Ապրիլ 23, 2024
exclusive
4449 դիտում

ՄՅՈւ-ին Յաննիս Ադետոկունբոյի որակներով օժտված առաջատար է պետք



Անգլիական Պրեմիեր լիգայում անշուք հանդիպումների շարքը տրամաբանական պարտությամբ  է ավարտել «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Up&Down»-ում մանկունյական ակումբի ֆուտբոլիստները դասեր կարող են քաղել Յաննիս Ադետոկունբոյից: Mediamax Sport-ը մատնանշում է  նաեւ իսպանական «Վալենսիայի» հաջողության գաղտնիքը:

Գոնսալո Գուեդեշ

Փարիզը թաքնված տաղանդ է ուղարկել «Վալենսիա»՝ հղկվելու, կայանալու, փայլելու եւ հետ վերադառնալու համար: Իսկ այն, որ ՊՍԺ-ն հետեւում է Գոնսալո Գուեդեշի շուրջ ծավալվող իրադարձություններին ու թիմին, անգամ Կիլիան Մբապպեի ու Նեյմարի առկայության պայմաններում ոչ մի կերպ չի խանգարի Գուեդեշի պես երիտասարդ զարդի ներկայությունը՝ ակնհայտ է: Հենց այդ միտքը գլխում ունենալով ֆրանսիական ակումբն ամռանը հրաժարվեց վաճառել պորտուգալացի հեռանկարային ֆուտբոլիստին ու միայն վարձավճարով Գոնսալոյին ուղարկեց «Մեստալիա»: «Վալենսիան» երկար տարիների դադարից հետո վերջապես գտավ երբեմնի ահեղ բանդային հարիր ֆուտբոլը, որով  հնարավոր է միջամտել Մադրիդ-Կատալոնիա իսպանական ֆուտբոլային հեգեմոնիային:

Լուսանկարը` televisa.com


Մարսելինո Գարսիա Տորալը «Վալենսիան» գլխավորելուց հետո թիմը խաղից խաղ կերպարանափոխվեց: Իրեն նորովի բացահայտեց հատկապես Գոնսալո Գուեդեշը: Չղջիկների ձախ եզրային կիսապաշտպանն  իր նվիրվածության, երկրպագուներին  կարգն ապացուցելու անհագ ցանկության, կտրուկ որոշումներ կայացնելու ունակության  ու վարպետության հաշվին դարձել է կարեւորագույն օղակ Տորալի համար: Գուեդեշի լավագույն որակներից է փոխանցման միկրոսկոպիկ ճշգրտությամբ կուլտուրան եւ ժամանակին անթերի հարվածներ կատարելու կարողությունը:

Հենց այդ որակների հաշվին  պորտուգալացին այս պահին պրիմերայի 2-րդ լավագույն գոլային փոխանցում կատարողն է,այն դեպքում, երբ առաջին տեղում գտնվող «Բետիսի» ֆուտբոլիստ Անդրես Գուարդադոն 2 խաղ ավելին է անցկացրել: Մեքսիկացու ակտիվում  9 խաղում կա 6 գոլային փոխանցում, իսկ Գուեդեշինը՝ 7-ից  5: Պորտուգալացի ֆուտբոլիստը հասցրել է դառնալ նաեւ 3 գոլի հեղինակ: Գոլ + փոխանցում համակարգով Գոնսալո Գուեդեշն ու Սիմոնե Ձաձան «Վալենսիայում» ունեն 8-ական միավոր: Ի տարբերություն իտալացու, Գուեդեշը շաբաթվա լավագույների շարքում է:

Պրիմերայի վերջին տուրի «Սեւիլիայի» հետ խաղում «Վալենսիայի» փառահեղ հաղթանակը կայացավ հենց պորտուգալացու մեծ ջանքերի գնով: Դուբլ, մեկ գոլային փոխանցում, անընդհատ մասնակցություն բոլոր գրոհներին, արդյունքում «Վալենսիան» հաղթեց խոշոր 4-0 հաշվով: Գուեդեշն իր արագությամբ պատռում էր դաշտի կենտրոնն ու ձախ եզրը, որից անխնա կերպով  օգտվում էին խաղընկերները: Անդալուզյան ակումբի մասին խոսելն ավելորդ է: 3-րդ խաղն անընդմեջ պարտություն: 0 համագործակություն ֆուտբոլիստների միջեւ ու անհասկանալի կազմի ընտրություն գլխավոր մարզչի արդար ձեռքով:  Գոնսալո Գուեդեշն իր անսանձ անցումներով ու ֆանտաստիկ մարզավիճակով «Սեւիլիային» նետում են շաբաթվա ձախողակների ցանկ:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի առաջնության  9-րդ տուրում  «Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց «Հադերսֆիլդ Թաունից»՝ 1-2: Այստեղ  գլխավորն այն չէ, որ «1000» տարվա պատմության մեջ «Յունայթեդն» առաջին անգամ պարտվեց անգլիական գաճաճներից մեկին, կամ այն, որ Հենրիխ Մխիթարյանը մնացել էր պահեստայինների թվում:

Գլխավորը մանկունյական ակումբի անհրապույր, միապաղաղ ու անհասկանալի ֆուտբոլն է: Մրցաշրջանը հիանալի սկսած «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից չի մնացել անգամ նշույլ: Այո՛, ակումբում կան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, ովքեր վճռորոշ նշանակություն ունեն թիմի արդյունքների վրա, բայց այստեղ հարց է առաջանում. Ժեզե Մոուրինյոն, ճի՞շտ է օգտագործում այն ռոսուրսները, որոնք ունի ձեռքի տակ: Չեմպիոնական պայքարի մեջ գտնվող թիմն իրավունք չունի պահեստայիների նստարանին պահել ֆուտբոլիստների, որոնք գոնե ապահովում են թիմի նվազագույն հաղթանակները: Հենրիխ Մխիթարյանի գործոնը մի կողմ թողնենք, այստեղ գուցե բախվում են սուբեկտիվության պատի, իսկ Մարկուս Ռեշֆո՞րդը:

Լուսանկարը` hindustantimes.com


Այո՛, ցավալի է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պես հզոր թիմն այս պահին կախված է Ռեշֆորդի պես տաղանդավոր, բայց միեւնույն ժամանակ, ֆուտբոլում դեռ չեփված ֆուտբոլիստից, բայց նա պետք է լիներ մեկնարկային կազմում: Գիտենք, որ Ժոզեն  առանձնահատուկն է, լսել ենք եւ գիտենք, որ նա ֆուտբոլում հասել է ամեն ինչի, բայց գուցե դա վաղուց անցյալո՞ւմ է մնացել:

Որքան էլ Պոլ Պոգբայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» քննադատկան համարենք եւ անընդհատ նշենք, որ ֆրանսիացին չի արդարացնում  իր համար վճարված գումարները, միեւնույն է, «Յունայթեդում» այս պահին կա համաշխարհային ֆուտբոլի գերաստղերի կարիք, ովքեր միայն իրենց ներկայությամբ էլ կարող են վստահություն ներշնչել թիմի խաղին: Նման խաղով  Մանչեսթերյան երկու գրանդերի պայքարում, եւ առհասարակ առաջնությունում, «Սիթին» ոչ մի շանս չի տալու մրցակիցներին: «Յունայթեդի» «11 միլիոնատերերը» կարող են հանգիստ վազել խաղադաշտում, ժամանակ առ ժամանակ հաղթանակներ տանել, բայց խաղը չեմպիոնական չէ, բնավորությունը չեմպիոնական չէ: Խնդիրներ պաշտանությունում, անկազմակերպ ու անկայուն  խաղ կիսապաշտպանությունում, առջեւում միայնակ Ռոմելու Լուկակու: «Մանչեսթեր Յունայթեդը» շաբաթվա թիվ 1 ձախողակն է:

Յաննիս Ադետոկունբո

Ծանոթացեք, նա Յաննիսն է, դժվար ազգանունով տղան, ով տանջում է հազարավոր բասկետբոլի մեկնաբանների, ստիպում է անունը նշելիս բազմաթիվ սխալներ գործե: Բայց հոգ չէ, նրան սիրում են բոլորը եւ որ ամենակարեւորն է, ժամանակակից բասկետբոլի ճախրանքը՝ բառի բոլոր ու ամենալայն իմաստներով հենց նրա հետ է կապված:

Հունաստանում ծնված, նիգերիացի փախստականների ընտանիքի տղան 22 տարեկանում իրավամբ դարձել է NBA-ով զմայվելու գլխավոր պատճառը: Այս պահին երեւի մտքեր են առաջանում, իսկ Ստեֆեն Կարին,  Քեւին Դյուրանը, Լեբրոն Ջեյմսը, Ռասել Վեստբրուկը, Ջեյմս Հարդենը...Նրանցից վարպետությունը ոչ-ոք չի խլել:

Լուսանկարը` businessinsider.com


NBA-ի ընթացիկ մրցաշարջանում «Միլոուկի Բաքսն» անցկացրել է 3 հանդիպում, որոնցից հաղթել է երկուսում, պարտվել մեկում: Թիմային արդյունքի տեսանկյունից «Բաքսն» ասոցիացիայի միջակներից է, բայց հենց այս թիմում է հանդես գալիս լիգայի այս պահին ամենաարդյունավետ բասկետբոլիստը: Յաննիս Ադետոկունբոն «Միլուոկիի» բոլոր 3 խաղերում վաստակել է ամենաշատ միավորները, որոնք համագումարով հավասար են 115-ի: 2-րդ տեղում գտնվող Էնթոնի Դեվիսը հետ է մնում ամբողջ 20 միավոր:

«Բաքսն» NBA-ի վերջին խաղում ուժերն էր չափում հենց Դեվիսի «Պորտլենդի» հետ: Խաղի ավարտից 19,8 վայրկան առաջ հյուրերը հաղթում էին 110-109 հաշվով: Պաշտպանությունում հիանալի խաղից հետո «Միլոուկին» արագ հակագրոհ կազմակերպեց, որը դանքով եզրափակեց  Ադետոկունբոն: Հաշիվը դարձավ 110-111 հօգուտ դաշտի տերերի, երբ խաղի ավարտին մնացել էր ընդամենը 10,1 վայրկյան հույնն արդեն բլոկով փակեց «Պորտլանդի» կենտրոնական Յուսուֆ Նուրկիչի նետումն օղակի տակից:

Արդյունքում «Միոլուկի Բաքսը» հաղթեց 113-110 հաշվով, իսկ Յաննիսը վաստակեց կարիերայում ռեկորդային 44 միավոր: Սա NBA-ի ընթացիկ մրցաշարջանի լավագույն արդյունքն է: «Միոլուկի Բաքսը» երբեմն տապալում է հանդիպումները, ինչպես եղել է նախորդ մրցաշարջանում, բայց դա ոչ մի կերպ չի բնորոշում Ադետոկունբոյի խաղը, որը միշտ կայուն է եւ թիմի լավագույնն է: NBA-ի ընթացիկ մրցաշարջանում Յաննիս Ադետոկունբոն մեկ խաղում միջինը՝ 38,3 միավորով, 9,7 անդրադարձին տիրած ցուցանիշով,  5 արդյունավետ փոխանցումով եւ մեկ դաբլ-դաբլով շաբաթվա լավագույների շարքում է: Նման խաղի պարագայում նույնիսկ աշխարհում ամենաալարկոտ բասկետբոլի սիրահարը կսովորի նիգերիացի հույնի բարդագույն անունը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին