Ապրիլ 26, 2024
exclusive
4665 դիտում

Եվրոպայի անկասելի լատինամերիկյան դուետն ու վնասազերծված «Ռեալը»



Նեյմարի հետ, թե առանց նրա, «Պարի Սեն ժերմենում» չեմպիոնական բնավորությունը չի փոխվում: «Up&Down»-ի դիպուկահար զույգը անկասելի է մրցակիցների համար: Mediamax Sport-ում արժանի տեղ են գտել նաեւ համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդերը՝ «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան», որոնք շաբաթն ավարտել են ֆիասկոյով:
 
Գոնսալո Իգուաին:  Իտալական  Ա սերիայի 11-րդ տուրում Միլանի «Սան-Սիրո» ստադիոնն ընդունեց հին ու բարի ժամանակների զոլավոր ամենազորեղ դիմակայությունը: Երկրպագուների հիշողություններում դեռ թարմ են դարասկզբի «Միլան»-«Յուվենթուս» դիմակայության հիշողությունները, որտեղ պայքար էր ընթանում ոչ միայն հաղթանակի, այլեւ սեփական պատվի համար: Այլ էին կատարողները եւ ֆուտբոլային հանճարները:

Կազմալուծված ու զինաթափված «Միլանի» համար վերջապես թղթի վրա հնարավորություններ էին ստեղծվել հավասարը հավասարի կանգնել «Յուվենթուսի» հետ: Բայց դա այդպես էլ մնաց սառույցի ու «Միլանի» երկրպագուների ցանկությունների դաշտում՝ ոչ ավելին: «Յուվենթուսը» հենց խաղի սկզբում ցույց տվեց, թե ինչի համար է այս պահին կարգով մի քանի անգամ գերազանցում ռոսոներիին: Թուրինցիների հաղթանակն օրինաչափ էր, եւ դրա համար բավական է նշել մեկ՝ շատ կարեւոր հանգամանք,  ու անցնել առաջ:

Լուսանկարը` Facebook


Մասիմիլիան Ալեգրիի ներկայիս թիմն ուժեղ էր կատարողների անհատական վարպետության ու խաղակցվածության շնորհիվ: Ծեր Սինյորան հաղթեց Գոնսալո Իգուաինիի դուբլի շնորհիվ: Արգենտինացի գոլահարն այս մրցաշարջանում ձեւակերպեց առաջին դուբլը՝ Ա սերիայում գոլերի քանակը հասցրելով 101-ի:

Ասել, որ Իգուանին անթերի խաղաց, չի բնութագրի արգենտինացու ֆանտաստիկ ֆուտբոլային ինտելեկտը: «Յուվենթուսի» 9 համարը 2 անգամ բավական բարդ դիրքերում ստացավ հարվածի հնարավորություն ու երկու դեպքում էլ չկորցրեց իր շանսը: Փոխարենը առաջին կեսում Միլանի կազմում դարպասապահի հետ մեն-մենակ մնացած Նիկոլա Կալինչը հարվածեց դարպասաձողին: Հենց այստեղ են երեւում Իգուանիի որակները: «Յուվենթուսն» առանձնապես ջանքեր չգործադրեց, բայց հաղթեց իր համար հանգիստ ու վստահ ոճով: «Միլան»-«Յուվենթուս» խաղին հետեւում էր ռեկորդային՝ 730 միլոն  ֆուտբոլասեր  աշխարհի 200 երկրում: Իգուաինը բոլորի աչքի առջեւ ցույց տվեց, որ «Միլանը» խարխուլ ամրոց է, ու հայնտվեց շաբաթվա լավագույնների ցանկում:

Դորտմունդի «Բորուսիա»: Բունդեսլիգայում գերազանց մեկնարկից հետո աստիճանաբար առաջատարի դիրքը կորցրեց Դորտմունդի «Բորուսիան»: Սկզբում Ռուրյան դեղին պատը 12-րդ խաղացողին վայել թիկունք կանգնեց  «Բորուսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պետեր Բոշին, բայց հիմա ավելի քան հավանական է, որ նույն այդ պատը կարող է քանդվել հոլանդացու գլխին: Դորտմունդում,  որպես կանոն, երկար ժամանակ չեն հանդուրժում անտեղի միավորների կորուստն ու սեփական նշաձողից ցածր արդյունքները: Թվենք մի քանի խնդիր, որի պատճառով «մեղուներն» այս պահին տապալվում են եւ չեմպիոնների լիգայում, եւ Գերմանիայի առաջնությունում:

Լուսանկարը` metro.co.uk


«Բորուսիայի» համար իսկական պատուհաս է դարձել պաշտպանության կենտրոնը: Սոկրատիս-Տոպրակ, Սոկրատիս-Բարտրա, Սոկրատիս-Զադադու` անընդհատ փոփոխություններ թիկունքի ամենագլխավոր դիրքում, սակայն գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Դորտմունդի դեպքում բալանսը միայն բացասական է: Նույնիսկ ակնհայտ հաջող իրադարձությունների ընթացքի դեպքում կենտրոնում սխալները պարտադիր են: Նախորդ տարիների ընթացում եւս հետին գծում խնդիրներ կային, բայց եզրերում հաջող խաղը փակում էր կենտրոնում եղած խնդիրները: Այս պահին Դորտմունդում կաղում են նաեւ եզրերը:

Ռուրյան թիմում բացակայում է հաղթողի հոգեբանությունը: «Բորուսիան»  Բունդեսլիգայի վերջին 3 խաղում եղել է հաղթողի դերում, թելադրել է իր խաղը, բայց չի կարողացել մրցավեճը հաղթական ավարտի հասցնել: «Մեղուղները»  չեն հավատում սեփական ուժերին եւ չեն ռեալիզացնում իրենց կողմից ստեղծված մի շարք գոլային հնարավորություններ, որից օգտվում են մրցակիցները:

Հենակետային կիսապաշտպանի դիրքում եւս խնդիրները բազմաթիվ են: «Բորուսիայում» զգացվում է ակնհայտ քանդողի պարտականություններ կատարող ֆուտբոլիստի կարիք, ով կկարողանա նաեւ օգնել պաշտպաններին: Նախորդ տարիներին այդ գործը հիանալի էր կատարում Յուլիան Վայգլը, ով կորցրել է տեղը Դորտմունդի մեկնարկային կազմում, իսկ միայնակ Նորի Շահինը չի կարող կատարել այդքան մեծ ծավալի սեւ աշխատանք: Հենակետայինի դիրքից էլ անցնում են հակագրոհները:

«Բորուսիան» այսպիսի մեծ քանակությամբ վնասվածքների ու անկայուն խաղի դեպքում երկար ժամանակ ի զորու չի լինի մնալ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերնամասում: Բունդեսլիագայի վերջին 3 տուրում ձախողված թիմը հայտնվել է շաբաթվա վատագույնի դերում:

Էդինսոն Կավանի:  Գալիս են, գնում են, գալիս ու գնում են՝ Կավանին մնում է: Ուրուգվայցի մատադորը, ոչ միայն դուրս է գալիս Զլատան Իբրահիմովիչի տարածած անեզր ստվերի տակից, այլեւ մտածելու տեղ տալիս ՊՍԺ-ի ղեկավարներին ՝ արդյո՞ք ճիշտ էր Կավանիի առկայության պայմաններում ժամանակին Իբրահիմովիչին ակումբում այդքան մեծ դեր հատկացնելը: Սա հարց է, որի պատասխանը միանշանակ տալն անհնար է: Անգամ Նեյմարի առկայության պայմաններում Էդինսոնը չի դադարում գոլեր խփել ու չի կաշկանդվում  թիմում մեկ այլ մեգաաստղի առկայությունից, դա պարզից պարզ է: 

Գուցե առաջ քաշած միտքը հարց է առաջացնում՝ ո՞վ է Փարիզում այս պահին գլխավորը՝ Նեյմա՞րը, թե՞ Կավանին: Հարցի պատասխանն այդքան էլ էական չէ, քանի որ բրազիլացին ՊՍԺ է եկել այլ կարգավիճակում եւ նրանից սպասելիքները բոլորովին այլ են: Նեյմարը պայքարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու ու ՊՍԺ-ին չեմպիոնական տիտղոներ տալու համար, իսկ Կավանին թիմային արդյունքի ու համառության մարմանացումն է: ՊՍԺ-ում կարող են հուսահատվել, պայքարից հրաժարվել բոլորը, բացի Էդինսոնից:  

Լուսանկարը` Facebook


Ամուր նյարդերն ու սպասելու կարողությունը վերջին երկու տարում նրա մեջ բացահայտել է բոլորվին այլ որակներ: Եթե ժամանակին ուրուգվայցին հիանալի դիրքերից բազմաթիվ վրիպումներ էր թույլ տալիս, հիմա իրավիճակը այլ է: Նա ոչ միայն փայլուն է իրացնում իր հանարվորությունները, այլեւ գոլային փոխանցումներ է կատարում թիմակիցներին: Խոսքերիս ապացույցը Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի խաղն էր: Նեյմարը կարմիր քարտի պատճառով բացակայում էր, բայց Կավանին ինքը վճռեց խաղի ելքը: Դուբլ ու գոլային փոխանցում, որի շնորհիվ ուրուգվայցին հայտնվել է շաբաթվա լավագույնների ցանկում: Կավանին նաեւ Ֆրանսիայի առաջնության 2-րդ լավագույն ռմբարկուն է՝ 11 գոլով:

Մադրիդի «Ռեալ»: Արքայական ակումբում շարունակում են երգել այն երգը, որն արդեն վաղուց երգվել է: «Ռեալը» շարունակում է մեկը մյուսի հետեւից նվերներ մատուցել մրցակիցներին՝միավորներ կորցնելով ամենահեշտ թվացող խաղերում: Իսպանիայի առաջնության ավարտված տուրում Մադրիդը զիջեց կատալոնական «Ժիրոնային», որն Իսպանիայի առաջնության նորեկի համար աննախադեպ նվաճում կարելի է համարել:

Լուսանկարը` performgroup.com


«Ռեալը» պարտվեց պաշտպանությունում ահռելի խնդիրների, վնասվածք ստացած մի շարք ֆուտբոլիստների եւ սովորություն դարձած անհասկանալի ռոտացիաների պատճառով: Ֆուտբոլիստները չեն հասցնում միմյանց հարմարվել, հասկանալ, իսկ Զիդանը կրկին փոխում է կազմը: Մադրիդում առկա խնդիրների մասին խոսելը հիմա արդիական չէ, քանի որ այս մասին գիտեն, նույնիսկ ֆուտբոլից հեռու կանգնած մարդիկ: «Ռեալն» ունենալով ֆանտաստիկ պոտենցիալ՝ տապալում է հերթական խաղը եւ այս պահին  Լա Լիգայում «Բարսելոնային» զիջում է 8 միավոր: Շաբաթվա ձախողակների ցանկում Արքայական ակումբն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին