Ապրիլ 18, 2024
exclusive
4686 դիտում

Ֆեդերերն ու Իկարդին՝ կայունության չափանիշ «Չելսիի» ու «Միլանի» համար



Համաշխարային թենիսի չծերացող լեգենդ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է տիտղոսներ նվաճել երիտասարդին հատուկ չեմպիոնական քաղցով: Անգլիայի առաջնությունում էլ ֆիասկոյի է ենթարկվել գործող չեմպիոնը՝ «Չելսին», այն էլ առաջնության բացահայտ հակառեկորդակրի հետ խաղում:«Up&Down»-ում Mediamax Sport-ն անդրադարձել է նաեւ ֆրանսիական ֆուտբոլի ապագա հույսերից Նաբիլ Ֆեկերին ու Միլանյան  երբեմնի հզոր դերբին:

Ռոջեր Ֆեդերեր

Կոնյակի հինը, գինու հինը, թենիսում էլ՝ Ռոջեր Ֆեդերերը: Ռետինե գնդակի 36-ամյա չծերացող լեգենդը շարունակում է մնալ մարզավիճակի գագաթնակետին:  Ֆեդն իրեն այնքան լավ է զգում, որ օրեր առաջ նույնիսկ հայտնեց, որ պատրաստվում է կարիերան ավարտել Նադալի ու Ջոկովիչի հետ միասին: Այն դեպքում, երբ վերջիններս ամենաքիչը 5 տարի երիտասարդ են շվեյցարական թենիսի  անխափան ժամացույցից: Բայց դա իր հերթին թենիսի երկրպագուներին երջանկանալու առիթ է տալիս, քանի որ Ռոջերը պատրաստվում է դեռ երկար տարիներ մնալ ու գրոհել նոր ռեկորդներ: Երիտասարդին հատուկ արյունը եռում է 36-ամյա Ֆեդերերի երակներում: Եթե կասկածներ կան, խոսենք վերջին արդյունքների մակարդակով:

Լուսանկարը` persgroep.net


Չինաստանում ավարտվեց այս տարվա «Մասթերս 1000» մրցաշարերից նախավերջինը՝ Շանհայ Մասթերսը: Այստեղ էին հավաքվել համաշխարահային թենիսում այս պահին վնասվածք չունեցող բոլոր առաջատարները: Ֆեդերերն, ինչպես հաղթական նոտայով սկսել էր տարին Մասթերսներում, այնպես էլ փորձում է ավարտել:  Եզրափակիչ հասնելու ճանապարհին Ռոջերին բաժին էին ընկել բավական ուժեղ մրցակիցները, բայց Ֆեդերերի համար նպատակ էր հասնել եզրափակիչ, որտեղ հնարավոր էր մրցել Ռաֆայել Նադալի հետ: Իրադարձությունները զարգացան առանց անականկալների: Ռոջերը, հաղթահարելով Դիեգո Շվարցմանի, Ալեքսանդր Դոլգոպոլովի, Ռիշար Գասկեի եւ Խուան Մարտին Դել Պոտրոյի արգելքը, մտավ եզրափակիչ ու հանդիպեց  Ռաֆա Նադալին:

Ընդամենն օրեր առաջ Նադալին իր գրկում փայփայած Ռոջերն այս անգամ այդքան էլ բարիացկամ չէր: Արդյունքում աշխարհի առաջին ռակետ իսպանացին 2 սեթից բաղկացած հայրական ապտակ ստացավ Ֆեդերերից: Շվեյցարացին  տիրացավ այս տարվա 3-րդ «Մասթերս 1000»-ին: Ռոջերը հաղթեց մի դիմակայությունում, որի մասին երազում էին ԱՄՆ-ի բաց առաջնության կարզակերպիչները: Շանհայում Ռոջերը մրցակիցներին զիջեց ընդամենը մեկ սեթ, սա Ֆեդերերի կարիերայի 94-րդ տիտղոսն էր՝ 6-րդն ընթացիկ մրցաշրջանում: Նման խաղից հետո համաշխարհային թենիսի գործող լեգենդը շաբաթվա լավագույների շարքում է:

Նաբիլ Ֆեկիր

Լինոի «Օլիմպիկից» Ալեքսանդր Լյակազետի ու Ռաշիդ Գիզալի հեռանալուց  հետո հարց էր առաջանում, կկարողանա՞ արդյուք Նաբիլ Ֆեկիրը միայնակ թիմին տանել իր հետեւից ու դառնալ  Ֆրանսիայի ամենատիտողակիր ակումբներից մեկի առաջատարը: Այս միտքը կարելի է բաժանել երկու առաձին հատվածի: Առաջին. ի՞նչ նպատակ է  դրված «Օլիմպիկի» առաջ, երկրորդ. ինչպե՞ս կցուցադրի իրեն Նաբիլ Ֆեկիրը:Առաջին հարցի պատասխանը  ու, առհասարակ, «Օլիմպիկի» խաղի մասին բարդ է գնահատականներ տալ, քանի որ մեկ հիանալի խաղին անմիջապես հաջորդում է մյուս տարօրինակ ձախողումը: Սա է լիոնցիների ներկան:

Ֆեկիրի շուրջ առաջացած բոլոր հարցերն աստճանաբար գտնում են պատասխանները: Ֆրանսիայի հավաքականի ալժիրյան արմատներով երիտասարդ ֆուտբոլիստն իր խաղով լիգա 1-ի 5 լավագույն խաղացողների շարքում է:Այդ մասին է վկայում նրա վիճակագրությունը եւ խաղադաշտում կատարած հսկայական ծավալի աշխատանքը: 9 տուրից հետո Նաբիլը դարձել է 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 2-րդ ցուցանիշով «Լիոնի» ավագը զիջում է միայն ՊՍԺ-ի գերաստղ Նեյմարին:

Լուսանկարը` thesun.co.uk


Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի «Մոնակոյի» հետ կարեւորագույն խաղում Նաբիլ Ֆեկիրն իր գրագետ խաղով թիմին պարգեւեց 3 միավոր: «Լիոնը» հաղթեց 3-2 հաշվով:Առաջին գոլի ժամանակ Ֆեկիրը տուգանային հրապարակում հիպնոզացրեց Կամիլ Գլիկին ու հարվածի դուրս բերեց Մարիոնա Դիասին: 2-րդ ու 3-րդ գոլերը «Լիոնի» ավագը ստեղծեց անհատական վարպետության ու միկրոսկոպիկ ճշգրտությամբ հարվածների շնորհիվ: Դուբլ ու գոլային փոխանցում, որը հնարավորություն է տալիս Նաբիլ Ֆեկիրին լինել շաբաթվա լավագույների ցանկում:

«Չելսի» ֆուտբոլային ակումբ

Անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների հակառեկորդի հեղինակ «Քրիսթալ Փելասը» 8 տուր սպասեց, որպեսզի առաջնությունում առաջին գոլերը ուղարկեր չեմպիոնի՝ «Չելսիի» դարպասը: Առաջնության հետնապահը մրցաշրջանում ոչ միայն հեղինակեց իր անդրանիկ գոլերը, այլեւ կարողացավ  ֆիասկոյի ենթարկել Անտոնիո Կոնտեի թիմին՝ 2-1: Առաջին հայացքից «Փելասի»  հաղթանակն այդքան էլ կարեւոր չէ եւ դիտվում է որպես շարքային անականկալ, բայց եթե մի փոքր հետ ենք նայում, հասկանում ենք, որ Անգլիայի չեմպիոնն այս պահին մի շարք խնդիրենրի առջեւ է կանգնած եւ այդ պարտությունը բխում է  բազմաթիվ պատճառներից:

Նախորդ մրցաշարջանում «Չելսիի» հաջողության գրավականներից մեկը Նգոլո Կանտո-Նեմանիա Մատիչ զույգի հուսալի խաղն էր հենակետային դիրքում: Հազվադեպ էին իրավիճաները, երբ «Չելսիի» մրցակիցները կարողանում էին պայքարից դուրս թողնել այս զույգին: Այս մրցաշարջանում Նգոլո Կանտեն վառ ընդգծված հենակետայինից երբեմն վերածվում է եզրային կիսապաշտպանի եւ դեռ անհայտ է նրա օգտակար գործողության գործակիցը: Կանտեի հետ հենակետայինի զույգ դարձած Տիմեա Բակայոկոն դեռ կայուն խաղի չի ցուցադրում, երբեմն հենակետային դիրք է նահանջում Սեսկ Ֆաբրեգասը, բայց դա էլ դրական արդյունք չի բերում:

Լուսանկարը` vox-cdn.com


«Չելսիում» Դիեգո Կոստայի հեռանալուց հետո ակնհայտ զգացվում է հարվածային հարձակվողի անհրաժեշտություն: Ալվարո Մորատան հիանալի ֆուտբոլիստ է եւ լավ է ինտեգրվել  «Չելսիի» խաղին, բայց բարդ դասավորվող դիմակայություններում անհարժեշտ է մեկը, ով կփոխարինի Մորատային ու կսրի հարձակման գիծը: Միշի Բատշուային դեռ չի կարողանում լուծել այդ բացը: Լոնդոնցիների համար մեկ այլ խնդիր է նաեւ ստեղծած պահերի իրացումը, որը ցածր մակարդակի վրա է:

Էդեն Ազարից «Չելսիում» միշտ շատ բան է կախված եղել, իսկ այս մրցաշարջանում բելգիացին հեռու է իր լավագույն որակներից: Վնասվածից ապաքինվելուց հետո Ազարը չի կարողանում դեռ լիարժեք կերպով օգնել ազնվականներին, իսկ դա անմիջական ազդեցություն ունի եզրերում թիմի օգտակար խաղի վրա: Պաշտպանությունում եւս ակնհայտ են խնդիրները: Ապացույցը «Քրիսթալ Փելասի» հետ խաղն է: Այս բոլոր գործոնների համադրումից էլ «Չելսին» հայտնվում է շաբաթվա ձախողակի կարգավիճակում եւ 13 միավորվ մնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում:

Մաուրո Իկարդի

Ա սերիայի 8-րդ տուրում ֆուտբոլային «Լա Սկալայում» կայացավ միլանյան դերբին: «Ինտերը» դաշտի տիրոջ իրավունքով ընդունեց «Միլանին» ու կարողացավ թեժ պայքարում 3 միավոր վաստակել: Այն, որ «Միլանում» վաղուց մարզչական փոփոխության կարիք կա ու Վինչենցո Մոնտելան չի կարողանում թիմին հաղթողի հոգեբանություն ներարկել, խոսելն անիմաստ է: Միլանյան դեբիում պարտությունը Մոնտելայի պաշտոնանկության գուցե գլխավոր քայլը լինի, բայց երեկոյի հերոսն այս անգամ ոչ թե «Միլանի» մարզիչն է, այլ «Ինտերի» երիտասարդ ավագը՝ Մաուրո  Իկարդին:

Լուսանկարը` Facebook


2013 թվականին տեղափոխվելով «Ինտեր»՝ արգենտինացի միջին խաղամակարդակով հարձակվողն այնքան արագ վերածվեց թիմի առաջատարի, որ կարճ ժամանակ հետո նրան վստահվեց նույնիսկ ավագի թևկապը:Հիմա Իկարդին ոչ միայն «Ինտերի» առաջատարն է, այլեւ համաշխահային ֆուտբոլի լավագույն 9 համարներից մեկը: Միլանյան դերբիում մեծ հաշվով բոլոր գործոններով հավասար պայքար ընթացավ: «Ինտերն» ուներ մեկ առավելություն,  դա Մաուրո Իկարդիի մեկ աստիճան բարձր խաղային որակներն էին: Իկարդին ռեալիզացրեց բոլոր շանսերը`վերջինը 11-մետրոնցից:

2012 թվականից հետո առաջին անգամ միլանյան դերբիում հեթ-տրիկ գրանցվեց. Դիոգո Միլիտոյից հետո, միայն Իկարդիին է հաջողվել հասնել նման արդյունքի: Ներաձուրին հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Յուվենտուսին»:  «Ինտերի» ներկայիս ֆենոմենը շաբաթվա լավագույների շարքում է, իսկ «Միլան» ֆուտբոլային ակումբն արժանիորեն համալրել է վատագույների շարքերը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին