exclusive
11523 դիտում

Անգլիական Պրեմիեր լիգայի քողարկված հերոսներն ու «Ֆերարիի» պատիժը



Up&Down-ն այս անգամ հերոսներին ու հակահերոսներին ընտրել է ֆուտբոլի Անգլիայի առաջնությունից: Mediamax Sport-ի աչքից չի վրիպել նաեւ «Ֆորմուլա 1»-ի ձախողակը:

Կեւին դե Բրույնե

Պեպ Գվարդիոլայից 2 մրցաշարջան պահանջվեց իր խաղային փիլիսոփայությունն անգլիական Պրեմիեր լիգայում հաստատելու համար: Իսպանացի մասնագետին խաղը կառուցելու համար անհրաժեշտ էին ֆուտբոլիստներ, ովքեր գնդակի հետ կարողանում էին լավ վարվել եւ, որ ամենակարեւորն է, անհրաժեշտ պահին խաղադաշտի ցանկացած կետից ունակ լինեն հարվածի դուրս բերել հարձակվողիներին: Այսօր «Մանչեսթեր Սիթիում» նման որակներով օժտված ոչ թե մեկ, այլ մի քանի ֆուտբոլիստ կա, բայց խաղը կառուցվում է հենց նրա շնորհիվ:
Ժոզե Մոուրինյոյի թույլ տված սխալի համար հիմա «Չելսիում» պատասխան է տալիս Անտոնիո Կոնտեն: Երեւի գուշակեցիք՝ խոսքը Կեւին Դե Բրույնեի մասին է: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշարջանում Կեւինը փայլում է բոլոր ասպեկտներում: Պեպ Գավրդիոլան հենց դե Բրույնեի փայլուն ֆուտբոլային ինտելեկտի շնորհիվ է, որ կարողանում է իր բոլոր մտահղացումներն իրականցնել խաղադաշտում: Գուցե այս պահին ձեզ մոտ երկվություն առաջանա՝ իսկ Դավիդ Սիլվա՞ն: Այո՛, իսպանացին գերազաց  մրցաշարջան է անցկացնում, բայց նրա խաղն առջեւում չէր ստացվի, եթե չլիներ հսկայական ծավալի սեւ աշխատանքը, որը թիկունքում կատարվում է Կեւին դե Բրույնեն:

Լուսանկարը` http://e1.365dm.com/


Բելգիացուն կարելի է տեսնել խաղադաշտի ցանկացած հատվածում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե նա ամբողջ կյանքում խաղացել է իր հայտնված դիրքերում: Դե Բրույնեին պակասում էին միայն գոլերը, այդ պակասն էլ նա լրացրեց անցած 7 օրվա ընթացքում: 

Նախ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Դոնեցկի «Շախտյորի» հետ բարդ դասավորվող խաղում շիկահերը հեռվից գնդակահարեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը՝ հիմք դնելով «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին, այնուհետեւ արդեն օրեր հետո Սթեմֆորդ Բրիջում կրկին հեռվից ֆուտբոլային գլուխգործոցով՝ միակ ու դիպուկ հարվածով 3 միավոր պարգեւեց «Սիթիին»: Այս գոլի ժամանակ էլ գրոհը սկսել էր Կեւինը: Հատկանաշական է, որ վերջին երկու հաղթական գոլերը բելգիացին հեղինակել է տարբեր ոտքերով: Կեւին դե Բրույնեն արժանիորեն շաբաթվա լավագույների շարքում է:

Հարրի Քեյն

Քանի դեռ ֆուտբոլային աշխարհը շարունակում է խոսել ու քննարկել Լուկակուի, Կավանիի, Մեսսիի, Ռոնալդուի եւ այլոց խաղը, ԱՊԼ-ում իր տպավորիչ մրցելույթներն է շարունակում Հարրի Քեյնը: Երկրպագուները համառորեն «Տոտենհեմին» դեռ չեն դիտարկում որպես մի թիմ, որը հասել է անգլիական գրանդերի մակարդակին: Հարրի Քեյնն էլ ամեն տարի որակվում է որպես մեկ մրցաշարջանում փայլող հարձակվող:

Լուսանկարը` https://static.independent.co.uk


Որակումներն անընդհատ շարունակվում են, Քեյնը մնում է ստվերում, բայց նրա խաղը բարձրաձայն գոռում է: Անգլիացին իր տպավորիչ արդյունավետությամբ, խփած գոլերի քանակով լռելյայն հավասարվել է Քրիշտիանու Ռոնալդուին: Երկուսի անվան դիմաց էլ պրեմիեր լիգայում 84 գոլ է նշված: Քեյնն այս պահին Անգլիայի ընթացիկ առաջնության ռմբարկու Ռոմելու Լուկակուին զիջում է մեկ գոլով, հեղինակել է 6-ը, բայց ահռելի է տարբերությունը նրանց օգտակար գործողության գործակիցների միջեւ: Պարզ փաստարկ բերենք եւ անցնենք առաջ: Լուկակուն իր գոլերի մեծամասնությունը խփել է տուգանային հրապարակում թիմակիցների հիանալի փոխանցումներից հետո, մինչդեռ Քեյնը հենց ինքն է իր համար ստեղծում պահերը եւ իրացնում ցանկացած դիրքից: Տպավորիչ է նրա խաղը երկու ոտքով:

Անցած ֆուտբոլային շաբաթը «Տոտենհեմը» սկսեց Կիպրոսում ԱՊՈԵԼ-ի հետ խաղով: Հարրին միայնակ վճռեց խաղի ելքը՝ ակտվիում հեթ-տրիք գրանցելով: Անգլիացու համար սա չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 5-րդ գոլն էր, ու նա դարձավ լավագույն ռմբարկու: Գոլային հրավառությունը «Տոտենհեմի» 10-ը համարը շարունակեց նաեւ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Հադերսֆիլդ Թաունի» հետ արտագնա խաղում: Արդյունքում Քեյնը հեղինակեց դուբլ: Հաշված օրերի արդյուքնում՝ 5 գոլ: Համաձայնեք՝ ֆանտաստիկ ցուցանիշ է եւ բավարար պատճառ շաբաթվա լավագույների ցանկում լինելու համար:

«Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբ

Անգլիական պրեմիեր լիգան ներկայացնող այս ակումբում տարօրինակությունների պակաս չկա: Թիմը համալրված է այնպիսի ֆուտբոլիստներով, որոնք ի զորու են պայքար մղել նույնիսկ Եվրոպա լիգայի ուղեգիր վաստակելու համար՝ Քրիստիան Բենտեկե, Յոհան Կաբայ, Մամադու Սախո, Վիլֆրիդ Զահա եւ այք:
Անգլիայի նախորդ առաջնության վերջնահատվածում թիմը գտնվում էր վտանգավոր գոտում, պաշտոնանկ արվեց գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն, թիմի ղեկը վստահվեց Սեմ Էլարդայսին: Բարզմափորձ մասնագետին հաջողվեց շտկել իրավիճակը, ու «Փելասը», վերջում մեկը մյուսի հետեւից հաղթանակներ տանելով, պահպանեց տեղը լիգայում: Թիմի ղեկավարները մարզչի հետ պայմանագիրն երկարաձգելու փոխարեն հրաժարվեցին նրա ծառայություններից ու նոր մրցաշարջանում ակումբի մազրիչ նշանակեցին հոլանդացի Ֆրանկ դե Բուրին: 

Լուսանկարը` https://www.cpfc.co.uk


Նրա մոտ եւս ոչինչ չստացվեց: Դե Բուրին էլ պաշտոնանկ արեցին: Այս անգամ իրավիճակի փրկչի դերում պետք է հանդես գա Ռոյ Հոջսոնը: Ծերուկի մոտ էլ հաջողություններ դեռ չկան: «Փելասը» անգլիայի առաջնությունում հակառակորդ է սահմանել առանց գոլ հանդիպումների շարքով: Պրեմիեր լիգայի մեկնարկային 7 խաղում Հոջսոնի թիմը կրել է 7 պարտություն եւ, ուշադրություն, այս պահին եվրոպական թոփ առաջնություններում միակ թիմն է, որը չի դարձել գոլի հեղինակ՝ փոխարենը սեփական դարպասն ընդունելով 17 գոլ, որը վատագույն ցուցանիշն է պրեմիեր լիգայում: «Փելասը» առաջնության վերջին խաղում 0-4 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նման խաղի դեպքում թիմն իր աստղերով կգնա չեմպիոնշիփ: Շաբաթվա ձախողակների շարքում անգլիական ակումբն է:

Կիմի Ռայկոնեն

«Ֆերարիի» ավտոշարշավորդ, աշխարհի եռակի չեմպիոն Կիմի Ռայկոնենը հերթական անգամ ձախողվում է «Ֆորմուլա 1»-ի գրան-պրիներում: Ընդամենը 2 շաբաթ առաջ Կիմիի պատճառով «Ֆերարին» զրկվեց Սինգապուրի գրան-պրիում եւ՛ թիմային հաղթանակից, եւ՛ Սեբաստիան Ֆետելի անհատական առաջատարությունից: Թվում էր՝ Մալազիայում իրավիճակը կփոխվի, քանի որ Ռայկոնենը որակավորման փուլից հետո գրավել էր 2-րդ տեղը եւ մեկնարկելու էր առաջին գծից: Ֆետելը, ի տարբերություն թիմիակցի, որակավորման փուլն ավարտել էր վերջին տեղում, բայց դա չէ այս պահին կարեւորը: 

Լուսանկարը` https://www.pitpass.com


Մալազիայի գրան-պրիի մեկնարկից առաջ Ռայկոնենի մոտ տեխնիկական խնդիրներ առաջացան, եւ ֆինը ստիպված էր ժամանակից շուտ մոտենալ տեխնիկական անձնակազմին: Փոքր զննությունից հետո պարզ դարձավ, որ Ռայկոնենը ժամանակից շուտ պետք է լքի պայքարը եւ նույնիսկ չի մասնակցի ստարտին: 2-րդ գրան պրին անընդմեջ Կիմին հիանալի որակովորում անցկացնելուց հետո կանգնեց կոտրած տաշտակի առաջ: Ֆետելը, մեկնարկելով 20-րդ տեղից, արեց առավելագույնը՝ հայտնվեց 4-րդ տեղում: Իտալական ավտոսպորտի գրանդն «Մերսեդեսին» զիջում է արդեն 118 միավոր: Բազմափորձ Ռայկոնենն իր «Ֆերարիով» շաբաթվա ամենամեծ անկումն է գրանցել:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին