Ապրիլ 25, 2024
exclusive
5593 դիտում

Restart, որից հաղթող են դուրս գալիս գերմանական գրանդն ու Ջեկ Սոկը


Լուսանկարը` reutersmedia.net


Mediamax Sport-ն  ամփոփում է համաշխարհային թենիսի տարվա վերջին Մասթերս-1000 մրցաշարը, որտեղ չեմպիոնն ինքը չէր հավատում սեփական հաջողությանը: «Up&Down»-ում  խճճված իրավիճակ է, երբեմնի լավագույներն ու վատագույները փոխվել են դերերով:

Ջեկ Սոկ: Թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակի 22-րդ տեղում գտնվող ամերիկացի Ջեկ Սոկի համար, տարվա վերջին Մասթերս-1000 մրցաշարն ուրախության գլխապտույտ առաջացրեց: Ջեկն, ով  իր բնարավորությամբ ու փոփոխականությամբ գրեթե չի զիջում հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպին, այս անգամ աչքի ընկավ երկաթյա նյարդերով:Ամերիկացին վերջապես կարողացավ արդարացնել  սպասելիքները, չնայած հաղթանակից հետո խոստովանեց, որ նման արդյունքի ամենաքիչն էր սպասում:

Հաղթանակների մասին մի փոքր ավելի ուշ, հիմա Ջեկի խաղային որակների մասին: Եթե ընդհանուր խաղային ունակություններով  դիտենք, ապա Սոկը միշտ աչքի է ընկել հիանալի մատուցումներով ու հետին գծի վրայից հուժկու հարվածներով: Նրան մշտապես վճռական պահերին խանգարել է կայունությունը եւ հաղթողի հոգեբանությունը: Հենց այդ պատճառով երկար ժամանակ Սոկը, համարվելով համշխարհային թենիսի գալիք հույսերից մեկը, միայն հիմա է սկսում արդարացնել սպասելիքները: Փարիզի Մասթերսը Ջեկ Սոկի համար դարձավ կարերայի անհատական պայքարում առաջին լուրջ հաջողությունը:

Լուսանկարը` reutersmedia.net


Էքսցենտրիկ ամերիկացու չեմպիոնական ուղին սկսվեց Քայլ Էդմունդի նկատմամբ տոնած դժվարին հաղթանակով, որտեղ առաջին սեթը տանուլ էր տրվել: Հետագայում ամեն ինչ ընկավ իր տեղը եւ Սոկը, մեկը մյուսի հետեւից անականկալ հաղթանակներ տոնելով,  պայքարից  դուրս թողեց Լուկա Պուիլին, Ֆեռնանդո Վերդասկոյին, Ժուլիեն Բենետոյին ու Ֆիլիպ Կրայնիովիչին՝ դառնալով Մասթերս-1000-ի հաղթող: Այս  արդյունքը Ջեկին թույլ  տվեց տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալ, ինչը նշանակում է, որ տաքարյուն տղան աշխարհի լավագույն թենիսիտների շարքում է: Հիանալի խաղից ու չեմպիոնական տիտղոսից հետո Ջեկ Սոկը հայտնվել է շաբաթվա լավագույների շարքում:

«Նապոլի»: «Up&Down»-ի ձախողակների շարքում առաջին անգամ տեղ է գտել մի թիմ, որն իր ցուցադրած ֆուտբոլով ընթացիկ  մրցաշրջանում լավագույներից մեկն է Եվրոպայում: Իտալական «Նապոլիի» մասին խոսելիս դժվար է մատնանշել մի օղակ, որտեղ ակնհայտ սխալներ կան եւ թիմը լուրջ թերացումներ ունի: Այստեղ գլխավոր խնդիրը համեմատաբար համեստ ռեսուրսներով չափից մեծ արդյունքների ձգտումն է, որն երբեմն երկրպագուների մոտ սին հույսեր է ծնում եւ առաջացնում հիասթափություն: Խոսքն, իհարկե, Նեապոլ քաղաքի ֆուտբոլասերների մասին չէ, որոնք ցանկացած պարագայում շարունակում են իրենց թիմի կողքին մնալ, այլ հասարակ ֆուտբոլսերի, որը «Նապոլիի» խաղը դիտելով` ավելին է ուզում ստանալ Մարադոնայի հետնորդներից:

Լուսանկարը` performgroup.com


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նեապոլցիները 2  հանդիպում անցկացրեցին, որոնցից առաջինում վճռվում էր Չեմպիոնների լիգայում մնալ չմնալու խնդիրը: «Մանչեսթեր Սիթին» աձուրիի դաշտում  կարողացավ առավելության հասնել իր ֆուտբոլիստների անհամամատ բարձր կարգի շնորհիվ: Մաուրիսիո Սարիի թիմը նույնիսկ այդ խաղում ամեն ինչ արեց դրական արդյունքի համար, բայց «Սիթիից» միավոր վերցնելն անհնար եղավ: Չեմպիոնների լիգայում տապալվելուց հետո Ինսինյեն ու թիմակիցները սայթաքեցին նաեւ Ա սերիայի վերջին տուրի խաղում: «Կիեւոն» կարողացավ գոլազուրկ ոչ-ոքիի հասնել: Արդյուքնում, «Նապոլին» «Յուվենտուսին» թույլ տվեց միավորների տարբերությունը հասցնել նվազագույնի: Ձախողված մեկ շաբաթ ու Եվրոպայի ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկը հայտնել է շաբաթվա  վատագույների ցանկում:

«Բավարիա Մյունխեն»: Ընդամենը մեկ ամիս առաջ «Բավարիան» Փարիզում նվաստացուցիչ պարտություն էր կրել «Պարի Սեն Ժերմենից»: Այդ Ժամանակ մյունխենցիների գլխավոր մարզիչ Դոն Կառլո Անչելոտին ստիպված էր հավաքել ճամպրուկներն ու այնպես հեռանալ բավարական հողերից, որ չհանդիպեր «Բավարիայի» երկրպագուներին: Կառլոյին նրանք չէին ների: Գերմանական գրանդի փրկությունը հին ու բարի ժամանակների ծերուկի ձեռքում էր, որը տանը նստած վայելում էր ընտանեկան հանգիստը: Խոսքն, իհարկե, Յուպ Հայնկեսի մասին է: «Բավարիայից» հրավերը չուշացավ, իսկ Հայնկեսը երկար չմտածեց:

«Բավարիայի» վերջին ամենամեծ հաղթանակների փունջը կառուցվել էր հենց Հայնկեսի օրոք: Գերմանացի մասնագետն առաջին հերթին թիմում տրամադրության  ու ֆուտբոլիստների միջեւ հարաբերությունների կարգավորման վարպետ է: «Բավարիան» վերջապես կարողացել է վերգտնել նախկին կայունությունն ու հիմա ցանկացած մրցակցի համար նույնիսկ վաստակած մեկ միավորը հավասար է տոնի:

Լուսանկարը` rsport.ru


Յուպ Հայնկեսի վերադարձից հետո ամենանշանակալի հաղթանակը բունդեսլիգայի վերջին տուրում էր, որտեղ գերմանական  հզոր մեքենան տրորեց  «Ռուրյան պատին»՝ Դորտմունդում վստահ առավելության հասնելով «Բորուսիայի» նկատմամբ: Հայնկեսի օրոք թիմում խաղարկողի դիրքում աշխատում է Խամես Ռոդրիգեսը, որը մեկը մյուսի հետեւից հիանալի փոխանցումներ է բաժանում թիմակիցներին: Եթե Անչելոտիի օրոք Խամես-Ալկանտարա զույգին մեկնարկում միասին տեսնել անհնար էր, հիմա Հայնկեսը դա կիրառում է գրեթե միշտ, որի շնորհիվ «Բավարիան» 7 անընդմեջ հաղթանակ է տարել:

Հայնկեսը, վերակազմավորելով հենակետային գոտին, կարողացել է բոլոր առումնորով բալանսավորել մյունխենյան գրանդի խաղը: Կարեւոր դեր է հատկացված Խավի Մարտինեսին, որը, մշտապես պայքարի մեջ լինելով, երբեք չի կտրվում մրցակիցներից ու անընդահատ գնդակ է խլում «Բավարիայի» համար: Հենց իպանացու վստահ խաղից հետո Ալկանտարան ու Խամեսը գնդակը հասցնում են եզրեր կամ կենտրոն, որտեղից ստեղծվում է անչափ բազմազան ու արդյունավետ հարձակողական ուժ, որին մրցակիցները դեռ ի զորու չեն հակադրվել: Այժմ «Բավարիան» բունդեսլիգայի առաջատարն է եւ վստահորեն շաբաթվա լավագույն թիմը:

Կազեմիրո: Շաբաթվա ձախողակների շարքն ամբողջական չէր լինի, եթե այստեղից բացակայեր Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն: Երեւի թե բրազիլացին այն հազվագյուտ ֆուտբոլիստներից է, որը ցանկացած խաղից հետո դրական արձագանքների է արժանանում ֆուտբոլսերների շրջանում:Բայց դա չի վերաբերում չեմպիոնների լիգայի խաղարկության  խմբային փուլի վերջին տուրի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ խաղին:

Լուսանկարը` beinsports.com


«Ռեալը» մշտապես պաշտպանության կենտրոնում աչքի է ընկել անկայունությամբ: Նման իրավիճակի դեպքում արքայական ակումբի միակ հույսը հենակետային դիրքում քանդող ֆուտբոլիստի արդյունավետ խաղը պետք է լինի, որն իր ամրությամբ առջեւում կարող է որակ ստեղծել: Վերջին շրջանում մշտապես վայրիվերումներով հանդես եկած «Ռեալի» գործերն ավելի են վատանում, երբ սկսում է թերանալ Կազեմիրոն:

«Տոտենհեմի» հետ խաղում Քրիստին Էրիկսենն ու Էրիկ Դայերը յուրահատուկ ֆուտբոլային դաս տվեցին բրազիլացուն ու նրան հստակ ցույց տվեցին, որ նույնիսկ նրա դեմ հնարավոր է հակախաղ գտնել: Կազմերոն սխալվում էր նույնիսկ հասարակ դիրքերում փոխանցումներ կատարելիս, որի արդյուքնքում ահռելի տարածություններ էին առջեւում ստանում «Տոտենհեմի» ֆուտբոլիստները: Հակագրոհների ու 2-րդ տեմպով գրոհների ժամանակ Կազեմիրոն մշտապես ուշանում էր, արդյունքը «Ռեալի» սենսացիոն պարտությունն էր, որն իրականում օրինաչափ էր: «Տոտենհեմի» հետ ձախողվեց արքայական ակումբը, բայց բոլորի մեջ առանձնացավ հենց Կազեմիրոն, որն էլ գտնվում է իր համար արժանի տեղում, անգամ ` Լա Լիգայի վերջին տուրում գոլի հեղինակ դառնալով:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին