի էր աշխարհի առաջնությանը մասնակցելուն:  Սկանդինավների կազմում ձեւավորվել է մի քանի օղակ, որը ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ: Դանիացիների պաշտպանությունում փայլում է Կյաեր-Քրիստենսեն-Բյելան տրիոն, որը մաքրում է ճանաճարհին ցանկացած հարձակում: Պաշտպանների գերվստահ խաղից օգտվում են հենակետայինները, որոնք դաշտի կենտրոնում հսկայական տարածություններ են ստեղծում:

Լուսանկարը` standard.co.uk


Դանիացիների հաղթանակի գրավականներից  2-րդը՝ Կվիստ-Դիլեյնի հենակետային դուետի անխափան համագործակցությունն է, որի միկորսկոպիկ ճշգրտությամբ խաղը ակնհայտ երեւում էր Իռլանդիայի դեմ: Այս ամենից հետո գործը մնում է հասցնել եզրափակիչ փուլի, որտեղ գործի է անցնում վարպետը՝ Քրիստիան Էրիկսենը: Դանիական ֆուտբոլի մենակատարն Իռլանդիայի դարպասն ուղարկեց 3 գնդակ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին հմայք: Էրիկսենի օգնականն իսպանական «Սելտայի» եզրային Պիոնե Սիստոն է: Աֆրիկյան արմատներով դանիացին իր արագությամբ խուճապի է մատնում ցանկացած մրցակցի պաշտպանության, որին հետեւում են արդյունավետ փոխանցումները: Այս բոլոր գործոններն ամբողջացնում է դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ում ղեկավարությամբ ու վստահ խաղով Դանիան կփորձի արդյունքի հասնել արդեն Մունդիալ  2018-ում:

Ալեքս Իվոբի. Լոնդոնի «Արսենալում» արդեն երկար ժամանակ է Արսեն Վենգերը կայուն խաղաժամանակ է հատկացնում նիգերիացի մի երիտասարդի, որն օժտված է ֆուտբոլային բացառիկ տաղանդով, բայց միշտ չէ, որ խաղադաշտում արդարացնում է սպասելիքները: Վենգերը չի հրաժարվում իր մարտավարությունից, որի համար երբեմն արժանանում է քննադատությունների: Ֆրանսիացի մասնագետը պատրաստում է համաշխարհային ֆուտբոլի նոր աստղի, ում միջոցով Մունդիալում հաջողությունների կփորձի հասնել Նիգերիայի հավաքականը:

Ալեքս Իվոբին աստիճանաբար աֆրիկյան հավաքականում վերածվում է առաջատարի: Ալժիրի ընտրանու հետ վերջին խաղում Իվոբիի հեղինակած գոլը Նիգերիային դուրս բերեց աշխարհի առաջնություն: «Արսենալի» ֆուտբոլիստը մեկ խաղում ունեցած փայլատակումով չբավարերվեց: Արգենտինացիների հետ կայացած կրասնոդարյան ընկերական խաղի ելքը եւս մեծ կախում ունեցավ Ալեքսից:

Լուսանկարը` performgroup.com


Առաջին կեսում Նիգերիան զիջում էր մրցակցին 2 գոլի տարբերությամբ, բայց չհանջնվեց ու կարողացավ ֆանտաստիկ քամբեք կատարել՝ հաղթելով 4-2 հաշվով: Իվոբին դարձավ դուբլի հեղինակ՝ցուցաբերելով հարձակվողին վայել անհավանական արագություն ու դիպուկություն: Նման խաղից հետո նրան շաբաթվա հաջողակների շարքում չընդգրկելն անհնար էր: Քչերին է հաջողվում 2 գոլ խփել ալբիսելեստեի դարպասը:  Իսկ Արգենտինայի մասին խոսելը մոտ է դատարկաբանությանը: Առանց Մեսիի գալիք Մունդիալի ֆավորիտիներից մեկը նման է հասարակ մի թիմի:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին